ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
4
Այդ գիշեր Վաղարշակն ու Վանիկը երկուսն էլ երազում իրենց կանանց տեսան։ Վաղոյի կին Վարսենիկը եկել էր, ու բան չէր ասում։ Դեմքը լարված էր։ Իր հայրական տան հացի փուռը չոր փայտով լցված՝ ճարճատում էր կրակի բոցերից, Վարսենիկն էլ, հերթով,
ամուսնու շորերը լցնում էր ամենակուլ կրակը ու նայում գյուղից հեռացող ճանապարհին։
— Վարսիկ, աղչի, ի՞նչ է եղել,— հարցնում էր նա կնոջը, բայց հարցը արձագանքում էր ու մարում առանց պատասխան։
Վաղարշակը վեր թռավ տեսածից ու պատուհանից ծիկրակող լույսի ներքո, կողքի սենյաակում, անկողնու վրա տեսավ ընկերոջ՝ հանգիստ, երանության մեջ սավառնող դեմքը։ Վանիկի երազում, կինը՝ Արփենիկը եկել, նստել էր նրա անկողնու եզրին ու Մոսկվա գնալու հագուստն էր ծալում, դասավորում, ինչից, առավոտյան, վեր կենալուն պես, նա ենթադրություն արեց, որ կինը դեմ չի այդ արկածախնդրությանը, մինչդեռ Վաղոն վատ կանխազգացումների գիրկն ընկավ։
Առավոտյան նրանք անցան իրենց ծրագրի իրականցմանը, երկու շաբաթվա առևտուր արեցին, կոստյում ու կոշիկ առան, նույնիսկ սպիտակ շեղանկյուն նախշով մի կապույտ փողկապ ու նոր թաշկինակներ գնեցին ճամփորդի համար։ Վանիկի հարևանուհին այրի մի կին էր, Մելանյան, ում՝ մի որդին բանակում էր, մյուսն էլ՝ ընտանիքով ծովափ էր մեկնել։ Երբ վերադառնում էին տուն, նրանք պատահական հանդիպեցին բակում։ Վանիկը ընկերոջն ու հարևանուհուն ծանոթացրեց, ասաց, որ պիտի Վաղարշակին Մոսկվա ճանապարհի, ինքն էլ գնալու է շրջան՝ գործերով, որ եթե հարցնեն, այդպես էլ պատասխանի։
5
Գնացքը ճանապարհվում էր էր առավոտյան։ Վանիկը, անցյալում, երբ ուղեկցող էր աշխատում, միշտ մտածում էր, որ մի օր էլ ինքը երկտեղանոց համարով կճանապարհորդի, բայց կնոջ մահից հետո երազանքներն էլ էին մեռել, ու, երբ զբաղեցրեց իր տեղը, հին հիշողությունները կարծես արթնացան։ Քիչ անց, բարձրհասակ, չոր ու ձիգ, քաղաքացիական հագուստով մի զինվորական մոտեցավ, ռուսերենով բարևեց, առանց զգացմունքների նշույլի նայեց շուրջը, բարձրացրեց նստարանը, տեղավորեց կապույտ ճամպրուկը ու ասաց․
— Դուք Մոսկվա՞ եք մեկնում։
— Այո,— ասաց Վանիկը։
— Շատ լավ։ Ձեզ հետ կինս կլինի այս խցիկում, մինչև Օրյոլ, խնդրում եմ ուշադիր լինեք, մի քիչ հուզված է։
Վանիկը գլխով արեց ու կրկնեց նրան․
— Շատ լավ։
Որպես Երևան — Մոսկվա գնացքի ուղեկցող, Վանիկը բազմաթիվ անգամ էր անցել Օրյոլ քաղաքի՝ կարմիր աղյուսով շարված ոչ շքեղ կայարանով։ Գնացքը այնտեղ ընդամենը չորս րոպե էր կանգ առնում, իսկ տոն օրերին բոլոր բարձրախոս սարքերից հնչում էր․
— Ձեզ ողջունում է առաջին սալյուտի քաղաք Օրյոլը,— որովհետև Կուրսկի աղեղի թեժ մարտերում, Օրյոլ և Բելգորոդ քաղաքների ազատագրության համար, 1943 թվականին հնչել է հրավառության առաջին համազարկը։ Վանիկը սիրում էր տեղեկացված լինել ու նրա գլխում հազարավոր նման տեղեկություններ կային՝ Ավրորա հածանավից սկսած, վերջացրած Բրեժնևի՝ “Մալայա Զեմլյայով”։ Որպես կանոն, նրա այդ գիտելիքները ոչ մեկին չէին հետաքրքրում։
Երկու րոպե անց խցիկի դռներում հայտնվեց զինվորականի կինը՝ գեղեցիկ, երեսուն-երեսունհինգ տարեկան, կաթի պես ճերմակ մաշկով, ամառային, ճամպրուկի պես կապույտ մի թեթև շրջազգեստով, կապույտ կոշիկներով, վարսերը ծոծրակին կապած, հպարտ, խռոված հայացքով։ Վանիկը՝ նրա գեղեցկությունից շլացած կանգնեց, բարևեց ու, ամուսիններին՝ իրար հրժեշտ տալու հնարավորության համար դուրս եկավ, միջանցքում կանգ առավ, ու մտածեց, որ վաղուց այդպիսի շքեղ կին չէր տեսել, կամ, գուցե ուշադիր չէր եղել, իսկ հիմա, երբ ուրիշի փոխարեն է ճամփորդում, կարծես թե, ուրիշ աչքերով է նայում աշխարհին։ Չէ, այդ գեղեցկության հետ ամոթ կլիներ առանց կոստյում ճամփորդելը՝ մտածեց նա ու ժպտաց։ Քիչ անց ամուսինը նույնպիսի չորությամբ, ինչպիսին իր արտաքին տեսքն էր, որ կար՝ սառը համբուրեց կնոջն ու ասաց․
— Прощай.
Վանիկը լավ գիտեր, այդ բառի նշանակությունը։ Նույնն էր, եթե հայերենով ասես՝ բարով մնաս։ Մասնագիտության բերումով՝ նա բազմաթիվ անգամ ականատես էր եղել, թե ինչպես էին մարդիկ հրաժեշտ տալիս իրար։ Այս պահին նա համոզված էր, որ սա այդ բաժանումի՝ դաժան դեպքերից մեկն է, երբ իրար սիրող, բայց, ինչ-ինչ պատճառով սերը սպանած մարդկանց միջև անդունդ է առաջանում ու գնալով խորանում։ Այդ մտքերի վրա զինվորականը դուրս եկավ խցիկից, գլխով՝ սպայական ժլատ հրաժեշտ տվեց նաև իրեն ու գնաց։ Վանիկը մի քանի վայրկյան սպասեց, ապա կիսաբաց դռնից ներս մտավ ու նստեց իր նստարանին։ Համարձակությունը բռունցքը հավաքելով նա բարձրացրեց աչքերը ու նրանց հայացքները հանդիպեցին։
— Իմ անունը Վանիկ է,— ասաց նա,— Ձեր ամուսինն ասաց, որ մինչև Օրյոլ եք գնում, առաջին սալյուտի քաղաքն է, որքան հիշում եմ։
— Այո, առաջին սալյուտի։ Առաջին մարդն եք, ով իմ հայրենի քաղաքի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում։ Հաճելի է։ Օլգա,— ասաց կինը, ոտքից գլուխ հետաքրքրությամբ չափեց ուղեկցին, մի վայրկյան հապաղեց, ապա մեկնեց ձեռքը։ Վանիկը կիսով չափ կանգնեց, բարևեց ձեռքով ու ետ նստեց։
— Վերջապես իմ համեստ գիտելիքները ինձ պետք եկան,— ասաց նա,— եթե անհրժեշտ լինի, ասեք, ես դուրս կգամ։
— Թերևս, մի քիչ հետո, — ասաց Օլգան, և այդ պահին գնացքը փնչացնելով շարժվեց տեղից։ Կինը մի հայացք նետեց պատուհանից դուրս։ Ամուսինն այնտեղ չէր, գնացել էր։ Վանիկը տեսավ, թե ինչպես ամպեր կուտակվեցին նրա աչքերում, սակայն նա զսպում էր իրեն։ Լարվածությունից նրա դեմքը կարմրել էր։ Հանկարծ արցունքներ հայտնվեցին ու սկսեցին գլորվել այտերով։ Վանիկը վերցրեց սրբիչը ու տվեց նրան։ Օլգան վերցրեց այն, դեմքը թաքցրեց սրբիչի մեջ ու սկսեց անձայն հեկեկալ։ Վանիկը որոշեց դուրս գալ, մենակ թողնել նրան․
— Ես այստեղ, միջանցքում կլինեմ, հեռու չեմ գնա, եթե իմ կարիքն զգաք, ձայն տվեք խնդրում եմ,— ասաց նա և դուրս եկավ։
Օլգան վեր կացավ, հայելում նայեց իրեն, կարգի բերեց դեմքը, աչքերը, ճամպրուկից սպորտային հագուստ հանեց, փոխեց զգեստը, ապա, դուռը կամացուկ բացեց ու ներս հրավիրեց Վանիկին․
— Դուք շատ նրբանկատ եք, Ձեր կնոջ բախտը բերել է, շնորհակալ եմ։ Համեցեք խնդրում եմ, և ուշադրություն մի դարձրեք իմ հեկեկոցին։ Մի անգամ այդպես լինում է կյանքում։
Վանիկը ոչինչ չէր լսում։ Սպորտային հագուստով՝ Օլգան ավելի գեղեցիկ էր։ Համազգեստը ընդգծում էր նրա մարմնի տիեզերական երկրաչափությունը։ Նրա սլացիկ ոտքերը, կոնքերի կորերը, կուրծքը, մեջքը, կեցվածքը, երկար պարանոցը այնքան ներդաշնակ էին նրա ձայնին, հանգստությանը, ինքնավստահությանը, աչքերի խորքին։ Վանիկը մտածեց, որ, այնուամենայնիվ, կա Աստված։ Որովհետև, միայն նա կարող էր այսպիսի կատարելություն ստեղծել։ Հետո, մտածեց, որ կարող է սիրահարվել։ Հա էլի։ Իսկ ինչու՞ ոչ։ Ինչո՞վ եմ ես պակաս ուրիշներից՝ ինքն իրեն հուշում էր նա,— ես էլ եմ ուզում երջանիկ լինել, երջանկության իրավունք ունենալ։
Նա ներս մտավ, նստեց, ապա, կամացուկ, ասես վախենում էր ինչ-որ բան կոտրել, ասաց․
— Օլգա, ես Ձեզ չեմ ճանաչում, բայց Դուք այլևս լաց չլինեք։ Ոչ ոք չարժե Ձեր մի արցունքը,— Օլգան՝ զարմացած, մի քիչ էլ հիացած նայում էր պինդ, ամուր կազմվածքով, յուրահատուկ առոգանությամբ, սակայն գրագետ արտահայտվող իր ուղեկցին, ու կարծես թե վայելում էր նրա մի քիչ շփոթված, մի քիչ զմայլված, մի քիչ հրապուրված, մի քիչ էլ ծիծաղելի ներկայությունը,— քանի դեռ ես Ձեզ հետ եմ, մինչև Օրյոլ, միայն ժպիտ ու ծիծաղ եմ ուզում տեսնել Ձեր դեմքին, լա՞վ․
— Շատ լավ,— ծիծաղելով պատասխանեց նա ու մտածեց, որ Վանիկը կարծես իր ամուսնու հակապատկերը լինի։
Իսկ Վանիկը դուրս թռավ, մոտեցավ գնացքի երիտասարդ ուղեկցողին, գործի իմացությամբ վագոն Ռեստորանից կոնյակ, ուտելիք ու միրգ խնդրեց, հիսուն ռուբլի դրամը մտցրեց նրա համազգեստի գրպանը,— այստեղից հինգ ռուբլին քոնն է,— սաց նա ու խնդրեց արագ կազմակերպել։ Կես ժամ անց ռեստորանի մատուցողը փոքրիկ կուպեում մի շքեղ սեղան էր գցել։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շարունակելի