«Ժանտախտը». Ալբեր Քամյու
Սկիզբը` այստեղ
Ապրիլի տասնվեցի առավոտյան բժիշկ Բեռնար Ռիեն իր բնակարանից դուրս եկավ: Սանդղագլխի վրա նրա ոտքը դեմ առավ մի սատկած առնետի: Նշանակություն չտալով՝ ոտքով մի կողմ հրեց այն և սանդուղքից ցած իջավ:
Բայց փողոցում մտածելով, թե առնետը որտեղի՞ց կարող էր հայտնվել այնտեղ, վերադարձավ դռնապանին հայտնելու, որ այն վերցնել տա: Ծերուկ դռնապան պարոն Միշելի ռեակցիան ավելի ընդգծեց այդ գյուտի նշանակությունը: Եթե սատկած առնետի ներկայությունը բժշկին միայն տարօրինակ էր թվացել, դռնապանի համար դա պարզապես խայտառակություն էր: Պարոն Միշելը շատ վճռական դիրք ընդունեց․ իրենց շենքում առնետներ չկային: եվ որքան էլ բժիշկը հավատացնում էր նրան, որ երկրորդ հարկի սանդղագլխի վրա այժմ հավանաբար արդեն իսկ սատկած մի հատը կար, պարոն Միշելի հավատքը մնում էր աներեր: Շենքում առնետներ չկային, հետևաբար, այդ մեկը դրսից էին բերել: Կարճ ասած, ինչ-որ մեկը անհամ կատակել էր:
Նույն գիշերը, երբ Բեռնար Ռիեն իր բնակարանի բանալիներն էր վերցնում, առաջին հարկի միջանցքի մութ անկյունից անվստահ ընթացքով դուրս եկող մի խոշոր, թաց առնետ տեսավ: Կենդանին կանգ առավ, կարծես աշխատեց հավասարակշռությունը պահել, ապա առաջացավ դեպի բժիշկը, նորից կանգ առավ, ցածր ճիչ արձակելով՝ ինքն իր շուրջը պտույտ գործեց և ի վերջո գետին գլորվեց՝ կիսաբաց բերանից արյուն դուրս տալով: Բժիշկը մի պահ դիտեց, հետո բարձրացավ իր բնակարանը:
Նա առնետի մասին չէր մտածում: Այդ արյունը նրա մտածումները տարել էր մի ուրիշ ուղղությամբ, որ իրեն մտահոգություն էր պատճառում: Իր կինը, որ մի տարուց ավելի հիվանդ էր, առավոտյան մեկնելու էր լեռնային մի առողջարան: Բժիշկը կնոջը գտավ ննջասենյակում պառկած, հանգստանալիս, ինչպես խնդրել էր դուրս գալուց առաջ, որպեսզի կարողանար դիմանալ հաջորդ օրվա ճանապարհի հոգնությանը: Կինը ժպտաց Ռիեին.
– Ինձ շատ լավ եմ զգում,– ասաց նա:
Բժիշկը նայում էր իր կողմը շուռ եկած այդ դեմքին, որի վրա ընկել էր մահճակալի մոտի լամպի լույսը: Երեսուն տարեկանին և հակառակ հիվանդության նշաններին, կնոջ դեմքը Ռիեին միշտ երիտասարդ էր թվում հավանաբար այն պատճառով, որ նրա ժպիտը թաքցնում էր մնացած ամեն ինչ:
– Քնիր, եթե կարող ես,– ասաց նա,– բուժքույրը գալու է ժամը տեսնմեկին, պետք է կեսօրվա գնացքին հասնել:
Նա համբուրեց կնոջ թեթևակի խոնավ ճակատը: Նրա ժպիտը մինչև դուռը ուղեկցեց ամուսնուն:
Հաջորդ օրը, ապրիլի տասնյոթին, ժամը ութին, դռնապանը կանգնեցրեց անցնող բժշկին և բողոքեց չար կատակասերներից, որոնք երեք սատկած առնետներ էին գցել միջանցք: Ստիպված էին եղել խոշոր թակարդներ օգտագործել դրանք հեռացնելու համար, որովհետև արյունների մեջ էին: Այնուհետև դռնապանը, առնետների ոտքերից բռնած, երկար ժամանակ սպասել էր մուտքի սանդուղքների վրա, հույս ունենալով, որ հանցավորներն ինչ–որ չարախնդությամբ իրենք֊իրենց մատնեն: Բայց այդ խորամանկությունն ապարդյուն էր անցել:
– Ոչինչ, դեռ կտեսնենք,– ասաց պարոն Միշելը,– երբ էլ լինի ձեռքս կընկնեն:
Շփոթված ու զարմացած այդ հանելուկից Ռիեն որոշեց այդ օրվա շրջագայությունն սկսել ծայրամասերից, որտեղ ապրում էին իր հաճախորդներից առավել աղքատները: Այդ վայրերում աղբը շատ ավելի ուշ էին տանում, և բժշկի ավտոմեքենան, որ առաջանում էր այդ թաղամասի ուղիղ և փոշոտ ճանապարհներով, հպվում էր աղբի տուփերի, որոնք թափված էին մայթեզրին: Մի փողոցում, որով անցնում էր, բժիշկը հաշվեց տասնյակ առնետներ, որոնք գցված էին բանջարեղենի թափոնի և կեղտոտ քրջերի վրա:
Նա իր առաջին հիվանդին գտավ անկողնում: Փողոցին նայող նրա սենյակը միաժամանակ և՛ ննջասենյակ էր, և՛ ճաշասենյակ: Խիստ և կոպիտ տեսքով մի իսպանացի էր: Նրա առջև, ծածկոցի վրա ոլոռներով լեցուն երկու կաթսաներ կային: Երբ բժիշկը ներս մտավ, շնչարգելություն ունեցող հիվանդը անկողնու մեջ ցցված՝ դեպի ետ էր գցում գլուխը՝ աշխատելով արգելքների հանդիպած շնչառությունը վերագտնել:
Կինը ձեռքը լվանալու տաշտն էր բերում:
– Իսկ դուք, բժիշկ,– ասաց հիվանդը սրսկվելու ժամանակ,– տեսե՞լ եք՝ ինչպես են նրանք դուրս գալիս, հա՞:
– Առնետների մասին է,– ասաց կինը,– հարևանը երեք հատ է հավաքել:
Ծերուկը գոհունակությամբ ձեռքերն էր շփում:
– Նրանք դուրս են գալիս, բոլոր աղբարկղները լիքն են: Սովից է, սովը նրանց դուրս է մղում:
Այնուհետև Ռիեն հեշտությամբ հաստատեց, որ ամբողջ թաղամասը առնետների մասին է խոսում: Այցելություններն ավարտելուց հետո տուն վերադարձավ:
– Հեռագիր ունեք, վերևում է,– ասաց պարոն Միշելը:
Բժիշկը հարցրեց, թե նոր առնետներ երևացե՞լ էին:
– Ոչ,– պատասխանեց դռնապանը,– պահակ եմ կանգնել, հասկանո՞ւմ եք: Եվ այդ խոզերը չեն համարձակվում:
Հեռագիրը Ռիեին հաղորդում էր, որ հաջորդ առավոտյան գալիս էր մայրը՝ հիվանդի բացակայության ժամանակ որդու տնտեսությամբ զբաղվելու: Երբ բժիշկը տուն մտավ, բուժքույրն արդեն այնտեղ էր: Կինը ոտքի էր, հագնված և այտերը թեթև կարմրացրած: Բժիշկը ժպտաց նրան.
– Լավ է,– ասաց նա,– դու հրաշալի տեսք ունես:
Կայարանում նա կնոջը տեղավորեց ննջարան-վագոնում: Կինը նայեց չորս կողմը:
– Մեզ համար թանկ է, չէ՞:
– Այդպես է անհրաժեշտ,– ասաց Ռիեն:
– Այդ ինչ պատմություն է առնետների մասին:
– Չգիտեմ: Տարօրինակ է, բայց կանցնի:
Հետո բժիշկը արագ–արագ ներողություն խնդրեց, որ պարտավոր էր ավելի խնամել նրան, որ շատ անուշադիր էր եղել նրա նկատմամբ: Կինը գլուխն էր շարժում, հասկացնելով, որ լռի: Բայց բժիշկն ավելացրեց.
– Ամեն ինչ ավելի լավ է լինելու, երբ վերադառնաս: Ամեն ինչ սկզբից ենք սկսելու:
– Այո,– ասաց կինը փայլող աչքերով,– ամեն ինչ կվերսկսենք: Հետո նա ամուսնուց շուռ եկավ և սկսեց ապակու միջից դուրսը դիտել:
Կառամատույցում մարդիկ շտապում էին իրար հրելով: Լոկոմոտիվի հռնդյունը հասնում էր մինչև խցիկ: Բժիշկը քնքշությամբ կնոջ անունը տվեց, և երբ նա շուռ եկավ, Ռիեն տեսավ, որ նրա դեմքը արցունքներով էր ողողված:
– Պետք չէ,– ասաց բժիշկը մեղմ:
Արցունքների տակից երևաց մի քիչ լարված ժպիտը: Կինը խորունկ շնչեց.
– Այժմ գնա,– ասաց նա,– ամեն ինչ լավ կլինի:
Ռիեն նրան գրկում սեղմեց և դուրս եկավ, իսկ հետո, ներքևում ապակու մյուս կողմից միայն նրա ժպիտն էր տեսնում:
– Խնդրում եմ, սիրելիս,– ասաց նա,– պահպանիր քեզ:
Բայց կինը նրան այլևս լսել չէր կարող:
Կայարանի հրապարակի ելքի մոտ Ռիեն նշմարեց պարոն Օթոնին՝ ոստիկանության քննիչին, որն իր փոքր տղայի ձեռքն էր բռնել: Բժիշկը հարցրեց, թե արդյոք տե՞ղ է գնում: Երկարահասակ և սև հագած պարոն Օթոնը, նման մի մարդու, որին կիսով աշխարհիկ կյանքով ապրող, կիսով էլ թաղման գրասենյակի աշխատող կարելի էր անվանել, շատ սիրալիր, բայց կարճ պատասխանեց.
– Տիկին Օթոնին եմ դիմավորում, որ գնացել էր իմ ծնողներին իր հարգանքները մատուցելու:
Գնացքը սույլ արձակեց:
– Առնետները…,– ուզեց սկսել քննիչը:
Ռիեն շարժվեց գնացքի ուղղությամբ, բայց վերադարձավ մուտքի մոտ:
– Առնետները,– ասաց նա,– դատարկ բան է:
Միակ բանը, որ այդ պահից մնաց բժշկի հիշողության մեջ, մի երկաթուղային էր, որ թևի տակ սատկած առնետներով լեցուն մի տուփ էր տանում:
Նույն օրը կեսօրից հետո, հիվանդների ընդունելության ժամի սկզբին, Ռիեին ներկայացավ մի երիտասարդ, որի մասին նախօրոք ասել էին, որ լրագրող է և որ առավոտյան մի անգամ արդեն եկել էր: Նա իրեն Ռայմոն Ռամբեր անվանեց: Կարճահասակ էր, թիկնեղ, վճռական դեմքով, փայլուն և խելոք աչքերով: Ռամբերը հագել էր մարզական կարվածքով կոստյում և հեշտ կյանք ապրած մարդու տեսք ուներ: Նա ուղիղ նպատակին դիմեց: Փարիզյան մի մեծ թերթի համար հետաքրքրվում էր արաբների կյանքի պայմաններով և տեղեկություններ էր ուզում նրանց առողջապահական վիճակի մասին: Ռիեն ասաց, որ նրանց վիճակը լավ չէր: Բայց գնալուց առաջ ուզեց իմանալ, թե լրագրողը կարո՞ղ էր ճշմարտությունը գրել:
– Անշուշտ,– ասաց լրագրողը:
– Նկատի ունեմ,– ասաց բժիշկը,– կարո՞ղ եք ամբողջովին դատապարտել:
– Ամբողջովի՞ն, ոչ, պետք է խոստովանեմ,– ասաց լրագրողը,– բայց կարծում եմ, որ ամբողջական դատապարտումը հիմք չի ունենա:
Շատ մեղմ ձայնով Ռիեն ասաց, որ իսկապես, նման դատապարտումը անհիմն կլիներ, բայց հարցը այդպես դնելով նա ուզում էր իմանալ, արդյո՞ք Ռամբերի վկայությունը կարող էր անվերապահ լինել, թե ոչ:
– Ես միայն անվերապահ վկայություններն եմ ընդունում,– շարունակեց բժիշկը: — Հետևաբար իմ գիտելիքներով ձեր վկայությունները չեմ հաստատի:
– Դա Սեն–Ժյուստի լեզուն է,– աասց լրագրողը ժպտալով:
Առանց ձայնը բարձրացնելու Ռիեն ասաց, որ այդ մասին չգիտեր սակայն դա լեզուն էր մի մարդու, որ ձանձրացած էր իր ապրած աշխարհից, որ համակրում էր իր նմաններին և որոշել էր մերժել անարդարությունն ու զիջումները: Վիզը ուսերի մեջ քաշած Ռամբերը դիտում էր բժշկին:
– Կարծում եմ, որ ձեզ հասկացա,– ասաց նա վեր կենալով:
Բժիշկը ուղեկցեց նրան մինչև դուռը.
– Շնորհակալ եմ, որ դուք նման հայացք ունեք:
Ռամբերն անհամբերության նշաններ ցույց տվեց.
– Այո,– ասաց նա,– հասկանում եմ ձեզ, ներեցեք անհանգստացնելուս համար:
Բժիշկը սեղմեց նրա ձեռքը և ասաց, որ հնարավոր էր մի հետաքրքրական ռեպորտաժ կազմել այս օրերին քաղաքում ի հայտ եկած սատկած առնետների քանակի մասին:
– Ա՜հ,– բացականչեց Ռամբերը,– դա ինձ հետաքրքրում է:
Ժամը տասնյոթին, երբ բժիշկը դուրս էր գալիս նորից իր հիվանդներին այցելելու, սանդուղքների վրա հանդիպեց դեռևս երիտասարդ մի մարդու, որ լուրջ դիմագծեր ուներ, խոշոր և տգեղ դեմք, թավ հոնքեր: Բժիշկը նրան մի քանի անգամ հանդիպել էր իրենց մուտքի վերջին հարկաբաժնում ապրող իսպանացի պարողների մոտ: Ժան Տարրուն վարժ ձևով սիգարետ էր ծխում և դիտում էր մի առնետի հոգևարքը, որ սատկում էր սանդուղքի վրա, նրա ոտքերի առջև: Նա բժշկի վրա բարձրացրեց իր գորշ աչքերի հանգիստ հայացքը, բարևեց և ավելացրեց, որ առնետների ի հայտ գալը հետաքրքիր երևույթ է:
– Այո,– ասաց Ռիեն,– բայց արդեն մարդու նյարդերի վրա է ազդում:
– Որոշ իմաստով, բժիշկ, միայն որոշ տեսանկյունից: Մենք նման բան երբեք չենք տեսել, այդ է պատճառը: Բայց այս փաստը ես հետաքրքրական եմ համարում, այո, դրականապես հետաքրքրական:
Տարրուն գլխի վրա մատները սահեցնելով ետ տարավ մազերը և նորից նայեց առնետին, որ արդեն անշարժացել էր, հետո ժպտաց Ռիեին.
– Իսկ ճիշտն ասած, բժիշկ, դա դռնապանի գործն է, չէ՞:
Այդ խոսակցությունից անմիջապես հետո բժիշկը հանդիպեց դռնապանին, որ մուտքի մոտ հենված էր պատին: Նրա սովորաբար կարմիր դեմքը հոգնածութուն էր արտահայտում:
– Այո, գիտեմ,– ասաց ծեր Միշելը Ռիեին, որը նրա հետ սկսեց խոսել հենց նոր տեսածի մասին,– այժմ արդեն զույգ-զույգ, կամ երեք-երեք են գտնվում: Բայց բոլոր շենքերում նույն վիճակն է տիրում:
Նա զգետնված և մտահոգ տեսք ուներ, անգիտակից շարժումով վիզն էր քորում: Ռիեն հարցրեց առողջության մասին: Դռնապանը չէր կարող ասել, որ վատ է զգում, բայց կարծես մի տեսակ էր: Ըստ իրեն՝ պարտականության գիտակցությունն էր ճնշում: Այս առնետները նրան ուժեղ հարված էին հասցրել, և ամեն ինչ լավ էր լինելու, երբ դրանք անհետանային:
Բայց հաջորդ առավոտյան, ապրիլի տասնութին, երբ բժիշկը կայարանից մորն էր բերում, պարոն Միշելին գտավ ավելի ընկճված: Նկուղից առաստաղ, սանդուղքների վրա տասնյակ առնետներ էին սփռված: Հարևան շենքերի աղբարկղները լեցուն էին սատկած առնետներով: Բժշկի մայրն այդ լուրը լսեց առանց զարմանքի:
– Նման բաներ պատահում են,– ասաց նա:
Նա փոքրամարմին կին էր, արծաթած մազերով, սև աչքերով ու մեղմ հայացքով:
– Ուրախ եմ քեզ վերստին տեսնելուս համար, Բեռնար,– շարունակեց նա,– դրա դեմ առնետները ոչինչ անել չեն կարող:
Բժիշկը հաստատեց նրա ասածը։ Ճիշտ է, մոր հետ ամեն ինչ միշտ ավելի հեշտ էր թվում:
Այսուհանդերձ Ռիեն զանգահարեց առնետների դեմ պայքարող կոմունալ սպասարկության գրասենյակ, որի տնօրենին ճանաչում էր: Նա տեղյա՞կ էր արդյոք բաց օդում մահացող մեծ թվով առնետների մասին: Մերսիեն, տնօրենը, լսել էր, հենց իր գրասենյակում էլ, որ ծովափից հեռու չէր, հիսունի չափ հայտնաբերել էին: Միայն կասկածում էր, արդյոք լուրջ բան էր տեղի ունենում: Ռիեն ասաց, որ չի կարող որոշել, բայց կարծում է, որ հակաառնետային սպասարկությունը պարտավոր է գործին միջամտել:
– Այո,– պատասխանեց Մերսիեն,– բայց հրաման պետք է լինի: Եթե կարծում ես, որ արժե զբաղվել, կփորձեմ հրաման ստանալ:
– Միշտ էլ արժե զբաղվել,– ասաց Ռիեն:
Բժշկի սպասուհին քիչ առաջ ասել էր, որ իր ամուսնու աշխատած գործարանում հարյուրավոր սատկած առնետներ էին հավաքել:
շարունակելի
Ալբեր Քամյու «Ժանտախտը»