«Իմ մասնագիտությունը դերասանուհի է, սակայն իմ գերագույն պարտքը քաղաքացի լինելն է». Մելինա Մերկուրի
Դասենը իր բնավորությամբ շատ էր տարբերվում Մելինայից. մեծացել էր բանվորի ընտանիքում, կոմունիստ լինելը հետապնդման պատճառ էր դարձել ամերիկյան իշխանությունների կողմից՝ ընդհուպ ԱՄՆ-ից արտաքսվելուն: Նա սեր է խոստովանում Մելինային՝ չթաքցնելով իր ամուսնացած լինելը և երեխաներ ունենալը (հայտնի վաղամեռիկ երգիչ Ժո Դասենը նրա որդին էր): Դասենի՝ Կրետե կղզում նկարահանվող «Քրիստոսը կրկին խաչվում է» ֆիլմի աշխատանքների ժամանակ ներկա էր նաև կինը, թեև Մելինան ևս նկարահանվում էր ֆիլմում: Կնոջ ներկայությունը, սակայն, չի խանգարում նրանց կրքոտ սերն ավելի զորեղ դարձնելուն. նրանք լրացնում էին միմյանց կյանքում թե արվեստում: Դասենն իր ֆիլմերը չէր պատկերացնում առանց Մելինայի, Մելինան Դասենի ֆիլմերը՝ առանց իր մասնակցության:
«Երբե՛ք կիրակի» ֆիլմը, որտեղ Մելինան մարմնավաճառի դեր էր կատարում, ստեղծվեց փոքրիկ գումարով: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ֆիլմը համաշխարհային համբավ ձեռք կբերի և միլիոնավոր դոլարների եկամուտ կբերի: Ֆիլմում Մելինան կատարում է հույն նշանավոր երգահան Մանոս Խաջիդակիսի «Պիրեայի երեխաները» երգը, որը 1960 թ. Կաննում դարձել էր փառատոնի նշանաբանը և բոլոր մասնակիցների շուրթերին էր: Ֆիլմն արժանանում է գլխավոր մրցանակին, և Մելինան դառնում է Հունաստանն աշխարհին ներկայացնող դեսպանը: Հետագայում, հիշելով այդ տարիները, նա խոստովանում էր, որ երբեք ավելի մեծ հպարտություն չի ապրել, քանի որ այդ ֆիլմն աշխարհում փոխեց Հունաստանի մասին պատկերացումն ու Հունաստանին հռչակ բերեց: «Ես մի համաշխարհային պոռնիկ եմ,- ծիծաղելով ասում էր նա,- հռչակավոր մի պոռնիկ, որն իր հռչակն օգտագործում է հանուն հայրենիքի բարգավաճման, աշխարհի կողմից ճանաչման»:
1962 թ. ստեղծվեց ամուսինների հերթական՝ «Ֆեդրա» ֆիլմը, որի նկարահանումները տեղի էին ունենում Լոնդոնի Բրիտանական թանգարանում՝ այն սրահում, ուր ցուցադրվում են Աթենքի Ակրոպոլիսի Պարթենոնի տաճարի՝ բրիտանացի Լորդ Էլգինի կողմից կողոպտված մարմարե քանդակները: Սրահում նկարահանումներ իրականացնելու համար բրիտանացիները մեծ գումարներ են պահանջում, ինչը հարուցում է Մելինայի զայրույթը, և նրա մոտ միտք է հղանում բրիտանացիներից պահանջել կողոպտված մարմարների վերադարձը Հունաստանին: Սույն մտահղացումն էլ պայքարի ձևով մինչ մահը պիտի դառնար նրա կյանքի գլխավոր նպատակը:
Մելինա Մերկուրին՝ հունական և համաշխարհային կինոյի վառ անհատականություններից մեկը, իրեն երբևէ աստղ չի համարել ու չի շլացել փառքի փայլից, նրա մեծությունը ոչ միայն տաղանդի, այլև իր համեստության մեջ էր, հույն ժողովրդին ու երկրին տված սիրո ու նվիրումի մեջ էր: Նախորդ դարի 60-ական թվականներին համաշխարհային ճանաչում ստացած դերասանուհին սեփական փառքն օգտագործում էր ի շահ Հունաստանի: Ամեն առիթով իր գեղեցիկ, սպառիչ ու ազդու խոսքով հիշեցնում էր աշխարհին հունական հնագույն մշակույթի, փիլիսոփայության, իր ժողովրդի կողմից դարերով ստեղծված արժեքների ու համաշխարհային մշակույթում Հունաստանի կատարած դերի ու նշանակության մասին: Մելինայի հաջողության գրավականը գեղեցկության մեջ չէր, այլ մարդասիրության, մարդու և ցանկացած ազգի մշակույթի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքի մեջ:
1967 թ. ապրիլի 15-ին Նյու Յորքում տեղի ունեցած «Երբե՛ք կիրակի» ֆիլմի մոտիվներով բեմադրվող՝ Դասենի «Illya Darling» մյուզիքլի պրեմիերան ազդակ է դառնում, որ Մելինան նվաճի Նյու Յորքը: Բայց միևնույն ժամանակ ճակատագրական շրջադարձ է տեղի ունենում նրա կյանքում:
«Ես իմ հայրենիքից 4000 մղոն հեռավորության վրա եմ գտնվում, հայրենիքս դժբախտության մեջ է: Արդյոք տեղյա՞կ է իմ սիրելի հանդիսատեսը, որ մասնակից է հույն բանվորի, մտավորականի ու ուսանողի սպանություններին ու խոշտանգումներին, գիտի՞, որ իր կառավարությունը օգնում և օժանդակում է Խունտային. ձեր իսկ ձեռքերով արտադրված զենքերով ու փամփուշտներով դուք մասնակից եք այդ սպանդին: Գիտե՞ք այդ մասին… դու՛… դու՛ …և դու՛, գիտե՞ս այդ մասին,- դիմում է նա հանդիսատեսին: — Տեղեկացնում եմ ձեզ այդ մասին, իմացե՛ք, ձեր աջակցության կարիքն ունի այսօր հույն ժողովուրդը, իմ հայրենիքը, օգնե՛ք մեզ տապալելու Խունտան»,- ապա շարունակում և ավարտին է հասցնում ներկայացումը: Մելինայի հուզմունքը, համարձակությունը, տաղանդը հանդիսատեսը գնահատում է որոտընդոստ ծափահարություններով:
Խունտան հույների հիշողության մեջ վերականգնում է ֆաշիստական Գերմանիայի սարսափի տարիները, սակայն Մելինան առաջվանը չէր. դիտորդի դերն այլևս հարիր չէր: «Զզվելի է ամեն երեկո խաղալ ազատ ու երջանիկ Իլյայի դերը, երբ իմ հայրենիքը շղթայակապ է»,- հայտարարում է նա ու սկսում հակաբռնապետական սեփական պայքարը ԱՄՆ-ում: «Կոչ եմ անում բոլորին նյութական և բարոյական բոլոր միջոցների գործադրմամբ ընդդիմակայել Հունաստանի ֆաշիստական կառավարությանը, զբոսաշրջիկներին առաջարկում եմ հրաժարվել Հունաստան այցելելուց և բռնատիրությանը զրկել նյութական օժանդակությունից»: Նրա այս խոսքերը շրջում են ամբողջ աշխարհում, և որպես պատասխան՝ Հունաստանի պետությունը Մելինային զրկում է Հունաստանի քաղաքացիության իրավունքից: Մելինան զայրույթով հայտարարում է. «Ես հույն ծնվել եմ, հույն էլ կմեռնեմ, ոչ ոք չի կարող ինձ զրկել Հունաստանի քաղաքացիությունից և իմ պաշտելի հայրենիքից: Պատտակոսը ֆաշիստ է ծնվել և ֆաշիստ է մեռնելու, գրողի ծոցն եմ ուղարկում նրան, հարկավոր է պայքարել, և կպայքարեմ, որ ծնկի Խունտան, եթե նրանք որոշել են ինձ ժամանակակից Ժաննա դ’ Արկ դարձնել, ապա դա նրանց իրավունքն է»:
Այնուհետև դերասանուհին լքում է ԱՄՆ-ը և սկսում իր հակախունտայական արշավանքը Եվրոպայում: Գտնվելով բոլոր եվրոպական մայրաքաղաքներում՝ նա իր խոսքն է բարձրացնում ընդդեմ Խունտայի և հանուն դեմոկրատիայի, ստիպում եվրոպական պետություններին քննադատել Հունաստանի ճգնաժամն ու պաշտպանել դեմոկրատական հաղթանակը: Լոնդոնի իր ելույթում մասնավորապես ասել է. «Այսօր հունական սուրբ Զատիկն է, միաժամանակ հույն ժողովրդի ամոթի տարեդարձը, «Սև գեներալների» ամոթի տարեդարձը, որոնք շղթայել են ազատությունն ու դեմոկրատիան, դեմոկրատիան, որը Հունաստանում է ծնվել, բառն ինքը հունական ծագում ունի: Ի՞նչ է անում այսօր Եվրոպան, երբ Հունաստանը գտնվում է վիրահատական սեղանին… Բոյկոտե՛ք Խունտան, ոչնչացրե՛ք այն…»:
Լրագրողներից շատերի հարցին՝ թե արդյո՞ք չի հոգնել կամ ձանձրացել այսքան տարի նույնը կրկնելուց, չի՞ ուժասպառվել դրանից, Մելինան պատասխանել է. «Իմ մասնագիտությունը դերասանուհի է, սակայն իմ գերագույն պարտքը քաղաքացի լինելն է: Ես խրախուսում եմ ցանկացած դերասանի, որը նույն բանն է զգում, ինչ ես»:
Մելինան համաշխարհային դերասանուհու իր հռչակին ավելացնում է նաև հանուն ազատության և մարդու իրավունքի պաշտպանության դեսպանի տիտղոսը, աշխարհում դառնում մարտնչող կնոջ օրինակը:
Աղբյուրը` Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan