«Նա ինքը թեև անգրագետ էր, բայց հասկանում էր ուսման արժեքը». Շիրվանզադեն` մոր մասին
Սկիզբը` «Ես չունեի ոչ մի նպատակ, ոչ մի երազ, բացի օրվա պարենս վաստակելուց». Շիրվանզադե
Վեց տարեկան էի, երբ մի օր, առանց իմ ծնողներին հարցնելու, վազեցի մեր դրացի Սարգիս վարպետի ուսումնարանը: Այդտեղ էին ոմանք իմ հասակակիցներից: Ես չուզեցա նրանցից ետ մնալ, թեև չգիտեի՝ ինչ տարբերություն կա փողոցի և դպրոցի մեջ:
Սարգիսը բողոքականների պարագլուխն էր: Դա մի հեզահամբույր ծերունի էր, բարձրահասակ, առույգ, ժպտուն: Երբ նա փողոցով անցնում էր, մի տարօրինակ հաճույք էի զգում, նայելով նրա ճերմակ մորուքով զարդարված բարի դեմքին: Ինձ թվում էր, որ նա մի առանձին սեր է զգում դեպի մանուկները, թեև ինքը չուներ զավակներ, ամուրի լինելով: Նա հարգված էր ամենքից, նույնիսկ ոչ բողոքականներից:
Բարեբախտաբար, հայրս այդ ժամանակ բացակա էր քաղաքից, ապա թե ոչ անկասկած պիտի ինձ պատժեր ըմբոստ վարմունքիս համար, մանավանդ որ նա առհասարակ բողոքականներին չէր սիրում և նրանց անվանում էր «Հուդայի ծնունդ»:
— Ի՞նչ ես ուզում, զավակս, — հարցրեց Սարգիս վարպետը գլուխս փաղաքշաբար շոյելով:
— Ուզում եմ կարդալ ու գրել սովորել, — պատասխանեցի ես իմ ամաչկոտ բնույթին անսովոր համարձակումթյամբ:
— Ծնողներդ են քեզ ուղարկել ինձ մոտ:
— Այո, — ստեցի ես, վախենալով՝ միգուցե հակառակն ասեմ, չընդունվեմ:
— Ապրես, այս օրվանից դու իմ աշակերտն ես: Անունդ:
— Ալեքսանդր:
— Ազգանունդ գիտեմ, դու ուստա Մինասի որդին ես: Ասա ծնողներիդ, որ ես քեզ կսիրեմ հարազատ հոր պես: Տեսնո՞ւմ ես, այդ բոլոր մանուկները իմ զավակներն են:
Մայրս զարմացավ իմ հանդգնության վրա, բայց չընդդիմացավ իմ ցանկության: Ավելին, նա մինչև անգամ պարծեցավ, որ իր որդին ինքն իր կամքով «ուզում է մարդ դառնալ»: Նա ինքը թեև անգրագետ էր, բայց հասկանում էր ուսման արժեքը:
— Այդ լավ է, — ասաց նա, — երբ դու գրել ու կարդալ կսովորես, էլ ես ուրիշներին չեմ տալ կարդալու հորդ նամակները: Իմ նամակներն էլ դու կգրես:
Եվ առանց տատանվելու նա գնեց մի այբբենարան և մի օրվա մեջ մետաքսյա կտորից կարեց մի գեղեցիկ «հաբզյա» (երկբերան տոպրակ), որի մեջ պիտի պահեի դպրոցական պիտույքներս: