Առաջին անգամ նա էկրանին հայտնվեց պահնորդի էպիզոդիկ դերում` «Էնվեր փաշան Թուրքիայի դավաճան» ֆիլմում
Գուցե և այժմ դժվար թե գտնվի էկրանի մի այլ հայ կինոգործիչ, որը կինոմատոգրաֆն իմանա այնքան խորն ու հիմնավոր, ինչպես գիտեր Հ. Բեկ – Նազարյանը: Ամբողջ կես դար լինելով մի մասնիկը իր սիրած գործի` նա կարողացավ հասու լինել նրա նրբություններին առօրյա քրտնաջան աշխատանքում և ամենատարբեր առումներով, սկզբում որպես դերասան, այնուհետև որպես արտադրության կազմակերպիչ և վերջապես որպես ռեժիսոր: Սակայն մինչև ռեժիսորական կյանքի ամփոփումը, սկսենք ամենասկզբից:
Տրյուկային դերասանի քիչ հրապուրիչ և վտանգավոր մասնագիտություն. ահա թե ինչից սկսվեց նրա ստեղծագործական ուղին կինոյում:
Ռուս մինչհեղափոխական էկրանի աստղերի մեջ մի երիտասարդ կար, գրեթե պատանի, որի զուտ եվրոպական վայելչագեղությունը զուգորդվում էր արևելյան գեղեցկության հետ: Կինոդերասանի գործունեությունը տևեց 4 տարի, բայց այդ ընթացքում ավելի քան յոթանասուն անգամ նոր ֆիլմ ազդարարող աֆիշաների վրա երևում է Ամո Բեկի անունը: Այդ հնչեղ, մտապահվող անունը նրա կինոդերասանական կեղծանունն էր: Առաջին անգամ նա էկրանին հայտնվեց պահնորդի էպիզոդիկ դերում` «Էնվեր փաշան Թուրքիայի դավաճան» ֆիլմում, որը նկարահանվել է 1914 թվականին:
Համաշխարհային պատերազմի սկիզբը ճակատագրական եղավ արտասահմանից նորմուծվող ֆիլմերի համար, որի արդյունքում Ռուսաստանում կինոարտադրությունը սկսեց ինտենսիվորեն աճել: Եվ որքան էլ որ տարօրինակ թվա, ինչպես որ Հ. Բեկնազարյանն է իր հուշերում գրել, «հենց պատերազմն է նպաստել այն բանին, որ ես կինոդերասան դառնամ»: առևտրական ինստիտուտի քսաներկուամյա ուսանողուհին փողոցում պատահական կանգնեցվախ անծանոթի` կինոյում նկարահանվելու առաջարկը վճռականորեն փոխում է Հ. Բեկնազարյանի ճակատագիրը: Նա տրյուկային դերասան է դառնում յարոսլավցի կինոգործարար Գ. Լիբկենի մոտ, ապա տեղափոխվում է Ա. Խանժակովի կինոձեռնարկություն, որն այն ժամանակ առաջատարն էր Ռուսաստանում: Այստեղ «սալոնային սիրահարի» իր նոր ամպլուայում նա առաջին անգամ հանդես է գալիս «Յուրի Նոգորինի» ֆիլմում: Սա մեկն է Բեկ-Նազարյանի մասնակցությամբ նկարահանված այն ժապավեններից, որ հասել են մեզ:
Ֆիլմը որոշակի պատկերացում է տալիս գլխավոր դերակատար Բեկ-Նազարյանի դերասանական նկարագրի մասին: Իր ժամանակների համար տիպական սրտաճմլիկ այս մելոդրամայի հերոսը օպերային երգիչ է, կանանց սրտերը գերող գեղեցկադեմ երիտասարդ: Ֆիլմը բեմադրել էր Ե. Բաուերը, որին Հ. Բեկ-Նազարյանը համարում էր իր առաջին ուսուցիչներից մեկը:
Համո Բեկ-Նազարյանի հոջորդ ֆիլմը «Հրեղեն սատանա» ֆիլմն էր, որը ուշագրավ էր նրանով, որ Համո Բեկ-Նազարյանի խաղընկերուհին հռչակավոր դերասանուհի Վերա Խոլոդնայան էր:
Բեկնազարյանի կինոդերասանական վարկն ու հռչակը բավական պատկառելի է եղել: Նա նկարահանվել է մի շարք կինոձեռնարկատերերի մոտ: Զգալի թվով գլխավոր դերեր է խաղացել «Բիոֆիլմ» բաժնետիրական ընկերության կինոնկարներում: Բեկ-Նազարյանն իր վերջին դերը խաղաց 1922 թվականին ռեժիսոր Ի. Պերեստինիի «Սուրամի բերդը» կինոյում: Ֆիլմը թողարկեց Վրաստանի Լուսժողկոմատի կինոսեկցիան: Այդ սեկցիան ղեկավարում էին Բեկ-Նազարյանն ու Գ. Գոգինիձեն: 1923 թ. կինոսեկցիան վերակազմվեց Վրաստանի Գոսկինպրոմի` նպաստելով Բեկ-Նազարյանի ռեժիսորական ուղու առաջընթացին:
Մերի Ադամյան