Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է
Սկիզբը` Երրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը
Դժբախտաբար, տխուր տերմին է: Եվ ճիշտ չէ, երբ ասում են, թե չափազանցնում եմ: Մի անգամ Շվիդկոյի նման մշակույթի նախարարը մի 7-8 տարի առաջ հեռուստատեսությամբ ասաց, թե էդ ինտերնետի ազդեցությունը մարդու վրա շատ են չափազանցնում: Դա տեխնիկական նորույթ է, որը կարելի է համեմատել (տեսեք ինչ է ասում) սղագրության ու Մորզեի այբուբենի հետ: Ասացի` սիրելի Շվիդկոյ, դու չհասկացար, որ Մորզեի այբուբենը մինչև օրս մի հազար մարդ գիտի, սղագրությունը նույնպես, իսկ սա բոլորովին ուրիշ բան է, սա ներխուժել է կենցաղ և անմիջապես մարդու վրա է ազդում, ֆիզիկայի վրա էլ է ազդում, ոչ միայն հոգեբանության վրա: Ավելին, այս ինտերնետ կոչվածը, որի մեջ մտնում է, հասկանում եք, և բջջային հեռախոսը, և համակարգիչը և այլն, քիչ է համեմատել էլեկտրականության կամ ավտոմեքենայի հետ: Իհարկե, սրանք նույնպես հայտնագործություն են, իհարկե, էլեկտրականությունը շատ մեծ դեր խաղաց, փոխեց մարդու տեսակը և գուցե նույնպես ունեցավ վտանգավոր հետևանքներ:
Բայց ինչո՞ւ ինքնաթիռը չի կարողանում մրցել ինտերնետի հետ, որովհետև նրա արագությունը զգում ես միայն հողի վրա` թռչելու և վայրէջքի ժամանակ, մնացած ժամանակ անշոշափելի է, մարդը չի զգում: Գուցե օդում ինչ—որ ազդեցություն լինում է, բայց սովորական մարդը տարին մի 2-3 անգամ է թռչում, իսկ ինտերնետն ամենօր է, ամբողջ օրը:
Մի ժամանակ, երբ կինոյի ապագայի մասին անընդհատ հարց էին տալիս, իմ գործընկերներից մեկը շատ դիպուկ պատասխանեց` հեռուստատեսությունը: Ճիշտ պատասխանեց: Այսօր պարզվեց` կինոն դարձավ հեռուստատեսություն, իսկ հեռուստատեսությունը ինտերնետի գիրկն է ընկնում: Ավելին, հեռուստատեսությունը մեր աչքի առաջ փչանում է: Հեռուստատեսության համ ու հոտն ի՞նչ էր, ուղիղ եթերը, որ վերանում է:
Հիմա ես ոչ մի հաղորդում չեմ կարողանում նայել գովազդային աղմուկի պատճառով: Եվ այսօրվա գովազդը հազիվ թե նպաստի գովազդատուի բիզնեսին, նույնիսկ գուցե հակառակ ազդեցությունն ունենա: Դրանք ինֆորմացիա չեն տալիս, միայն` աղմուկ: Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է: Եվ այդ հեղեղի մեջ կուլ է գնում մարդու բանականությունը:
Սուրեն Հասմիկյան
«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու