Արմեն Մարտիրոսյան. «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում»
Սկիզբը` «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան
Նա ոչինչ չասաց սարդերի մասին: Նրանք բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում, նույնիսկ բնակիչների հավաքած ոսկուև արծաթի շեղջում: «Ո՞վ է տեսել մուկը փիղ ուտի» -երկար ճառն Անիի հերոսական անցյալի մասին եզրափակեց քահանան: Նա անձամբ վարակված էր, և նրա ճառից թափվում էին քնաբեր դեղահաբեր: Լսողները և նրա աջը համբուրողները կուլ տվին առատորեն մատուցվող դեղահաբերը, վարակվեցին հանգստությամբ և մոռացան և ծերունու տխուր գուշակությունը: Աստիճանաբար, մի քանի օրում ամեն ինչ խաղաղվեց, մտավ սովորական հունը, մշտենջենական նիրհի և մոռացության շերտով վարագուրվեց անցյալը, կարծես ոչինչ չէր պատահել:
Վարակից զերծ էր կարճատես ծերունին: Այդ առավոտ ներկա չէր ժամերգության: Նա օրեր ու ամիսներ շրջում էր փողոցներում և ճչում հուսալքված.
— Մարդիկ, փրկեցեք, Անին կործանվում է, ես իմ աչքով տեսա կենդանի ու շարժուն պատը մեջ պարիսպներուն: Դեղահաբերի ազդեցության տակ մրափող քաղաքը չէր լսում նրան, չէր արձագանքում : Ընդհակառակը, հանդիպելիս՝ կես քուն, կես արթուն տղամարդիկ շեղում էին ճանապարհը, կես քուն, կես արթուն կանայք աղ էին ցանում ետևից և խաչակնքում երեսները. նրանց առջև սատանա էր, ոտքը կապվեր, լռեր, հանգստանար:
— Չարքով է ընկել,- ասում էին կիսանինջ տղամարդիկ, կանայք,- անհեթեթ գուշակություն արավ քաղաքի կործանման մասին: Ծերացել է և ցնդել: Տեր աստված, կապիր չարի ոտքը, փակիր անմիտ գուշակության ճանապարհը: Շուրջը շաղ եկող լուտանիքի, ծաղրական բացականչության տակ ծերունին իսկապես ցնդեց, մազերը գզգզվեցին, ակնոցը վայր ընկավ, մորուքը կզակի տակ երկսայր ճյուղավորվեց: Վերահաս խելագարության նշաններ էին, եկան, գրանցվեցին անեցիների ամեն ինչ նկատող, կիսախուփ աչքերում: Մշտական լուտանիքի ու ծաղրուծանակի միջով ծերունին առանց ակնոցի քայլում էր դժվարությամբ, խարխափելով: Անարգանքն անծայր քարանձավ էր, և հաղթահարելը հեշտ չէր հիանալի տեսնող կողմնորոշվող ու մարդու համար, ու՞ր մնաց` կարճատես ծերունու: Եվ մի առավոտ, սովորական ժամերգության գնալիս` նրան գտան փողոցում, անզգա ու անշունչ. կառք էր անցել վրայով: Թաղման ծաղսերը հոգալիս` պարզվեց, որ ծերունին հինգ բյուր դահեկան ունի տանը` երկաթյա սնդուկում, և այդ գումարը կտակել է Անիին` աղետի առաջն առնելու: Ոսկու փայլը լուսավոր ճառագայթ էր, հատեց բնակիչների նախկին պատկերացումը: Ճառագայթը մտավ ս. Փրկիչ եկեղեցու գավիթը և լուսավորեց ճառասաց քահանայի դեմքը:
— Խեղճ մարդ,- ասաց քահանան,- ոտքի ծայրից մինչև գլխի մազերն անեցի էր: Նրան սխալ հասկացանք: Նա ճշմարտությունն էր`դաժան, սառը և մերկ:
Եվ բոլորին ցույց տվեց սարդերի հյուսած ցանցը գավթում ու զանգակատանը: «Ահա,- ավելացրեց,- ծերունու գուշակության ապացույցը: Նրա կտակած գումարով նոր եկեղեցի կկառուցենք Անիի փրկության համար»: