ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
13
Չորրորդ ճակատը՝ Խաշթառակն էր։
Վաղարշակի անսպասելի բացակայության երրորդ օրն էր սկսվում։ Գյուղում բոլորը գիտեին, որ վարպետը Մոսկվայից ետ չի եկել, բայց այդ մասին բարձրաձայն ոչինչ
չէին ասում։ Նախորդ օրը՝ երեկոյան, Ռազմիկն էր եկել, նախօրոք զգուշացրել կոմբինատի տնօրեն՝ լսածից զարմացած Փափազյանին, Ավոյի վարկածի մասին, ու Արմենին, Ռուզանին, տիկին Վարսենիկին հայտնել, որ Ավոն խոսել է վարպետի հետ և, գնացել է Մոսկվա, որպեսզի միասին վերադառնան։ Իսկ վարպետը ուշանում է, որովհետև նախարարությունում նրա կոչումի փաստթղթերն են ձևակերպում։
—Դու անձամբ լսել ե՞ս նրանց զրույցը, Ռազմիկ,— հարցրեց տիկին Վարսենիկը։
—Չէ, մոքիր ջան, Ավոն առանց ինձ, կայարանի պետի կաբինետից է հյուրանոցի համարին զանգ տվել, խոսել, ու ինձ ասաց, որ ինքը գնում է, ես էլ գամ Իջևան, Ձեզ հաղորդեմ նրա որոշման մասին։
—Բա ինչու՞ գնացիք կայարան։
—Որովհետև Վանիկի հարևանուհին ասաց, որ վարպետին ճանապարհելուց հետո Վանիկն էլ շրջան է գնացել ու տանը մարդ չկա։ Մենք էլ գնացինք կայարան։ Այնտեղ իմացանք, որ վարպետը հաջող Մոսկվա է հասել։
—Էստեղ մի բան էն չի, բայց որ Ավոն գնացել է, ուրեմն մի բան գիտի, մամ ջան,— ասաց Ռուզանը։ Արմենն ու տիկին Վարսենիկը գլխով համաձայնության նշան արեցին։
—Ռուզան ջան, աղջիկ ջան, զանգ տուր Փափազյանին, իմացի՝ ինչու՞ են պահել Վաղոյին։
Ռուզանը հեռաախոսը վերցրեց, խոսեց Փափազյանի հետ, նրա անվստահ պատասխաններից հասկացավ, որ ամենը հորինած պատմություն է, սակայն մայրիկին ասաց, որ Ռազմիկը ճիշտ է ասում։
Լարվածությունն, այնուամենայնիվ, գնալով խորանում էր։ Ղազումյանի կին Նազիկն էլ, որտեղ կանգնում էր, սկսում էր շշուկով քննարկել Վարդանյանների թեման։
—Լսե՞լ եք, չէ, որ որ Վղարշակը կորել է,— հարցնում էր նա գյուղխորհրդում, խանութում, փողոցում։
—Նազիկ, քո ի՞նչ գործն է, քիթդ խի՞ ես խոթում,— ասում էին մարդիկ, որովհետև հարգում էին վարպետին ու նրա ընտանիքը։ Ու երբ Ռուզանին պատմում են այդ մասին, նա վերցնում է քույրերին՝ Հասմիկին ու Մարոյին, և գնում է, Նազիկին տանից դուրս կանչում, ու ասում․
—Նազիկ, լեզուդ պոկելու եմ, եթե մի անգամ էլ լսել եմ, թե հայրիկիս մասին լուրեր ես տարածում։
—Ես ոչ մի լուր էլ չեմ տարածում,— ասում է նա ու փախչում, մտնում է տուն։
—Ես քեզ ասացի,— ետևից կանչում է Ռուզանը ու ետ են դառնում, բայց մարդկանց երևակյությունը ի՞նչ ասես որ չէր հյուսում Վաղարշակի կորստյան շուրջ։
Մեկն ասում էր՝ Կորել է, մյուսն ասում էր՝ Մետրոյում սպանել են, իսկ հաշվապահ Մանիկն ասել էր, թե իր եղբոր տղան Խաբարովսկում տեսել է, ու այդ լուրը, որն ամենաանհավանականն էր, դարձավ գլխավոր նորությունը, ու երբ այս մասին տղային՝ Արմենին հայտնեցին, նա գյուղամիջի երիտասարդների հետ, դասերից հետո գնաց դպրոց, աշխրհագրության քարտեզներից մեկը գցեց դարակներին, գտավ Խաբարովսկը, նայեց տարածությանն ու ասաց․
—Մոսկվայից Խաբարովսկ հինգ-վեց օրվա ճնապարհ է, ո՞նց կլինի, էս ի՞նչ հիմար խաբար էր։
Վարպետի բացակայության չորրորդ օրն էր սկսվում։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շաարունակելի