Խաչվերաց տոնի պատմությունը
Տոնական համակարգերի ձևավորումը և զարգացումը, որպես օրինաչափություն, միշտ էլ տեղի է ունենում սոցիալ- տնտեսական, քաղաքական, էթնոմշակութային և կրոնական գործընթացների փոխազդեցությունների համակարգում:
Հասարակության մեջ կատարվող տոնածիսական գործընթացների համակարգը կատարում է էթնիկ ավանդույթների կողմնորոշման, հասարակական հարաբերությունների կարգավորման, անհատի հոգեբանական պահանջների բավարարման և այլ կարևորագույն գործառույթներ:Այն կարևոր դեր է կատարում անցումային տնտեսություն ունեցող երկրների սոցիալական հարաբերությունների կարգավորման գործում:
Ավանդույթային տոներում առկա հավատալիքների հիմնական շերտերն իրենց ծագմամբ առնչվում են երկու պայմանական փուլերի հետ. առաջին` մինչքրիստոնեական, երբ բնության ու հասարակության մեջ կատարվող ամեն ինչ վերագրվում էր առանձին հոգիների ու երկրորդ` քրիստոնեական, երբ արդեն նոր կրոնին` քրիստոնեությանն էր վերագրվում երևույթների բացատրության և դրանց վրա ներազդելու մենաշնորհը: Կան բավական ուսումնասիրություններ, որոնց հեղինակները, անդրադառնալով քրիստոնեական տոնացույցում տեղ գտած այդ տոների ծագումնաբանությանը, փորձել են վերականգնել դրանց մինչքրիստոնեական արմատները, կամ հեթանոսական զուգահեռները, որոնք լի են տնտեսության, ընտանիքի և անհատների բախտն ու ճակատագիրը որոշող հնագույն ծեսերով, սովորույթներով, գուշակություններով ու հավատալիքներով: Ծիսահավատությունն ունի ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ երանգավորում: Տոների պահպանումը պայմանավորված է հատկապես ազգային նկարագրով, որի դրսևորման ձևերից էին դրանցում արտահայտվող էթնիկ ինքնագիտակցությունը և էթնոսի պատմական հիշողությունը:
Քրիստոնեության մեջ խաչի պաշտամունքը կրում է Հիսուս Քրիստոսի խաչելության գաղափարը: Հայ քրիստոնյայի ամենաբնորոշ գիծը խաչի ժողովրդական պաշտամունքն է: Իզուր չէ, որ Հայաստանում, որպես ընդհանուր քրիստոնեական պատկերապաշտության պատմագործառութային տարբերակ, հանդես է գալիս խաչապաշտությունը: Մի տերմին, որով բնորոշում էին հայերի դավանանքը այլադավանները, և որով մենք բնորոշում ենք մեզ և բոլոր քրիստոնյաներին:
Միջնադարից մեզ են հասել բազմաթիվ պատմություններ խաչի մասին: Հարյուրավոր ձեռագրային ընդօրինակություններ նույնպես վկայում են խաչի պաշտամունքի լայն ժողովրդականության մասին:
Խաչվերացը հայոց եկեղեցական տաղավար տոներից է, որը նվիրված է Հիսուս Քրիստոսի խաչափայտի ազատագրման հիշատակին: Ակունքներով այս տոնը պատմական է: Պարսից Խոսրով Բ. թագավորը, 610-614 թթ. պատերազմելով Բյուզանդիայի դեմ, նվաճում է Երուսաղեմը, ուր գերության է վերառնում այն խաչափայտը, որի վրա տանջահար էին արել Հիսուսին: Միայն 628 թվականին` պարսկա- բյուզանդական պատերազմի ժամանակ, Բյուզանդիայի Հերակլ կայսրին հաջողվում է հաղթել պարսիկներին և վերադարձնել գերված խաչափայտը: Հաղթական այդ տարում` 628թ. սեպտեմբերի 14-ին, փառավոր հանդիսավորությամբ սրբազան մասունքը զետեղել են իր ավանդական վայրում` Երուսաղեմի Ս.Հարություն տաճարում: Այդ պատճառով էլ Հերակլ կայսրը և եկեղեցական հայրերը սեպտեմբերի 14-ը հռչակեցին որպես Քրիստոսի Խաչափայտի Վերադարձի կամ Խաչվերացի տոն: Սրբազան Խաչը գերությունից ազատելու հիշատակը հավերժացնող այդ տոնը հաստատվեց քրիստոնյա բոլոր եկեղեցիներում:
Հայաստանում խաչի սկզբնական պաշտամունքի վայրում կամ դնում էին խաչքար, կամ կառուցում եկեղեցի, կամ էլ խաչամասնիկը ամփոփում էին կառուցված եկեղեցու սեղանի տակ` վերջինս ավելի սրբագործելու նկատառումով: Հայ առաքելական եկեղեցում Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը:
Ինչպես հավաստում են ազգագրական աղբյուրները, ժողովրդի մեջ տոնի խորհուրդը իմաստավորվում է որպես հանգուցյալների հիշատակման օր:
«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու
Ամբողջը` այստեղ