«Ազգային գործիչը». Ալեքսանդր Շիրվանզադե
ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼԻՔ-ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆՑ, միլիոնատեր, նոր հարստացած, 54 տարեկան.
ՆԱԶԱՆԻ կամ ՆԱՋԱՆՆԱ ԲՈՂԴԱՆՈՎՆԱ, նրա կինը, 44 տարեկան.
ՄԱՏԹԵՈՍ կամ ՄԱՏՎԵՅ, նրանց ավագ որդին, 25 տարեկան,
ԳՐԻԳՈՐ, նրանց երկրորդ որդին, 24 տարեկան.
ԳԵՎՈՐԳ, նրանց երրորդ որդին, 19 տարեկան.
ՀՄԱՅԻԼ կամ ԱՄԱԼՅԱ, նրանց առաջին դուստրը, 23 տարեկան.
ՄԱՐԻԱՄ կամ ՄԵՐԻ, նրանց երկրորդ դուստրը, 21 տարեկան.
ՄՈՒՇԵՂ ՄՈԻՇԿԱՄԲԱՐՅԱՆ, բարեսիրական ընկերության նախագահ.
ՄԱՆՈՒԿ ՄԸԶՄԸԶՅԱՆ, դպրոցասերների ընկերության նախագահ.
ՏԻԳՐԱՆ ԲՈՒՌՆՈՒԶՅԱՆ, հնասերների ընկերության նախագահ:
ՓԱՆՈՍ ՓԱԹԱՆՈՍՅԱՆ, գեղասերների ընկերության նախագահ.
ԱՐՇԱԿ ՋԱՄԲԱԶՅԱՆ, թատերասերների ընկերության նախագահ.
ՍԱՄՍՈՆ ՍԱՐՍԱՐՅԱՆ, երաժշտական ընկերության նախագահ.
ՍՄԲԱՏ ՍՄԲՈԻԼՑՅԱՆ, գրասերների ընկերության նախագահ.
ԱՅՎԱԶ, Մելիք-Բուռնությանների ծառան.
ՍՈՖԻկ, նրանց աղախինը.
ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Միքայել Մելիք-Բուռնությանցի առանձնասենյակը, հարուստ կահավորված սենյակ: Աջ պատի առջև մի մեծ գրասեղան, վրանմի ահագին արծաթյա թանաքաման՝ իր բոլոր պատկանելիքներով: Գրասեղանի ետևում, պատի տակ մի մեծ պողպատյապահարան, ուր պահվում են Միքայելի արժեքավոր թղթերը: Խորքի պատի առջև քով քովի երկու պահարաններ, որոնցից մեկըհայելյա դռնակով: Այս երկու պահարանների միջև մի փոքրիկ սեղան, վրան Միքայելի պղնձյա լիարձանը՝ փոքր դիրքով: Ձախպատի առջև կաշվեծածկ գահավորակ, աոջևը նույնպիսի բազկաթոռներ և մի կլոր սեղան:
Դռներ աջ պատի մեջ, որ տանում են բնակարանի մյուս սենյակները: Դռներ խորքում, որ տանում են նախասենյակ:
ՏԵՍԻԼ 1
ՄԻՔԱՅԵԼ մենակ, հետո ՆԱԶԱՆԻ
ՄԻՔԱՅԵԼ. (Ոչ բարձրահասակ, բավական նիհար տղամարդ է՝ կարճ խուզած ալեխառն մազերով, կարճլիկ և շատ հաստընչանցքով, սափրած երեսով և արծվաքիթ: Հագած է սև պիջակ, մոխրագույն պանթալոն: Ձևերը տակավին գռեհիկ են ևմատնում են նախկին գյուղացուն: Վարագույրը բարձրանալիս գրասեղանի քով նստած գրոտում է: Երբեմն, դադարելով գրել,ձեռը սեղմում է ճակատին ու մտածում):
ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով: Բարձրահասակ, գեղեցկադեմ, առողջ կին է, կարմրախայտ այտերով, իր տարիքի համեմատ, տակավին թարմ: Հագուստը կատարյալ եվրոպական է, բայց թասակրավ է կրում գլխին: Աշխույժ քայլերով մոտենում է գրասեղանին): Մուքել:
ՄԻՔԱՅԵԼ. (Հափշտակված գրությամբ, չի լսում Նազանու ձայնը):
ՆԱԶԱՆԻ. (Մի քանի վայրկյան զարմացած նայում է Միքայելին, ապա կամացուկ նստում է գրասեղանի քով): Մուքել:
ՄԻՔԱՅԵԼ. (Դարձյալ չի լսում: Գրածը կարդում է): «Հայ ազգը որ կա, մի թամբալ լծկան եզ է, մինչև որ մի լավ չի ճիպոտես,գութանը չի քշիլ: Հա՛, այս մեկը լավ է: Մի քիչ գեղավարի է, բայց ազդու է: Հետո՞: (Ձեռը սեղմում է հակատին ու մտածում):
ՆԱԶԱՆԻ. (Անհամբեր): Մուքե՜լ: (Ավելի բարձր): Մուքե՜լ:
ՄԻՔԱՅԵԼ. (Սթափվում է): Հը, դու ե՞ս, Նազանի:
ՆԱԶԱՆԻ. Մարդ աստծո, խուլացել ես, ի՜նչ է: Մի ժամ է Մուքե՛լ, Մուքե՛լ եմ կանչում, չես լսում:
ՄԻՔԱՅԵԼ. Առաջինը ես Մուքել չեմ, այլ Միքայել Պավլովիչ: Այն քո ասած Մուքելը գնա՛ց, չկա: Երկրորդը, Նազանի, տեսնում ես, որ գործ ունիմ, ի՞նչ ես ուզում:
ՆԱԶԱՆԻ. Առաջինը, ես էլ Նազանի չեմ, այլ Նազաննա Բողդանովնա: Այն քո ասած Նազանին գնա՜ց, չկա: Երկրորդը, ասա տեսնեմ, այդ ի՞նչ գործ է, որ ուշ ու միտդ տարել է:
ՄԻՔԱՅԵԼ. (Խորհրդավոր): Մի գործ է, որ ասել չի լինի: Հետո կիմանաս:
ՆԱԶԱՆԻ. Էլի՞:
ՄԻՔԱՅԵԼ. Սո՜ւս, ուրիշի չասես, ճառ եմ գրում:
ՆԱԶԱՆԻ. Ճա՞ռ: Ո՞ւմ համար, ինչո՞ւ համար:
ՄԻՔԱՅԵԼ. Կիրակի օրվա ժողովի համար:
ՆԱԶԱՆԻ. Այդ ի՞նչ ժողով է: Միքայել, բա՜…
ՄԻՔԱՅԵԼ. Բարեսիրական ընկերության ժողովը:
ՆԱԶԱՆԻ. Դու ի՞նչ գործ ունես Բարեսիրական ընկերության ժողովում:
ՄԻՔԱՅԵԼ. (Հեգնորեն և ինքնագոհ ժպիտով): Հե՜ե՛, մինչև հիմա չունեի գործ, բայց օրես դենը ունենալու եմ:
ՆԱԶԱՆԻ. Ոչինչ չեմ հասկանում:
ՄԻՔԱՅԵԼ. Դե լսի՛ր ասեմ: Քաղաքում ձայն է ընկել, որ ես ուզում եմ ազգի գործերով զբաղվել: Ամենքն ուրախացել են: Երեկ ինձ մոտ եկավ Բարեսիրական ընկերության խորհրդի նախագահն ու ազգի կողմից խնդրեց, աղաչեց, պաղատեց, որ ես կիրակի օրը ընկերության ընղհանուր ժողովի նախագահը լինեմ, այսինքն լոխից մեծը:
ՆԱԶԱՆԻ. Դու համաձայնվեցի՞ր:
ՄԻՔԱՅԵԼ. Չէի ուզում: Բայց այնքան զոռեց, որ համաձայնվեցի:
ՆԱԶԱՆԻ. Ուրեմն կիրակի օրր դու ճա՞ռ ես ասելու:
ՄԻՔԱՅԵԼ. Այո:
ՆԱԶԱՆԻ. Դո՞ւ:
ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս, ես ինքս տեղովս մին:
ՆԱԶԱՆԻ. Լավ, այդ ի՞նչ է պատահել, որ հանկարծ սկսել ես ազգի գործերով զբաղվել:
ՄԻՔԱՅԵԼ. Ես ազգս միշտ սիրել եմ մտքումս, բայց որ նրա գործերով չեմ զբաղվել, որովհետև ժամանակ չեմ ունեցել: Հիմա ժամանակ ունեմ: Հանքերս ու գործարաններս ծախել եմ, տներս շինել վերջացրել, էլ գործ չունեմ: Մինչև այսօր ձեզ համար եմաշխատել, ուզում եմ օրես դեն էլ ազգիս համար աշխատել:
ՆԱԶԱՆԻ. Լավ, եթե կարող ես մի բան անել ազգիդ համար, արա՛, ես դեմ չեմ:
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, ինչո՞ւ չեմ կարող անել: Ինչո՞վ եմ պակաս ուրիշներից: Երեսուն տարի սրանից առաջ փափախով ու չմուշկներով եկել եմ այս քաղաքը անտեր, անպաշտպան: Իմ խելքով ու շնորհքով միլիոններ եմ աշխատել, ամարաթներ եմ շինել, հանքեր, գործարաններ, կանտորներ, ինժեներներ, հազարավոր բանվորներ եմ կառավարել: Հիմա քո ազգի գործերը ի՞նչ են, որ ես իմ աստվածատուր խելքով չկարողանամ կառավարել: Չէ՛, Նազաննա Բողդանովնա, դու ինձ լավ չես ճանաչում: Թողմին այս ճառն ասեմ, լսեն ու կտեսնես: Հը՛, թե բան չունես ասելու, թող որ գործս վերջացնեմ:
ՆԱԶԱՆԻ. Բան ունեմ ասելու, զուր չեմ եկել:
ՄԻՔԱՅԵԼ. Դե շո՛ւտ արա, ասա տեսնեմ:
ՆԱԶԱՆԻ. Ես վճռեցի այս չիքիլան դեն գցել ու շլյապա դնել:
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜: Այդպես հանկա՞րծ:
ՆԱԶԱՆԻ. Հանկարծ չէ, վաղուց էի ուզում, բայց ամաչում էի: Հիմա տեսնում եմ, որ ոչ ոք չի ամաչում, ես էլ վճռեցի չամաչել:
ՄԻՔԱՅԵԼ. Լավ, շատ լավ, բայց մին ինձ ասա, քանի՞ տարեկան ես:
ՆԱԶԱՆԻ. Ե՞ս:
ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս, հենց դու տեղովդ մին:
ՆԱԶԱՆԻ. (Տատանվելով), Միտս չէ, ծնվելուս օրը մոռացել եմ:
ՄԻՔԱՅԵԼ. Էլի՞…
ՆԱԶԱՆԻ. Պետք է որ մոտ երեսուն ու հինգ տարեկան լինեմ:
ՄԻՔԱՅԵԼ. (Փռթկում է):
ՆԱԶԱՆԻ. Ինչո՞ւ ես ծիծաղում:
ՄԻՔԱՅԵԼ. Ինչպե՞ս չծիծաղեմ, մեծ որդիդ քսան ու հինգ տարեկան է, ուրեմն դու տասը տարեկան հասակո՞ւմդ ես ծնել նրան: Չէ, բարձրացիր:
ՆԱԶԱՆԻ. Լավ, թող լինեմ երեսունյոթը տարեկան: Մե՞ծ բան է:
ՄԻՔԱՅԵԼ. Բարձրացիր:
ՆԱԶԱՆԻ. Երեսուն ու ինը:
ՄԻՔԱՅԵԼ. Մի քիչ էլ բարձրացիր:
ՆԱԶԱՆԻ. (Բարկանալով): Լավ, հո քառասուն տարեկան չեմ:
ՄԻՔԱՅԵԼ. Մեղա՜ աստծո, ո՞վ է ասում: Անցի՛ր:
ՆԱԶԱՆԻ. Դե լավ, ձեռը վերցրու, ինչքան որ կա՝ կա:
ՄԻՔԱՅԵԼ. Ուղիղ քառասուն ու չորս տարեկան ես: Լավ, ամոթ չէ այդ հասակում գլուխդ բաց անել:
ՆԱԶԱՆԻ. Հարցրու, ում ուզում ես, ոչ ոք ինձ քառասուն տարեկան չի համարում: Իսկ եթե շլյապա դնեմ, մի տասը տարով էլպակաս կերևամ: Ա՜խ, Միքայել Պավլովիչ, չգիտես ինչպես է սազում ինձ շլյապան:
ՄԻՔԱՅԵԼ. ՈՒրեմն դրե՞լ ես:
ՆԱԶԱՆԻ. Ոչ միայն դրել եմ, գնել էլ եմ: Այս րոպեին բերի մաղազինից:
ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանալով): Ըմբո՜, ի՞նչպես ես համարձակվել առանց ինձ հարցնելու՝ գնել: Ես քեզ չեմ թողնիլ շլյապա դնես:
ՆԱԶԱՆԻ. Ես էլ քեզ չեմ թողնիլ ազգի գործերով զբաղվես ու ճառ ասես:
ՄԻՔԱՅԵԼ. Ես քո շլյապան կպատռեմ ու դեն կշպրտեմ:
ՆԱԶԱՆԻ. Ես էլ քո ճառը կպատռեմ ու դեն կշպրտեմ: (Ուզում է Միքայելի գրվածքը վերցնել):
ՄԻՔԱՅԵԼ. (Գրվածքը պաշտպանելով): Ա՜ կնիկ, լաչառություն մի արա:
ՆԱԶԱՆԻ. Կանեմ, եթե չես թողնիլ ինձ շլյապա դնելու:
ՄԻՔԱՅԵԼ. Դե արա, ինչ որ ձեռքիցդ գալիս է: Ոչինչ էլ չես կարող անել:
ՆԱԶԱՆԻ. Չե՞մ կարող:
ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛:
ՆԱԶԱՆԻ. Չե՞մ կարող:
ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛:
ՆԱԶԱՆԻ. (Ոտքի կանգնելով): Դե լավ, համբերիր: Կիրակի օրը ես կգամ այդ Բարեսիրական ընկերության ժողովը ու այնքան մարդկանց առաջ բարձր ձայնով կգոռամ. «Ա՛յ մարդիկ, ականջ մի՛ դրեք մարդուս ասածներին, նա գժվել է, խելքը կորցրել: Տարեք նրան գժատուն»:
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜:
ՆԱԶԱՆԻ. Հապա՜: Կտեսնես, կտեսնես, դու ինձ դեռ լավ չես ճանաչում:
ՄԻՔԱՅԵԼ. Կանես, կանես, աստված վկա, ճանաչում եմ, խև Բաղդասարի աղջիկն ես:
ՆԱԶԱՆԻ. Խնդրեմ իմ հոր պատվին չդիպչես, թե չէ պապերիդ ոսկորները մեկ-մեկ դուրս կբերեմ գերեզմանից ու քամուն կտամ:
ՄԻՔԱՅԵԼ. (Օձիքը թափ տալով): Պա՜, պա՜, պա՜, ղարաչի ես, Նազանի, ղարաչի: Դե լավ: Գնա շլյապադ դիր, եկ տեսնեմ:
ՆԱԶԱՆԻ. Ա՛յ, այդպես խելոք խոսիր: (Գնում է աջ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 2
ՄԻՔԱՅԵԼ և ՄԱՏԹԵՈՍ
ՄԻՔԱՅԵԼ. (Մնալով մենակ, շարունակում է գրել ու կարդալ դրածը): «ժողովուրդ, բան եմ ասում, հասկացիր, հայ ազգը որ կամի թամբալ լծկան եզ է: Մինչև որ չի ճիպոտես, գութանը չի քշիլ»:
ՄԱՏԹԵՈՍ. (Գալիս է խորքի դռներով և տեսնելով հորը զբաղված անսովոր գործով, կանգ է առնում դռների մոտ, և մի քանի վայրկյան զարմացած նայում է: Նորաձև հագնված երիտասարդ է, մաքուր սափրված երեսով ու կարճ կտրած բեղերով):
ՄԻՔԱՅԵԼ. (Գրվածքը դնելով սեղանի վրա, ոտքի է կանգնում): Փորձենք անգիր ասել. «Ժողովո՛ւրդ, բան եմ ասում, հասկացիր,հայ ազգը որ կա մի թամբալ լծկան գոմեշ է… է, կարծեմ գոմեշ չէ: Ասենք միևնույնն է, գոմեշն էլ եզան եղբայրն է»: (Հանկարծ տեսնում է Մատթեոսին): Հը, ի՞նչ ես խունկի ձառի պես այդտեղ տնկվել:
ՄԱՏԹԵՈՍ. (Առաջ գալով): Պապա՛, ներիր, մի բան եմ ուզում խնդրել:
ՄԻՔԱՅԵԼ. (Սրամտությամբ): Լա՛վ, գիտեմ, փող ես ուզում: Ահա ստացիր ամսականդ ու հեռացիր, գործ ունեմ: (Գրասեղանի արկղից փող է դուրս բերում):
ՄԱՏԹԵՈՍ. Այդ չէ խնդիրս, հայրիկ:
ՄԻՔԱՅԵԼ. Հը, այդ չէ՞: Լավ: (Փողը շտապով դնում է արկղիկի մեջ):
ՄԱՏԹԵՈՍ. Ես վճռեցի գնալ Իտալիա: Պետք է ինձ ճանապարհածախս տաս:
ՄԻՔԱՅԵԼ. Իտալիա՞: Մենք Իտալիան տեսել ենք: Բավական է:
ՄԱՏԹԵՈՍ. Ոչ, պապա, ես զվարճության համար չեմ գնում: Ես գնում եմ Միլան՝ ձայնս մշակելու:
ՄԻՔԱՅԵԼ. (Տաքանալով): Ադա, ես քեզ հազար անգամ ասել եմ՝ ձեռը վերցրու այդ ծռտի-պռտի բաներից:
ՄԱՏԹԵՈՍ. Պապա, երգեցողությունը ծռտի-պռտի բան չէ, գեղարվեստ է:
ՄԻՔԱՅԵԼ. Լավ արհեստ է, հինգ տարի է ուսումդ թողած, տաշում ես, հա տաշում կոկորդդ, բան չի դուրս գալիս:Վարժապետներիդ փող տալուց հոգիս բերանս եկավ, մի անգամ էլ չլսեցի, որ գոնե մի շիքյաստա էլ է երգես:
ՄԱՏԹԵՈՍ. (Ներողամիտ ժպիտով): Պապա՛, ես շիքյաստա երգող չեմ: Ես պատրաստվում եմ օպերա մտնելու:
ՄԻՔԱՅԵԼ. Գնա բանիդ էէ՛, ես քո օպերան էլ եմ տեսել և կարող եմ ասել, որ քեզանից օպերա երգող չի դուրս գալ: Դե հեռացիր, գործ ունիմ:
ՄԱՏԹԵՈՍ. Պապա՛, դու ինձ պիտի տաս գոնե հինգ հարյուր ռուբլի ճանապարհածախս և ամսական էլ քիչ-քիչ երեք հարյուր ռուբլի:
ՄԻՔԱՅԵԼ. Իսկի մի կոպեկ էլ չեմ տալ:
ՄԱՏԹԵՈՍ. Չես տալ՝ քեզ կխայտառակեմ:
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜:
ՄԱՏԹԵՈՍ. Այո՛, կխայտառակեմ:
ՄԻՔԱՅԵԼ. (Տաքանալով): Ինչպես կխայտառակես, ինչպե՞ս, ասա՛, ասա՛ տեսնեմ:
ՄԱՏԹԵՈՍ. Շատ հեշտ: Այդ ի՞նչ ես գրում: Ճառ, չէ՞: Դու կիրակի օրը պիտի Բարեսիրական ընկերության ժողովում խոսես, չէ՞:Շատ լավ, եթե խնդիրս չկատարես, կհավաքեմ ընկերներիս, կգամ ժողով ու քեզ մի լավ կշվացնենք:
ՍԻՔԱՅԵԼ. Ըմբո՛:
ՍԱՏԹԵՈՍ. Այո՛, այնպես կշվացնենք, որ չես իմանա ուր փախչես: Այս դեռ բավական չէ: Ես լրագիրների աշխատակիցներին կհյուրասիրեմ և կսովորեցնեմ, որ նրանք քեզ մի լավ շշպռեն լրագրներում: Այնպես շշպռեն, որ դու ամոթից տնից դուրս գալ չկարողանաս:
ՄԻՔԱՅԵԼ. Ադա, մատրաբա՛զ, այդ ինչե՞ր ես ասում:
ՄԱՏԹԵՈՍ. Հապա՛, ինձ լա՛վ ճանաչիր:
ՄԻՔԱՅԵԼ. Ճանաչում եմ, դու քո մոր հարազատ զավակն ես: Դե լավ կորիր գնա՛:
ՄԱՏԹԵՈՍ. Ո՞րտեղ գնամ, Իտա՞լիա:
ՄԻՔԱՅԵԼ. ՉԷ՛, դո՛ւրս գնա, դո՛ւրս:
ՄԱՏԹԵՈՍ. Չեմ դուրս գալ այստեղից, մինչև որ չասես «այո» կամ «ոչ»:
ՄԻՔԱՅԵԼ. Լա՛վ, լա՛վ, հերիք է, գլուխս մի ցավացնիր:
ՄԱՏԹԵՈՍ. Ուրեմն վաղը անձնագիր վերցնե՞մ:
ՄԻՔԱՅԵԼ. (Զայրացած): Վերցրո՛ւ, վերցրո՛ւ, ինչ ուզում ես՝ արա, միայն թե ազատիր օձիքս: (Մեկուսի): Վա՜յ, չի թողնելու, որայդ զահրումարը վերջացնեմ: (ՈՒզում է շարունակել իր զբաղմունքը):
ՏԵՍԻԼ 3
ՆՈՒՅՆՔ և ՀՄԱՅԻԼ
ՀՄԱՅԻԼ. (Գալիս է աջ կողմի դռներով: Թուխ-թուխ դեմքով օրիորդ է, բավականին գեր: Հագած է ժամանակի տարազով՝չափազանց նեղ և բավական կարճ ջրջազգեստ, այնքան նեղ, որ դժվարությամբ է քայլում): Պապա՛, ինձ ձեռաց երկու հարյուր ռուբլի տուր:
ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը բարկացած ձգելով սեղանի վրա): Հիմա էլ դո՞ւ: Անիծվի՜ք դուք, անիծվի՜ք:
ՀՄԱՅԻԼ. Պապա՛, մեծ փող չէ, երկու հարյուր ռուբլի: (Կանգնում է հայելու առջև):
ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ ես անում այդքան փողը:
ՀՄԱՅԻԼ. (Նայելով հրճվանքով ինքն իրեն հայելու մեջ): Դերձակուհուս պիտի տամ նոր հագուստիս համար:
ՄԻՔԱՅԵԼ. (Նայելով Հմայիլին ոտքից մինչև գլուխ): Ա՞յդ է նոր հագուստդ:
ՀՄԱՅԻԼ. Այս է, պապա, հավանո՞ւմ ես:
ՄԻՔԱՅԵԼ. (Փռթկալով ծիծաղում է):
ՀՄԱՅԻԼ. Ամենավերջին մոդան է: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի հագել: Ես առաջինն եմ: Հիանալի է կարել մադամ Դյուշարը, հիանալի, իսկ և իսկ իմ ճաշակով: (Պտտում է հայելու առջև):
ՄԻՔԱՅԵԼ. (Ծիծաղելով): Վա՜յ, մեռա ծիծաղից, աստված վկա, մեռա: Աղչի, դա հագուստ չի, մասխարա է:
ՀՄԱՅԻԼ. (Վշտանալով): Պապա՜:
ՄԻՔԱՅԵԼ. Թող եղբայրդ ասե: Կասես տոպրակի մեչ գցած խոզաճուտ ես:
ՀՄԱՅԻԼ. (Վիրավորվելով): Պապա, դու ինձ վիրավորում ես:
ՄԻՔԱՅԵԼ. Ես ի՞նչ մեղավոր եմ: Մտիկ արա, Մատվե՛յ, ոտները պիտի-պիտի է անում մկան պես:
ՀՄԱՅԻԼ. (Մատթեոսին): Ինչո՞ւ չես պաշտպանում ինձ:
ՄԱՏԹԵՈՍ. Պապա՛, Պարիզի վերջի մոդան է այդ:
ՄԻՔԱՅԵԼ. Ես այդ մոդայի համար երկու հարյուր ռուբլի չէ, երկու կոպեկ էլ չեմ տա:
ՀՄԱՅԻԼ. Չե՞ս տա:
ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ:
ՀՄԱՅԻԼ. Ո՞չ:
ՄԻՔԱՅԵԼ. Ասել եմ ո՛չ ու ո՛չ:
ՀՄԱՅԻԼ. Պապա՛, խնդրում եմ ինձ չխայտառակես, դերձակուհին այնտեղ սպասում է:
ՄԻՔԱՅԵԼ. Որ մինչև Քրիստոսի երկրորդ գալն էլ սպասես, կոպեկ չեմ տալու:
ՀՄԱՅԻԼ. (Իբր թե ուշաթափվում է): Ա՜յ, վա՜յ: Սիրտս, կոկորդս: Ջո՜ւր: (Նստում է բազկաթոռներից մեկի վրա):
ՄԱՏԹԵՈՍ. (Մոտենում է Հմայիլին): Ին՞չ պատահեց, Ամալյա:
ՀՄԱՅԻԼ. (Մեկուսի Մատթեոսին): Պաշտպանիր ինձ: (Բարձր) Խայտառակվեցի, խեղդվեցի, մեռա, ջո՜ւր, քացախ, վալերիան:
ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Հմայիլին): Թուլացիր, թուլացիր, (Բարձր): Լա՛վ, հանգստացիր, Ամալյա, պապան փողը կտա:
ՀՄԱՅԻԼ. Ո՛չ, ո՛չ չեմ հանգստանա, քացա՜խ, ջո՜ւր, վալերիա՜ն: Ջո՜ւր, ջո՜ւր:
ՄԻՔԱՅԵԼ. Լավ, առաջ ուշքի եկ, հետո ջուր կտանք:
ՀՄԱՅԻԼ. Չէ, չէ, առաջ ջուր տվեք, հետո: Սիրտս դուրս է թռչում: Ա՜յ, վա՜յ, վալերիան, քացախ, սպիրտ, օդկոլոն:
ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Տեսնո՞ւմ եք այդ ղարաչուն: Ճար չկա, պիտի տալ: (Գրասեղանի արկղիկր բաց է անում):
ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Հմայիլին): Շարունակիր, շարունակիր:
ՀՄԱՅԻԼ. Ահ, վահ, ո՜ւշքս, խե՜լքս, սի՜րտս, կո՜ւրծքս, ոտնե՜րս, ձեռնե՜րս: Վալերիան, թող անե, թող անե, վնաս չունի: Նա ուզում է իր փողերն ազգին տալ, մեզ քաղցած թողնել: Ես ամենքին կասեմ, իմ բոլոր ընկերուհիներին: Նրանք էլ կասեն իրենց հայրերին:Լա՛վ, շատ լա՛վ, թող գրի իր ճառը, իսկ մեզ խեղդե, սպանե, ա՜յ վա՜յ, ջո՜ւր, քացա՜խ, վալերիա՜ն:
ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, հերիք է, ա՛յ քո վալերիանն էլ ու քացախն էլ: (Երկու հատ հարյուրանոց է շպրտում Հմայիլի գիրկը):
ՄԱՏԹԵՈՍ. (Վերցնում է թղթադրամները ու մոտեցնում է Հմայիլի բերնին): Ահա ջուր, խմիր:
ՀՄԱՅԻԼ. (Հառաչելով): Ա՜հ, վերջապես, ուշքս տեղը եկավ:
(Թղթադրամները թաքցնում է կրծքի վրա):
ՄԻՔԱՅԵԼ. Հո քերթեցի՞ք, հո կաշիս պլոկեցի՞ք, դե թողեք, որ շունչ առնեմ: Կորե՛ք, կորե՛ք, անիծվածնե՛ր: (Նստում է գործը շարունակելու):
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ, ՆԱԶԱՆԻ և ՄԱՐԻԱՄ
ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով: Չիքիլան վերցրել է, գլխարկ է դրել, որովհետև մազերը կանոնավոր չի սանրել, ուստի գլխարկը տգեղ է նստում գլխին): Ա՛յ, տես, Միխայել Պավլովիչ, տասնուհինգ տարով երիտասարդացել եմ:
ՄԱՐԻԱՄ. (Գալիս է Նազանու հետևից: Հակառակ Հմայիլի, պարզ գույնի մազերով, երեսի ճերմակ մաշկով աղջիկ է, բավական սիրուն: Հագնված է տակավին ոչ վերջին մոդայով, թեև շատ հարուստ): Մամա՛, գլխարկը լավ չես դրել: Մամա՛, կաց, թողուղղեմ: (Մոտենում է Նազանուն և աշխատում անկանոն թափված մազերն ու ժապավենները ուղղել):
ՄԻՔԱՅԵԼ. (Սրտմտությամբ և ծաղրով): Հա՜ա հա՛, հենց այդ է, չափած կտրած մամզել ես Սարաթովից կամ Սամարայից: Աչքսլո՜ւյս:
ՆԱԶԱՆԻ. (Վշտացած): Լավ, լեզուդ քեզ պահիր երեխաների մոտ:
ՄԱՏԹԵՈՍ. Մամա՛, կարծեմ թասակրավն ավելի էր սազում քեզ:
ՀՄԱՅԻԼ. Սխալվում ես, գլխարկը մամային ավելի է սազում, միայն այդ կանաչ կարմիր ժապավեններն ավելորդ են: Մերի՛, թող,այդպես չի կարելի: Մամա՛, գնանք բուդուար: Հարկավոր է մազերդ նորից սանրել:
ՆԱԶԱՆԻ. Հա, Ամալյա՛, գնանք, օգնիր ինձ: (Գնում է աջ կողմի դռներով):
ՀՄԱՅԻԼ. (Մեկուսի՝ Մարիամին): Ես իմ հագուստի փողն ստացա, կարող ես, դու էլ քո հոգսը տես: (Գնում է աջ կողմի դռներով):
ՏԵՍԻԼ 5
ՄԻՔԱՅԵԼ, ՄԱՏԹԵՈՍ և ՄԱՐԻԱՄ
ՄԻՔԱՅԵԼ. (Մարիամին): Հը՛, կարելի է քեզ էլ է մի բան հարկավոր:
ՄԱՐԻԱՄ. Պապա, Մյուլմանը իմ պատվիրած նոր ջութակն ստացել է:
ՄԻՔԱՅԵԼ. Ես ի՞նչ անեմ, որ ստացել է:
ՄԱՐԻԱՄ. Պետք է փողը վճարել ու ջութակը վերցնել:
ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչքան պետք է վճարել:
ՄԱՐԻԱՄ. Երեք հարյուր ռուբլի:
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՜: Երեք հարյուր մանեթ մի քյամանչու համա՞ր:
ՄԱՏԹԵՈՍ. (Ծիծաղում է): Քյամանչա՜:
ՄԱՐԻԱՄ. Պապա՛, ի՞նչ ես ասում, ջութակը քյամանչա չէ:
ՄԻՔԱՅԵԼ. Միևնույն է, քյամանչան ծնկան վրա են ածում, ջութակը ուսի վրա, էությունը միևնույնն է: Ես մի կտոր փայտի համար երեք հարյուր մանեթ տալ չեմ կարող:
ՄԱՐԻԱՄ. Պապա՛, տուր, ամոթ է, ուսուցիչս կծաղրե մեզ:
ՄԻՔԱՅԵԼ. Գնա, քո ուսուցչի էլ հերն անիծեմ: Երկու տարի է գալիս է, ծը՛վ հա՛ ծը՛վ, ճը՛վ հա՛ ճը՛վ, ոչինչ չի դուրս գալիս: Գնացեք երկուսդ էլ՝ քույր ու եղբայր: Սուրբն իմն է, զորությունը ես գիտեմ: Ոչ քեզնից քյամանչա ածող կլինի, ոչ էլ դրանից օպերա երգող: Հեռացեք, թողեք գործս վերջացնեմ:
ՄԱՐԻԱՄ. (Նստում է գրասեղանի քով): Ես չեմ կարող հեռանալ, մինչև որ երեք հարյուր ռուբլի չստանամ:
ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Լա՛ց եղիր, լաց եղիր, կամ եթե կարող ես, ուշաթափվի՛ր:
ՄԱՐԻԱՄ. Պապա, սպասում եմ:
ՄԻՔԱՅԵԼ. (Ձևանալով, թե չի լսում Մարիամին, գրում է): «Ժողովուրդ, մի բան էլ ասեմ, լսիր, ինչպես մարդն աշխատանքով է մարդ դառնում, այնպես էլ ազգն աշխատանքով կարող է ազգ դառնալ: Աշխատենք հաա՜, աշխատենք»: (Մեկուսի): Կարծեմ այս մեկը լծկան եզից էլ լավ է: Շարունակենք: (Մտածում է):
ՄԱՐԻԱՄ. Պապա՛, երեք հարյուր ռուբլին:
ՄԻՔԱՅԵԼ. (Մի բան գրել է, ջնջում է): Չէ՛, այս մեկը ջնջենք: Այնքան բազմության մեջ թյունի-մյունի բաներ խոսել չի կարելի:
ՄԱՐԻԱՄ. Պապա՛, ես սպասում եմ:
ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Ծվծվա՛, ծվծվա:
ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակելով չլսող ձևանալ): Հը, այսպես լավ է:
ՄԱՐԻԱՄ. (Կեղծ լալիս է): Աա՜, աա՜, աա՜,
ՄԻՔԱՅԵԼ. (Ականջները փակում է):
ՄԱՏԹԵՈՍ. (Մեկուսի՝ Մարիամին): Բա՛րձր, բա՛րձր:
ՄԱՐԻԱՄ. (Ավելի բարձր): Աա՜, աա՜, աա՜:
ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը ձգում է սեղանի վրա, ձեռները ծալում կրծքի վրա ու նայում Մարիամին):
ՄԱՐԻԱՄ. (Շարունակում է լալ):
ՄԻՔԱՅԵԼ. Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք այդ մուզիկը: Դե գնա ու այս դրության մեջ ազգին ծառայիր: Հնար չկա, հնար չկա: Դե լավ, հերիքէ, քի՛չ ծվծվա: Ըհը, այս էլ քեզ: (Դուրս է բերում սեղանի արկղիկից երեք հարյուր ռուբլի և տալիս է Մարիամին): Վերցրո՛ւ, էլ փող չմնաց, վերջացավ:
ՍԱՐԻԱՄ. (Թաշկինակով չեղած արցունքը սրբելով, դրամը վերցնում է ու թաքցնում):
ՏԵՍԻԼ 6
ՆՈՒՅՆՔ, ՆԱԶԱՆԻ և ՀՄԱՅԻԼ, որ գալիս են աջ կողմի դռներով
ՆԱԶԱՆԻ. Ա՛յ, հիմա տեսեք: Կարծեմ, էլ պակասություն չկա:
ՄԱՐԻԱՄ. Այո՛, մամա, հիմա ամեն բան կարգին է: (Փողը ցույց է տալիս Հմայիլին պարծանքով):
ՆԱԶԱՆԻ. (Կանգնելով հայելու առջև): Հը, ի՞նչպես ես հավանում քո Նազաննա Բողդանովնային, Միխայիլ Պավլովիչ:
ՄԻՔԱՅԵԼ. (Ձեռը շարժում է հուսահատորեն):
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ և ԳԵՎՈՐԳ
ԳԵՎՈՐԳ. (Գալիս է խորքի դռներով: Թեթևսոլիկ հագնված պատանի է՝ մազերը սանրած անգլիական ձևով): Ամենքդ այստե՞ղեք, այդ լավ է: Լսեցեք, կիրակի օրը ես թռչում եմ:
ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Հիմա էլ դա:
ՀՄԱՅԻԼ, ՄԱՐԻԱՄ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Թռչո՞ւմ ես:
ԳԵՎՈՐԳ. Թռչում եմ:
ՆԱԶԱՆԻ. Այդ ո՞րտեղից ես թռչում:
ԳԵՎՈՐԳ. Երկինք:
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, այդ ե՞րբ ծիծեռնակ դարձար:
ՄԱՏԹԵՈՍ. Ինչո՞վ ես թռչում:
ԳԵՎՈՐԳ. Աերոպլանով:
ՄԱՐԻԱՄ. Օհո՜, այդ լավ է:
ԳԵՎՈՐԳ. Մոսկվայից եկել է մի թռչող: Նա կիրակի օրը պիտի թռչի: Հայտարարել է, որ կարող է իր հետ մեկին վերցնել: Եսխոսեցի հետը և համաձայնվեց երկու հարյուր ռուբլով ինձ թռցնել:
ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն, կիրակի օրը դու կաշխատես երկու հարյուր ռուբլի՞: Այդ լավ է:
ԳԵՎՈՐԳ. Ոչ, պապա, ընդհակառակը, ես պիտի նրան տամ երկու հարյուր ռուբլի:
ՄԻՔԱՅԵԼ. Օհո, այդ լավ է: Խերով բան ասացիր:
ՄԱՐԻԱՄ. ժորժ, ժորժ, ինձ էլ հետդ վերցրու:
ՄԻՔԱՅԵԼ. Ադա, ճիպուռ, դու ո՞վ ես, որ երկինք թռչես: Ես այսքան տարվա մարդ եմ, մի արշին էլ վեր թռչել չկարողացա, հիմա դու պիտի՞, հե՞, ով գիտի, ուր բարձրանաս: Գնա, կորիր, հըռըլհոփ…
ԳԵՎՈՐԳ. Պապա, մի մեծ բան չէ: Եթե կամենաս, դու էլ կարող ես թռչել:
ՄԻՔԱՅԵԼ. Հաա՜, ո՛նց չէ, կարող եմ: Հանկարծ որ գլուխկոնծի տա՞մ:
ԳԵՎՈՐԳ. Կարող են քեզ կապռտել: Ինձ էլ կապռտելու են:
ՆԱԶԱՆԻ. Որ ինձ խեղդեն էլ, քեզ չեմ թողնի թռչելու:
ԳԵՎՈՐԳ. Մամա, մի վախենար ոչինչ չի պատահի:
ՀՄԱՅԻԼ. Մամա, թող, լավ բան է, պարծանք է մեզ համար:
ՄԱՐԻԱՄ. Իհարկե, պարծանք է թռչող եղբայր ունենալ:
ՄԻՔԱՅԵԼ. Աստված, երկինք, ոչինչ չեմ հասկանում: Քույրն այստեղ ոտները գցել է տոպրակի մեջ այնպես, որ երկրի վրա մանգալ չի կարողանում, եղբայրն ուզում է երկինք թռչել: Խելքս բան չի կտրում:
ԳԵՎՈՐԳ. Ուրեմն, պապա՛, կտա՞ս երկու հարյուր ռուբլի:
ՄԻՔԱՅԵԼ. Չէ, բալեն կծեմ, չէ: Ես երկնքին ոչինչ պարտական չեմ, որ փող ուղարկեմ այնտեղ: Հեռացիր աչքիցս:
ԳԵՎՈՐԳ. Պապա՛, խնդրում եմ:
ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանալով): Ձայնդ կտրիր, ասում եմ: Անեծք քեզ, չար սատանա, հաա՜:
ՏԵՍԻԼ 8
ՆՈՒՅՔ և ԳՐԻԳՈՐ, հետո ՍՈՖԻԿ
ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով: Պարզ հագնված, զվարթ դեմքով, անփույթ ձևերով երիտասարդ է, գեր, առողջ): Ըհը, էլի ընտանեկան սրտաշարժ ժողով: Ի՞նչ եք ուզում այդ մարդուց, աա՜, ի՞նչ եք ուզում: Չե՞ք թողնելու, որ իր գործով զբաղվի:
ՄԻՔԱՅԵԼ. Լսո՞ւմ եք, գիժ է, բայց ձեզանից էլ խելոք է: Ասա՛, որդի, ասա:
ԳՐԻԳՈՐ. Հապա, հեշտ բա՞ն եք համարում ազգին ծառայելը: Մարդը կրրակի օրը նախագահ պիտի լինի: Ամբողջ քաղաքն էսպասում նրա խոսքին:
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո՛, դո՞ւ որտեղից գիտես, որ ես նախագահ պիտի լինեմ:
ԳՐԻԳՈՐ. (Ուշադրություն չդարձնելով Միքայելի հարցին): Գիտե՞ք ինչ ասել է նախագահ, օհո՛, հո՜, պռեդսեդատե՛լ, հանաք բան չիմանաք: (Նոր նկատելով Նազանու գլխարկը): Մայրի՜կ, շլյապա ես դրե՜լ: Բոնժուռ, մադամ Նազանի, կոմա՞ն սա վա: (Նկատելով Հմայիլի հագուստը): Օհո՛, այստեղ մտիկ արեք, քույրս դարձել է փչած տկճոր: Մատ չխփեք, կարող է տրաքել, հե՜,հե՜, հե՜: (Բարձրաձայն ծիծաղում է): Ինչի՞ է նման, տեր աստված: (Պիջակի փեշերը ժողովելով, քայլում է Հմայիլի պես): Տիպլի-տիպիլ, տիպլի-տիպիլ, տիպլի-տիպիլ:
ՀՄԱՅԻԼ. (Վիրավորվելով): Գնա՛, կորիր գիժ:
ՄԱՏԹԵՈՍ. Նա հարբած է:
ԳՐԻԳՈՐ. Ցավում եմ, որ հարբած չեմ, թե չէ մի լավ կշշպռեի ամենքիդ: Դրանց նայեցեք, ի սեր աստծու, առիստոկռատկա: Մայրիկ, ուղիղն ասած քեզնից չէի սպասում այդպիսի սալտո մորտալ: Գլխարկը քեզ այնքան է սազում, որքան օպերան այդ զուռնաչուն: (Ցույց է տալիս Մատթեոսին և դառնում է դեպի նա): Մաթո՛ս, լսել եմ Իտալիա ես գնում: Շնորհավորում եմ: Զգույշ,որ ձայնդ ճանապարհին չմրսե, թե չէ՝ գեղարվեստը մեծ կորուստ կունենա: Երևելի ձայն է: Ինչ ասես կա նրա մեջ,մեցոսոպրանո, բասո-դեսկանտո, կոնտրալտո-լիրիկո, մի խոսքով Հայաստանյաց առաքելական եկեղեցու տիրացու:
ՄԱՏԹԵՈՍ. Այդ քո խելքի բանը չէ:
ԳՐԻԳՈՐ. (Դառնալով Մարիամին): Խորին հարգանքներս և յոթանասուն հազար ծաղկյա փնջեր ու դափնյա պսակներ նշանավոր ջութակահար մադմազել Մարիամ Մելիք-Բուռնությանցին, փը՜ռռ: (Փռթկալով ծիծաղում է):
ԳԵՎՈՐԳ. Դու ամենքին ծաղրում ես:
ԳՐԻԳՈՐ. Օհո՛, Կոկո՞ս, մազերդ այս անգամ անգլիացու նման ես սանրել: Ինձ ասացին, որ դու ուղում ես երկինք թռչել: Լավ եսմտածել: Գնա ծտերից մի քիչ խելք բեր քեզ համար:
ՄԻՔԱՅԵԼ. Թըրրխկացրու, թըրրխկացրու ամենքին, տեղն է:
ՆԱԶԱՆԻ. Ամալյա, Մերի, Մատվեյ, ժորժ, ուշ մի՛ դարձրեք Գրիշայի ասածներին: Նրա լեզուն կապ չունի:
ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ: Ամալյա՜: Լմայիլ: Մերի՞: Մարիամ: Մատվե՞յ: Մատթեոս, այն էլ Թեոս. ժո՞րժ, Գևորգ: Գրիշա՞: Գրիգոր, Գյուքի:Այստեղ մտիկ արեք: Անուններն էլ են փոխել: Մասխարաներ:
ՄԻՔԱՅԵԼ. Թըրրխկացրու, որդի, թըրրխկացրու:
ԳՐԻԳՈՐ. Այո, կթըրրխկացնեմ, հայրիկ, քեզ էլ, որովհետև օրինակը դու ես տվել: Դու բուռնոթի ծախողանց Մուքելը չէի՞ր առաջ:
ՄԻՔԱՅԵԼ. Հրամանքս:
ԳՐԻԳՈՐ: Է՜է՜, լա՛վ, Մուքել էիր, Մուքել էլ կմնայիր էլի: Ին՞չ ես դարձել Միխայել Պավլովիչ: Դեռ ազգանունդ էլ ես փոխերՄելիք-Բուռնությանց: Ասա, խնդրեմ, բուռնութին, քթախոտն էլի, քթախոտը, որ պառավներն այսպես քաշում են ու փռշտում, բուռնոթին կարո՞ղ էր Մելիք լինել: Հարցրու ում ուզում ես, կարո՞ղ էր:
ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, համը մի՛ տանիր: Ես ասացի դրանց թըրրխկացրու, ոչ թե ինձ:
ԳՐԻԳՈՐ. Լավ, էլ չեմ թըրրխկացնի, բայց մի բան ասեմ, հայրիկ, չնեղանաս:
ՄԻՔԱՅԵԼ. Հըը, ասա, երևի դու էլ փող ես ուզելու:
ԳՐԻԳՈՐ. Ո՛չ, փող հարկավոր չէ: Երեկ բիլիարդում հիսուն ռուբլի եմ տարել, առժամանակ բավական է ինձ համար: Ես ուզում եմ խնդրել, հայրի՛կ, որ դու կիրակի օրվա ժողովում ճառ չարտասանես:
ՄԻՔԱՅԵԼ. Ինչո՞ւ:
ԳՐԻԳՈՐ. Որովհետև վախենում եմ, որ դու քո ճառով տապալվես ու մեզ էլ խայտառակես:
ՆԱԶԱՆԻ. Ի՜նչ ես ասում, ա տղա:
ՄԱՏԹԵՈՍ. Ինքն էլ չգիտե, ինչ է ասում:
ՄԻՔԱՅԵԼ. Ադա, խե՞ պիտի տապալվեմ ու ձեզ խայտառակեմ, խե՞:
ԳՐԻԳՈՐ. Մի՛ նեղանար, հայրի՛կ, գիտես, որ ես թեև գիժ եմ, բայց քեզ սիրում եմ ու չէի կամենա, որ դու մի անգամ էլ անեկդոտների ու ծաղրի առարկա դառնաս:
ՄԻՔԱՅԵԼ. Մի անգա՞մ էլ, ուրեմն ինձ ծաղրո՞ւմ են:
ԳՐԻԳՈՐ. Այո, հայրիկ, ծաղրում են այն օրից, եբր դու եպիսկոպոսի մոտ մի ինչ-որ ժողովում ճառ ես ասել: Այժմ էլ քո ասածները կլուբում մարդիկ կրկնում են ու ծիծաղում:
ՄԻՔԱՅԵԼ. (Հանկարծ կատաղում է): Դե դո՛ւրս, անպատկառ, դո՛ւրս այստեղից, անամոթ: Ես ճառեր ասել եմ, պիտի ասեմ ու օրես դենը ամեն տեղ էլ ասելու եմ:
ՆԱԶԱՆԻ. Որ ծաղրում են, ինչո՞ւ ես ասում:
ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. Պապա՜:
ՄԻՔԱՅԵԼ. (Ավելի կատաղելով): Ասելու եմ, թեկուզ ամենքդ ձեր վզովը թոկ գցեք ու խեղդվեք:
ԳՐԻԳՈՐ. Դու գիտես, հայրիկ, ես իմ պարտքը կատարեցիք
ՄԻՔԱՅԵԼ. Գնացե՛ք, կորեք այստեղից ամենքդ: Ինձ են ուզում խելք սովորեցնել: Ես ձեզ նմաններին հարյուր անգամ ծարավ աղբյուրը կտանեմ ու հարյուր անգամ էլ ծարավ ետ կբերեմ: (Բարկացած գնում է աջ կողմի դռներով):
ԳՐԻԳՈՐ. Մանավանդ այս ոչխարին: (Ցույց է տալիս Մատթեոսին):
ՄԱՏԹԵՈՍ. Լի՜րբ:
ՏԵՍԻԼ 9
Նույնք առանց Միքայելի
ԳՐԻԳՈՐ. նա նեղացավ ինձանից, հիմա դուք լսեցեք ինձ: Մեր ժառանգությանը մեծ վտանգ է սպառնում:
ՆԱԶԱՆԻ. Ի՞նչպես, ի՞նչպես:
ՀՄԱՅԻԼ. Ի՞նչ վտանգ է սպառնում:
ԳՐԻԳՈՐ. Ազգասերները հայրիկին շոյելով ու շողոքորթելով խառնել են ազգային գործերին: Նրանք աշխատում են նրան խելքից դուրս բերել և համոզել, որ նա իր միլիոնները կտակի ազգին: Լսեցի՞ք:
ԱՄԵՆՔԸ. (Վրդովվում են): Աա՜, ահա թե ինչ:
ԳՐԻԳՈՐ. Այո, կարող է պատահել, որ մենք զրկվենք ժառանգությունից: Եթե ինձ հարցնեք, ավելի լավ է հայրիկն իր միլիոնները տա ազգին, քան թողնե ինձ նման մի քամի կուլ տվողի կամ այդ զուռնաչուն (ցույց է տալիս Մատթեոսին), կամ այդ պիմպեռլեին (ցույց է տալիս Գևորգին), կամ թեկուզ փքված հնդկահավին (ցույց է տալիս Հմայիլին), կամ այդ երևելի ջութակահարին (ցույց էտալիս Մարիամին), որ ականջներս խլացրել է իր ծվծվոցով:
ԱՄԵՆՔԸ. (Վրդովման նշաններ են անում):
ԳՐԻԳՈՐ. (Շարունակում է): Ինչո՞ւ: Որովհետև միլիոններ ժառանգելու համար էլ խելք է հարկավոր: Այնինչ, եթե մեր ողջի խելքերը հավաքես միասին հազիվ կարողանան մի հավաբուն կառավարել: Այո, եթե ինձ հարցնես, իսկի դեմ չեմ լինի, որ հայրիկի միլիոնները գլորվեն հայ ազգի կոկորդը: Բայց ես հոգում եմ ձեր մասին, և ահա ասում եմ. մի գեղեցիկ օր դուք կարող եք մնալ չոր տափի վրա: Եթե կարող եք ձեր գլխի ճարը գտեք:
ՆԱԶԱՆԻ. Ի՞նչ պիտի անենք, ասա՛:
ՀՄԱՅԻԼ. Այո, ի՞նչ պիտի անել:
ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ պիտի անել, նախ և առաջ հարկավոր է խանգարել հայրիկին կիրակի օրը այդ ժողովին նախագահելու, մանավանդ ճառ ասելու: Որովհետև հենց որ նա ճառն ասե, իմացեք, որ ձեր միլիոնները կորած են:
ԳԵՎՈՐԳ. Մի՞թե:
ԳՐԻԳՈՐ. Այո, այո:
ՄԱՐԻԱՄ. Կարծեմ, դու գործը փքում ես: Ճառ է, էլի, ի՞նչ կա, թող ասե:
ՄԱՏԹԵՈՍ. Ես էլ կարծում եմ:
ԳՐԻԳՈՐ. Ոչ, մի՛ ասեք. Դուք չգիտեք այդ ճառը ձեր գլխին ինչ փորձանքներ կարող է բերել, չգիտեք: Այդ միևնույն է, ինչ որ ես օրինակի համար, ի՞նչ ասեմ. Այո միևնույն է, որ ես վզովս մի սապոնած թոկ գցեմ, բարձրանամ այդ աթոռի վրա, հետո թոկի մի ծայրը կապեմ այ այն կեռին, որ տեսնում եք առաստաղի վրա և հետո ոտքովս թըրըխկ, աթոռը դեն գցեմ: Չէ՞ որ ես կարող եմ քաշ ընկնել ու խեղդվել:
ՀՄԱՅԻԼ. Այո, իհարկե:
ԳԵՎՈՐԳ. Ճշմարիտ է, կարող ես խեղդվել:
ՄԱՏԹԵՈՍ. Եվ լեզուդ էլ կարող է այսչափ դուրս ընկնել, ա՛յ:
ՄԱՐԻԱՄ. Իհարկե, իհարկե:
ԳՐԻԳՈՐ. Դե, որ այդպես է, իմացեք, որ հայրիկի ճառը ձեր ժառանգության համար միևնույնն է, ինչպես սապնած թոկն ինձ համար: Ուրեմն, նախ և առաջ պետք է ոչնչացնել այդ ճառը: Թե ինչպե՞ս, մտածենք այդ մասին: Մայրիկ, առաջին խոսքը քեզ է պատկանում այս ընտանեկան խորհրդում: Բարեհաճիր արտահայտել քո հեղինակավոր կարծիքը:
ՆԱԶԱՆԻ. Ես ոչինչ չեմ կարող ասել: Հայրդ այնպիսի մարդ է, որ եթե ամբողջ աշխարհն էլ ոտքի կանգնե, իր ասածն անելու է:
ՄԱՏԹԵՈՍ. Այդ ճիշտ է:
ԳՐԻԳՈՐ. Ուրեմն դու կարծիք չունիս: Շատ լավ: (Մատթեոսին): Խոսքը քեզ է պատկանում, անդրանիկ ժառանգ Մելիք-Բուռնությանց իշխանական գերդաստանի:
ՄԱՏԹԵՈՍ. Ես էլ ոչինչ հնարել չեմ կարող:
ԳՐԻԳՈՐ. Հասկանալի է: Գուցե դո՛ւ մեզ օգնես, օրիո՛րդ Հմայիլ, ներողություն, Ամալյա:
ՀՄԱՅԻԼ. Ես մտածում եմ:
ԳՐԻԳՈՐ. Երևի դու էլ ես մտածում, օրիորդ Մարիամ, ներողություն, մադմուազել Մերի:
ՄԱՐԻԱՄ. Այո, մտածում եմ:
ԳՐԻԳՈՐ. Փառք աստծու: Մնացիր դու, Կոկոս աղբեր:
ԳԵՎՈՐԳ. Ես էլ եմ մտածում:
ԳՐԻԳՈՐ. Լավ, մտածենք: Տեսնենք ինչ դուրս կգա մեր կատարներից:
(Կարճատև լռություն):
ԳԵՎՈՐԳ. Ես գտա հնարը:
ՄԱՐԻԱՄ ԵՎ ՀՄԱՅԻԼ. Ի՞նչ է, ի՞նչ է:
ԳՐԻԳՈՐ. Հապա՞, հապա՞:
ԳԵՎՈՐԳ. Ես կգողանամ պապայի գրած ճառը և նա կմնա առանց ճառի:
ՆԱԶԱՆԻ. Կգողանաս, նորը կգրի:
ՀՄԱՅԻԼ. Իհարկե:
ՄԱՄՐԻԱՄ. Իհարկե:
ՄԱՏԹԵՈՍ. Հիմա՜ր:
ԳՐԻԳՈՐ. Ես գտա հնարը:
ԱՄԵՆՔԸ. Ի՞նչ է, ի՞նչ է:
ԳՐԻԳՈՐ. Եկեք կիրակի օրը ամենքս հիվանդանանք:
ՆԱԶԱՆԻ. Ամե՞նքս:
ԳՐԻԳՈՐ. Ամենքս:
ՄԱՏԹԵՈՍ. Հետո՞:
ԳՐԻԳՈՐ. Հետո, էլ ի՞նչ հետո: Մի մարդ, որի ամբողջ ընտանիքը հիվանդ է, կարո՞ղ է տնից դուրս գալ, մանավանդ գնալ ժողով, նախագահություն անել ու ճառ ասել:
ԳԵՎՈՐԳ. Իհարկե, չի կարող:
ՄԱՐԻԱՄ. Չի՛ կարող, չի՛ կարող:
ԳՐԻԳՈՐ. Ուրեմն՝ վճռվա՞ծ է, հիվանդանո՛ւմ ենք:
ԱՄԵՆՔԸ. Հիվանդանում ենք, հիվանդանում ենք:
ՀՄԱՅԻԼ. Բայց ինչո՞վ հիվանդանանք:
ԳՐԻԳՈՐ. Զանազան ցավերով: Օրինակի համար, ես վերցնում եմ փորացավը:
ՆԱԶԱՆԻ. Ես գլխացավը:
ՀՄԱՅԻԼ. Մամա, գլխացավն ինձ տուր, ես ուրիշ բանով չեմ ուզում հիվանդանալ:
ՆԱԶԱՆԻ. Լավ, քեզ լինի, երեխայությունիցդ ես սովոր պատառս ձեռիցս խլել: Ես կվերցնեմ մեջքացավը:
ՄԱՐԻԱՄ. Ես էլ ատամնացավը:
ԳԵՎՈՐԳ. Ես էլ վերցրի ոտնացավը:
ՄԱՏԹԵՈՍ. Ինձ ոչինչ չմնաց: (Գրիգորին): Փորացավդ ինձ տուր:
ԳՐԻԳՈՐ. Վերցրու, անուշ լինի: Իսկ ևս կվերցնեմ ձեր բոլորի ցավերը: Ուրեմն վճռվա՛ծ է:
ՆԱԶԱՆԻ. Ի՜նչ արած, եթե ուրիշ հնար չկա:
ՀՄԱՅԻԼ. Այնպես տնքտնքամ որ:
ՄԱՐԻԱՄ. Այնպես ծվծվամ որ:
ԳԵՎՈՐԳ. Այնպես կաղեմ որ…
ԳՐԻԳՈՐ. Բայց իմացեք, որ եթե ծիծաղեք, ամեն բան կփչացնեք:
ՀՄԱՅԻԼ. Իհարկե, չպիտի ծիծաղել:
ՍՈՖԻԿ. (Գալիս է աջ կողմի դռներով): Նախաճաշը պատրաստ է:
ՆԱԶԱՆԻ. Գնանք: (Գնում է աջ կողմի դռներով):
ԱՄԵՆՔԸ. (Գնում են աջ կողմի դռներով):
Վարագույր
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
Ընդարձակ սալոն, շքեղ կահավորված: Թախտեր չկան: Դռներ ձախ պատի մեջ ավանսցենի կողմ, որ տանում են Միքայելի առանձնասենյակը: Դռներ նույն պատի մեջ խորքում, որ տանում են դեպի նախասենյակ: Դռներ խորքի պատի կենտրոնում, որ տանում են սեղանատուն: Դռներ աջ պատի մեջ ավանսցենի կողմ, որ տանում են բնակարանի մյուս սենյակները: Սույն պատի առջև՝ խորքում ռոյալ, վրան զանազան թանկարժեք իրեր և ծաղիկների մի մեծ փունջ: Կենտրոնում մի գեղեցիկ սեղան, քովը ոսկեգօծ բագկաթոռներ: Աջ պատի վրա տելեֆոնի ապարատ: Պատերի տակ ոսկեգօծ աթոոներ: Պատերի վրա ոսկեղօծ շրջանակների մեջ նկարներ: Վառարան չկա: Պատերից մեկի առջև դրված է շոգեանցքը:
Դռները վարագուրված են մետաքսյա դեղնագույն վարագույրներով, հատակը ծածկված է թանկարժեք գորգերով: Առաստաղից քաշ է արած մի ահագին բագմաճյուղ էլեկտրական լյուստրա:
ՏԵՍԻԼ 1
ՍՈՖԻԿ ե ԱՅՎԱԶ
ՍՐՖԻԿ. (Վարագույրը բարձրանալիս գալիս է աջ կողմի դռներով, ձեռքին գույնգգույն փետուրներից շինված մի սրբիչ և սկսում է բազկաթոռների փոշին վանել: Մաքուր հագնված երիտասարդ աղջիկ է՝ սպիտակ գոգնոցով: Բարկացած է, ուստի սրբիչը զարկում է բազկաթոռներին կատաղի):
ԱՅՎԱԶ. (Գալիս է Սոֆիկից մի քանի վայրկյան հետո, ձախ կողմի դռներով: Մաքուր հագնված երիտասարդ է՝ սափրված երեսով, կարճ խուզած մազերով: Մի քանի վայրկյան լուռ նայում է Սոֆիկին): Զարկի՛ր, զարկի՛ր, մեկ էլ, մեկ էլ: Հըը, էլի ի՞նչ է պատահել, որ կատաղել ես:
ՍՈՖԻԿ. Քո բանը չէ:
ԱՅՎԱԶ. Ես մեղա՜ աստծու:
ՍՈՖԻԿ. Արի ու այդպիսիներին ծառայիր: Ամենքը միասին են հիվանդացել: Կարծես չէին կարող հերթով հիվանդանալ, օրինավոր կանանց պես, մեկը այսօր, մյուսը վաղը…
ԱՅՎԱԶ. (Փռթկալով ծիծաղում է):
ՍՈՖԻԿ. Ինչո՞ւ ես ծիծաղում:
ԱՅՎԱԶ.Պարոններն էլ են հիվանդացել:
ՍՈՖԻԿ. Ամե՞նքը:
ԱՅՎԱԶ. Երկուսը հիվանդացել են, մյուսներին դեռ չեմ տեսել:
ՍՈՖԻԿ. Այ քեզ բա՜ն: Չլինի՞ թե թունավորվել են:
ԱՅՎԱԶ. Չէէ՜, շատ ուտելուց կլինի: Առավոտից մինչև երեկո խժռում են:
ՏԵՍԻԼ 2
ՆՈՒՅՆՔ և ԳՐԻԳՈՐ
ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով): Հա, լավ է, որ երկուսդ էլ այստեղ եք: Գործ ունեմ: Այվա՛զ, մտիր հայրիկի սենյակը, տես ինչ է անում:
ԱՅՎԱԶ. Կարող չեմ:
ԳՐԻԳՈՐ. Ինչո՞ւ:
ԱՅՎԱԶ. Կարող չեմ, հրամայված չէ:
ԳՐԻԳՈՐ. Գնա, ասում եմ: Ես պատասխանատու եմ:
ԱՅՎԱԶ. (Ակամա գնում է ձախ կողմի առաջին դռներով վախվխելով):
ԳՐԻԳՈՐ. Սոֆի՛կ, լսիր ինչ եմ ասում: Այստեղ կսպասես մի անկյունում, հենց որ հայրիկն իր սենյակից դուրս եկավ և տեսար,որ ուզում է գնալ, իսկույն կվազես մայրիկի ու օրիորդների մոտ և կպոռաս «ժամանակ է»: Լսո՞ւմ ես. «ժամանակ է», ուրիշ ոչինչ:
ՍՈՖԻԿ. Լավ:
ՄԻՔԱՅԵԼ. (Բեմի ետևից բարձր): Լիրբ, քեզ ո՞վ ասաց, որ ներս մտնես:
ԱՅՎԱԶ. (Բեմի ետևից): Գրիշ աղան հրամայեց:
ՄԻՔԱՅԵԼ. (Բեմի ետևից, ավելի բարձր): Գնա՛, կորիր:
ԳՐԻԳՈՐ. (Ծիծաղում է):
ԱՅՎԱԶ. (Վերադառնում է ձախ կողմի առաջին դռներով: Վշտացած): Լսեցի՞ք: Ես ասում էի: Ինձ լիրբ անվանեց ու քիչ էր մնում թանաքամանը գլխովս տար:
ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ էր անում, երբ դու ներս մտար:
ԱՅՎԱԶ. Թատրոն էր խաղում:
ԳՐԻԳՈՐ. Ի՞նչ:
ԱՅՎԱԶ. Հրամանքդ, թատրոն էր խաղում:
ՍՈՖԻԿ. (Ծիծաղում է):
ԱՅՎԱԶ. Ա՛յ, այսպես, մի ձեռում մի մեծ թուղթ բռնած, կարդում էր, մյուս ձեռով տալիս էր սեղանին, կրծքին ու ճակատին: Մի խոսքով՝ ոնց որ դերասան:
ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Չլինի՝ թե հայրիկս… (Ձեռով ցույց է տալիս ճակատը, բարձր): Լսի՛ր, Այվա՛զ, ես գնում եմ սենյակը: Ես հիվանդ եմ…
ԱՅՎԱԶ. (Ընդհատելով, զարմացած): Ըմբո՞: Դո՞ւք էլ:
ԳՐԻԳՈՐ. Այո՛, հիվանդ եմ: Հենց որ հայրիկը դուրս կգա իր սենյակից, իսկույն կվազես Մատվեյի ու Ժորժի մոտ ու կասես. «ժամանակ է»: Լսո՞ւմ ես:
ԱՅՎԱԶ.Լսեցի:
ԳՐԻԳՈՐ. (Սոֆիկին): Դու էլ չմոռանաս: (Գնում է խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 3
ՆՈՒՅՆՔ, առանց ԳՐԻԳՈՐԻ
ՍՈՖԻԿ. (Դադարել է աշխատելուց): Խելքս բան չի կտրում:
ԱՅՎԱԶ. Համբերիր, ինչպես տեսնում եմ, «այստեղ մի և կա: Գրիշ աղան շատ օյինբազ է:
ՍՈՖԻԿ. Սուս, մեծ աղան գալիս է. Տես ինչ է ասում: (Թաքնվում է խորքի դռների վարագույրների ետևում):
ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ և ՄԻՔԱՅԵԼ
ՄԻՔԱՅԵԼ. (Գալիս է ձախ կողմի առաջին դռներով: Հագել է սև երկայն սյուրտուկ, փայլուն կոշիկներ: Փողկապը սպիտակ է. ճառը ձեռքում անգիր է անում, երևակայելով իրան ժողովում: Հռետորի շարժումներ անելով, անցնում է մինչև բեմի մյուս ծայրը):
ԱՅՎԱԶ. (Չկարողանալով ծիծաղը զսպել: Բերանը ձեռքով ծածկած, աննկատելի վազում, գնում է խորքի դռներով):
ՍՈՖԻԿ. (Փռթկալով ծիծաղում է և շտապով աննկատելի վազում, գնում է աջ կողմի դռներով):
ՄԻՔԱՅԵԼ. (Մի վայրկյան սթափվելով Սոֆիկի փռթկոցից, նայում է աջ ու ձախ և, ոչ ոքի չտեսնելով, հանգստանում է: Թուղթը ծալում է ու ծոցը դնում): Պատրաստ է, ջրի պես անգիր գիտեմ: (Մոտենամ է տելեֆոնի ապարատին և փողը վերցնում): Չի տիրի, սորոկ չիտիրի: Բլագադարյու: (Սպասում է): Հը՞ կտո՞-կտո ու տելեֆոնու: Մաշո՞ւկ: Կակո՞յ Մաշուկ: Նինադա: Դավայ ադբոյ (Սպասում է): Չիտիրի, սորոկ չիտիրի: (Սպասում է): Կտո՞, կրտո՞: Հաջի, սան սա՞ն Ալլահ սախլասուն: Միխայիլ Պավլովիչ. Բեա՞լք: Ալլահ շյուքյուր: Յոո՜խ: Սաղօլ: (Տելեֆոնը անջատում է: Սպասում է): Յա տեբե գավարյու չիտիրի, սորոկ չիտիրի: (Բարձր): Չիտիրի սորոկ չիտիրի: Գլուխոյ՞, շտո՞լի: Տի սամա գրուբյան: (Մեկուսի): Շան աղջիկ (Սպասում է): Հա, դու ե՞ս, պարոն Մուշկամբարյանց, Հրամանքս, պատրաստ եմ: Միխայել Պավլովիչ Մելիք-Բուռնությանցն եմ: Պատրաստ եմ: Հըը՞: Դեռ ժամանա՞կը չէ: Լա՜վ: Գալիս ես ինձ մո՞տ, որ միասին գնանք: Շատ լավ, շատ լավ: Եկ, սպասում եմ: Լա՛վ: Լա՛վ: Սպասում եմ: (Տելեֆոնի գործիքն իր տեղը դնելով, մատը սեղմում է պատի վրա գտնվող էլեկտրական զանգակի կոճակին: Լսվում է զանգակի հնչյուն):
ՏԵՍԻԼ 5
ՄԻՔԱՅԵԼ և ԱՅՎԱԶ
ԱՅՎԱԶ. (Շտապով գալիս է խորքի դռներով):
ՄԻՔԱՅԵԼ. Ադա, Այվա՛զ, շոփերին ասա, ափթամաբիլը փողոց տանի:
ԱՅՎԱԶ. (Շտապով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):
ՄԻՔԱՅԵԼ. (նայում է պատին քաշ արած ահագին հայելու մեջ ինքն իրան, կուրծքը դուրս ցցում, բեղերը ոլորում, փողկապն ուղղում և այլն):
ՏԵՍԻԼ 6
ՄԻՔԱՅԵԼ և ԳԵՎՈՐԳ
ԳԵՎՈՐԳ. (Գալիս է խորքի դռներով կաղալով և հենվելով ձեռնափայտի վրա: Մի ոտը կոշիկի մեջ է, մյուսը հողաթափի մեջ և ուռած): Այ, վայ, ցավում է:
ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ է պատահել:
ԳԵՎՈՐԳ. Ռևմատիզմ, ռևմատիզմ, այ, վա՜յ:
ՄԻՔԱՅԵԼ. Ռեխին մտիկ արեք: Այդ հասակում ռևմատիզմ չի լինի:
ԳԵՎՈՐԳ. Չգիտես, այ, վա՜յ: Կարելի է պատագրա է: (Նստում է):
ՄԻՔԱՅԵԼ. Պատագրա էլ չի լինի:
ԳԵՎՈՐԳ. Այ, վա՜յ, ոսկորս է ցավում:
ՄԻՔԱՅԵԼ. Գնա պառկիր, բժիշկ կգա, կտեսնե:
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ և ՆԱԶԱՆԻ
ՆԱԶԱՆԻ. (Գալիս է աջ կողմի դռներով, մեջքը բռնած, տնքտնքալով): Ըը՜ը, ը՜ը, մե՜ջքս, մե՜ջքս…
ՄԻՔԱՅԵԼ. Ըմբո, քե՞զ ինչ է պատահել:
ՆԱԶԱՆԻ. Կոտրվեց, կոտրվեց: Մեռա՜, մեռա՜:
ՄԻՔԱՅԵԼ. (Բարկացած): Մեռա, մեռա: Մեռնում ես, ինչո՞ւ ես ոտքի վեր կացել: Գնա պառկած մեռիր:
ՏԵՍԻԼ 8
ՆՈՒՅՆՔ և ՀՄԱՅԻԼ
ՀՄԱՅԻԼ. (Գալիս է աջ կողմի դռներով: Տնքտնքում է, առանց բառեր արտասանելու): Ըը՜ը, ըը՜ը, ըը՜ը:
ՄԻՔԱՅԵԼ. (Ապշելով): Անե՛ծք քեզ, չար սաթայել, հաա՜:
ՆԱԶԱՆԻ: Անեծք, անեծք մեջքացավին:
ՏԵՍԻԼ 9
ՆՈՒՅՆՔ և ՄԱՏԹԵՈՍ
ՄԱՏԹԵՈՍ. (Գալիս է խորքի դռներով, փորը բռնած): Ո՜ւֆ, ուո՜ւֆ, ուո՜ւֆ:
ՄԻՔԱՅԵԼ. Էհեե՜, պակասը դու էիր:
ՄԱՏԹԵՈՍ. Փո՜րս, փո՜րս:
ՏԵՍԻԼ 10
ՆՈՒՅՆՔ և ՄԱՐԻԱՄ
ՄԱՐԻԱՄ. (Գալիս է աջ կողմի դռներով: Ծնոտը կապել է թաշկինակով):
ՄԻՔԱՅԵԼ. Քո ատամներն էլ են ցավո՞ւմ:
ՄԱՐԻԱՄ. Մի՛ հարցնի, ուժ չունեմ խոսելու: Ըը՜ը, ըը՜ը: (Մոտենում է Հմայիլին. մեկուսի): Քոնը գլխացավ չէ՞ր: Ինչո՞ւ ես վերցրել իմ ցավը:
ՀՄԱՅԻԼ. Վա՜յ, մոռացել եմ:
ՄԱՐԻԱՄ. (Մեկուսի): Դե շուտով ցավդ վերև տար:
ՀՄԱՅԻԼ. (Թաշկինակը ծնոտից վերցնում է ու կապում ճակատին): Գլո՜ւխս, գլո՜ւխս:
ՏԵՍԻԼ 11
ՆՈՒՅՆՔ և ԳՐԻԳՈՐ
ԳՐԻԳՈՐ. (Գալիս է խորքի դռներով): Կոկորդն ու ճակատը թաշկինակներով կապած: Հազում է, կաղում, փռշտում): էեյ, էեյ, դատի բեդատ, դատի բեդատ:
ՄԻՔԱՅԵԼ. (Բարկանում է և Գրիգորին ծաղրում): էեյ, է՜յ դատի բեդատ, դատի բեդատ, զահար ու զահուրմար, չոռ ու կրակ, աստծու պատիժ: Քեզ էլ, դրանց էլ, ամենքիդ էլ: Գնացեք, կորեք, անիծվածներ: Դրանց մտիկ արեք: Ժամանակ են գտել վեց հոգի միասին հիվանդանալու: Կարծես չէին կարող ճաշից հետո հիվանդանալ, կամ էգուց առավոտ:
ՀՄԱՅԻԼ. Գլո՜ւխս, գլո՜ւխս, տրաքեց:
ՄԻՔԱՅԵԼ. Չեմ հավատում քեզ, չեմ հավատում, սուտ ես ասում: Մի քիչ առաջ քո ատամները չէի՞ն ցավում հը՞ը, ասա , ատամներդ չէի՞ն ցավում:
ՀՄԱՅԻԼ. Այո, պապա, բայց հիմա ցավը բարձրանում է վերև:
ՄԻՔԱՅԵԼ. Դե լավ, թող բարձրանա, թող տրաքի գլուխդ, միևնույն է՝ մեջը ապրանք չկա:
ՆԱԶԱՆԻ. Անաստվա՛ծ, անխի՛ղճ, չե՞ս վախենում երկնքից: Օգնելու փոխարեն ծաղրո՞ւմ ես մեզ:
ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի՝ Գեորգին և Մատթեոսին): Շարունակեցեք, շարունակեցեք տնքտնքալ, ինչո՞ւ դադարեցիք: (Բարձր): Է՛ էյ, դատի բեդատ:
ՆԱԶԱՆԻ. Գոնե մի բժիշկ կանչեիր:
ՄԻՔԱՅԵԼ. Բժի՞շկ, հաա՞, բժի՞շկ: Շատ լավ կկանչեմ: (Բարձր): Է՛յ, Սոֆիկ, Այվազ, Այվազ, ո՞վ կա այնտեղ: (Մատը սեղմում է պատի էլեկտրական զանգակի կոճակին):
ԴՐՍԻՑ. (Լսվում է զանգակի ձայն):
ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի՝ Նազանուն): Մամա, բժիշկ հարկավոր չէ: (Մյուսներին): Ասացեք, որ բժիշկ հարկավոր չէ:
ՏԵՍԻԼ 12
ՆՈՒՅՆՔ և ԱՅՎԱԶ
ԱՅՎԱԶ. (Շտապով եկել է ձախ կողմի երկրորդ դռներով և զարմացած նայում է հերթով յուրաքանչյուրին):
ՄԻՔԱՅԵԼ. Ադա, Այվազ, իսկույն ափթամաբիլ նստիր ու գնա մի բժիշկ բեր: Ով որ լինի՝ բեր: Երկու բժիշկ բեր, երեքը, չորսը, հինգը: Քաղաքի բոլոր բժիշկներին հավաքիր բեր: Մի երկու անասնաբույժներ էլ բեր: Շո՛ւտ, շո՛ւտ, գնա:
ՆԱԶԱՆԻ. Ես բժիշկ չեմ ուզում:
ՀՄԱՅԻԼ. Ի՛նձ էլ հարկավոր չէ բժիշկ:
ՄԱՐԻԱՄ. Ի՛նձ էլ:
ԳԵՎՈՐԳ. Ի՛նձ էլ:
ՄԱՏԹԵՈՍ. Ի՛նձ էլ:
ԳՐԻԳՈՐ. Ի՛նձ էլ:
ՄԻՔԱՅԵԼ. Հաա՞, հարկավոր չէ: Դե լավ, տանջվեցեք: (Այվազին): Ադա՛, հեռացի՛ր, հարկավոր չէ՛: Թող տանջվեն:
ԱՅՎԱԶ. (Գլուխը տարակուսանքով շարժելով գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):
ՏԵՍԻԼ 13
ՆՈՒՅՆՔ, ԱՌԱՆՑ ԱՅՎԱԶԻ
ՆԱԶԱՆԻ. Կտանջվենք, իհարկե, քեզ համար ի՛նչ: Դու ուրախ կլինես, որ ամենքս կոտորվենք:
ՀՄԱՅԻԼ. Որ մեզանից ոչ ոք կենդանի չմնա:
ՄԱՏԹԵՈՍ. Որպեսզի հարստությունդ կտակես ազգին: Գիտե՛նք, գիտենք ամեն բան:
ԳՐԻԳՈՐ.(Մեկուսի): Այդ տխմարն ամեն բան փչացնելու է:
ՀՄԱՅԻԼ. Գնա՛, է՛լի, գնա ժողով՝ ճառ ասա, փողերդ տուր սրան ու նրան ու մեզ քաղցած թող:
ՆԱԶԱՆԻ. Որ մահիցդ հետո մնանք չոր տափին և դռնեդուռ, ողորմություն հավաքենք:
ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Տ՜եր մեղա՜ քեզ, աստվա՛ծ:
ՄԱՏԹԵՈՍ. Եվ ինչո՞ւ: Բոլորը փառքի համար: Որպեսզի անունդ տպվի լրագրերում և ամենքը փառաբանեն քեզ իբրև բարերարի:
ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Բոլորովին փչացրեց հիմարը, բոլորովի՜ն:
ՄԻՔԱՅԵԼ. (Ուշադիր լսել է ամենքին և խորհել: Ձեռը զարկում է ճակատին և մեկուսի): Աաա՜, հասկացա դրանց միտքը, հասկացա: Ապասեցեք, ես ձեր գլխին մի օյին բերեմ, որ ձեր ցավերը մոռանաք: (Հանկարծ երկու ձեռները սեղմելով կրծքին, բարձր): Ա՛յ, ա՛յ, ա՛յ, կո՜ւրծքս, կո՜ւրծքս, կոկո՜րդս: (Նստում է բաղկաթոռներից մեկի վրա, թուլացած): Աչքերս մթնում են: Ջո՜ւր, ջո՜ւր:
ԱՄԵՆՔԸ. (Վախեցած): Ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց:
ՄԻՔԱՅԵԼ. Հարված, հարված: Մեռնում եմ: Ջո՜ւր, տերտե՜ր, նատարիո՜ւս:
ԳԵՎՈՐԳ. (Մոռանալով ոտնացավը՝ վազում է խորքի դռներով և իսկույն գալիս է մի շիշ ջուր և մի բաժակ բերելով):
ԱՄԵՆՔԸ. (Շրջապատում են Միքայելին՝ շփոթված):
ՄԻՔԱՅԵԼ. Հեռո՛ւ կացեք, շունչս կտրվում է, օդ չկա, խեղդվո՜ւմ եմ:
ՄԱՐԻԱՄ. (Ջուրը մատուցանելով): Պապա՛, ջուր: (Թաշկինակը ծնոտի վրայից վերցնելով դեն է ձցում):
ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Ջո՛ւր, պապա՛, ջուր խմիր:
ՄԻՔԱՅԵԼ. (Մի քանի ումպ ջուր խմելով): Ա՜հ, ա՜հ, սի՜րտս: Լավ թողեք, որ մեռնեմ հանգիստ: Բայց ո՛չ, ո՛չ, դեռ կտակս գրել չեմ տվել: Նատարիո՛ւս, տեր տե՛ր, վկաներ: Ո՛չ, ո՛չ հարկավոր չէ: Ես ինքս կգրեմ, կարող եմ գրել: Տվեք ինձ թուղթ, թանաք, գրիչ:
ՄԱՏԹԵՈՍ. (Շտապով գնում է ձախ կողմի առաջին դռներով և իսկույն ետ է գալիս՝ բերելով թուղթ, թանաք և գրիչ):
ՄԻՔԱՅԵԼ. Ի՜նչ արած, աստծու կամքն է: Մի՛ տխրեք, ամենքս մեռնելու ենք: Մահը մերն է, մենք մահինը: Բավական է ինչքան ապրել եմ: Ներեցեք, եթե ձեզ նեղություն եմ տվել: Տե՜ր, մեղա՜ քեզ: Օրհնում եմ ձեզ. հա՛, տուր ինձ այդ գրիչը: Երկու խոսք, երկու խոսք միայն: (Գրիչը վերցնում է):
ՄԱՏԹԵՈՍ. Ուզում ես, պապա՛, դու թելադրի, ես կգրեմ:
ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ, ո՛չ, ես ուզում եմ իմ ձեռքով գրել: Մուշեղ Մուշկամբարյանցը իսկույն կգա: Ես կապրեմ մինչև նրա գալը, կտակս կհանձնեմ նրան ու հոգիս կփչեմ: Այո, կփչեմ տանջված, տառապած հոգիս: (Գրում է): Անուն հոր և որդվո և հոգույն սրբո: Մեռնելով աստծու կամքով, ես՝ Միխայել Պավլովիչ Մելիք-Բուռնությանցս, ամբողջ կարողությունս, փողերս, տներս, ակցիաներս, տոկոսաբեր թղթերս, մի խոսքով ինչ որ ունեմ-չունեմ, կտակում եմ…
ՄԱՏԹԵՈՍ. Ո՞մ, ո՞ւմ, ում ես կտակում:
ԳՐԻԳՈՐ. Սպասի՛ր, հիմար:
ՀՄԱՅԻԼ. Բայց ո՞ւմ է կտակում, ո՞ւմ, նա գրեց:
ՄԻՔԱՅԵԼ. Կտակում եմ Հայոց բարեգործական ընկերությանը…
ԱՄԵՆՔԸ՝ ԲԱՑԻ ԳՐԻԳՈՐԻՑ. (Հիսաթափված և վրդովված): Աա՜ա:
ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակում է): «Կտակում եմ, որ ընկերությունն իմ անունով բաց անե ուսումնարաններ գյուղերում ու քաղաքներում, ամեն տեղ»:
ՆԱԶԱՆԻ. Ի՞նչ ես անում, մա՛րդ:
ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. Պապա՛, պապա՛:
ԳԵՎՈՐԳ. Պապա՛:
ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի ծիծաղելով): Հասկացա՜:
ՄԻՔԱՅԵԼ. (Շարունակում է՝ ուշադրություն չդարձնելով ոչ ոքի վրա): Բայց կտակում եմ, որ այս միևնույն տունը կտակակատարս շինի հիվանդանոց, այսինքն լազարեթ իմ կնոջ ու զավակների համար և այնտեղ պահե մինչև առողջանալը:
ՆԱԶԱՆԻ. (Կատաղած): Ա՛ մարդ, դու գժվե՞լ ես, ի՞նչ ես անում:
ՄԻՔԱՅԵԼ. Որ ովհետև ամենքը հիվանդ են:
ՆԱԶԱՆԻ. Ես հիվանդ չեմ:
ՀՄԱՅԻԼ. Ոչ էլ ես: (Թաշկինակը դեն է ձգում):
ՄԱՏԹԵՈՍ. Ես բոլորովին առողջ եմ:
ՄԱՐԻԱՄ ԵՎ ԳԵՎՈՐԳ. Ես էլ:
ՀՄԱՅԻԼ. Պապա՛, մենք առողջ ենք:
ՄԻՔԱՅԵԼ. Ո՛չ, ո՛չ, դուք հիվանդ եք, շատ վատ եք հիվանդ, պետք է ձեզ բժշկել:
ՀՄԱՅԻԼ. Պապա՛, աստված վկա, առողջ ենք:
ՄԱՐԻԱՄ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ. Իհարկե առողջ ենք:
ՄԻՔԱՅԵԼ. Առո՞ղջ եք:
ԱՄԵՆՔԸ, ԲԱՑԻ ԳՐԻԳՈՐԻՑ. Այո՛, այո՛ առողջ ենք:
ՄԻՔԱՅԵԼ. (Գրիչը վար դնելով): Որ այդպես է՝ ես էլ առողջ եմ: (Վեր է կենում): Ադա՛, օյինբազնե՛ր, իմ գլխի՞ն եք ուզում օյին սարքել: Ինձ Բուռնութանց Մուքել կասեն, ձեզ նման հազարին ծարավ աղբյուրը կտանեմ ու ծարավ էլ ետ կբերեմ: Դե գնացեք, գնացեք և օրես դենը լավ իմացեք, թե ես ո՛վ եմ: Դե՛, հայդա՛, իսկույն մարդ է գալու, գործ ունենք: (Գրած թուղթը պատռոտում է և կտորները գրպանն է խոթում):
ԳՐԻԳՈՐ. (Մեկուսի): Չհաջողվեց: (Դրսից լսվում է էլեկտրական (զանգակի հնչյուն):
ՍՈՖԻԿ. (Շտապով գալիս է խորքի դռներով և գնում է ձախ կողմի երկրորդ դռներով):
ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. (Մի-մի հանդիմանական հայացք ձգելով Գրիգորի վրա՝ գնում են աջ կողմի դռներով):
ՄԱՏԹԵՈՍ ԵՎ ԳԵՎՈՐԳ. (Գնում են խորքի դռներով՝ նույնպես մի-մի հանդիմանական հայացք ձգելով Գրիգորի վրա):
ԳՐԻԳՈՐ. (Աննկատելի թաքնվում է աջ կողմի դռների վարագույրի ետևում):
ՏԵՍԻԼ 14
ՄԻՔԱՅԵԼ, ՄՈՒՇեՂ ՄՈԻՇԿԱՄԲԱՐՅԱՆՑ և ԳՐԻԳՈՐ, վարագույրի ետևում
ՄՈՒՇԵՂ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով: Մոտ 50 — 55 տարեկան տղամարդ է, սափրած երեսով, թանձր բեղերով: Հագած է լայն ու երկայն սյուրտուկ և լայն պանթալոն): Բարև՛ ձեզ, Միխայել Պավլովիչ:
ՍՈՖԻԿ. (Գալիս է ձախ կողմի երկրորդ դռներով և. գնում է խորքի դռներով):
ՄԻՔԱՅԵԼ. Բարո՛վ, պարո՛ն Մուշկամբարյանց: Հը՛, չլինի՞ թե ուշացել եմ:
ՄՈԻՇԵՂ. (Նայելով յուր ժամացույցին): Ո՛չ, դեռ ժամանակ ունենք: Ես դիտմամբ վաղ եկա, որ ձեզ հետ մի քիչ զրույց անեմ:
ՄԻՔԱՅԵԼ. Հրամայեցեք: (Հրավիրելով հյուրին նստել, ինքը ևս նստում է սեղանի քով): Մին ինձ ասեք տեսնեմ, ես ի՞նչ պիտի անեմ այսօր: Ես ձեր կարգ ու կանոնը չգիտեմ:
ՄՈՒՇԵՂ. (ժպտալով): Ինչ պիտի անե՞ք: Դուք անելու եք այն, ինչ որ մինչև այսօր չի կարողացել անել մեզանից ո՛չ ոք:
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Օհո՜, շատ թունդիցն է սկսում: Տեսնենք:
ՄՈՒՇԵՂ. Բանն այն է, մեծարգո Միխայել Պավլովիչ, որ մեր հարուստներն առհասարակ չեն հետաքրքրվում մեր ազգային ու հասարակական կյանքով: Ճշմարիտ է, դրամ տալիս են, բայց իրենք անձամբ չեն մասնակցում գործերին: Ահա այս տեսակետից ձեր հասարակական և ազգային գործունեության ասպարեզը ոտ դնելը մի մեծ տոն է մեզ համար: Ինչո՞ւ: Որովհետև ձեզ նման մի մարդ իր բնական ձիրքով, խելքով, փորձառությամբ և հմուտությամբ կարող է ավելի մեծ օգուտներ բերել թե՛ ազգին առհասարակ և թե՛ մեր ընկերությանը մասնավորապես, քան օրինակ մի հինգ-տասը համալսարանականներ:
ՄԻՔԱՅԵԼ. Ձեռքիցս եկածը չեմ խնայիլ:
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Տեսե՜ք, տեսե՜ք:
ՄՈՒՇԵՂ. Ձեր ձեռքից, Միխայել Պավչովիչ, շատ բան կարող է գալ, շատ բան, եթե կամենաք:
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Մանավանդ, եթե ճառ էլ ասե:
ՄՈՒՇԵՂ. Այսօրվա ժողովն արտաքո կպրգի է լինելու: Հասարակությունն անչափ հետաքրքրված է, որ դուք որոշել եք այսուհետև ձեզ նվիրել ազգին: Ամենքը անհամբեր սպասում են տեսնելու ձեր նախագահությունը, մանավանդ լսելու ձեր խոսքը:
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Պա՛, պա՛, պա՛, պա՜:
ՄԻՔԱՅԵԼ. Իմ խո՞սքը: Ուրեմն ես պիպի խոսեմ, է՛լի:
ՄՈՒՇԵՂ. Այո՛, իհարկե: Երբ ձեզ միաձայն նախագահ կնտրենք, դուք, հայտնելով ձեր շնորհակալությունը՝ կասեք մի քանի խոսք և կհայտնեք ձեր վերաբերմունքը դեպի ազգը առհասարակ և դեպի մեր ընկերությունը մասնավորապես:
ՄԻՔԱՅԵԼ. Լավ, ես թեև խոսելու վարպետ չեմ, բայց եթե ոգևորություն լինի, մի քանի խոսք կասեմ դյոշտյան գյալմա:
ՄՈՒՇԵՂ. Այդ ի՞նչ բառ է, չհասկացա:
ՄԻՔԱՅԵԼ. Գյոշտան գյալման՝ ասել է կրծքից եկած, հանկարծ, ոնց որ աշուղն է ասում:
ՄՈՒՇԵՂ. Հասկացա: Հանպատրաստից, այո՞:
ՄԻՔԱՅԵԼ. Հաա՛ հա, լավ ասացիք, անպատրաստից: Պատրաստած խոսքը համ չունի:
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևում ծիծաղը չի կարողանում զսպել, փռթկում է):
ՄԻՔԱՅԵԼ. (Ցնցվելով). Այդ ի՞նչ էր: (Նայում է աջ ու ձախ):
ՄՈՒՇԵՂ. (Աջ ու ձախ նայելով): Կարծեմ կատու փռշտաց:
ՄԻՔԱՅԵԼ. Հա, կատու կլինի: (Բարձր): Փի՛շտ, փի՛շտ:
ՄՈՒՇԵՂ. Հետո, Միխայել Պավլովիչ, մնում է մի բան, այն էլ կասեմ, գնանք:
ՄԻՔԱՅԵԼ. Ասացեք:
ՄՈՒՇԵՂ. Կխնդրեի, որ թույլ տաք ինձ այսօրվա ժողովում հայտարարել ձեր նվիրատվության մասին՝ ժողովականների բարի նախանձը շարժելու համար:
ՄԻՔԱՅԵԼ. Ի՞նչ նվիրատվության մասին եք խոսում:
ՄՈՒՇԵՂ. Այսինքն այն գումարի մասին, որ դուք որոշել եք տալ մեր ընկերությանը: Ես համոզված եմ, որ այդ գումարը բավական մեծ է և դուք արժանանալու եք ժողովականների բուռն ծափահարություններին ու հիացմանը: Հարկավոր է միայն քանակությունն իմանալ:
ՄԻՔԱՅԵԼ. Հաա, հասկացա:
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Խե՜ղճ մարդ:
ՄԻՔԱՅԵԼ. Ձեր անդամավճարը ինչքա՞ն է:
ՄՈՒՇԵՂ. Մեր անդամավճարը ոչինչ բան է, չարժե նրա մասին խոսել:
ՄԻՔԱՅԵԼ. Է՛լի:
ՄՈՒՇԵՂ. Տարեկան անդամավճարն է հինգ ռուբլի, մշտականը մի հարյուր ռուբլի, պատվավորը մի հազար ռուբլի:
ՄԻՔԱՅԵԼ. (Բավական ժամանակ մտածելուց հետո): Կարող եք ինձ գրել մշտական անդամ: Ահա փողն էլ այս գլխից տալիս եմ: (Դուրս է բերում գրպանից մի հարյուրանոց և դնում է Մուշեղ Մուշկամբարյանցի առջև):
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից գլուխը դուրս է բերում ու նայում է):
ՄՈՒՇԵՂ. (Ապշած նայում է մերթ հարյուրանոցին, մերթ Միքայելին):
ՄԻՔԱՅԵԼ. Վերցրեք, արդար քրտինքով աշխատած փող է:
ՄՈՒՇԵՂ. Միխայել Պավլովիչ, ճշմարիտն ասած, ես այդ չէի սպասում ձեզնից: Միայն հարյուր ռուբլի՞ եք նվիրում մեր ընկերությանը:
ՄԻՔԱՅԵԼ. Հարյուր ռուբլին քիչ փող չէ, պարոն Մուշկամբարյանց: Ես որ այս քաղաքը եկա, հարյուր չէ, հիսուն ռուբլի էլ չունեի:
ՄՈՒՇԵՂ. Գոնե հազար ռուբլի տայիք, պատվավոր անդամ գրվելով:
ՄԻՔԱՅԵԼ. Այ, այդ մեկը ձեր կանոնադրության մեջ ինձ դուր չեկավ: Պատվավորս կամ անպատիվս ո՞րն է: Ուրեմն որ ես հազար ռուբլի չեմ տալիս, անպատի՞ վ անդամ եմ:
ԳՐԻԳՈՐ. (Վարագույրի ետևից): Օհո, կեցցե՛ս, հայրի՛կ:
ՄՈՒՇԵՂ. Ոչ, իհարկե, անպատիվ չեք, բայց պատվավորը մի անուն է, տիտղոս, ինչպես օրինակ, բեկ, խան կամ իշխան:
ՄԻՔԱՅԵԼ. Չէ՛,պարոն Մուշկամբարյան, ես համեստ մարդ եմ, այդ տեսակ անուններից փախչում եմ: Բայց քանի որ հարյուր ռուբլին քիչ եք համարում, համեցեք մի կատինկա էլ ստացեք: (Տալիս է մի հարյուրանոց ևս): Բայց իմացեք, որ ձեր խաթրու եմ տալիս հաա՜, ուրիշը լիներ, չէի տալ:
ՄՈՒՇԵՂ. (Դժվարությամբ վերցնելով հարյուրանոցները, մեկուսի): Ինչպես տեսնում եմ այդ խոզից մի մազ պոկելն էլ մեծ բան է:
ՄԻՔԱՅԵԼ. (Մեկուսի): Ինչպես տեսնում եմ ազգին ծառայելն էժան չի նստելու ինձ:
ՄՈՒՇԵՂ. (Վեր կենալով): Դե գնանք, պարո՛ն Միքայել, արդեն Ժամանակն է:
ՄԻՔԱՅԵԼ. Գնանք: Առաջ ընկեք:
ՄՈՒՇԵՂ. (Մեկուսի): Արի ու այդ անասունին տար ու երկու հարյուր ռուբլու համար փաթաթիր ազգի վզին: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՄԻՔԱՅԵԼ. (Մի քանի վայրկյան հապաղելով, շտապով դուրս է բերում գրպանից գրած ճառը, աչքի է անցկացնում և նորից դնում է գրպանը): Չէ՛, մոռացել չեմ: (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՏԵՍԻԼ 15
ԳՐԻԳՈՐ մենակ, հետո ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԻԼ, ՄԱՐԻԱՄ, ԳԵվՈՐԳ և ՄԱՏԹԵՈՍ
ԳՐԻԳՈՐ. (Դուրս է գալիս վարագույրի ետևից՝ բարձր ծիծաղելով): Հա հա հա՜, հա հա հա՜, վա՛յ, փորս տրաքվեց, հա հա հա՜: Ա՛յ քեզ առատաձեռնություն, ա՜յ քեզ բարերար և ազգային գործիչ: Կոմիկ է հայրիկս, կոմիկ, երկու հարյուր ռուբլի: (Դադարում է ծիծաղել): Եկեք մի քիչ վախեցնեմ նրանց: (Բարձր ձայնով, վազելով այս ու այն կողմ): Քանդվեցի՛նք, սնանկացա՛նք, աղքատացա՛նք: Մայրի՛կ, Հմայի՛լ, Մարիա՛մ, զուռնաչի Մաթո՛ս, լորդ Պիմպեռլե՛: Արիստոկրատնե՛ր և ջենտլմեննե՛ր, եկեք այստե՜ղ:
ՆԱԶԱՆԻ, ՀՄԱՅԻԼ ԵՎ ՄԱՐԻԱՄ. (Շտապելով գալիս են աջ կողմի դռներով): Ի՞նչ կա, ի՞նչ պատահեց:
ՄԱՏԹԵՈՍ ԵՎ ԳԵՎՈՐԳ. (Շտապով գալիս են խորքի դռներով): Ի՞նչ պատահեց:
ԳՐԻԳՈՐ. Ողբացե՛ք, մոխիր սփռեցեք ձեր գլխին: Հայ ազգը մեզ կողոպտե՛ց, ազգասերները մեր տունը քանդեցի՛ն, մեզ աղքատացրի՛ն, կորա՛ն մեր միլիոնները, ջո՛ւրն ընկավ մեր ժառանգությունը:
ԱՄԵՆՔԸ. (Շփոթվում են և իրար նայում):
ՆԱԶԱՆԻ. Հայրդ գժվե՞ց:
ԳՐԻԳՈՐ. Գժվեց և ինչպե՜ս: Եթե ասեմ, ամենքդ կուշաթափվեք ու կլաքաշվեք հատակի վրա՝ ջրից դուրս ձգված լոքոների պես: Ի՜նչ արավ այդ մարդը, տե՜ր աստված, ի՜նչ արավ: Խե՜ղճ մայր, ինչո՞ւ ծերության հասակում չիքիլադ դեն գցեցիր, այսուհետև ինչո՞վ պիտի թանկագին շլյապաներ գնես: Խե՜ղճ Հմայիլ, ո՞վ պիտի օրես դենը հարյուրներ ու հազարներ վճարե քո դերձակուհիներին ու մագազիններին: Խե՜ղճ Մարիամ, ո՞ւր է ջութակդ, ջարդ ու փշուր արա, դեն գցիր, ապագադ խորտակվեց և գեղարվեստը զրկվեց մի հազվագյուտ հանճարից: Իսկ դու, զուռնաչի՛ Մաթոս, ո՞վ պիտի քեզ փող տա Իտալիա գնալու, ինչո՞վ պիտի մշակես քո աստվածային հրաշալի ձայնը, որ այնքան նման է կոտրված վեդրոյի ձայնին: Ասա. մնա՜ս բարով, օպերա, մնացեք բարո՜վ գինձի ու կոտեմի փնջե՛ր, փտած տանձե՛ր ու խնձորնե՛ր, թթու դրած վարունգներ, կալոշի թայեր, բոլո՜ր, բոլո՜ր այն նվերները, որ պիտի ստանայիր քո երկրպագուներից: Դու էլ լաց եղիր, ողբ կարդա, Բուռնութանց Մուքելի որդի լորդ Պիմպեռլե: Աերոպլանով էիր ուզում թռչել երկինք, մնացիր գետնի վրա, չոր տափին:
ՆԱԶԱՆԻ. Հոգիս բերանս բերիր, ասելու ե՞ս, թե՞ չէ:
ՀՄԱՅԻԼ. Նա հանաք է անում:
ՄԱՐԻԱՄ. Նա մեզ ծաղրում է:
ԳԵՎՈՐԳ. Հարբած է:
ՄԱՏԹԵՈՍ. Այս անգամ նա իսկապես խելքը կորցրել է:
ԳՐԻԳՈՐ. Այո , խելքս կորցրել եմ: Եվ ո՞վ չէր կորցնի, բացի քեզանից, որ կորցնելու ոչինչ չունիս: Մայրի՛կ, մայրի՛կ, աչքովս տեսա, թե ինչպես հայրիկն ինքն իր ձեռքով դուրս բերեց գրպանից, դրեց ահա սեղանի վրա, Մուշեղ Մուշկամբարյանցի առջև հօգուտ հայ ազգի:
ՆԱԶԱՆԻ. Ինչքա՞ն:
ՀՄԱ3ԻԼ. Ինչքա՞ն:
ԳՐԻԳՈՐ. Ասե՞մ:
ՆԱԶԱՆԻ. Ասա՛, ասա՛:
ԳՐԻԳՈՐ. (Հանդիսավոր): Երկու…
ՄԱՏԹԵՈՍ. Միլիոն:
ԳՐԻԳՈՐ. Երկու հարյուր:
ՀՄԱՅԻԼ. Երկու հարյուր հազար:
ԳՐԻԳՈՐ. Երկու հարյուր ռուբլի:
ԱՄԵՆՔԸ. (Թեթևության հառաչանք են արձակում):
ՆԱԶԱՆԻ. Այդքա՞նը միայն:
ԳՐԻԳՈՐ. Այո, այդքանը: Մի՞թե քիչ է: Երկու հատ կատինկա, այն էլ նաղդ: Ի՜նչ շռայլություն, տեր աստված, ի՜նչ շռայլություն:
ՄԱՏԹԵՈՍ. Իմ կարծիքով այդքանն էլ շատ է: Մենք պարտավոր չենք ազգը պահելու ու կերակրելու:
ՀՄԱՅԻԼ. Իհարկե:
ԳԵՎՈՐԳ. Ես էլ այդպես եմ կարծում:
ՄԱՐԻԱՄ. Ե՛ս նույնպես:
ՄԱՏԹԵՈՍ. Եթե ես լինեի պապայի տեղը, այդ Մուշկամբարյանցին և առհասարակ ոչ մի ազգասերի իմ տանը չէի թողնիլ: Ի՜նչ են շարունակ դռնե դուռ ընկած ազգի անունով մուրացկանություն անում: Կարծես մենք բացի ազգից ուրիշ հոգսեր չունենք:
ՆԱԶԱՆԻ. Մի՛ ասա, Մատվե՛յ: Ամեն մարդ պարտավոր է յուր ազգին օգնել: Անցյալներն էլ ինձ մոտ եկավ որբերին օգնող ընկերության կողմից տիկին Բուլբուլյանցն ու խնդրեց, որ իրենց ընկերությանը մի բան տամ: Առանց երկար մտածելու վերցրի ու մի հատ տասը ռուբլիանոց դրի սեղանի վրա: Ի՜նչպես մերժեի:
ԳՐԻԳՈՐ. Մի՞թե: Ես այդ չգիտեի: Կեցցե՛ս, մայրի՛կ, քո առատաձեռնությունն արժանի է հայրիկի շռայլությանը:
ՀՄԱՅԻԼ. Իսկ ե՛ս մերժեցի հայ օրիորդների ընկերության անդամ գրվել:
ՄԱՐԻԱՄ. Ե՛ս էլ:
ՄԱՏԹԵՈՍ. Ինձ էլ շատ են դիմում, բայց ես միշտ մերժում եմ: Եվ որպեսզի այսուհետև բոլորովին չդիմեն, վճռել եմ հայությունից հրաժարվել:
ՀՄԱՅԻԼ. Ես էլ եմ հրաժարվելու:
ՄԱՐԻԱՄ. Իսկապես պետք է հրաժարվել:
ԳԵՎՈՐԳ. Իհարկե: Ի՞նչ է հայությունը: Ֆի՜:
ԳՐԻԳՈՐ. Ահա թե ինչ: Այդ ինձ համար նորություն է: Հետաքրքրական է իմանալ, հայությունից հրաժարվելով ի՞նչ ազգի կկամենայիք պատկանել: Ասենք այդ բաղլինջը (ցույց տալով Գեորգին) անգլիացի է ուզում դառնալ: Իսկ դո՞ւք:
ՀՄԱՅԻԼ. Ես էլ կդառնամ անգլուհի:
ՄԱՐԻԱՄ. Ես կկամենայի ֆրանսուհի դառնալ:
ԳՐԻԳՈՐ. (Մատթեոսին): Դու էլ իհարկե իտալացի ես արդեն: Մնում է, մայրի՛կ, դու էլ դառնաս շոտլանդուհի: Պրծավ գնաց: Ամբողջ Եվրոպան եկավ նստեց բուռնութի ծախողանց Մուքելի տունը: (Լուրջ): Հերիք է, խեղկատակնե՛ր: Մին կանգ առեք հայելու առջև ու նայեցեք ձեր կերպարանքին ու հետո հրաժարվեցեք ձեր ազգությունից: Մտիկ արեք ձեր քթերին, ձեր կարճ վզերին, տափակ ծոծրակին, կարճլիկ ոտներին, երկայն մեջքերին: Հայ եք ու հայ էլ կմեռնեք՝ թեկուզ ձեր թուխ կաշիները մաշկեք ու անգլիացու կաշի հագնեք: Դե, բավական է, ես այլևս չեմ կարող լսել ձեր ցանցառությունները: Ավելի լավ է գնալ ու հայրիկի ճառը լսել: (Հմայիլին ու Գեորգին ծաղրելով): (Մարիամին): 0 ռը վուառ մադմուազել Մարիա մբաջի: (Մատթեոսին): Արևիդերչի, սինյո՛ր զուռնաչի Մաթոս: