ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ
ՄԱՍ- I
1
Վաղարշակ Վարդանյանը վաթսուներեք տարեկան էր, բայց թոշակի չէին ուղարկում, քանի որ անփոխարինելի մասնագետ էր։ Տասնչորս տարեկանից մեխանիզատոր, տրակտորիտ ու բուլդեզորիստ էր։ Էլ կոլտնտեսական դաշտեր, էլ ճանապարհաշինարարություն ու ջրամբարների կառուցում, էլ պոչամբարներ ու լեռնարդյունաբերության սոցիալիստական ճակատ։ Նրա համբավը տարածվել էր ոչ միայն հանրապետությունում, այլև հանքարդյունաբերության միութենական նախարարությունում, որովհետև միայն նա էր,
որ պլանը կատարելու ու գերակատարելու համար, կարող էր իրեն վստահված ճապոնական «Komatsu» հսկայական բուլդոզերը աշխատեցնել գրեթե քսանչորս ժամ, այն էլ լեռնային թեք հանքաշերտերի վրա, և հանգստանում էր միայն լցավորման ժամերին, երբ ահռելի մեքենայի բաքը գրեթե մեկ տոննա դիզելային վառելիք էր կուլ տալիս։
Վաղարշակը բարձրահասակ էր, նիհար ու ջլուտ։ Արծվի հայացքով, աչքերը միշտ պարզ, վարսերը գլխարկի տակ ետ սանրած, ձեռքերը կոշտուկների մեջ, որպես կանոն՝ յուղից ու ծխից սևացած, ու երբ ձեռքի ափով վարսերը ետ էր հավաքում, միշտ ճակատի վրա սև հետքեր էին մնում։ Նա քչախոս էր ու մի բարի խոսքից կարմրում էր պատանու պես, ամաչում։ Ամեն անգամ, երբ հերթական պատվոգիրը տալու համար, ժողովներին կանչում էին մշակույթի պալատի բեմ, հրաժարվում էր բարձրանալ․
— Ինչի՞ս է պետք է, էդ թուղթը, Աստված կսիրեք, ինձ ամաչացնիլ միք,— ասում էր նա, ապա ծափահարությունների տակ դահլիճից թողնում, դուրս էր գալիս։
— Այ մարդ, նորից մեզ խայտառակ ե՞ս արել,— տանը ասում էր կինը՝ տիկին Վարսենիկը,— մի թուղթ ա, վեր կալ, բեր տուն էլի։ Մինա իրանք դեն բերիլ, ու նստիլ խմիլ դեք։
— Բա դրանից էլ լավ բա՞ն,— պատասխանում էր ամուսինը,— տղերք են, թող գան, խմենք էլի, ափսոսու՞մ ես արաղը, էն էլ հոնի, էն էլ՝ իմ քաշած։
«Իջևանի Բենտոնիտ կոմբինատի» ղեկավարությունն էլ, կավի հումքի արտահանման բնագավառում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, իր քսան տարվա աշխատակից, հինգերորդ կարգի առաջատար մեխանիզատոր Վաղարշակ Վարդանյանին բարձր ուշադրության էր արժանացրել ու մինչև վերևներում որոշում կայացնելը, սեփական նախաձեռնությամբ և, արհմիության հաշվին, նրան պարգևատրել էր Խորհրդային Միության մայրաքաղաք Մոկվայի տուրիստական յոթօրյա ուղեգրով։ Մայիսյան կիրակի օր էր, անցած մայիսմեկյան կարմիր պաստառներով զարդարված ու հաղթանակի տոնի սպասումներով լեցուն մի տաք, գարնանային օր, երբ գլխավոր տնօրեն Փափազյանը Վաղարշակին կանչեց աշխատասենյակ։
— Վարպետ, բարև,— տեղից վեր կենալով ասաց տնօրենը, երբ գլխարկը հանած ու ձեռքերում ճմրթելով, տարակուսած բուլդոզերիստը մտավ նրա լայնարձակ աշխատասենյակը։
— Բարև, ընկեր Փափազյան, քո տունը շինվի, առանց էն էլ կարճ օր է, էս խի՞ ես կանչել, կատարողականս ո՞վ դի լրացնիլ։
— Վարպետ Վաղարշակ,— հարգանքով, ձեռքով բարևելով ասաց Փափազյանը,— ես քեզ հետ ի՞նչ անեմ, որ մի քիչ էլ հանգստանալ սովորես, այ մարդ։
— Գերեզմանում կհանգստանանք էլի, ընկեր Փափազյան,— հինգ զավակ ունեմ, մի սուրու թոռ, ինձ հանգստանալ կա՞։
— Սկզբից, ուզում էինք քեզ՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի դեպուտատ առաջարկենք, բայց դե դու մեր Իջևանի բեմը չես բարձրանում, ընդեղ ի՞նչ դես անիլ,— բարբառի անցնելով կատակեց նա։
— Բայց ընդեղ բան անող կա՞, ընկեր Փափազյան,— կատակեց վարպետը, սակայն Փափազյանը չլսելու տվեց։
— Մենք քեզ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումի ենք ներկայացրել, բայ մինչև հաստատվելը կգնաս Մոսկվա, կպտտվես, Լենինի դամբարանը, Կրեմլը կտեսնես, թոռներիդ համար նվերներ կառնես, կգաս։
Վաղարշակը կայծակնահար եղավ, լեզուն կապվեց։ Անակնկալի եկած՝ չէր կարողանում խոսել։ Հետո աչքերով, սեղանին դրված ջրի գրաֆինը ցույց տվեց։
—Այ քեզ մարդ, էս ի՞նչ է քո վիճակը, վարպետ,—ասաց նա ու ետ շրջվելով դեպի սեղանը, մի բաժակ ջուր լցրեց, տվեց նրան,— չի քննարկվում, գնալու ես, անձամբ ես եմ քեզ տանելու Երևանի երկաթուղային կայարան, լսեցի՞ր։ Ինչքա՞ն կարելի է աշխատել։
Վարդանյանի բերանը չորացել էր։ Միայն նա գիտեր, որ ինքը գնացողը չի, որ կրակ տան, սպանեն էլ, այդ գնացքը նստողը չի։ Էն էլ՝ Մոսկվա, ոչ թե Թիֆլիս կամ, լավ, Ռուսթավի։ Միանգամից Մոսկվա։ Լենինը մահվան մահճի մեջ հենց իրեն է՞ր սպասում։ Նա մի բաժակ ջուրը մի վայրկյանում կուլ տվեց, կարմրեց, իրեն հավաքեց, ու թե․
— Ընկեր Փափազյան, Մեդալը, հերոսը լավ ա, լավ եք արել, որ ներկայացրել եք։ Խոսք եմ տալի, որ տան, կբարձրանամ բեմ, կստանամ, բայց Մոսկվա գնացողը չեմ։ Ես մեր Խաշթառակի ցավը տանեմ, ի՞նչ եմ կորցրել, որ ի՞նչ ման գամ էդ Մոսկվաներում։ Իմ ամենահեռու տեղերը Գորիսն ու Ղափանն են եղել, էն էլ գործուղումով՝ որպես մեխանիզատոր։
Նա շունչ քաշեց, մի քիչ հանգստացավ ու հիշեց․
— Հա, մեկ էլ Քանաքեռի պոլկը՝ բանակ ծառայելիս։ Ոչ լեզու եմ իմանում, ոչ էլ ցանկություն ունեմ։ Ոչ բարեկամ ունեմ Մոսկվա, ոչ էլ մի բան։ Ասա՝ վանքի տավար, էլի։ Չէ, գնացողը չեմ։ Նեղանալ մի։
— Քեզ բարեկամ պետք չի, հյուրանոցում կապրես, ես էլ կզանգեմ նախարարություն, որ զգուշացնեն, քեզ այնտեղ ամեն ինչ կբացատրեն, կօգնեն։
— Չէ, գնացողը չեմ։
— Դե փորձի չգնաս։
— Ի՞նչ դես անիլ, ընկեր Փափազյան,— զարմացավ վարպետը,— էսքան տարվա քո օրինակելի աշխատողն եմ, հորդ հասակակից մարդ։
— Ինչ դեմ անի՞լ։ Թոշակի դեմ ուղարկիլ,— ծիծաղելով հարցրեց ու նորից բարբառի անցնելով, ինքն իրեն պատասխանեց տնօրենը,— թո-շա-կի։ Չնայես, որ քեզանից փոքր եմ։ Էսքան տարի նույն հիմնարկում աշխատում ենք։ Քո բրիգադիրն եմ եղել, քո աշխղեկը, հիմա քո գլխավոր տնօրենն եմ։ Ինձանից, քո հասցեին մի բարձր խոսք լսած կա՞ս։ Փորձի՝ Մոսկվա չգնաս։ Ես քեզ ասեցի, դու էլ լսեցիր։ Էս էլ քո ուղեգիրն ու տոմսը,— հետո Փափազյանը փակ ծրարը տվեց վարպետին ու ասաց․
— Ազատ ես։
Տնօրենի աչքերը ժպտում էին, բայց նա մի կերպ զսպեց իրեն, ավելի բարկացած տեսք ընդունեց ու ցույց տվեց դուռը։
— Այսօրվանից արձակուրդում ես։ Բարի ճաանապարհ։
Վաղարշակի համար թոշակը մահվան եռաանկյուն թղթի պես բան էր։ Որպես բողոքի նշան, դեռ աշխատասենյակում գլխարկը քաշեց գլխին ու առանց հրաժեշտ տալու, վրդովված ու խոցված դուրս եկավ։
2
Կոմբինատի տնօրենի քարտուղարուհի Սիլվայի գործի իմաստը էլ որը՞ կլիներ, եթե իր դասընկերուհի, հիմա՝ Իջևանում, փոստի միջքաղաքային հեռախոսակապի բաժնի վարիչ Ռուզանին չզանգեր ու չասեր, որ նրա հայրիկը պարգևատրվել է Մոկվայի ուղեգրով, գնացքի երկտեղանոց “լյուքս” վագոնի տոմսով, շքեղ հյուրանոցային համարի հնարավորությամբ ու ոտքերը դեմ տված, ուզում է հրաժարվի։ Ընդամենը հինգ րոպեն հերիք էր, որ Ռուզանը, ով ավագ զավակն էր, զանգի քույրերին ու եղբայրներին, ու թե․
— Ընտանիքներով հավաքվում ենք մերոնց տանը։ Շտապ հարց է։ Հայրիկին համոզելու ենք Մոսկվա գնա։ Կոմբինատը ուղեգիր է տվել, նա էլ ուզում է հրաժարվի,— ու որպեսզի բոլորը հավաքվեն, ավելացրեց,— Մոսկվայից ինչ ե՞ք ուզում, ցուցակ արած եկեք։
Իսկ մինչ այդ վարպետ Վաղարշակը հրաժարվեց տնօրենի առաջարկած մեքենայով տուն բարձրանալուց ու, քանի որ մտածելու բան ուներ, որոշեց ոտքով գնալ։ Գյուղը ճանապարհի հակառակ սարալանջին, իրեն հատուկ հանգստության մեջ փռված՝ սպասում էր նրան։ Երեք երկար ու ձիգ կիլոմետր նա ինքն իրեն հետ փիքր անելով քայլում էր դեպի վերի թաղի իր՝ գրեթե սարի գագաթին կառուցված քարաշեն, երկհարկանի տունը, գլխով բարևում համագյուղացիներին ու նրանց զարմացած հարցադրումներին, թե․
— Վաղո՞, անտրամադիր ես երևում, հո բան չի պատահել։
— Դեռ չէ։ է՜, լավ կլինի։ Մոսկվա են ուղարկում։ Ես Մոսկվա գնացո՞ղն եմ,— ու առանց հաջորդ հարցումներին պատասխանելու, անգամ, առանց լսելու, շարունակում էր բարձրանալ։
Ի՞նչ աներ։ Հրաժարվե՞ր։ Չէր լինի։
— Թոշակառու՞ս որն է։ Էն է՝ ասա, պրծավ էլի,— մտածում էր նա։
Բայց Մոսկվա գնա ի՞նչ անի, ու՞մ է վատ բան արել, որ Աստված այսպես պատժում է։ Վարպետը վստահ էր, որ այնտեղ չի էլ հասնի, իսկ եթե հասնի, հաստատ անհետ կկորչի, ետ չի էլ դառնա։ Բա մարդ անհետ կորչի ու գերեզմա՞ն չունենա, պատերազմ է, ի՞նչ է՝ մտածեց նա։ Չէ, մի բան կմտածի, բայց այս հարցը կլուծի։ Հենց էս մտածումների մեջ էր, երբ հասավ իր տան դարպասին և երբ բացեց, տեսավ իր ողջ գերդաստանը՝ հինգ զավակները իրենց ընտանիքներով, տան բակում հավաքված, սեղան գցած, թոռները՝ էստեղ-էնտեղ վազվզելով, խաղալով՝ իրեն են սպաասում։
— Էս ինչ ա՞, Սիլվա՞ն ա խաբար տվել, Ռուզան,— աչքերով, Ռուզանին գտնելով դիմեց ճանապարհից հոգնած հայրը։
— Հայրիկ, դե լավ էլի, էս անգամ մեզ լսելու ես, արդարացում ու խույս տալ չկա։ Ցուցակներով ենք եկել, թե Մոսկվայից մայրիկի ու թոռներիդ համար ինչեր ես բերելու։
— Հլա մի բերեք տենամ էդ ցուցակները,— անսպասելի ասաց վարպետ Վաղարշակը ու գնաց դեպի ջրի ծորակը՝ լվացվելու։ Հետո, լվացվելը վերջացնելով՝ շարունակեց։
— Մեր խանութներում չկա՞, որ ցուցակ եք արել։
— Պապիկ, ես էլեկտրական խաղալիք գնացք եմ ուզում,— վազելով պապի գիրկն ընկավ կրտսեր թոռը, Ավոյի որդին,— մենակ Մոսկվայում կա։
— Ես էլ գերմանական տիկնիկ,— կանչեց Ռուզանի աղջիկը ու ևս ընկավ գիրկը։
— Ես էլ, ես էլ, ես էլ․․․,— աղաղակեցին մյուս թոռները։
— Այ Ձեր ցավը տանեմ, տիկնիկի գերմանականը ի՞նչն է, կամ ես գնացք ճարո՞ղն եմ, էս ի՞նչ պատուհաս էր, որ իմ գլխին եկավ, հլա մի սպասեք է,— ասաց նա, ու թոռների ուղեկցությամբ եկավ, զբաղեցրեց իր տեղը՝ սեղանի գլխին։
— Ճարողն ես, խի՞ չես ճարողը, — օղու շիշն ու թարմ թխած, դեռ տաք հացը ձեռքին սեղանին մոտեցավ կինը՝ տիկին Վարսենիկը,— իմ օղորմած քրոջ մարդը՝ Ղուկասանց Վանիկը, քեզանից լավն ա՞, որ տարին մի քանի անգամ գնում, գալիս է։
— Ղուկասանց Վանիկը, աղջիկ ջան, գնացքի “պրավադնիկ” ու հետո՝ “նաչալնիկ” ա աշխատել, իսկ ես տրակտորիստ մարդ եմ, մե-խ-նի-զա-տոր։
— Ղուկասանց Վանիկի ակլադը հարյուր տասը ռուբլի էր, քարը ճաքի՝ հարյուր քսան։ Իսկ դու, լինում է՝ հազար էլ ես ստանում։ Փողը կտաս, տեղերը կասեն, թոռներիս, աղջիկներիս ու հարսներիս նվերներ կառնես, կբերես— վրա բերեց կինը,— ու այդ Փափազյանիդ էլ կասես, մյուս անգամ երկու ուղեգիր տա, դու էլ Վանիկի նման անկնիկ հո չե՞ս։
Տիկին Վարսենիկը մի պահ վանիկի կնոջը՝ քաղցկեղից մահացած հարազատ քրոջը հիշեց ու գլխաշորը ուղղելով՝ նայեց կապույտ երկնքին։ Կնոջ բերած փաստարկը իհարկե համոզիչ էր, ու անցյալում, վարպետը այնքան շատ էր հրաժարվել հանրապետությունից դուրս գալ, ընտանիքին որևէ տեղ տանել, որ մի պահ ասելիք չուներ։ Հետո երբ խելքը տեղը եկավ, լռությունն էլ երկարել էր, պատասխանեց․
— Այ կնիկ, նախ Վանիկի անաշխատ եկամուտները մոռացար, հետո, իբրև թե էս անգամ գնացի, դու էլ երկրորդ անգամի՞ց ես խոսում։ ես գնացողը չեմ։
— Գնացողն ես, շատ էլ լավ գնացողն ես, — ձեռքերը դարպասապահի նման կողքին դնելով պատասխանեց կինը ու շարունակեց,— մեզ ոչ Սոչի հանգստանալու ես տարել, ոչ Թիֆլիս՝ նոր տարվա առևտուրի, ոչ էլ՝ Ռոստով՝ եղբորս տղայի հարսանիքին տարար։ Էս մեկը քեզ ներողը չենք։ Վաղն առավոտյան գնում ես Երևան, Վանիկին արդեն զանգել ենք, քեզ կդիմավորի էլ, կճանապարհի էլ։ Մինչև Երևան էլ Փափազյանի վարորդ Աշոտը կտանի։ Արդեն պայմանավորվել ենք։ Ինքն է զանգել,— մի պահ լռություն տիրեց, — էս է, Վաղարշակ, մենք ընտանիքով քո տեղը որոշել ենք։ Երկու օր Երևանում կլինես, կմնաս Վանիկի տանը, հարցեր կտաս, նա էլ քեզ խորհուրդներ կտա։ Հետո, գնացքով, հետաքրքրվել ենք, երկու օր Մոսկվա, երկու օր ետ՝ Երևան, յոթ օր էլ կհանգստանաս։ Խաշթառակը երկու շաբաթում չի փլվի։ Գնա, այ մարդ, գնա, մենք էլ էստեղ քեզանից կհանգստանանք։
Կարծես թե սառույցը կոտրվել էր, ու բոլորը լիաթոք ծիծաղեցին։
3
Ղուկասանց Վանիկը տիկին Վարսենիկի ու Վարպետ Վաղարշակի կապն էր մայրաքաղաքի ու քաղաքակիրթ աշխարհի հետ։ Երեխաներին՝ դպրոցական հագուստ, նախարարությունից՝ տեղեկանք, նոր տարվա համար՝ երշիկ․․․ Բոլորը նա էր լուծում։
Նա կլիներ քառասունհինգ տարեկան։ Մի քիչ ճաղատ էր, միջահասակ, լավ կերակրված պինդ ցլիկի կազմվածքով։ Ավելի շուտ՝ կյանքից հոգնած գլադիատորի տեսք ուներ, բայց միշտ ժպտերես էր ու մեծահոգի։ Կյանքը, ինչպես ինքն էր մտածում, չէր ստացվել։
— Կյանքը մեկի համար արձակուրդ է, մեկելի համար՝ տաժանակիր դատապարտություն։ Ու, զոռով երջանիկ չես լինի,— երբ հարբում էր, որպես կարճացող կենացների նախաբան՝ ասում էր նա։
Վանիկը դպրոցից էր սիրել իր Արփենիկին, բայց Աստված ոչ երեխա տվեց նրանց, ոչ էլ երջանկություն։ Արփիկն էլ մահացավ Քրիստոսի երեսուներեք տարեկանում, ու Վանիկը հասկացավ, որ եթե Արփիկի նման աղջկան երջանկության իրավունքից զրկեց Աստված, ուրեմն, ոչ մի իմաստ էլ կյանքում չկա։ Սակայն սրտի խորքում վստահ էր, որ ամեն ինչ հնարավոր է, ու մի օր էլ իր համար արձակուրդի դուռ կբացվի։
— Դու պիտի քո մեջ փոխվես, այ տղա,— ասում էր Վաղարշակը,— Բարին մտածի, որ բարին ստանաս։
Վանիկը Վաղարշակի զավակներին ու թոռներին հարազատի նման էր սիրում, նրանց հաջողություններով ապրում, ուրախանում։ Մի անգամ, թե․
— Վաղարշակ, բարի նախանձ կլինի՞։
— Եթե արդյունքում օգնում ես նրան, ում նախանձում ես, կլինի, ո՞նց չի լինի։
— Դե ուրեմն ես Ձեզ նախանձում եմ, քեզ ու Վարսենիկին։
— Լավ ես անում, բայց մեզանից օրինակ վերցրու, կյանքդ կազմակերպի, մի լավ կին ճարի, զուգավորվի էլի, ինչքան կարելի է։
— Բա Արփենիկին երազում ի՞նչ եմ ասելու։
— Արփենիկը կհասկանա, էլ չի գա,— ավարտեց վարպետը։
Հիմա Վաղարշակը նստել էր բակի նստրանին ու սպասում էր ընկերոջն ու բարեկամին, առանց իմանալու, թե այդ ի՞նչ հարցով է գալիս, որ կինն ու աղջիկները հատ-հատ զանգեցին։ Ու այդպես մտքերով ընկած, իրար ետևից ծխում էր, իր դառը մտածումները քուլա-քուլա երկինք առաքում, մեկ էլ էն տեսավ, որ վարպետը մտավ բակ՝ հագին կոստյում, նոր կոշիկներ, առանց գլխարկ, ձեռքին էլ մի ուղղանկյուն, հին ճամպրուկ։
— Պահով, էս հեռու՞ ես գնում, եղբայր։ Թե՞ տանիցդ դուրս են գցել։
Վաղարշակը կանգ առավ, գրկախառնվեցին ամուր, ապա ասաց․
— Ոտքերս երկու քարի արանքում են, գնանք, կպատմեմ։ մենակ դու կարող ես ինձ փրկել։
Երբ, արդեն տանը, թեյի շուրջ Վաղարշակը պատմեց գլխին եկածը, Վանիկը զարմացած հարցրեց․
— Ես ինչո՞վ կարող եմ օգնել։ Այստեղ օգնելու բան էլ չկա։ “Լյուքս” վագոնում առոք փառոք նստելու ես, վագոն ռեստորանում սնվելու, լավագույն հյուրանոցում ապրելու։ Ես էլ ծանոթներիս կասեմ, քեզ ամեն բանով կօգնեն։ Դե առևտուր-մառևտուրի հարցում, էլի։
— Վանիկ ջան, ես գնացողը չեմ։ Ես որ գնամ, կորչիլ դեմ, այ տղա։ Կամ մեռած Լենինն ինչի՞ս ա պետք։ Դրան վաղուց պիտի թաղած լինեին, գուցե էս ծուռ աշխարհն էլ դզվեր։ Ես քեզանից մեծ եմ, դու ինձ ականջ արա, ինչ եմ ասում։
— Ի՞նչ։
— Մտիկ արա, կոստյումս ու կոշիկներս վրովդ լիլ չեն, էդ հեչ։ Ես քեզ փողը կտամ, սիրուն շորեր առ, որովհետև սոցիալիստական աշխատանքի հերոսի թեկնածուի անվան տակ դես գնալ։ Իմ անվան հետ խաղաս վեչ։
— Չհասկացա, էս տարիքիդ հետ խելքդ հացիդ հետ կերե՞լ ես, Վաղո։
— Այ տղա, ինձ լսի,— ջղայնացավ բուլդոզերիստը,— հիմա խանութ կգնանք, երկու շաբաթվա ուտելիք կառնենք։ ես էլ մի տհենց շատակերը չեմ։ Ես քու տանը երկու շաբաթ մարուխ կցած, սուս ու փուս կապրեմ, դու իմ տեղը կգնաս, կհանգստանաս, ցուցակները կնայես, կաշխատես առնես, ինչ-որ գրածա։ Վարսենիկի, հարսներիս ու աղջիկներիս համար՝ անպայման, դե րեխանցն էլ չեմ ասում։
— Վաղո, սպասի, խելագարվե՞լ ես։
— Սպասի-մսպասի չկա։ Ուշադիր լսի։ Կպտտվես, Լենինին կտենաս, Կրեմլը կտենաս, ինձ կպատմես, կարողա հարցեր տան։ Հետո կգաս, ինձ կտաս էդ բարիքները, ես մեր տուն կգնամ, դու էլ քու երկուսենյականոցում ապրի։ Կոստյումդ էլ, որ առնիլ դենք, լավ կպահես, որ գաս, ամուսնանաս։
— Վաղո, ես այդպիսի բան չեմ անի։
— Կանես, խելունք ես։ Այդ ամեն ինչի համար, ընկեր Ղուկասյան, առ քեզ երեք հազար ռուբլի։
— Դու ինձ փողով չես առնի։
— Այ տղա, իմ փրկության հարցն ա։ Փողն ի՞նչ կապ ունի։ Ընկերոջդ լինել-չլինելու հարցն ա։ Փափազյանի “Օթելլոն” տեսել չե՞ս։
— Ասածդ “Համլետից” չի՞։
— Տեսա՞ր, դու խելացի մարդ ես։ Էսքանը։
Վանիկը մտածումների գիրկն ընկավ։ Դժվար չի այդ ամեն ինչը կատարելը։ Եթե իրոք հարցը այդպես է դրված, պիտի համաձայնվի, ի՞նչ պիտի անի։ Մեկ է, ընկերոջ կողքը հաստ է։ Գնացողը չի։
— Լավ։ Կզանգենք, Վարսիկին կասեմ, որ քեզ ճանապարհել եմ։ Կգնամ կգամ։ Երեք հազարը շատ կլնի։ Ավելացածը ետ կբերեմ։
— Ետ մի բեր։ Ինչքան կարաս՝ ծախսի ու շորուշերթ առ։ Էդ ցուցակներումը ինչ ասես կա՝ էլ շալ, էլ կոշիկ, էլ գուլպա գործելու շյուղեր, էլ վիետնամական գրիպի դեմ դեղ, էլ բանանի չիր, էլ գերմանական տիկնիկ։ Խաշթառակ՝ բանանի չիրն էր պակաս, Աստված ջան։ Ես որ ուզենամ էլ, կարալ չեմ էս ամեն ինչը ճարեմ։ Ես ըսկի խակ բանանը չեմ տեսել, ինձանից՝ հասած, չիր դարձածն են ուզում։ Բայց դու գնացքի պետ ես աշխատել, ամեն ինից էլ գաղափար ունես։ Նայի, շատ չչարչարվես։ Կեսի կեսն էլ որ ճարես, լավ ա։
Էս ասելու վրա երկուսն էլ իրար նայեցին ու խենթավարի սկսեցին ծիծաղել։
— Ես չգիտեի, որ դու ավանտյուրիստ ես Վաղո։ Էս ի՞նչ կինո սարքեցիր։
— Դե հիմի էտ ա։
Շարունակելի
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ