Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 6)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
6.
Պրոֆեսորի առանձնասենյակից գնացի ուղիղ Մալաթիայի շուկա, տնօրենի տեղակալներից մեկը հեռավոր ազգականս է, մտադրությունս շիփշիտակ հայտնեցի՝ ասաց առավոտյան յոթին տեղում լինես, որ գաս, կասեմ որտեղ ես կանգնելու, ում հետ ես աշխատելու: Շուկան ես ընտրել եմ նրա համար, քանի որ իմ կարծիքով հասարակության ամենաառաջին խավը միրգ ու կանաչի վաճառողներն են, մեկ էլ հիմնարկների հավաքարարները, նրանց պետք է այցելեմ երկրորդ հերթին:
Ահա ես կանգնած եմ շուկայի բանուկ հատվածում, ղեկավար գործատուս ինձ վստահեց բանջարեղենի վաճառքը: Լավ կլիներ միրգ ծախեի, բայց դե լոլիկն ու բազուկն էլ են սննդարար մթերքներ, հատկապես բազուկը, սխտորն ու սոխը: Գլխիս լաչակ եմ կապել,
մազերս խցկել տակը, ամենօրյա գոգնոցս է վրաս, տակից՝ մարզահագուստս, որով առավոտները հանրակացարանի մոտակա այգում զբոսնում եմ: Սովորաբար աչքերս չեմ ներկում, թեթևակի շրթներկ եմ քսում, բայց շուկա գալուց առաջ կոպերս մի լավ սևացրի, վառ կարմիր շրթներկով գեղեցիկ բերան նկարեցի ու ձևանալով, թե տարրական կրթությամբ կանաչի վաճառող եմ՝ աճապարեցի աշխատանքի:
Զուր էի ջանքեր թափել, շրջապատս ինձ ընդունեց ընդգծված հարգանքով, ազգականս երևի բերանբացություն է արել: Ոչինչ, չեմ մոռացել, թե Կռատուկի դերում ոնց փայլեցի, հիմա դա կկրկնեմ: Կազմ ու պատրաստ սկսեցի գնորդների սպասել: Ժամը ինը եկավ՝ դեռ քնած են տնաշենները: Վերջապես մի քաղքենի տիկին մոտեցավ, սկսեց մանիկյուրած մատներով լոլիկ ընտրել: Մի 50 հատ վերցրեց, տեղը դրեց: Դերիս մեջ մտա,
— Հարգելի տիկին, տափակ լոլիկները հարուստ են ցե վիտամինով, իսկ կլորները քաղցկեղից պաշտպանող հանքային տարրեր են պարունակում: Որն ընտրեք՝ ձեր օգուտն է:
Տիկինը զննողաբար ինձ նայեց: Ահ, մոռացել էի, որ պետք է ժարգոնով խոսել: Չհասցրի սխալս ուղղել՝ ասաց.
— Ես երկուսից էլ ուզում եմ, երկուական կիլո կշռեք:
Կատարվեց, նրա կողքին հայտնված միջահասակ տղամարդը նույնը խնդրեց, հետո ջահել աղջիկներ եկան, հավանաբար երկվորյակ քույրեր, նրանք ամբողջ լոլիկը տարան, ինձ սիրալիր տեղեկացրին, որ մաման պիտի լեչո փակի: Գործատուս անմիջապես լոլիկի նոր արկղեր բերեց, իր ձեռքով սիրուն դասավորեց: Ես ուզենամ էլ՝ չեմ հասցնի, վարունգի ու սխտորի հերթերը գնալով երկարում են:
— Հիանալի սխտոր է, տեղական, մեր անուշ Հայաստանի բերքաբեր հողից սնված, ամեն դարդ ու ցավի դարման: Վարունգ եմ ասել՝ խնդրում է, որ բանկան մտնի, ձմեռվա թթու դառնա: Բազո՞ւկ եք ուզում, խնդրեմ, անմահական համից ուշքի չեք գա, մի կես կիլո էլ գազար տարեք, չեք փոշմանի, ապուրն առանց գազարի համ չունի…
Աշխույժ առևտրի բովում մոռացել եմ, որ եկել եմ առաջին խավի հոգեբանությունն ուսումնասիրելու, ոչ թե վաճառական նախնիներիս գեներն արթնացնելու: Գիտական թեզիս էջը բացվեց կեսօրին, երբ գործատու Համոն մի տասանոց գրպանս դրեց ու գովեց մարդկանց հետ լեզու գտնելու տաղանդս: Մյուս վաճաողուհիները, ինչպես նաև տղամարդիկ, իրենց ապրանքի կողքին կանգնել են հոգնած դեմքերով, ձանձրացած, զզված այն գնորդներից, որոնք ձեքերով ապրանքը շոշափում են ու թողնում գնում: Նմանների հետևից միշտ մի քանի բառ անեծք է հղվում: Տհաճ է, իրենք լինեն գնորդը՝ պիտի նույն ձևով ընտրեն:
Երկու մետրի չափ հեռու վաճառասեղանի մոտ մի տարեց կին է կանգնած, կանաչու տեսականի է ծախում: Ապրանքը շուտ-շուտ ջրում է, թափահարում, էլի տեղը շարում: Ինձ շուտ է աչքի տակ առել, մի հարմար պահի խրատեց.
— Աղջիկ ջան, էս քո տեղը չի, գրագետ ես երևում, էստեղ սաղս անկիթ ժողովուրդ ենք, կարիքի պատճառով եկել տանջվում ենք: Էս պատվաբեր գործ չի, աղջիկ ջան, գնա մի լավ տեղ քո արևի ձենն ածա:
— Տատի ջան, մարդ լինելու հետ գրագիտությունն ի՞նչ կապ ունի, բոլոր մարդիկ հոգու տեր են, ընտանիքի տեր են:
Մանր, դեմքի պարարտության մեջ խոր ընկած աչքերով նայեց, նայեց, բան չխոսեց: Պարծենկոտություն չլինի ասելը՝ ինձ թվաց՝ տատիկն իրեն լավ զգաց, ով իմանա՝ գուցե նաև հպարտացավ իր ունեցածով: Աջ կողմում ջահել հարս է առևտուր անում, սեղանին կարտոֆիլի բլրակներ են, դրանցից մեկին նա Արարատի տեսքն է տվել, երեխան էլ նայի՝ Սիսն ու Մասիսն անմիջապես կճանաչի: Բոլոր գնորդներն աշխատում են սուրբ լեռանը ձեռք չտալ՝ կողքերի կարտոֆիլն են տոպրակների մեջ լցնում:
Մի հարմար պահ էլ հարսը գտավ՝ առաջարկեց ոտի վրա սուրճ խմել, թերմոսով հետն է բերել: Համով է, իմ եփածին նման: Ձախից ձմերուկ ծախող մի ջահել աչքն ինձնից չի կտրում, սիրուն տղա է, կարծես իր սիրունությունն է շուկա բերել, ամեն մոտեցող կին ու աղջիկ նրա ձմերուկն են նախընտրում, հետը մի քանի կատակ անում: Բայց տես, որ նա ինձ է աչքադրել, ճաշակ ունի տղան:
Հոգեբանական առաջին եզրակացությունս՝ այս մարդիկ ապրում են պարզ կենցաղով, ուրախանում են ամեն փոքրիկ հաջողությամբ ու պատրաստ են միմյանց ձեռք մեկնել, թեկուզ մի գնորդ էլ կորցնելու գնով: Տպավորությունս, ցավոք, վաղաժամ էր. երեկոյան, երբ մարդկանց հոսքը նոսրացավ, շուկայի հետնամուտքից վեճի ձայներ լսվեցին, երկու միջին տարիքի տղամարդիկ են կռվում, մի կին հիստերիկ ձայնը գլուխը գցած փորձում է նրանց բաժանել: Ժխորն աստիճանաբար մեծացավ, շատերը խառնվեցին, այս ու այն կողմից հայհոյանքի բառեր են լսվում, մարդիկ անկանոն վազվզում են: Անհանգստությունը սողոսկեց սրտիս մեջ, որպես հոգեբան գիտեի, որ այդ ընդհարումը բարի վախճան չի ունենա: Դիմացի տատիկն անտարբեր էր, ասաց.
— Էլի Համոն ու Շուրիկն են կռվում, մեկը հարբեցող, մեկն անառակ, իրար հետ չեն կարում կնիկ բաժանեն: Հա, հա, աղջիկ ջան, աչքերդ մի չռի, դրանց պատմությունը հին արմատներ ունի:
Տատիկը բռնեց մի նողկալի պատմության թելից, բաց չի թողնում: Քիչ հեռվում՝ գոռում-գոչյուն, անպատիվ խոսքեր, տատիկն իր պատմությունով՝ սարսափ ֆիլմի տեսարան: Տասը րոպե անցած կլիներ՝ ամբոխը ցրվեց, լսեցինք, թե Համոն Շուրիկին, թե Շուրիկը Համոյին դանակահարել է, միլիցիան եկավ, շտապ օգնությունը եկավ, վիրավորներին ու վկաներին տարան:
Խաղաղ օրվա ավարտը տխուր վախճան ունեցավ:
— Ամեն օր էս ա,- հառաչեց դեպքի վայրից վերադարձած ջահել հարսը,- մարդս խոպանից գա՝ տանը նստելու եմ կարուձև անեմ, զզվեցի էս անտեր առևտրից:
Հակառակ կարծիքի էր գործատուս: Տուն ճամփելուց առաջ ինձ ահագին գովաբանեց, ևս մի թղթադրամ գրպանս սահեցրեց:
— Վաղուց ըսենց առևտուր չէի արել, դու իսկական տաղանդ ես, ոտքդ էլ խերով ա: Դե, մինչև առավոտ: Բարի գիշեր:
Աշխատավարձս պայուսակիս մեջ տեղավորեցի, ծանոթներիս հրաժեշտ տվեցի ու պուկ՝ դեպի ասպիրանտական հանրակացարան: Տվյալ օրվանից ոտքս Մալաթիայի շուկա չեմ դրել: Այդ միջավայրում որևէ ուշագրավ հոգեբանություն չկար՝ մարդիկ մի կտոր հացի կռիվ էին տալիս՝ առանց նկատելու, որ մսխում են գեղեցիկ ապրելու իրենց մի հատիկ հնարավորությունը: Երկուսն էլ, խնդրեմ, ընկան հիվանդանոց, հետո կընկնեն քաղմաս, ինչ է, թե մի թեթևսոլիկ կնիկ մեկ մեկի հետ է սիրլի-բիլի անում, մեկ մյուսի: Փչանում է հայ կնոջ կերպարը, տեսնելու համար մանրադիտակ պետք չէ:
Շարունակելի