Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է
Հուլիսի 4-ը Հայաստանի ազգային գրադարանի օրն է:
103 տարի առաջ այս օրը Հայաստանի Մայր գրադարանը ստացավ պետական հանրային գրադարանի կարգավիճակ:
Հոբելյանաշատ 2022-ին լրանում է նաև Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման՝ Արական գիմնազիայի հավաքածուի հիման վրա ֆոնդերի ձևավորման 190-ամյակը։ Կարևոր դերակատարություն ունենալով հայ ժողովրդի գիտամշակութային կյանքում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան
պետական հանրային գրադարանը զբաղվել է նաև գրահրատակչական գործունեությամբ։ Գրադարանի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1937թ.-ին։ Այս տարի լրանում է նաև գրադարանի հրատարակչական գործունեության 85-ամյակը։
Գրադարանի պարբերական հրատարակություններից ամենաերկարամյան «Հիշարժան տարեթվեր» օրացույցն է ։ Այն լույս է տեսնում 1947 թվականից և հրատարակվում է մինչ օրս. 2022-ին լրանում է օրացույցի հրատարակության 75-ամյակը։
Իսկ հայ գրատպության 510-ամյակը այս տարվա գլխավոր հոբելյանն է։
Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել է աննախադեպ միջազգային գիտաժողով՝ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով, որը նվիրված է հայ գրատպության 510- ամյակին։ Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Հիշարժան այս օրվա առթիվ շնորհավորում ենք բոլորիս՝ աշխատակիցներին, ընթերցողներին, գրադարանի բարեկամներին, գործընկերներին և ողջ հայությանը: