«Լեզուն մեր անցյալն է, մեր պատմությունն է… նաև ՝ ներկան ու ապագան»
«Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ»:
Օսիպ Մանդելշտամ, ռուս բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ
Մեր առջև աշխարհի հնագույն քարտեզներն են: Շումերներից մեզ հասած 3500-ամյա կավե սալիկ-քարտեզը պատմում է, որ Հայաստան երկիրը գոյություն է ունեցել դեռ հազարամյակներ առաջ և կանգնած է եղել համաշխարհային քաղաքակրթության ակունքներում: Աշխարհի թատերաբեմից անցած-գնացած քաղաքակիրթ ազգերը մեզ կոչել են «Սուրբ օրենքների երկիր»: Իսկ հազարամյակներ անց օտար հայագետները Հայերենն անվանել են Աստծո լեզու: Այդ լեզվով դեռ 4-րդ դարում թարգմանվել է «Աստվածաշունչը»՝ մնալով մինչ օրս չգերազանցված և կոչվելով «Թարգմանությունների թագուհի»: Հետո 10-րդ դարում այդ լեզվով Գրիգոր Նարեկացին «ի խորոց սրտի» պետք է խոսեր Աստծո հետ՝ ծնունդ տալով համաշխարհային գրականության
մեջ դարձյալ չգերազանցված «Մատյան ողբերգությանը»:
Պատմության քառուղիներում հանդիպած փորձությունները հայ մարդուն հաճախ տարան օտար երկրներ: Բայց մեր նախնիները ամենուր իրենց հոգուց և մտքից թողեցին ցոլանք՝ այդ երկրներում հիմք դնելով նոր պատմամշակութային իրողությունների. Մադրասում 1794 թ.-ին հրատարակվեց առաջին հայերեն պարբերականը՝ առաջին թերթը նաև հնդկական իրականության մեջ: 1638թ. Իրանում տպագրվեց առաջին գիրքը՝ Դավթի Սաղմոսները հայերեն լեզվով, որը առաջին տպագիր գիրքն էր ոչ միայն Իրանում , այլև ամբողջ Մերձավոր Արևելքում: Եվ սրանք ընդամենը մի քանիսն են այն փաստերից , որոնք ոչ միայն ամրագրում են մեր տեղն ու դերը պատմության մեջ, այլև դառնում են հիմնաքար, որի վրա կառուցվում է հայերի և աշխարհի ժողովուրդների բարեկամության կամուրջը: Փորձե՛ք պեղել մարդկության պատմության էջերը, և ամենուր կգտնեք պատմա-մշակութային իրողություններ, որոնք ոչ միայն մեր ազգային ժառանգությունն են, այլև այդ երկրների հարստությունը:
…Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը կողք կողքի ապրում են հայ և պարսիկ ժողովուրդները՝ կերտելով իրենց պետականությունն ու մշակույթը: Իրանի հյուսիսային շրջանները եղել են Պատմական Հայաստանի մաս, որի տարածքներում հայերն ապրել են անհիշելի ժամանակներից: Դարեր շարունակ հայ և պարսիկ ժողովուրդներին միավորում են շատ ընդհանրություններ. օրինակ, նրանց լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են :
1604-05 թթ. Իրանի շահ Աբբասը կազմակերպում է հայերի բռնագաղթը՝ իր հետ տանելով 300.000 հայերի: Նրանք հիմնականում Ջուղայից էին: Հայերը հիմնադրում են Նոր Ջուղան: Շահ Աբբասը և նրան հաջորդած պարսիկ տիրակալները սկսում են օգտվել հայերի ստեղծագործ մտքից՝ նրանց վստահելով պետական պատասխանատու պաշտոններ՝ խորհրդականներ, դիվանագետներ, զինվորականներ…Հայերի գալով՝ երկրում ծաղկում է մշակույթը, զարգանում են արհեստները…Իրանում մեծ փառք ու հարգանք վայելող հայազգի գործիչներից է եղել Ջահանգիր խանը, ով տնօրինել է մշակույթի ոլորտը, իսկ միևնույն պահին նրա եղբայրը եվրոպական երկրներում եղել է դեսպան և պատվով է ներկայացրել տվյալ երկրի շահերը:
Իրանում հայերը այդ պետության կյանքին մասնակցել են հետագա դարերում ևս. վերջին ակնառու փաստը 1980-88թթ. 17.000 հայերի մասնակցությունն էր իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը հերոսաբար զոհվեցին: Իրանի սահմանադրությամբ հայերին վերապահված է մշակութային և կրոնական լայն ինքնավարություն: Գործում են մշակութային և մարզական բազմաթիվ ընկերություններ: Երկրում կա 45 հայկական դպրոց, որից 15-ը՝ Թեհրանում: Հայերի ստեղծագործական, մշակութային կյանքը Իրանում շարունակվում է:
Եվ ահա մի հայ ուսուցիչ տասնամյակներ շարունակ զբաղվում է լեզվաբանությամբ, պատմության ծալքերից պեղում է Հայոց լեզվի բառերի դեռևս անհայտ կենսագրությունը, որոնք բացահայտում են նոր իրողություններ՝ կապված Հայ և պարսից լեզուների փոխառնչությունների հետ: Նա տասը տարուց ավելի դասավանդել է հայկական դպրոցներում, իսկ հետո ևս տասը տարի աշխատել է պարսկական դպրոցներում՝ դասավանդելով պարսից լեզու և գրականություն: Նա ներդնում է բոլոր ջանքերը՝ պահպանելու և տարածելու համար Հայոց լեզուն, հայ երեխաներին ուսուցանում է հայ լեզուն, իսկ պարսիկների համար բացահայտում է մեր հնագույն լեզվի շերտերը: Մանկավարժ և մտավորական Էդիկ Մեհրաբյանն է նա, ում լիարժեք կերպով բնութագրում է ֆրանսիացի անվանի պատմաբան Իվ Թերնոնի հետևյալ խոսքերը, ով ամբողջ աշխարհում հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր գրքերով և հոդվծներով.
– Հայերը ծնվում են շիկացած ածուխը սրտերում, հրով, որը պահպանում է նրանց պանդխտության մեջ:
ՀԱՅ ԼԵԶՎԻ ԵՐԴՎՅԱԼ ԶԻՆՎՈՐԸ
-Ծնվել եմ Թեհրանում՝ 1956 թվականին: Դեռևս երիտասարդ էի՝ 18 տարեկան: Իրանում պարսկերենով լույս տեսավ «Իրանահայերը» գիրքը: Այն ներկայացնում էր ոչ միայն Հայոց ցեղասպանության իրողությունը, այլև խոսվում էր լեզվի մասին: «Իրանահայերը» գրքում ուշադրությունս գրավեց այն փաստը, որ հայերեն «դժվար», «անգամ» և «անդամ » բառերը նույնարմատ և նույնանման են նաև պարսկերենում: Այս գիրքը ինձ հուշեց հետազոտել և տեսնել, թե քանի՞ նման բառեր կան պարսկերենում: Եվ ես սկսեցի ուսումնասիրել հայերեն և պարսկերեն լեզուներում առկա նույնարմատ և նույնահունչ բառերի ամբողջ պաշարը: Աշխատում էի ինքնուրույն՝ առանց լեզվաբանների օգնության և միջամտության: Շնորհիվ պարսկերենի իմացությանս ՝ պարսկական գրականության մեջ շարունակեցի որոնել և գտնել իմաստներով և արմատներով նման հայերեն և պարսկերեն բառեր, դրանց առնչությունները համեմատում եմ անգամ գավառականներ հետ:Մինչ օրս ծայրից ծայր կարդացել եմ Հրաչյա Աճառյանի ստվարածավալ քառահատոր «Արմատական բառարանը»՝ արդեն չորս անգամ: Այսօր արդեն պատասխանատվությամբ և հպարտությամբ կարող եմ ասել, որ կան 100-ավոր բառեր, որոնք առաջին անգամ ստուգաբանել եմ ես: Նշեմ մի քանիսը՝ կոթ, խորթ, բուրդ, կարել, գեր, գեղեցիկ, կկոցել , տիլ(տիղմ), տիկ, որդի, քիթ, կլափ(ստորին ծնոտ), բերան, կարել…Ընդ որում նշված բառերն առկա են բոլոր գավառականներում: Սրանք այն բառերն ու բառարմատներն են, որ լեզվաբանները կարծել են, թե դրանց հայկական լինելու պատճառով չեն գտնել եվրոպական լեզուներում, մինչդեռ դրանք առկա են պարսկերենում: Այս մասին ընթերցողը մանրամասն կծանոթանա իմ առաջիկա հոդվածներում:
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը: Եվ գիտնականներից ովքե՞ր են Ձեզ վրա ազդեցություն գործել:
-Հիմնական շարժառիթը հենց Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանն» էր, որտեղ մեծ գիտնականն ի ցույց է դրել մեր լեզվի ամբողջ շքեղությունը: Եվ ես իմ հերթին ուսումնասիրություններիս միջոցով ցանկացել եմ մեկ անգամ ևս ընդգծել Հայոց լեզվի հարսությունն ու կենսունակությունը:
-Պարո՛ն Մեհրաբյան, Հրաչյա Աճառյանի և մեր մյուս մեծերի կոթողային աշխատություններից հետո թվում էր՝ այլևս անհնար պետք է լինի հայ լեզվաբանության ասպարեզում նոր խոսք ասելը: Դուք Ձեր ուսումնասիրությունների արդյունքում նորովի եք բացահայտում հայերենի և պարսկերենի բազմաթիվ բառերի ու բառարմատների փոխառնչությունները: Կխոսե՞ք այս մասին:
-Այո, Դուք իրավացի եք: Հր.Աճառյանի գործի մեծությունը երկար տարիներ կախարդել է լեզվաբաններին: Թվում էր՝ այլևս անհնար է առավել բան ասելը: Այդպես էի մտածում նաև ես: Բայց երբ բացահայտեցի առաջին 10 նույնարմատ բառերի առկայությունը պարսկերենում(ընդ որում ուսումնասիրություններս ցույց տվեցին, որ այդ բառերի փոխատուն հիմնականում եղել է Հայոց լեզուն), եկա այն եզրակացության , որ մեր լեզուն դեռ շատ հարստություններ և գաղտնիքներ է իր շերտերում թաքցնում: Նշեմ, որ ես նշանակետ եմ ընտրել այն բառերն ու բառարմատները, որոնց կողքին «Արմատական բառարանում» գրված է՝ ծագումն անհայտ է: Այդ բառերը գտնվում են նաև պարսկերեն գավառականներում, իսկ մենք գործածում ենք ազգովին: Ես հակված չեմ այն մոտեցմանը, որ, երբ ուսումնասիրության նախնական փուլում չի հաջողվում պարզել բառի ծագումնաբանությունը, փորձում են դա վերագրել հարևան ժողովուրդներին: Հր. Աճառյանի «Արմատական բառարանում» կան 10-ից ավելի բառեր, որոնց կողքին չի հիշատակված, որ դրանք գործածական են և՛ պարսից լեզվում, և՛ հայերենում:
Իմ տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայոց լեզուն ավելի հին է: Եվ եղան լեզվաբաններ, ովքեր փաստեցին, որ ես, իրոք, նոր ճանապարհ եմ բացել: Չի կարելի Հայոց լեզվին կամայականորեն վերաբերվել:
-Լեզվական փոխառնչությունները լեզվի պատմության մաս լինելուց զատ նաև երկու ժողովուրդների հարաբերությունների պատմություն են: Այս առումով Ձեր ուսումնասիրությունները մինչև ո՞ր դարաշրջան են հասցնում հայ և պարսիկ ժողովուրդների բարեկամությունը:
-Մեր փոխառած բառերն ակնառու են անգամ պահլավերենում՝ մեծ մասամբ զինվորական: Իսկ հայերենի ու պարսկերենի տարաբնույթ բառերն ու բառարմատները զգալի թիվ են կազմում: Լեզվական առնչությունները սկսվում են անհիշելի ժամանակներից: Ամենաբացահայտը «կոկ» կամ «կիկ» արմատն է՝ որպես աչք: Նշենք նաև «վար» արմատը՝ ջուր…Այս բառարմատները ներկա են իրանական գրեթե բոլոր գավառականներում:
– Պարո՛ն Մեհրաբյան, գերմանացի լեզվաբան, հայագետ Հ. Պետերմանը, ուսումնասիրելով մեր լեզուն, այն համարել էր իրանական բարբառ. նրան շփոթության մեջ էին գցել պարսկերենից փոխառված բառերը և բառարմատները: Հետո միայն պետք է հաստատվեր, որ հայերենը ոչ միայն հնդեվրոպական լեզու է, այլև հնդեվրոպական լեզուների տոհմածառում առանձին ճյուղ է հանդիասանում: Այդուհանդերձ, հաշվարկ արվե՞լ է, թե պարսկերենից փոխառված քանի՞ բառ ունենք:
-Չհաստատելով Հ.Պետերմանի տեսակետը՝ նոր փաստերի լույսի ներքո նկատեցի, որ նրա բերած օրինակները շատ պարզունակ են եղել:Ես այն վարկածն եմ առաջ քաշում, որ նորահայտ , միասնական բառերը պետք է ավելացնել ցեղակից բառերի դասին: Պետք է հավաստել, որ այսօր այդ ցեղակցությունը զգալի թիվ է կազմում, որը չպետք է մեզ շփոթեցնի: Եթե դրանք բացառապես վերագրենք պարսկերենին, նշանակում է հաստատել Հ. Պետերմանի տեսակետը և բառացիորեն խաչ քաշել Հայոց լեզվի անկախության վրա: Մինչդեռ հետագա լեզվաբանները՝ Հյուբշմանը և նրան հաջորդած մյուս ականավոր դեմքերը հաստատել են, որ հայերենն առանձին, անկախ լեզու է: Հայերենին պետք է յուրօրինակ տեղ հատկացնել: Մենք կանգնած ենք ակունքներում:
-Իրանցիները հայտնի հայագետներ և արվեստագետներ են ունեցել,որոնք միշտ բարձր են գնահատում և տարածում են մեր պատմամշակութային ժառանգությունը: Իսկ լեզվաբանների շարքում կա՞ն մարդիկ, որոնք ուսումնասիրում են հայերենը: Ի՞նչ համատեղ աշխատանքներ եք իրականացրել նրանց հետ:
-Պարսիկ լեզվաբաններն իրենց դասագրքերում հայերենը ցեղակից լեզու են համարում: Բայց Իրանում չեմ ճանաչում որևէ մեկին, ով շարունակի փնտրել նոր առնչություններ: Միայն մեկ անձի կարող եմ հիշատակել՝ դոկտոր Ֆերեյդուն Ջունեյդին, ով իրանագետ է: Նա միակն է, որ հավատում է հետևյալ տեսակետին.այն բառերը, որոնք պարսից լեզվից փոխառյալ են համարվում, դեռևս նախահիմք չեն պնդելու, որ դրանք անպայմանորեն հայերն են իրենցից վերցրել: Բացառված չէ, որ փոխատու լեզուն հենց հայերենն է: Եվ դա նույնպես իրականություն է: Հայոց լեզվին պետք է նայել իր խորքերի մեջ: Հազար ու մի դարձվածքներ հուշում են բառի նախնական իմաստը:
Ինչ վերաբերում է համատեղ աշխատանքերին, նշեմ, որ միայն այդ մարդու՝ դոկտոր Ֆերեյդուն Ջունեյդին, ով դասավանդում է իրենց ազգային էպոսը՝ «Շահ-Նամեն» և պահլավերեն: Երկու հոդված եմ տպագրել Իրանի Լեզվի ինստիտուտի «Բուլթենում» (որը կոչվում է «Նամե Ֆարահանգեստան»): Դրանցից մեկում մանրամասն ներկայացրել եմ պարսկերեն «թարքե» բառի ստուգաբանությունը: Ես ասել եմ, որ այն կազմված է «թար» և «ռաքե» արմատներից և միասին նշանակում է՝ թաց, դալար ճյուղ: Նրանք դա մեծ ոգևորությամբ էին ընդունել: Եվ առաջինը ես եմ այդ բառի ստուգաբանությունը դրել գիտական շրջանառության մեջ:
-Վերջին տասնամյակների ընթացքում և այսօր էլ մեր հարևան շատ ժողովուրդներ, նաև՝ եվրոպական գիտական կենտրոններ նենգափոխում են Հայոց պատմությունը, յուրացնում են մշակութային ժառանգությունը: Իրանական ժողովրդի շրջանում նման դրսևորումներ նկատվե՞լ են…
-Եթե եվրոպական գիտական կենտրոնները և հատկապես՝ թուրքերը, վրացիները դա կատարում են բացահայտ, ապա իրանական որոշ շրջանակներում նույնը իրականացվում է քողարկված: Օրինակ , մի շարք պատմաբաններ գրում են, թե իբր Հայաստանը մշտապես Պարսկաստանի մաս է կազմել: Այս կեղծ թեզին հակադարձելու է գալիս Լեզուն: Նրանք այստեղ անզոր են: Բայց նման բաներ հիմնականում ասվում են անտեղյակությունից: Մինչդեռ բազմաթիվ են այն գիտնականները, որոնք չեն մեղանչում պատմական ճշմարտության առաջ:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր գիտական գործունեության ընթացքում:
-Տարիներ առաջ դիմել եմ Հայոց լեզվի ուսումնասիրությամբ զբաղվող շատ մասնագետների: Հինգ անգամ բերել և ներկայացրել եմ հոդվածներս :Եվ հիմա սպասում եմ պատասխանի: Կարելի է ասել՝ մեծ մասն անտարբեր են: Օրինակ, ԵՊՀ-ի Արևելեգիտական Ֆակուլտետի ղեկավարներից շատերն իմ կատարած աշխատանքները համարել էին անհիմն: Իսկ բանասիրության ամբիոնի ղեկավար անձնակազմը կատարածս բացահայտումները որակել էին որպես պատահականություն: Ու ես եկա այն համոզման, որ պետք է այս աշխատանքները հանձնեմ հասարակության լայն զանգվածների դատին, որոնց շարքերում քիչ չեն լուրջ ուսումնասիրողները: Եվ «Մագաղաթ.am» կայքի՝ դրանք տպագրելու ցանկությունն ու հանձնառությունը ասվածի ապացույցն է: Զգում եմ, որ ջանքերս զուր չեն անցել:
-Այս տարիների ընթացում Ձեր կատարած աշխատանքների հանդեպ ուրիշ ի՞նչ արձագանքներ են եղել:
-Վերջին տարիներին Իրանում տպագրվել է «Պարսից լեզվի արմատական բառարան»: Հեղինակները «կարթ» և «կար» արմատների քննարման տակ տեղադրել են իմ տեսակետը. նրանք ուշադրության են արժանացրել այն փաստը, որ ես «սարդոստայն » բառի հիմքը դիտարկել եմ «կար» արմատը, որ պարսկերենում հնչում է՝ «քար»: Սարդ միջատին պարսկերենում ասում են՝ «քարթանաք», որ հնչողությամբ կարելի է համարել՝ թելագործ: Եվ ահա բառարանի հեղինակները իմ ստուգաբանությունը համարել են առավել համոզիչ, քան մինչ այդ եղած բացատրությունները:
-Ես գիտեմ, որ Դուք նաև մանկավարժ եք: Ի՞նչ խնդիրներ կան գաղթօջախներում հայ մանկանը հայ կրթելու հետ կապված:
-Այո…Ավելի քան տասը տարի դասավանդել եմ հայկական դպրոցներում, տասը տարուց ավելի էլ ՝ պարսկական դպրոցներոմ՝ պարսից լեզու և գրականություն: Ցավոք, հայերենի դասավանդումը չի համընկնում ներկա հայ սերնդի բառապաշարին: Հնարավոր չէ փոխանցել Հայոց լեզվի ժառանգությունն ու գրականությունը: Պետք է կիրառել նախնական ամուր քայլեր, որպեսզի հայ սերունդը նախ մտածի հայերեն, ապա ընկալունակ լինի մեր գրականության առանձնահատկությանը:
Ըստ իս, ՀՀ Սփյուռքի նախարարությունը մեկընդմիշտ պետք է զանազան վարպետության դասընթացներ կազմակերպի Սփյուռքից եկած ուսուցիչների համար. մի բան, որ մինչ օրս չի արվել: Մինչդեռ շատ կարևոր է նրանց պատշաճ կրթելը: Պետք է նման ձեռնարկներ իրականացնել, դրանց մեծ ընթացք հաղորդել: Կարևոր եմ համարում Սփյուռքի դպրոցներում երգի ու պարի դասավանդումը՝ այն, ինչ արվում է հայրենի դպրոցներում: Այստեղ մեծ դեր կարող են կատարել Սփյուռքի նախարարությունից գործուղված մանկավարժները:
-Պարո՛ն Մեհրաբյան, ֆրանսիացի հայագետ, լեզվաբան Անտուան Մեյեն ասել է. « Այն ժամանակներում, երբ Ֆրանսիա անունը գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է կատարել պատմության մեջ: Այն ժամանակներում, երբ ֆրանսերենը չէր տարբերվում լատիներեից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն: Հայ ազգի գրական հեղինակությունները այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են Արևմտյան Եվրոպայի ազգերի մեծամասնության հեղինակություններին»: Ըստ Ձեզ ո՞րն է Հայ ժողովրդի և Հայոց լեզվի տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության ասպարեզում:
-Միանշանակ, հաստատում եմ թե՛ Ա .Մեյեի և թե՛ մյուս մեծերի բնորոշումները: Մեր պատմության մեջ սկսվել է նոր շրջափուլ, երբ Հայը հրատարակում է իր Պատմությունը, ներկայացում է իր Մշակույթը, և մենք նորից վերադառնում ենք համաշարհային բեմ: Առաջին քայլը պետք է կատարենք մենք: Բայց մեր հին գրականության հուշարձանները, ինչ գնով ու չարչարանքով էլ լինի, պետք է թարգմանենք տասնյակ լեզուներով ու թողնենք աշխարհի մեծ գրադարաններում: Առաջին քայլը՝ ճանաչողությունը, պետք է իրականացնենք հենց ինքներս: Եվ դա պետք է իրականացնեն միայն սեփական մշակույթի գիտակ, ազնիվ նվիրյալները…
-Ավետիք Իսահակյանն ասել է. «Հայրենիքը Լեզուն է»: Որո՞նք են լինելու այն սյուները, որի վրա պետք է խարսխվի հայ ժողովրդի ապագան:
-Մեծն Իսահակյանի ասածը սրբացնելով՝ նշեմ, որ մենք միայն լեզվի միջոցով կառանձնանանք և կպահպանվենք մարդկության պատմության մեջ: Ավելացնեմ Ավետիք Իսահակյանի մեկ այլ խոսքը՝ «Լեզուն ազգի հոգին է»: Եվ, իսկապես, Լեզուն մեր անցյալն է, մեր պատմությունն է…նաև՝ ներկան ու ապագան:
Զրուցեց Հասմիկ Պողոսյանը