Անահիտ Վարդանանց. «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐՆ Է…»
Խորհրդային տարիներին մտավորականները, այդ թվում՝ ուսուցիչները, պետության աջակցության ներքո էին, այդ իսկ պատճառով շատերը դժվարանում էին ինքնակազմակերպվել, չէ՞ որ ավարտելուց հետո պետության աջակցությունն ունեին: Նրանցից շատերը չվերագտան իրենց տեղը կյանքում, ոմանք էլ կորցրեցին իրենց սիրելի զբաղմունքը, կամ այդ զբաղմունքը իրենց նյութական անկման հասցրեց: Համեմատաբար երիտասարդները, գիտակցելով այդ տարիներին և հետագայում փոխված հասարակարգում նոր ու եկամտաբեր աշխատանք ունենալու անհրաժեշտությունը և լավ ուսումնասիրելով իրենց շուրջն ու բնագավառը, կարողացան ինչ-որ ելք գտնել, իսկ նրանց արդյունավետ գործունեությունը, կարելի է ասել, ոգեշնչման աղբյուր է դարձել մերօրյա երիտասարդների համար:
Հասարակական եռանդուն գործունուեությամբ է հանդես գալիս Անահիտ Վարդանանցը, որին իրական կյանքում շատերը ճանաչում են գուցե միայն որպես գործարար կին, իսկ ֆեյսբուքյան
հարթակը նրան ճանաչում է որպես բանաստեղծուհի, հասարակական գործիչ և հայրենասեր հայուհի: Իսկ շատերն էլ կբացահայտեն, որ ամեն օր գրիչ բանեցնող կինը, որին ընդունել ենք որպես շնորհաշատ բանաստեղծուհի, հրապարակախոս և հասարակական գործիչ, փաստորեն այս պահին ունի իր սեփական գործը, և ոմանք մի փոքր դժվար կպատկերացնեն, որ ստեղծագործող հայուհին միաժամանակ նաև երկարամյա հմուտ գործարար կին է:
– Երբևէ Ձեր մտքով անցե՞լ է, որ կանցնի ինչ-որ ժամանակ, և Դուք կմտնեք գործարարության ասպարեզ: Ինչպիսի՞ն եք պատկերացրել Ձեզ որպես գործարար:
– Խորհրդային ողջ ժամանակաշրջանում մարդիկ սովոր էին, որ իրենց փոխարեն պետությունն է աշխատատեղեր ստեղծում, իսկ իրենց մնում է միայն աշխատել պետության թելադրած պայմաններով՝ գոհանալով ռոճիկով ու փառք տալով խորհրդային հզոր երկրին ու նրա ղեկավարությանը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նման մտածելակերպը դեռ երկար ժամանակ շարունակվում էր, և բնականաբար նման պայմաններում գործարարության ոլորտ մտնելու մասին մտածելն անգամ համարձակություն էր: Դա իմ մտքով անցնելու էր շուրջ երկու տասնամյակ հետո միայն, երբ ուսուցչուհի էի:
Գործարարության ոլորտի մասին տեղեկություններս այնքան էլ հարուստ չէին, երևակայությունս հիմնականում պտտվում էր կինոնկարների գործարար հերոսների շուրջ, բայց պատկերացումներս, բնականաբար, հայկական միջավայրից չէին կտրվում: Հետագայում, իմ սեփական գործը հիմնելուց նույնիսկ շատ տարիներ անց, զարմացած նկատում էի, որ գրեթե նույն մարդն եմ, ինչպիսին ինձ պատկերացրել եմ առաջ:
– Ինչպե՞ս ընդունեց գործարար աշխարհը նորեկին, և ինչպիսի՞ն տեսաք նրան ներսից:
– Գործարար աշխարհում հարաբերությունները համարյա նման են կյանքում մարդկային փոխհարաբերություններին: Ոմանք խեթ էին նայում, ոմանք՝ հեգնանքով, նույնիսկ արհամարհանքով, մրցակիցներ էլ կային, որոնք վատ թաքցրած թշնամանքով էին վերաբերվում, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ, որովհետև մեծամասնությունը բավականին լավ ընդունելության է արժանացրել:
Առաջին կարծիքս, որ լավ տպավորվել է, և մինչև հիմա էլ չեմ փոխել, այն է, որ շատ գործարարներ ճիշտ չեն հասկանում իրենց դերն ու պարտականությունները հասարակության կյանքում: Նրանց թվում է, որ եթե գործարար են, ապա իրենք միայն արտոնություններ ունեն, և իրենց ամեն ինչ կարելի է: Ոմանք էլ գործարարությունը շփոթում են խորտկարանի ու զվարճանքների վայրի հետ. փոխանակ լրջորեն զբաղվելու իրենց գործով՝ ցույց են տալիս, թե իբր գործարարությամբ են զբաղվում, մինչդեռ այս ասպարեզ են եկել միմիայն ուտելու և զվարճանալու նպատակով: Ունակ ուրիշ մարդկանց տեղն են պարզապես զբաղեցրել: Բայց այս երևույթը հատուկ է ոչ միայն Հայաստանի գործարար կյանքին, այլև հետխորհրդային ողջ տարածքին:
Հարյուրամյակների փորձ ունեցող քաղաքակիրթ երկրներում ընդունված է ուրիշ մտածելակերպ. գործարարը հասարակության մնացած անդամներից տարբերվում է միայն այն բանով, որ նա այդ նույն հասարակության համեմատաբար ավելի գործունյա և ակտիվ մարդկանցից է, որն ինքն է իր և ուրիշների համար աշխատանք ստեղծում, ինքն էլ իրեն վճարողն է: Իսկ ինքն իրեն վճարած գումարի մեծությունը հակադարձ համեմատական է նրա բարոյականությանն ու ներաշխարհի հարստությանը:
Հաշվի առնելով գործարար մարդկանց ունակությունները՝ հասարակությունը նրանց լիազորել է կյանքի համար բարեկեցիկ պայմաններ ստեղծել, բարիքներ արտադրել և մարդկանց սպասարկել: Իսկ մի՞թե դա պարտականություն չէ, որ մեզանում ոմանք ստանձնել են ու «մոռացել»՝ իրենք իրենց արտոնյալ վիճակ շնորհելով:
– Գործարարությամբ զբաղվելու ընթացքում ինչպե՞ս են վերաբերվել Ձեզ տղամարդ գործարարների միջավայրում, առանձնահատուկ վերաբերմո՞ւնք են ցուցաբերել որպես կնոջ, ինչպես ամենուր է ընդունված, թե՞ վերևից են նայել: Հե՞շտ է լինել հայ կին գործարար:
– Թեպետ խիստ հազվադեպ, բայց պատահել է թե՛ մեկը և թե՛ մյուսը: Իսկ ընդհանրապես գործարար տղամարդկանց գերակշիռ մասը սովորաբար մարդկային նորմալ վերաբերմունք է ցուցաբերում կին գործարարի նկատմամբ: Թեև թեթևակիորեն պատկերացում ունեցել եմ, թե մոտավորապես ինչպիսին է լինելու նրանց շրջանակը, ում հետ հնարավոր հարաբերություններ եմ ունենալու, և ինչեր կարող են պատահել ինձ՝ ընդհուպ հաշվեհարդարն ու ինքնադատաստանը:
Գործարար աշխարհ մուտք գործելուս սկզբից մինչև հիմա քաջ գիտակցել եմ, թե ուր եմ մտնում, համենայնդեպս, գիտեի, որ արվեստագետների միություն կամ փափկասուն տիկնանց կազմակերպություն չեմ մտնում, որպեսզի շրջապատիցս միայն բարեկիրթ պահվածք ու սիրալիր խոսքեր ակնկալեի, իսկ անկիրթ ու կոպիտ խոսքերից և պահվածքից էլ նեղանայի ու հեռանայի:
Ամեն դեպքում, հայ տղամարդն առհասարակ կնամեծար է, կնոջը չի ստորացնում ու նվաստացնում:
Եթե վերհիշենք անցած տասնամյակները, ավելի պարզ կլինի, որ ոչ միայն հայ կին գործարարը հեշտ ու հանգիստ իր գործը չի արել, այլև ընդհանրապես հայ գործարարի համար հեշտ չի եղել: Եթե որևէ երկրում սահմանադրությունից ու օրենքներից ավելի ուժեղ գործում են չգրված օրենքները և ծանոթ-բարեկամին, հավատարիմ մարդուն ինչ-ինչ առավելություններ ու արտոնություններ տալու սովորույթի ուժը, էլ ի՞նչ իմաստ ունի հեշտ ու դժվարին սեռերի միջև հավասարության կամ խտրականության տեսանկյունից նայելը:
– Ինչպե՞ս եք համատեղում գործարարն ու բանաստեղծը մեկ անձի մեջ, մեկը մյուսին խանգարո՞ւմ է, թե՞ լրացնում:
– Գործարարությունն իմ մեջ գերակշռում է բանաստեղծին, որովհետև ժամանակային առումով կանոնավոր ստեղծագործելուց ավելի վաղ է սկսվել իմ կյանքում կամ գուցե այն պատճառով, որ առհասարակ կյանքում ես շարժումն եմ գերադասում: Միտքս արթուն է նույնիսկ քնած ժամանակ, երբեմն ինձ թվում է, թե միշտ եմ արթուն։ Եվ ընդհակառակը, ես ու կանգնած վիճակը անհամատեղելի ենք, որովհետև երկարատև դադարը, իմ համոզմամբ, ճահճացման է տանում՝ անխուսափելի մահ գուժելով:
Իսկ բանաստեղծական ոգին զգացումներիս, հույզերիս ու ապրումներիս ալիքի նման արթնանում է ինչ-որ մի պահի՝ արևածագի շողերի ներքո, հիշողությունների կամարում, տրամադրությունների խաչմերուկներում…
Համենայնդեպս, գործարարն ու ստեղծագործողն իմ մեջ համընթաց են քայլում, և ես առավելություն չեմ տալիս նրանցից ոչ մեկին: Կարևորն այն է, որ նրանք չեն երկփեղկում ներաշխարհս. գործարարության ժամին գործարար եմ, ստեղծագործելիս՝ բանաստեղծ:
– Գործարար մարդու աչքերով ինչպիսի՞ն է եղել Հայաստանի գործարար աշխարհը անկախությունից հետո:
– Գործարարությունը երկրի ձեռքերն ու ոտքերն է: Եթե մարդու ձեռքերն ու ոտքերը հիվանդ են, բնականաբար, նրա կյանքը չի կարող լիարժեք լինել: Այդպես է նաև ամեն մի երկրի դեպքում: Իսկ եթե պատկերացնենք, որ այդ հիվանդ ձեռքերն ու ոտքերը կապկպած են, ապա պատկերը, կարծում եմ, ավելի լիարժեք կդառնա: Որքան էլ ցավալի է, բայց այս վիճակում է եղել Հայաստանի գործարարությունը անկախության գրեթե ողջ ժամանակահատվածում՝ չհաշված երկրորդ նախագահի իշխանության տասնամյակը:
Նախկին խորհրդային հանրապետություններում բույն դրած վայրի կապիտալիզմի գաղափարախոսությունն ու մտածելակերպը Հայաստանում ՀՀՇ-ն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ներդրեցին: Գործարարության խավը ձևավորվեց նախկին «ցեխավիկներից», կոպեկներով գործարանների տեր դարձած տնօրեններից, անսպասելի հաջողության հասած մանր առևտրական քաջնազարներից ու նրանց նմաններից: Ինչևէ, լավ թե վատ, համենայնդեպս, գործարարությունը մութ ու ցուրտ տարիներին կարողանում էր իր գործն անել շրջափակման ու պատերազմի պայմաններում, բայց ազատ չէր գործում:
Երբ իշխանության եկավ նախագահ Քոչարյանը, ՀՀՇ-ականների խեղդող արգելքները վերացրեց, և Հայաստանի գործարար աշխարհը շնչելու հնարավորություն ունեցավ: Դրա շնորհիվ Հայատանի Հանրապետության տնտեսությունը ծաղկում էր՝ տարեկան երկնիշ տոկոսներով աճ ապահովելով երկրի զարգացման համար: Ի դեպ, այդ ժամանակ էր, որ ես, օգտվելով տնտեսական ազատությունից, համարձակություն ունեցա իմ փոքր գործը հիմնել և որոշակի հաջողությունների հասա:
Ցավոք սրտի, հետագայում, Քոչարյանի նախագահության երկրորդ ժամանակահատվածը լրանալուց հետո, գործարարությունը հայտնվեց ավելի սոսկալի ճահճի մեջ, քան մինչ իր օրոք եղած վիճակն էր: Բոլորին են հայտնի այդ ժամանակվա իշխանության վարքագիծն ու գործարարների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, իշխանական և մերձիշխանական շրջանակների սանձարձակությունն ու ամենաթողությունը: Բնական է, որ դա լավ օրի չէր հասցնելու երկրի տնտեսությունը, իսկ որպես դրա հետևանք՝ նաև ժողովրդի սոցիալական վիճակն ու ազգային բանակի մարտունակությունը:
Ներկա իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը նույնպես միայն առերես ու թվացյալ է օրինականություն հայտարարում, մինչդեռ իրականում գործարարները դրանից առանձնապես այնքան էլ շատ չեն շահում:
– Ըստ Ձեզ, ի՞նչ կարող էր անել հայ գործարարն իր ժողովրդի համար, որ չի արել, և ի՞նչ պետք է անի:
– Ըստ տարածված տեսակետի, չորրորդ իշխանությունը մամուլն է, մինչդեռ ես համոզված եմ, որ գործարարությունն է, իսկ եթե նրա հնարավորություններն ու ներուժը անաչառ կշռելու լինենք, ապա իշխանությունների բոլոր երեք թևերից էլ բարձր դիրք կհատկացնենք նրան: Բայց գործարարներն իրենց ուժը մինչև հիմա այդպես էլ լիովին ո՛չ գիտակցել են, ո՛չ էլ՝ իրատեսորեն գնահատել:
Հայերի ձեռներեցությունը դարերով բարի համբավ է ունեցել: Հանրահայտ Մետաքսի ճանապարհը տնօրինող հայ վաճառականության ազնվության մասին հնում առասպելներ ու զրույցներ են պատմվել, որոշ ժողովուրդներ մինչև հիմա էլ հայի անունը պատվով հիշատակող ասացվածքներ ու առակներ ունեն: Սակայն այդ համբավի վրա, ցավոք սրտի, վերջին շրջանում ստվեր է ընկել՝ ծակաչք ու չտես որոշ գործարարների նյութապաշտության պատճառով: Մինչդեռ ժամանակն է, որ ձեռներեց հայ մարդը բարեխիղճ գործունեությամբ իր բարի անունն ու հեղինակությունը լիովին վերականգնի:
Գաղտնիք չէ, որ մեր փոքր պետության դրամագլուխը խիստ սահմանափակ է, ուստի հնարավոր չէ բաշխել այնպես, որ ժողովրդի բոլոր շերտերը նյութապես քիչ թե շատ նորմալ կյանքով ապահովված լինեն: Միայն պաշտոնական տվյալներով երկրի յուրաքանչյուր երրորդ մարդը չքավոր պայմաններում է ապրում, պատերազմից հետո ավելացել են նաև վիրավոր զինվորներն ու զոհվածների ընտանիքները: Այսքանը բավական պետք է լիներ, որ հայ գործարարը քունն ու դադարը կորցներ և իր ազգակիցներին այդ ծանր պայմաններից հանելու մասին միայն մտածեր, գոնե չքավորության վերացումը իր բարոյական պարտքը պետք է համարեր, նաև որոշակի պարտավորություն պետք է ստանձներ իր ժողովրդի առաջ, որ կարիքավորներին իր կարողությունից բաժին է հանելու:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել գործարար հայերից շատերին: Հարգելի գործարար, քո կյանքի ուղեկիցը պետք է դառնան սրտացավությունն ու գթասրտությունը հայրենակիցներիդ նկատմամբ: Չէ՞ որ նրանք օտար չեն, քո ազգակիցներն են, և դու չես կարող լիարժեք ուրախ լինել, առավել ևս՝ երջանիկ, եթե քո հարևանը կամ բարեկամը, ծանոթը կամ ընկերը, համաքաղաքացին կամ համերկրացին տխուր է ու դժբախտ: Պետք է աշխատես քո և նրանց մակարդակների տարբերությունը հնարավորին չափով կրճատել, որպեսզի համընդհանուր բարեկեցության շնորհիվ քո գործն էլ կարողանաս ավելի առաջ տանել:
Քեզ հնագույն ու հարուստ մշակույթ ունեցող ժողովրդի պետություն ու ապագա են վստահել, իսկ դու քո թեթևամիտ մտածելակերպով ու զեխ կյանքով մսխում ես այդ վստահությունը: Երկիրն արնաքամ է լինում աճող արտագաղթի ճիրաններում, հազարավոր ճակատագրեր են խեղվում, իսկ դու մտածում ես անձնական շահիդ, փողիդ ու ունեցվածքդ շատացնելու, գումարներդ երկրից հանելու, լավ ուտել-խմելու, լավ հագնելու, դղյակներ ունենալու մասին… Հայրենակիցներդ արտերկրում քրտինքով մի փոքր գումար են աշխատում, ուղարկում իրենց հարազատներին, իսկ դու վարկերով և օրեցօր բարձրացող գներով պարզապես հափշտակում ես, ազգակիցներիդ վրայից յոթ շապիկ ես մաշկում, հետո էլ՝ գլուխ գովում, թե՝ տեսեք-տեսեք, պետությանն այսքան հարկ ենք մուծում, պետություն ենք պահում:
Այդպես ազգ, պետություն ու բանակ չեն պահում, այդպես շատ-շատ հնարավոր է գոյատևել, սակայն ոչ շատ երկար, այն էլ՝ մեր բարդ տարածաշրջանում:
Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է, որ հայ գործարարները ի մի հավաքվեն, լուրջ քննարկեն ու որոշեն իրենց անելիքները, տեղն ու դերը այս երկրում, հայոց պետությանը օգնեն այս դժվարին կացությունից դուրս գալու հարցում: