«ՍԹԱՐՄՈՒՍ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Սթարմուս» համաշխարհային փառատոնը՝ մեր երկիրը դարձնելով գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն։ Այս տարի այն կկրի «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված կլինի Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։
«Սթարմուս» փառատոնն ունի հագեցած ծրագիր, որի առանցքային կետերը կարող են համարվել՝
• Գիտաժողով՝ «Տիեզերական տեխնոլոգիաներ»,• Գիտաժողով՝ «Բացահայտի՛ր տիեզերքը և փոխի՛ր աշխարհը» (Մարզահամերգային համալիր),• Սթիվեն Հոքինգ մեդալի հանձնման արարողությունը,• «108 րոպե կլոր-սեղան քննարկում»՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ,• Սթար փարթի (Star Party)՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի և տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն անցկացվելու է Գառնիում։ Այստեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։Փառատոնի ամբողջական ծրագիրն այստեղ՝ https://www.starmus.com/Armenia։Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 4-10-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում նախատեսվում է նաև կազմակերպել գիտական ճամբար (Science Camp)։ Այստեղ տարբեր ձևաչափերով և թեմատիկ տաղավարներով այցելուներին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաների շուրջ։ Բյուրականի աստղադիտարանը հանդես կգա առանձին տաղավարով՝ ներկայացնելով «Աստղաֆիզիկան»։Դարձե՛ք մասը գիտության փառատոնի։