Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 5)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
5.
Վաղը դիպլոմայինիս պաշտպանությունն է, բացառված է, որ գերազանց չստանամ, բայց մինչ այդ օրը ուսանողական կյանքից ի՞նչ եմ ստացել: Հինգ տարի ես ոչ մի տղայի երեսին չնայեցի, բոլորին վանել եմ, ընկերաբար մերժել: Սառցե թագուհու տիտղոսին եմ տիրացել: Ծիծաղելին այն է, որ հանրակացարանի մեր սենյակ հաճախ Վազգենն է գալիս: Կյանքից հիասթափվածի կերպարանք ունի, ավելի հաճախ վիճում ենք, միասին սրճում, ծիծաղում, երկու անգամ ինձ կինո հրավիրեց, այնպես էինք նստել, որ արմունկներով հանկարծ իրար չդիպչենք:
Մառան այս ընթացքում արդեն երկու անգամ ամուսնացել-բաժանվել է: Նրա նմանններին ոչ մեկը չի ուզում տանը պահել, հավանաբար Վազենն էլ է դա հասկացել, չնայած այդ մասին երբեք չենք խոսում: Այո, նա աղջիկներին լավ է ուսումնասիրել, հիմա ուզում է հավատարիմ մեկի հետ
կյանքը կապել, օրինավոր ընտանիք հիմնել: Բարև, Վազգեն, դու իմ վեց տարիները անպետք թղթի նման ճմռթեցիր, աղբարկղը գցեցիր: Իհարկե, ես այնտեղ երբեք չընկա, ոտքերս փոքր են, բայց ամուր, նորից կանգնեցի: Սիրտս էլ նուրբ է, բայց տոկուն, նոր արյուն ներարկեցի, հոգի՞ս… Այ, նրա հետ դժվար է, դիմադրում է անխիղճը, ամեն ինչ ուզում է իմանալ մինչև վերջին թելն ու բջիջը: Ես դեռ չեմ կարողացել նրան պատասխանել, թե ինչ եմ ուզում այս աշխարհից ու ինչու եմ իրեն հետս տանջում:
Վազգենս անդարձ գնաց, զգաց, որ տարբեր եզերքում ենք ապրում: Համալսարանն ավարտեցի դատարկ գլխով, դատարկ սրտով: Անտիկ հեղինակները խորհրդային հոգեբանների հետ, Ֆրեյդը Յունգի հետ ինձ ոչինչ չտվեցին, միայն՝ խճողված հասկացությունների մացառուտներ, որտեղ բացակայում էր մարդը՝ որպես հոգու տեր արարած: Մի գիտություն, որ Դարվինի հորինվածքների վրա հիմնված լինի՝ ինչպե՞ս կարող է պատասխան տալ այն հարցին, թե ինչ է մարդն առհասարակ, որտեղի՞ց վայրէջք կատարեց այս մոլորակում և ինչո՞ւ են այդքան տարբեր նրա տեսակները: Բարին ու չարը, օգտակարն ու վնասակարը, խելոքն ու հիմարը, խաղաղությունն ու պատերազմն ինչո՞ւ են անջատված անդնդախոր կիրճերով:
Մի անդիմադրելի տպավորություն ունեմ, թե ինչպես պատմությունն ու փիլիսոփայությունը, հոգեբանությունն էլ կեղծիք է, ճամարտակությունների հավաքածու, որով պետություններն իրենց ժողովուրդներին ու իրար խաբելով նորանոր տարածքներ ու գանձեր են նվաճում: Հապա ի՞նչ մտածեմ՝ մարդկությունը փոխանակ հղկվելու, լավին միտվելու, բարձրակարգ արարումներ երկնելու՝ մի գլուխ մահաբեր զենքերն է կատարելագործում, բանակներն է ուժեղացնում, իրար լրտեսելու միջոցներ է հորինում: Որտե՞ղ է արարչածին սուրբ էակը, որ դարակազմիկ հայտնագործություններով սկիզբ է դրել քաղաքակրթությանը: Ինչո՞ւ պետք է հայի նման շինարար, ոգեղեն ազգը դառնար քոչվոր վայրենիների նյութած ցեղասպանության զոհը…
Մտածում-մտածում եմ ու փոխանակ ընկերուհիներիս նման մեկին ընտրեմ, հետն ընտանիք կազմեմ՝ որոշեցի աշխատություն գրել այնպիսի թեմայի վերաբերյալ, որի բացահայտումը մարդուն կարող է ազնվացնել, դրանով իսկ՝ երջանկացնել: Երջանիկ մարդն ընդունակ չէ մյուսին սնանկացնել, չարիք պատճառել, պատերազմ հրահրել, սպանել…. Պետք է գտնել մարդու երջանկության բանալին:
Հետաքրքիր երևույթ է այս կյանքը, վճիռս կայացնելուց հետո պրոֆեսոր Բալայանից իր ասպիրանտը դառնալու առաջարկ ստացա: Հաջողությամբ քննություններ հանձնեցի, ընդունվեցի, պրոֆեսորը կանչեց գիտաթեզի ընտրության թեմայով զրուցելու: Երբ նրան պատմեցի մտադրությանս մասին՝ նա մեջքը հենեց բազկաթոռի թիկնակին ու բարձր ծիծաղեց: Նրա ճերմակ մազերն ու ակնոցի ապակիներն սկսեցին ցնցվել, բռունցքները դրեց գրքերով ծանրաբեռնված գրասեղանին, մատները բացեց, ամուր ագուցեց, ծիծաղր չի դադարում: Հանկարծ լրջացավ, ակնոցը դրեց մի հաստափոր գրքի վրա, ակնդետ նայեց ինձ.
— Թանկագինդ իմ օրիորդ Սուսաննա, դու խոսեցիր այն բառերով, որոնք ես կես դար առաջ մատուցեցի իմ պրոֆեսորին ու արժանացա ճիշտ այսպիսի ծիծաղի:
Ինձնից անբաժան ինքնավստահությունն իմ ձայնով հարցրեց.
— Մի՞թե կես դարում գիտությունը տեղում դոփել է, պարոն Բալայան:
— Իհարկե, ոչ, աղջիկս: Յուրաքանչյուր դիսերտանտի հետ այն հարստացել է նոր եզրույթներով, նոր բառապաշարով, նոր բաժանումներով: Այնքան ոլորտներ ու ստորաբաժանումներ են հորինվել, որ… որ թող ու փախիր: Հիմա էլ դու ես ծիծաղում: Այդպես է, ի՞նչ արած, ինչպես մարդկային հոգին ծովածավալ անհայտություն է, այնպես էլ նրա մշակները բացառիկ հորինողներ են: Ու ոչ մի առաջընթաց, մարդն ավելի չի ազնվանում, մարդասեր չի դառնում, հակառակը, ազնվությունն ու սերը նրանից գլխապատառ փախչում են:
Այն խելառ ֆուտբոլիստ աղջիկը հուշիկ եկավ ու կրկին ինձ հրամայեց պրոֆեսորի հետ հանդուգն լեզվով խոսել, ասացի.
— Ձեր գրքերն ու դասախոսությունները միանգամայն այլ բաների մասին են, մի՞թե դուք կեղծում եք:
Հարցրի, միաժամանակ հայացքս փախցրի, որպեսզի նրա շփոթմունքը չտեսնեմ: Դա ինձ համար փախուստի ազդանշան կլիներ դեպի երևակայությանս մեջ երբեմն առյակծող ընտանիք:
— Ինձ նայիր, օրիորդ Սուսաննա, ես կեղծել եմ ոչ ավելի, քան մյուսները: Աչքերդ սրբիր ու լսիր: Դու կարող ես գիտության մեջ նոր խոսք ասել, գտնել թարմ թեմա, այլ դիտանկյունից բացել հոգու փակագծերը, ես քեզ այդ հնարավորությունը կտամ: Մտածիր, երբ գտնես՝ արի քննարկենք:
Որքա՞ն պետք է մտածեի, հանրակացարնի սենյակս ընդամենը երեք ժամ անց ականատես եղավ մի հետաքրքրական գյուտի, գիտաթեզիս վերնագիրն էլ գտա՝ «Սոցիալական խավերի հոգեբանական ընդհանրություններն ու տարբերությունները՝ գիտատեխնիկական արդի առաջընթացի հենքին»:
Պրոֆեսորն ասաց, որ վերնագիրը միանգամայն համահունչ է խորհրդային քաղաքական ուղուն, գիտխորհրդում առարկություններ չեն լինի, դե, այնտեղ մեկը պարտադիր կուսակցական թեքումով է լինում, շա՜տ աչալուրջ դիտորդ է:
— Օրիորդ Սուսաննա, ես քեզ ավելորդ խորհուրդներ չեմ տա, հասուն միտք ունես, պրպտուն աչք, անցիր գործի, երբ առաջին գլուխները պատրաստ կլինեն՝ ես մանրազնին կընթերցեմ:
— Գիտե՞ք, ես… Պարոն Բալայան, ուզում եմ նախ խավերի հոգեբանությունն ուսումնասիրեմ, կգնամ կարճ ժամկետներով տարբեր տեղերում կաշխատեմ, կմտնեմ իրենց միջավայր, կհետազոտեմ…
— Սպասիր, դա անօգուտ հոգս է, համապատասխան գրականությունը, մամուլը քեզ անսպառ նյութ կտան, չարժե թանկագին ժամանակդ այլազան գործերի մեջ մսխել:
— Ներեցեք, ես այդ գրքերին ու հոդվածներին չեմ հավատում, կեղծիքն այնքան շատ է, ուզում եմ ամեն ինչ աչքովս տեսնել, մաշկիս վրա զգալ:
Խոսում եմ ներշնչված, նկարագրում եմ անելիքներիս հստակ կանգառները: Պրոֆեսորն ի վերջո համաձայնեց.
— Մենք, իհարկե, ամբիոնում խնդիրներ կունենանք, բայց գիտական սխրանքների համար ես պատրաստ եմ ճակատ տալ: Ինչ ինքս պետք է անեի՝ գուցե հենց քեզ է վիճակված, սիրելի Սուսաննա: Աղջիկս, երևի կիմանաս, այս բաժինն ավարտեց, թեզ պաշտպանեց, բայց երազանքս չկատարեց, գնաց դպրոց, նկարչության դասեր է տալիս: Գուցե քեզ հաջողվի հոգեբանությունը բխեցնել ոչ թե քաղաքական շինծու դրույթներից, այլ բուն մարդկային հոգուց: Հաջողություն քեզ, ահա բնակարանիս հեռախոսի համարը, նեղն ընկնես՝ զանգիր:
Շարունակելի