Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 4)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
4
Արդեն տասներորդ դասարանում եմ: Ֆիզիկայի դասատուիս կարծիքով պետք է իր գծով գնամ, հայժողի դասատուս կասկած չունի, որ իր ասպարեզն եմ ընտրելու, երգի ուսուցչուհիս մորս է թիրախավորել, համոզում է, որ իմ երկրորդ ձայնը մի եզակի գանձ է, պետք է անպայման գնամ կոնսերվատորիա, մշակեմ: Չիմացա, թե երկրորդ ձայն կոչվածն ինչ բան է, մայրս՝ առավել ևս, բայց մի բան հաստատ է, որ ես զզվում եմ բեմից՝ իր բոլոր տեսակներով, դրանք բոլորն ինձ երևում են Մառայի արյունով ողողված երեսով ու Ստանիսլավսկի-կեղծիքով: Հայոց լեզուն ու գրականությունն էլ կան, ամբողջ դպրոցի կարծիքով աստղս այդ երկնքում է փայլելու: Ես էլ, եթե ճիշտն ասեմ, կամուկացի մեջ եմ, թեև ասում են մրցակցությունը շատ մեծ է, մտածում եմ, որ կարդացածս այդքան գրքերն իրենց բարի գործը խաղուպարով կանեն:
Մեկ էլ ո՛ր հավքի թևով, ո՛ր քամու բերանով
https://www.traditionrolex.com/38
գլուխս պտտեցնում է մի անհայտ գիտություն՝ հոգեբանություն անունով: Մատղաշ ուղեղով փորձում եմ հասկանալ հոգի երևույթի էությունը, ցավոք, մտքերի խառնիճաղանջում մոլորվում եմ, հետ գնալու ճամփան կորցնում:
Մեր փոքրիկ քաղաքի կենտրոնական գրադարանում ինձ մի բուհական դասագիրք տվեցին, այնքան հին ու մաշված, այնքան ձանձրալի՝ բան չհասկացա: Այդուհանդերձ թեման ինձ շարունակում է հրապուրել, տանել իր հետևից: Որոշումս խարխափում է մութի մեջ, մինչդեռ ուսումնական տարին կիսվել է, հարկավոր է պատրաստվել ընդունելության քննություններին:
Տարեմուտին մի դեպք պատահեց: Մինչ այդ Վազգենին ոչ մի անգամ չէի տեսել, նամակ չէր գրում, լուր չէր ուղարկում, դե, երևի մայրաքաղաքի ժխորում նոր տպավորություններ է գտել, իր այրող հայացքով նոր աղջիկների է խելքահան անում: Հարկավոր է նրան մտքից դուրս նետել: Այդ գործով էի զբաղված, երբ մորաքրոջս տանից վերադառնալիս փողոցի անկյունում, ձյունածածկ խնձորենու մոտ մի գրկախառնված զույգ աչքովս ընկավ: Չտեսնելու տվեցի, նրբանկատորեն ճամփաս թեքեցի, որ արագ հեռանամ, Մառայի ձայնը լսվեց.
— Ո՞ւր ես փախչում, ընկերուհիս, գոնե մի բարի երեկո ասա մեզ:
Հետ նայեցի՝ սեթևեթանքով հենվել է Վազգենի ձախ թևին, մյուս թևից ձյունն է թափ տալիս, հետն էլ լայն-լայն ժպտում է: Իրիկնային շամանդաղում Վազգենի մուգ աչքերի այրոցը չզգացի կամ ուրիշ կողմ է նայում: Նազանքով շրջվեցի.
— Բարի երեկո և բարի գիշեր:
Ձայնս հնչեց միանգամայն անտարբեր, ես կասեի՝ հույժ քաղաքավարի:
— Լսել եմ՝ գնում ես ֆիզկուլտ ինստիտուտ, լա՞վ ես պարապում,- խոշտանգումը շարունակեց Մառան:
Վազգենն այդ ժամանակ մերկ ձեռքերով ծառի ճյուղերից ձյունն էր թափ տալիս, դարձավ ինձ.
— Քեզ ֆիզմաթն ավելի կսազի, բանականությունդ զգացմունքներիդ գերազանցում է:
— Նկատի կունենամ,- հազիվ շշնջացի ու ձյունոտ ճամփաս շարունակեցի:
Մառան շատ լավ գիտի, թե ով է խռովում ներաշխարհս, հիմա Կռատուկի վրեժը կյանքում է առնում, ինձնից է առնում: Ինչպես է գտել Վազգենին սույն ծառի մոտ բերած միջոցը՝ ինձ չի հետաքրքրում, ընդհանրապես՝ այդ պերճ գեղեցկուհին ինձ համար գրոշի արժեք չունի, բայց Վազգենն այդքան ցա՞ծր, որտե՞ղ անհետացավ ճերմակ վարդը, մի՞թե դա էլ մի խաբկանք էր…
Այդ էջն էլ փակվեց: Ձյունակոլոլ տուն հասա, սառչելու փոխարեն դեմքս այրվում է, վառարանի մոտ չկարողացա նստել, անցա հյուրասենյակ, գրապահարանը բացեցի… Ավելորդ է, այնտեղ չկան հոգին սփոփող գրքեր, հակառակը՝ որքան ուզես: Գուցե գրասեղանիս դարակներում մի բան գտնեմ: Գտա՝ նամակների տռուզ տրցակ: Դրանք տարբեր տղաների սիրո խոստովանություններ ու ձոներ են, որոնց հերոսուհին ես եմ: Մի քանի երկրպագուներ դասընկեր են, այնքան անհետաքրքիր ու ջրիկ՝ ասելու չէ, ոչ մի ինքնատիպություն:
Նամակագիր երկրպագուներից երեքն ուսանողներ են, թեև տեխնիկական կրթություն են ստանում, ինչը ես հարգում եմ, որպես տղամարդու կերպարներ բացարձակապես նման չեն իմ գրքային հերոսներին. առօրեական սիրահարներ են, նրանք գիտեն հանգաթուխ բանաստեղծություններ նվիրաբերել ու նամակի մեջ չորացած ծաղկաթերթիկներ լցնել: Մեկն ինձ համոզում է թատերական գնալ, իբր ձայնիս մեջ բեմական մեծ հեռանկարներ է որսացել, մյուսի համար ես ապագա մեծ արձակագիր եմ, ինքը պատրաստ է աջակցել, անգամ կարող է իր պատմվածքներից մի քանիսն իմ անունով հրապարակել:
Ձանձրալի է: Ինչո՞ւ եմ այս բոլոր հիմար զեղումները պահել, ինչո՞ւ չեմ պատռել կամ կրակը գցել: Դե, որովհետև ես խղճում եմ սիրահարված տղաներին: Տեսեք, թե Մառան ինչ թեթևությամբ Արտակին մոռացավ ու Վազգենին ճանկեց, երևի աղջիկներն այդպես են ստեղծված, նրանք երևի խորությամբ չեն սիրում, զգացմունքի մակերեսին թիթեռի նման թռչկոտում են: Իսկ տղաները… Մի-մի Վերթեր, մի-մի Ռոմեո, մի-մի Օթելլո…. Նրանք սիրում են մեկ անգամ ու մեկընդմիշտ, համենայնդեպս կարդացածս սիրավեպերն ու այս բոլոր նամակները դա են ապացուցում: Ես ոչ մի տղայի կոպիտ պատասխան չեմ տվել, նրանց զգացմունքները չեմ վիրավորել, մերժել եմ մեղմորեն, ընկերաբար: Նրանք ինձ համակրում են, մի՞թե դա հրաշալի չէ:
Մինչև իրիկնային շամանդաղի մեջ Մառա-Վազգեն զույգին տեսնելն այդպես էի մտածում, հիմա՝ ոչ: Սերը հրաշալի չէ, անտանելի է, կեղծավորություն է, զայրույթով մտածեցի ու ամբողջ տրցակը տարա նետեցի միջանցքի վառարանի բոցկլտացող կրակի մեջ:
Ընթրիքի սեղանի շուրջը հայտարարեցի:
— Ես գնալու եմ համալսարան, հոգեբանության բաժին եմ ընդունվելու:
Չորս շշմած հայացքներից աչքերս ակնթարթաբար պոկեցի, այսպես լրացրի.
— Մի տեսնեմ՝ ի՞նչ բան է այդ հոգին ու ինչպե՞ս են դա կառավարում:
Քանի որ լռությունը հավանության նշան է՝ այդպես էլ եղավ: Ընդունվեցի, պարտաճանաչորեն դասախոսությունների գնացի, կուրսայիններ ու դիպլոմային գրեցի… ոչինչ չհասկացա, մարդու հոգին առաջվա նման ինձ համար մնաց մութ ծմակ, դեպի նա տանող ճամփան՝ անհայտ ու անճանաչ:
Ըստ երևույթին դա մի այնպիսի գանձ է, որ անհատ տերն ամեն կերպ քողարկում է, գիտությունն էլ որքան կարողանում՝ բացեիբաց այլանդակում է: Պետք է պատմական գնայի, այնտեղ միայն դեպքեր ու դեմքեր են, չէ մի չէ՝ հոգի:
Շարունակելի