Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 3)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
3.
Վարդի դերակատարն ընկեուրհիս է, կողքի դասարանում է սովորում, մտերմացել ենք հարևանության բերումով: Անունը Մարինե է, պահանջում է, որ իրեն Մառա ասենք, մենք էլ ասում ենք, ինչ մի դժվար բան է: Գլխի եմ ընկել, որ նա մորաքրոջս տղայի հանդեպ անտարբեր չէ, թեև Արտակը նրան տանել չի կարողանում, մի անգամ ինձ ասաց՝ դրանից հեռու մնա, գիշատիչ է: Ծիծաղեցի, երևի բոլոր սիրահարված աղջիկները մի քիչ տարօրինակ են լինում:
Ես Մառային հարգում եմ, որովհետև միշտ նույն գրքերն ենք կարդում ու ժամերով քննարկում ենք: Մեր կարծիքները տարբերվում են, դա նույնիսկ ավելի լավ է, մի գրող ասում է, որ հակադրությունից են խելոք մտքեր ծնվում: Ի վերջո, իմ պաշտելի ֆիզիկան էլ այդպիսի մի կանոն ունի՝ տարանուն լիցքերը միմյանց ձգում են: Ահա ես ու Մառան էլ ընկերություն ենք անում, նույնիսկ որոշել եմ Արտակի սառը
վերաբերմունքը ցաքուցրիվ անեմ ու տրամադրեմ Մառայի կողմը:
Ներկայացման առաջնախաղը մեր հարաբերություններին վերջ դրեց: Դե, ես չափից դուրս մեծ երևակայությամբ էի դերի մեջ մտել, կարծես իմ փոխարեն բեմում հայտնվել էր ինքը՝ Ստանիսլավսկին, ինքնայրումի իր տեսության ամեհի գործադրումով: Այն պահին, երբ Կռատուկս պետք է հարձակվեր գոռոզ Վարդի վրա ու պոկեր, ապա թերթահան աներ նրա շքեղ պսակը՝ ես զգացմունքների շիկացումից գազազած հարձակվեցի խեղճ Մառայի վրա ու հընթացս ճանկռեցի ամբողջ երեսը: Մեծերով ու աշակերտներով լցված դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց չարի դեմ պայքարի ավարտը, վարագույրն իջավ, ես ինձ զգում էի մեծն Սիրանույշի հոգեվիճակում, երբ նա Համլետի վերջին տեսարանը խաղալուց հետո խոնարհվում է հանդիսականին:
Գրողի տարած երևակայություն, այն տեսա, որ ուսուցչուհիս ձեռ ու ոտ ընկած՝ մաքրում է Մառայի դեմքից հոսող արյունը: Հո չէի ճանկռել… Մոտ վազեցի, ներողություն խնդրեցի, պայուսակիցս հանեցի յոդի փոքրիկ սրվակն ու բամբակը, որ մայրս ամեն օր թաքուն խցկում է պայուսակիս մեջ: Ամբողջ թատերախումբը հավաքվել է Մառայի շուրջը, որը ջուր է հասցնում, որը՝ սրբիչ, նա էլ ճչում ու ջղաձգվում է, ինձ տեսավ թե չէ՝ յոդն ու բամբակը ձեռքիցս խլեց ու շպրտեց դեմքիս: Ես ճարպկորեն կողքի ցատկեցի, յոդը դիպավ փակ վարագույրին, շագանակագույնով ներկեց կապույտ թավիշի մի մեծ հատված: Արտակը նրան ճշգրիտ էր բնութագրել՝ գիշատիչ, կատաղի Մառան ինձ չէ, վիթխարի առյուծ էլ կհոշոտեր, եթե մի հրաշքով ձեռքն ընկներ: Ամոթահար եմ, ընկճված, մեղքս քավել՝ ասելով, թե այդ Ստանիսլավսկին էր, ես չէի՝ ծիծաղելի կլինի, դահլիճում հազիվ մի քանի մարդ գտնվի, որ այդ անունը լսած լինի, ուր մնաց, թե դասընկերներս: Դե, այդպես էլ թատերական գործունեությունս չծնված վախճանվեց, մի Կիկոս՝ այս օրերում:
Այնքան սպասեցի, մինչև մշակույթի տան ամբողջ շենքը դատարկվեց, վախվորած դուրս եկա, բակում, դիմացի ցանկապատին հենված կանգնել է Վազգենը: Ինձ նկատեց, թեթևակի ցնցվեց, մոտեցավ: Վախենում եմ դեմքին նայել, նա ունի այրող, սևեռուն աչքեր, որոնք մարդու խուճապահար են անում, ուզում ես հայացքդ կտրել ու փախչել, չի ստացվում, կիզիչ մի պարան քեզ պահում է կանգնած տեղդ գամված: Հիպնոս է այդ տղան, մտածեցի ու վճռական քայլ արեցի… դեպի նա: Իբր ժպտաց ու ասաց:
— Շնորհավորում եմ, հիանալի խաղացիր: Սա քեզ:
Ձեռքին մի հատիկ ճերմակ վարդ է: Վա՜րդ… Հուզմունքից շիկնեցի, ուզում եմ վերցնեմ դեմքին շպրտեմ, ժամանակին հիշեցի Մառայի արյունոտ երեսը:
— Վերցրու:
— Ես վարդ չեմ սիրում:
— Գիտեմ, բայց սա ճերմակ է, քո պատառոտածը կարմիր էր:
— Կարծում ես՝ շա՞տ տարբեր են:
— Իհարկե, գույնը հոգեբանական մեծ դեր ունի:
— Լավ, տուր, շնորհակալ եմ:
Վարդը երկու մատով ցուցադրաբար բռնեցի, առանց հրաժեշտի բառերի ծլկեցի, միայն մի քիչ օրորվում եմ: Հարկավոր է պոկվել նրա հայացքի մագնիսից, դա անտանելի է, արդար չէ՝ այդպես տակնուվրա անել աղջկա հույզերը:
Արդեն ծանոթներ ենք, հանդիպելիս կարող ենք բարևել, որպիսություն հարցնել ու անցնել: Չէ՜ մի, այդ օրվանից ես նրանից փախչում ու փախչում եմ, արդեն գիտեմ գլխավորը՝ նա ինձնով հետաքրքրվում է, մնացածը մանրուք է: Բնականաբար, թատրոնի էջը մեկընդմիշտ փակեցի, գլխովին մխրճվեցի գրքերի սրտամոտ տիեզերքում: Ընկեր Դանիելյանը Կռատուկի դերը 8-ի Ա-ի Հասմիկին տվեց, մեռնեմ՝ չեմ գնա նայեմ:
Իմ բեմական տապալումից օրեր են անցել: Հիշողությանս մեջ անգթաբար պտտվում են Վազգենի ընծա վարդն ու գույնի և հոգեբաբության կապի մասին նրա ասածը: Ինչե՜ր գիտի տղան: Եվ ահա, միանգամայն պատահականորեն կամ գուցե հենց օրինաչափորեն մտքերիս մեջ խուժեց հոգեբանություն հասկացությունը: Ի՞նչ է դա, ինչո՞ւ կա, մարդուն բարիք տալի՞ս է, գուցե հորինել են, որպեսզի հոգի կոչվածը վերացնե՞ն կամ իրենց հպատա՞կը դարձնեն:
Ուսումնական տարին գլորվեց դեպի ամառ, նա գնաց մայրաքաղաք, ընդունվեց պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Իմ ջգրու գնաց, գիտեր, որ բոլոր առարկաներից հենց այդ մեկն եմ սիրում, գնաց, որպեսզի ճամփաս փակի, ես չդիմեմ: Լավ էլ գիտեր, որ հպարտությունս թույլ չի տա բախել մի գիտության դռները, որոնք բացվել են իր առաջ: Վիրավորված էր, ես դա գիտեի նրա զարմուհիներից մեկի ակնարկներից, ընկերուհիների մոտ էր արտահայտվում, բայց ուղղված էին ինձ՝ կուլա, քեզ ասեմ կուժ դու լսիր: Մի տեսեք ես ուզո՞ւմ եմ բրուտագործական արտադրանք լինեմ:
Այո, հպարտ եմ, գերազանցիկ եմ, համարձակ եմ, ո՞վ չգիտի: Ես էլ այն գիտեմ, որ ոմանք թաքուն ծաղրում են՝ իբր ինձ այնպես եմ պահում, կարծես հայրս գործկոմի նախագահ է, ոչ թե հասարակ կոշկակար:
Հիմա պատմեմ հորս մասին: Իրոք, նա մի հասարակ արհեստավոր է, մեծացել է բազմանդամ ընտանիքում, աշխատել ստիպված է եղել մանուկ հասակից, երբ պաշտոնյաների զավակներն իրենց ճոխ կյանքն էին վայելում, խուլիգանություններ անում ու անպատիժ մնում, հետո էլ հայրական հովանու տակ մի յուղոտ պատառ գտնում, զվարճության համար իրենց չնմանների վրա խնդում: Հայրս նման չէ մյուս կոշկակարներին, նա կենցաղտան իր սիրուն խցում նստում է փայլփլուն կոշիկները հագին, կոկիկ հագուստով, մաքուր գոգնոցով, նրա շուրջը միշտ մաքուր է, ավելի շատ նման արտիստի զարդասենյակի, քան արհեստանոցի:
Ավելորդ է ասել, որ նրա նստավայրի պատերին տեղ են գրավել Զորավար Անդրանիկի մեծադիր նկարը, Մասիսի տարբեր տեսարաններ, մարշալ Բաղրամյանի, Րաֆֆու ու Շիրազի պատկերները, անկախությունից հետո շարքը լրացրեց տանկիստի հագուստով Նժդեհը: Ռադիոն անընդհատ միացրած է: Կոշկակար Սարիբեկ Անդրանիկյանը հարգված մարդ է, բազմագիտակ, բացի դրանից՝ ամբողջ շրջանում հայտնի վոլեյբոլիստ է, հավաքականի կենտրոնական ռմբարկուն: Մորս հետ ամուսնացել է մեծ սիրո հինգ տարիներից հետո, այնքան է սպասել, մինչև նա մանկավարժականն ավարտել է, դիպլոմը ձեռքին հետ եկել ծննդավայր:
Ջահել-ջիվան կտրիճ հայրս հարսնացուի դիպլոմի մեջ կարմիր տասանոց է դրել ու հայտարարել, որ իր կինը չպետք է աշխատի, եթե ուզում է՝ հետն ամուսնանա, եթե չէ՝ հինգ տարու վրա էլ մի մեծ խաչ քաշած: Մոտակա գյուղի կոլտնտեսության նախագահի դուստր Գայանեն դասերից ու քննություններից հոգնած է եղել, անմիջապես համաձայնել է, հետո է խոստովանել, որ որոշած է եղել հնգամյա գիտելիքները բաշխել իր երեխաներին, հարևանների ու հարազատների երեխաներին, մի խոսքով՝ դպրոցից դուրս տարածել գիտության լույսը, որն ուներ անատոմիա և բուսաբանություն վերնագիրը և որը մարդկանց օգնում է ապրել առողջ ու անցավ:
Հարսանիք չեն արել, ես, եղբայրս ու քույրս ծնվել ենք երեք տարվա ընդմիջումներով, մեծացել ենք խաղաղ հարկի տակ, ընտանեկան ջերմ երեկույթները մեր տան այցետոմսն էին, զրույցներն ու վեճերը՝ հայոց պատմության, մարդկային փոխհարաբերությունների ու զավակների դաստիարակության մասին: Հայրս մեր երկհարկանի տան պատշգամբում էլ արհեստանոց ունի, սա ավելի ընդարձակ է, նկարների թվում կան նաև դերասանուհիների ժպտուն պատկերներ, որոնք, ի գիտություն ամենեցուն, մայրս է իր ճաշակով ընտրել ու պատերից կախել: Որ աչքը դրսում չլինի, այլ՝ տանը, ասել է նա հետաքրքրասեր հորաքույրներիս ու հարևանուհիներին: Լսել են, ծիծաղել, ընդունել, քանի որ ամեն ընտանիք մի մութ ծմակ է, ոչ արևն է թափանցում, ոչ քամին, ոչ եղնիկներն ու գայլերն են ներխուժում: Փակ տարածք՝ իր հնամենի անխախտ օրենքներով:
Կիրակի օրերին հյուրեր չենք ունենում, դա մեր ներընտանեկան տոնն է, երբ մայրս համով խորտիկներ է մոգոնում, եղբայրս իր խուլիգանությունները մի օրով ընդհատում է, ականջները կախ՝ հայրական խրատներ լսում, ես ու քույրս էլ անհամբեր պասում ենք, որպեսզի մի նորություն իմանանք աշխարհի գործերից ու արվեստի մարդկանց հետաքրքիր կյանքից: Բազմագիտակ հայրս ու դիպլոմավոր տնային տնտեսուհի մայրս մեզ երբևէ հուսախաբ չեն անում՝ ստանում ենք հնարավորինից շատ ու սպասվածից հասկանալի:
Շարունակելի