Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 2)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
2.
Դեռ մշուշ է, նստած սպասում եմ… Լավ է՝ աչքերս փակեմ, հաճելի չէ, երբ նայում ես, բայց չես տեսնում: Սկսում եմ մտքիս մեջ հաշվել… ոչ, խանգարում է, եթե անելիք չկա՝ հարկավոր է մշուշը հոգով ու սրտով վայելել: Մարմա՜նդ նիրհում եմ… Հանկարծ ականջս պատանեկան մի խռպոտ ձայն ծակեց.
— Գոլ եմ ասե՛լ, հա՛, արա, դե աղջի՞կն էլ ֆուտբոլ խաղա:
Մեր թաղի Սուրոն է, նախանձից մեռնում է, որ առաջին գոլը միշտ ես եմ խփում, գովեստն էլ կեղծ է, նախանձն է կոծկում:
Խաղից դուրս եկա, այսինքն փողոցից, ձեռքս թափ տվի ու տուն վազեցի:
— Քեզ քանի՞ անգամ եմ ասել աղջիկը ֆուտբոլ չի խաղա,- հենց տուն մտա՝ մորս նախատինքը երեսիս դիպավ:
Ճանկերս սրեցի.
— Ինչի՞, որ իրենցից լավ եմ գոլ խփո՞ւմ:
Մայրս ձեռքս բռնեց, ուղիղ մահճակալիս նստեցրեց, ինքն էլ կողքիս տեղավորվեց
— Աղջիկ ջան, որ մեծանաս՝ ֆուտբոլիստ ե՞ս դառնալու: Արդեն 15 տարեկան ես, էդ մասին մտածել ե՞ս:
— Չէ, մամ ջան, քեզ նման դիպլոմավոր տնային տնտեսուհի եմ դառնալու:
— Ես լավ է՝ բանասիրականն եմ ավարտել, դու ֆիզկուլտ ինստիտուտն ե՞ս ավարտելու:
— Նախ պիտի ընդունվեմ, դրա համար պարապել է պետք:
Մայրս վախեցավ, ձեռքս բաց թողեց, ջղայնացավ.
— Համա թե շան լեզու ունես:
— Հաչում են շնե՛րը, կատուներն էլ, ի դեպ, մլավում են:
Խեղճ կինը գլուխը բռնեց, գնաց խոհանոց:
Ֆուտբո՜լ, չէ մի չէ՝ քիմիա, թաղի տղաներից մուռս եմ հանում, հենց նույն Սուրոն մի անգամ ընկերուհուս տարեդարձին կողքիս էր նստել, ասաց՝ գիրք կարդալուց բացի բան չգիտես: Ես էլ մերժեցի հետը տանգո պարել, մնաց շշմած կանգնած, տեղնուտեղը երդվեցի, որ դրան ֆուտբոլի դաշտում, այսինքն մեր փողոցի համապասխան հատվածում մի լավ դաս եմ տալու: Ու տվեցի, դրանից հետո ես գոլեր եմ խփում՝ ինքը հաշվում է:
Մորս դիտողությունից հետո, քանի հարցը չի հասել իմաստախոս հայրիկիս, ֆուտբոլը թողեցի, դրանով արժանացա Սուրոյի ու մյուս թաղակիցների երախտագիտական հայացքներին: Շատ պե՜տքս են, ոչ մեկը Ալեն Դելոնին նման չէ, իսկի բանաստեղծություն գրել չգիտեն:
Որոշեցի բեմում ուժերս փորձել: Հետաքրքիր է՝ 10-ի Գ-ի Վազգենն ինձ կնկատի՞: Մինչև հիմա չի նկատել, որովհետև տարբեր դպրոցներում ենք սովորում, նրան մի քանի անգամ մշակույթի տան մոտերքում եմ տեսել, կա-չկա՝ արվեստասեր տղա է: Ուրեմն պետք է աչքի ընկնել այնպիսի տեղ, որ բարձր լինի ու գեղեցիկ: Իհա՛րկե, դա բեմն է:
Թատերական խմբակ իմ ընդունվելը կես րոպե չտևեց՝ ղեկավարը մեր գրականության ուսուցչուհին է՝ ընկեր Դանիելյանը, արդեն երեք անգամ առաջարկել էր իր պիեսում ծաղիկների թագուհու դերը խաղալ, ես էլ երեք անգամ ասել եմ՝ ես սիրում եմ մարդկանց թագուհի՛ լինել և՝ ոչ բեմում: Նա ասածս որպես կատակ էր ընդունել, իսկ հիմա ստիպված էի թագուհու հակառակորդի, այսինքն կռատուկի դերում հանդես գալ:
Հա, ի՛նչ անենք, մեծ դերասանուհիները փոքր դերերից են սկսել, ինչքան հիշում եմ մի հայտնի գրքից՝ բարի գեղեցկուհիների դերերը հատուկ տաղանդ չեն պահանջում, մինչդեռ չար ու տգեղ կերպարները մարմնավորելու համար պետք է ունենալ հենց այդ հատուկ տաղանդը: Համաձայնությունս տվեցի, ուսուցչուհիս ահագին ուրախացավ, իրեն թվում էր, թե իմ դպրոցական հեղինակության բարձունքից կմերժեմ իր առաջարկը: Սիրելիներս, ես հո միամիտ չեմ, ես կարդացած աղջիկ եմ, իմ գրասեղանի երեսին ես շարում եմ 9-րդ դասարանի ծրագրային գրքերը, այդ նույն ժամանակ դարակներս թաքցնում են Տոլստոյի ու Դրայզերի հատորները: Քույրս փոքր աղջիկ է, երդվել է, որ ընտանիքում ինձ չի մատնի, խոստումը լավ էլ պահում է:
Նույն օրը նստեցի, Կռատուկի ամբողջ դերաբաժինն անգիր արեցի: Առաջին փորձին ներկայացա կազմ ու պատրաստ, գլխավորը՝ ամբողջովին սուզվել էի կերպարիս խորքը. Կռատուկը մի անշուք, տգեղ, արհամարհված բույս է, այդունադերձ իր մեջ կրում է շատ զգայուն հոգի, նա ոչ մեկին չի վիրավորում, ուշադիր է ամբողջ շրջապատի հանդեպ, առիթի դեպքում օգնում է ընկերներին, թեկուզ նրանք լինեն մի շքեղ շուշան կամ ուրցի մի պստիկ թուփ:
Շուտով նրա հոգում փոփոխությունը բույն է դնում, երբ տեսնում է, թե ծաղիկների թագուհի Վարդն ինչքան հանդուգն արարքներ է թույլ տալիս, ամենքին քամահրում է քիչ չէ՝ անառակ է, դաժանորեն խլում է ընկերուհիների սիրածներին ու ամուսիններին, հետո նրանց շպրտում է, գցում առուն, ինքը նոր սեր անում: Զայրանում է իմ Կռատուկը, անհանդուրժող է դառնում ու մի գեղեցիկ օր պատռում է Վարդի դիմակը, պոկոտում է նրա գեղանի թերթիկներն ու թողնում փշոտ ցողունը: Պարտեզում տոնախմբություն է, ազատագրության հանդես, չարը պատժվել է, բարին՝ հաղթել:
Շարունակելի