Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը
Հունիսի 28-ին Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Դեռևս դեկտեմբեր ամսին լույս տեսած աշխատությունը լայն արձագանք էր գտել Իրանում։
Միջոցառումը մեկնարկեց «Արտակ Մանուկյան» թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադեանի
ողջույնի խոսքով, որից հետո Իվեթ Թաջարյանը ներկայացրեց գիրք-ալբոմը։ Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկան գրքին արդեն ծանոթ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արք․ Սարգսեանը, ԻԿՕՄ Իրանի գրասենյակի նախագահ Սեյյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Իրանում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանը, որն իր խոսքում նշեց․ «Հիացմունքի արժանի սույն գրքի յուրաքանչյուր օրինակը մեկ դեսպան է Հայաստան-Իրան հարաբերությունների համար։ Սա լավագույն ցուցիչն է մեր ժողովրդի մշակույթի ինքնության համար, քանի որ ժողովրդի մեծությունը կայանում է ոչ միայն նրանում, թե ինչպես է վերաբերվում իր մշակույթին, այլ և թե ինչպես է ներկայացնում օտարների մշակույթը, և այս առումով իր յուրահատուկ դերակատարումն ունի Մատենադարանը և հատկապես Իվեթ Թաջարյանի սույն ուսումնասիրությունը»։Հյուրերի թվում էին ատենապետ Վահե Թարոյանի գլխավորությամբ թեմական խորհրդի անդամներ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ և ամիսներ առաջ Մատենադարանի Վերականգնման բաժնում դասընթացներ վարած Համիդ Մալեքյանը։ Գիրք-ալբոմի տպագրությունը իրականացվել է «ՎԻԿՏՈՐԻԱ» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։