ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք լեզվաբան- հայագետ ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Օտար ափերում ծնուած ու մեծացած հայ լինելով, դպրոցական տարիքից ինձ յուզում էր մեր ազգի ծագումը, անցեալը, պատմութիւնը։ Լաւ ուսուցիչներ եմ ունեցել, ինչպէս հայագէտ Վահէ-Վահեանը, միջազգային պատմութեան
դոկտր Գերսամ Ահարոնեանը, գրաբարի մասնագէտ հայր Անդրանիկ Կռանեանը եւ այլք։ Պատանի տարիքից ուշի-ուշով հետեւում էի Հայաստանի Ակադեմիայի հրատարակած “Պատմաբանասիրական հանդէս”-ի հրապարակումներին, եւ թաղւում էի այնտեղ արծարծուած նիւթերի մէջ, ինչպիսին էին հայ եւ ոչ հայ ուրարտագէտների ներկայացրած ուրարտական արձանագրութիւնների վերլուծումները։ Թէեւ շատ բան չէի հասկանում, բայց ձգտումս մեծ էր ու շարունակական։ Ապա մէկ ու կէս տարի հետեւեցի Բէյրութի Երուանդ Հիւսիսեանի անուան Հայագիտական ամբիոնի դասընթացներին։ Ինքս մանկուց զգում էի, որ պէտք է հայագէտ դառնամ, ու կարծում եմ, ինչ որ չափով հասել եմ նպատակիս։
— Կխոսե՞ք Ձեր մասնագիտական ձեռքբերումներից:
-Զբաղւում եմ հայագիտական հետազօտութիւններով։ Ճիշդ է, ծաւալի ու քանակի առումով այդքան էլ շատ չեն իմ աշխատութիւնները, սակայն վստահ եմ, որ դրանք ծանրակշիռ են ու խորքային, ինչ որ տեղ նոյնիսկ շրջադարձային։ Իմ թարգմանութեամբ գրաբար-աշխարհաբար զուգադրութեամբ հրատարակուել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի իմաստասիրական “Յաճախապատում Ճառք” երկը, որը մեր առաջ բացում է ոչ միայն քրիստոնէական դաւանաբանութեան հիմունքները, այլեւ կարելի է ասել, մարդկութեան ծանօթ բոլոր գիտութիւնների կղպանքները։ Հրատարակուել է իմ հեղինակային “Լեզուաբանութի՞ւն թէ իմաստասիրութիւն” աշխատութիւնը, որը հայագիտական մի չտրորուած ուղի է հարթում համեմատական լեզուաբանութեան մէջ, մեր լեզուի ձայնաւորների համակարգում, հայոց հնագոյն անշարժ տօմարի ասպարէզում, եւ յատկապէս Երկիր մոլորակի վրայ կազմաւորուած առաջին ցամաքակղզին հանդիսացող Հայկական Լեռնաշխարհի պատմութեան, նրա տեղանունների համեմատութեան՝ երկնքի համաստեղութիւնների հետ։ Ներկայիս անտիպ է մնում “Հայկական Բարձրավանդակի կազմաւորումն ու Հայ ժողովրդի ծագումը” երկասիրութիւնը։ Կազմել եմ Հայկական Բարձրավանդակի լեռների եւ լեռնաշղթաների երկհատոր բառարան, որն անտիպ է։ Ընթացքի մէջ է “Հայագիտական բառարան”-ի աշխատանքս։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Որպէս հայ, մի յայտարարի բերել մեր ազգի գիտակցութիւնը՝ հայրենի մեծ եզերքի, ծագումնաբանութեան, լեզուի, հնագոյն պատմութեան, մշակոյթի ճանաչողութեան ու ինքնաճանաչողութեան միջոցով, հակառակ այն իրողութեան, որ մեզ ջլատել են, հեռացրել իրարից, նոյնիսկ թշնամացրել են։
Իսկ որպէս մասնագէտ, կը զարմանաք, որ ասեմ, ինքս մասնագէտ չեմ։ Մասնագիտութիւնը ամբողջի մի մասի լաւ իմացութիւնն է։ Դա վատ բան չէ սկզբունքօրէն, եթէ մասնագէտը նախ իմանայ ամբողջը, ապա դառնայ նեղ մասնագէտ։ Օրինակ, աչքի բժիշկը պէ՞տք է իմանայ սրտի աշխատանքի մասին, դրա ճնշման ազդեցութեան մասին աչքի գործունէութեան վրայ։ Սա մեխ մեխելուն էլ է վերաբերւում։ Ի՞նչ նիւթի մէջ ես մեխը մեխում, դրանց դիմադրողականութիւնը ինչքան է, մուրճիդ որակը, հզօրութիւնը, բազկիդ զօրութիւնը, եւայլն։ Թւում է, պարզունակ բաներ ենք ասում։ Թւում է։
Հայագիտութիւնը զբաղւում է հենց որեւէ ամբողջի բացայայտութեամբ, դրա բաղադրիչ մասերի համադրութեան օրինաչափութեամբ, ի հարկէ ըստ բառի հիմնական եզրի՝ Հայ ամբողջականութեան էութեամբ։ Եթէ պատմաբան է մարդը, եւ չի համագործակցում լեզուաբանի հետ, ապա նրա գործը ձախաւերութիւն կը լինի։ Նոյնը վերաբերւում է միւս մասնագէտներին։ Եթէ մի բառ ենք ստուգաբանում, օրինակ “ածուխ”-ը, եւ նուազագոյն չափով ծանօթ չենք դրա պատրաստման տեխնոլոգիային, լեզուաբանօրէն արդիւնքի չենք հասնի, կամ էլ սխալ ենթադրութիւնների մէջ կ՛ընկնենք։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Կինը ի հարկէ սիրոյ, համերաշխութեան եւ խաղաղութեան կերպաւորողն է ընտանիքում, ի հարկին նաեւ հանրութեան մէջ։ Կանանց նշեալ շնորհները Աստծուածատուր են, բնատուր։ Երբ այդ սիրոյն աւելանում է նաեւ պատշաճ կրթութիւնն ու ուսումը, ապա ունենում ենք ամուր ընտանիք, զարգացած սերունդներ եւ հզօր պետութիւն։ Անկասկած, կրթուած կանայք են սերունդների առաջին դաստիարակները, որով նրանք հանդիսանում են մեր գանձերը։
Եթէ կինը անկիրթ է, կապ չունի նրա ուսման մակարդակը, ապա նա պատուհասում է իր շրջապատը, եւ պատճառ է դառնում հասարակութեան բարոյական ու տնտեսական քայքայման։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
-Հենրիխ Շլիմանը սկզբունքօրէն իրաւացի է, սակայն չմոռանանք, որ յունական քաղաքակրթութիւնը հայկականի մի օղակն է, արեւմտեան թեւը։ Ի հարկէ, Եւրոպան գիտակցաբար է ընտրել այդ ուղին, թուլացնելու եւ չէզոքացնելու համար մինչ այդ հայերի վայելած միջազգային յարգանքը, նրանց ունեցած ազդեցութիւնը համաշխարհային քաղաքակրթութեան բոլոր բնագաւառներում, առեւտրում, ծովագնացութեան մէջ, եւայլն։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Հայերս մեր բնութեամբ մարդասէր ենք, ու դա իւրաքանչիւր հայի էութիւնն է ի ծնէ։ Իսկ սիրոյ գաղափարախօսութիւնը դրուած է իսկական հայկական ուղղափառ քրիստոնէութեան հիմունքներում։ Պէտք է ճիշդ ընկալել այն։ Քրիստոնէութիւնը տկարների, աղքատների, տնանկների ու անկեալների կրօնք չէ, այլ հզօրների, որոնք գիտեն պաշտպանուել, գիտեն անվախօրէն ու մինչեւ յաղթանակ կռուել ճշմարտութեան համար, արդարին պաշտպանելու համար։ Մենք այդպիսին ենք եղել ի սկզբանէ, Քրիստոսի ծննդից հազարամեակներ առաջ։ Հայկ նահապետը ձեզ օրինակ։
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
-Իմ ուսումնասիրութիւնները թելադրուած են հենց մերօրուայ իրականութիւնը հասկանալի դարձնելու համար։ Այսօր մարդ արարածը կորցրել է ճիշդ ընտրութիւն կատարելու ընդունակութիւնը, քանի որ եթերներում ծփում են միլիոնաւոր կեղծիքներ, իսկ ճշմարտութիւնը հազուադէպ է հնչում։ Մինչդեռ մարդիկ ծարաւ են իսկական գիտութեան։
Իմ աշխատանքներում ներկայացւում են հայագիտական այն դրոյթները, որոնցով որեւէ անհատ կարող է կողմնորոշուել, ցանկութեան դէպքում ետ կանգնել սխալներից, ու չգլորուել սուտերի, կեղծիքների եւ ոճիրների վիհերն ի վար։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
-Մեր հարցազրոյցի սկզբում խօսեցինք “մասնագէտ” եզրի բովանդակութեան մասին, եւ այստեղ էլ պնդում ենք, որ որեւէ անձ մասնագէտ լինելուց առաջ պէտք է ծանօթ լինի իր մասնագիտութեանն առնչուող հարակից բոլոր նիւթերի արմատական գիտելիքներին, այլապէս իր համար մութ կը մնան բազմաթիւ երեւոյթների պատճառ-հետեւանքները, եւ նրա աշխատանքները անարդիւնաւետ կը լինեն։
Սրանք են խանգարող հիմնական հանգամանքները։ Մնացած արգելքները անցողիկ են, ժամանակաւոր։ Ի հարկէ որեւէ ասպարէզում էլ կայ մեծ մրցակցութիւն։ Ով որ հոգուով հզօր է եւ անկոտրում պայքարող, նա էլ կը հասնի յաջողութեան։
Վերջին հաշուով, այս երկնքի տակ որեւէ “տաշուած քար” գետնին չի մնում։
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։
-Մեր օրերում Երկիր մոլորակի մակարդակում ահագնացել է չարի ու բարու պայքարը։ Իրականում սրանք պայմանական հասկացութիւններ են, որոնց հաւասարակշռութիւնը միայն կարող է ապահովել մարդ արարածի նոր վերելքները։
Սա նման է տղամարդ-կին յարաբերութեան նոյն ընտանիքում, կամ երկիր մոլորակի երկու բեւեռներին, որոնցից ոչ մէկն էլ առաւելութիւն չունի միւսի հանդէպ։
Մեր հայրենիքն էլ փորձում են բեւեռայնացնել։ Մինչդեռ Հայաստանը մոլորակի երկու բեւեռների միջեւ գտնուող սրտի տարածքն է։ Առանց սրտի եւ սիրոյ, կը կործանուի ողջ երկիր մոլորակը։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Պիտի կերտենք ինքնաճանաչ, բարձր գիտակցութեամբ ու բարոյեականութեամբ օժտուած սերունդներ, որպէսզի մեր հայրենիքը լինի յարգուած ու արժանապատիւ երկիր, ինչպէս եղել է հազարամեակներ շարունակ։ Դրա նախադրեալները ունենք։
ՄԱԳԱՂԱԹՑԻ