Հասմիկ Սարգսյան. ՋՐԵՐԸ ՍԱՓՈՐԱԾ․․․
(Գրիգոր Նազարյանի «Գեղջկուհին» կտավի մոտիվներով)
Ջրերը սափորած՝ հապշտապ կընթանան
Գեղջուկ և դիցուհիք Աշտիշատա տաճար․
Որ կայանա սիրո պաշտամունքի արար,
Ջրերը սափորած՝ հապշտապ կընթանան։
Խարույկներ կվառվեն լանջերին Դաղոնաց,
Եփրատում գիշերով երբ Աստղիկը լողա․․․
Ջրերը սափորած՝ հապշտապ կընթանան
Գեղջուկ և դիցուհիք Աշտիշատա տաճար․․․
***
Տարփածո աչքերից մշուշով թաքնված՝
Քաղցրահամ ջրերից կելներ նա ամոթխած,
Վահագնին կերևար լոկ մերկությամբ չքնաղ՝
Տարփածո աչքերից մշուշով թաքնված։
Երկարավիզ կժով աղբյուրներից՝ տունդարձ,
Հանդերձները՝ քամուն վիթ էր մի գեղահաս․․․
Տարփածո աչքերից մշուշով թաքնված՝
Քաղցրահամ ջրերից կելներ նա ամոթխած․․․
Փետրվար 8, 2022
Հասմիկ Սարգսյան
(Գրիգոր Նազարյանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի «Գեղջկուհին» կտավի մոտիվներով)