Հասմիկ Սարգսյան. ԼՈՒՅՍԸ ԵԼՄԱՆ
(Գրիգոր Նազարյանի «Ծիսական պար» կտավի մոտիվներով)
Արեգ ամսու արեգ օրվա տոնակարգով,
Սահմանումով նախնիների հայազնական,
Որպես դիցեր և դիցուհիք՝ կերկրպագեն
Ամեն առտու մութը ցրող լույսը ելման
Պարմանիներ և հարսնության պատրաստ կույսեր՝
Վիշապակերպ զարդարանքով նախշած գոգեր,
Ճակատներին՝ գլխանոցներ՝ խույրերի պես,
Ասեղնագործ համայիլներ՝ մինչև փեշեր,
Ծեսով անխախտ՝ որպես արար մի սրբազան,
Ձեռքերը՝ վեր, ափերը՝ բաց՝ կրակարան,
Անդ այրումից անխուսափ են, ահեր չկան,
Զոհողության համար գծված չկա սահման,
Պիտի նրանք նոխազների ընծա բերեն,
Ոսկուց ձուլած գավաթներից գինի ոթեն,
Վագրենադեմ և արծվեղեն պատկերի դեմ
Շորորաշարժ և թևածու սպասարկեն,
Եվ շարժմունքից կթրթռան կուրծ ու ազդրեր,
Եվ ճառագմամբ կցոլանան աչկունքն իրենց,
Որ դռները ողորմությամբ նորեն բացվեն՝
Գարնանագալ ավետումով և իբրև սեր․․․
Ապրիլ 11, 2022
Հասմիկ Սարգսյան
(Գրիգոր Նազարյանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի «Ծիսական պար» կտավի մոտիվներով)