Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
(Գրիգոր Նազարյանի «Մարիամական» կտավի մոտիվներով)
Ոնց բեմառաջին օրհնության համար պտուղն է շարված,
Որթատունկերից քաղված խաղողի ճութեր ոսկեհատ,
Նռներով լեցուն սկիհներ՝ պղինձ և կլայեկցած,
Նոր ճմուռ արած՝ կավե կժերով գինի նորահաս,
Որ մաճառ է դեռ, բայց ումպ անելիս ինքն է զգլխիչ,-
Ահա նույնությամբ ընդառաջ կգան՝ մանուկներ գրկին
Մանկամարդ հարսներ՝ մետաքսե շղարշ գլխանոցներին,
Փեշերին գործքով վիշապահյուսքի՝ որպես համայիլ,
Եվ դաստակներին որդիք՝ ազատված բարուրաշորից՝
Ընծա, որ կարվի Սուրբ Մարիամական խոհականությամբ,
Ի սկզբանե ի սեր մարդկության լուռ զոհողությամբ,
Հանուն բժշկման, որ պիտի արվի անվարձ, անարծաթ,-
Պիտի առաջ գան և մկրտության ջրով ողողեն
Այն քառասնօրյա նորածինների մարմինները մերկ,
Ընծայաբերման արար կլինի խաղողօրհնեքի,
Մայրերը՝ գավթում, մանչերը ազատ կվազեն բեմին,
Որից նռների ճաքած հյուսքերից հյութը կհոսի
Եվ գինու համով ընծայաբերման արյունը հուռթի․․․
Դեկտեմբեր 23, 2021
Հասմիկ Սարգսյան
(Գրիգոր Նազարյանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի «Մարիամական» կտավի մոտիվներով)