Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
Ես ինչպե՞ս չափեմ իմ հայրենիքը՝ նռան պես ճաքած,Կարմիր գնդիկներն արյան ցավերով աշխարհ ցիրուցան,Որ բուռ-բուռ հող է, թիզ առ թիզ կարոտ, քար ու խիճ շաղված,Բռերով ջուր է՝ ուրիշին հոսող, ճահճացող Սևան․․․ Քար ու քարափ է, որով չենք շինում տուն զավակներին,Իրար ենք խփում քարկտիկի պես, մահացու զարկով,Ու հայրենիքս չափում եմ քարի գրատախտակինՆետած քարերի հառաչանքների ցավաչափերով․․․ Լավ է՝ Նահապետ Լյառն Արարատը խճակույտից չի,Թե չէ մաս առ մաս դա էլ կնետենք պարսատիկներով․Հետո կողբանք՝ Ա՜խ այդ Մասիսը ինչու՞ մերը չի,Եվ կորոնենք Սար Նահապետին հավերժ կարոտով։ Իմ հայրենիքում երկիր-երկինքը գրկում են իրար,Արանքում հազիվ աստված է ապրում մեզանից խռով՝Հավատի քարե ու չփշրվող հին բաժանարար,Որ կառուցել ենք շատ դարեր առաջ մեր կոտրած ձեռքով․․․ Եվ աշխարաթող մեր ննջողների կեսփակ աչքով ենքՆայում ու չափում միշտ քնահարամ մեր հայրենիքը․․․Ու մենք ճարահատ օտար երկրներ մեզ հետ տանում ենքՍրտի մեջ պահած, միշտ գնամ ու գամ մեր հայրենիքը։ Ու հայրենիքը չափում ենք նաև թալանաչափով՝Ներս ու դրսի անսիրտ թալանից՝ ձենը ձենի տված,Օձի թույնի պես կուլ տված անվերջ դառնահաբերով․․․Գրողը տանի՝ ինչքան չափիչ էլ դեռ ունենք պահած։ Իսկ ուր է չափման Մե՛ր միավորը, ե՞րբ խելքի կգանք,Թե անհուսորեն կորցրել ենք մենք՝ զուր որոնելը․․․Գտնողը գոնե թող մի ձեն հանի, չափը իմանանք,Որ գերեզմանի տեղը որոշենք մինչև մեռնելը․․․ Վրեժ Սարուխանյան 24․11․2021