ԱԶԳԱՅԻՆ ՑԱՎ-ԽՆԴԻՐ
Արվեստի մարդը, քաղաքագետն ու պետական գործիչը պարտավոր են իրենց ժողովրդին դրական տրամադրություն փոխանցել, որքան էլ երկրի կացությունը մտահոգիչ լինի: Որովհետև հոռետեսություն տարածելն ու խուճապ հրահրելը մեղք լինելուց բացի կործանարար հանցագործություն են: Ինձ դուր են գալիս ուրախ երգերը, երգիծական պատմությունները, թեթև հանդեսները, կատակն ու ծիծաղը: Դրանք ժողովրդին թևավորում և վճռականության են մղում: Անշուշտ, խոսքս մակարդակով արված գործերի մասին է:
Բայց մեկ էլ կտեսնես հայտնվեց մի գիտունիկ դերասանիկ կամ գրողիկ ու տխուր հայացքով կոչ արեց ձեռ քաշել եղեռնի թեմայից, մոռանալ մեր պատմության արյունոտ էջերն ու անձնատուր լինել միայն ու միայն զվարճանքներին: Այս կոչը հաճախ ուռաներով է ընդունվում, ծափահարություններ են հնչում, ոգևորված ճիչեր են լսվում:
Տեսականորեն ես սրան համաձայն եմ` ժողովրդին պետք է հեռու պահել նրա ինքնասիրությունը մաշող սրտաճմլիկ պատմադրվագներից: Սակայն լռել այն ամենի մասին, ինչը մեր ազգային ցավն ու խնդիրն է` դավաճանություն է:
Հարկավոր է մտածել մատուցման կերպի մասին: Երբ ես ցեղասպանությունից փրկված հարյուրավոր մարդկանց էի ձայնագրում, վերծանում ու պատմությունները մաքրագրում` մի բան էի մտածում, որ ոչ ոք չապրի այն տառապանքն ու ողբերգությունը, որոնք այդ ամիսների ընթացքում ինձ ուղեկցում էին: Մի քանի տարի պետք եղան, մինչև որոշեցի զգացածս գեղարվեստորեն գրի առնել: Ներաշխարհիս մեջ ապրումների փոխարեն արդեն դատողություններն էին գերիշխում:
Ասել, թե պատմելիքս շուտ ցանկալի ձև ստացավ` մեծամտություն կլինի: Կրկին ինձ հալածում էին մղձավանջային տեսարանները, փրկվածների ահասարսուռ ձայները, նրանց ահաբեկ շշունջները, երբ չէին կարողանում մոռանալ, որ սարսափը մնացել է անցյալում: Բայց ես մտածում էի միայն ընթերցողի մասին, ում հարկավոր էր պաշտպանել: Այդպես գրվեցին Հայոց ցեղասպանության մասին տասնմեկ պատմվածքներս ու «Հարսնատես» վեպը:
Դրանք քչերն են կարդացել ու հավանաբար քչերի մտապատկերում էլ կմնան, սակայն ես գիտեմ թեման բացելու բանաձևը և պարտավոր եմ այն հանձնել քեզ, Դիմագրքի բարեկամ: Դա բարդ չէ և անգամ շատ պարզ է` արտասվելու, ողբալու փոխարեն պետք է մեր ԴԱՏԸ պաշտպանենք: Պետք է ՊԱՀՆՋԵՆՔ: Միայն բառերով չէ` հզորանալով, համախմբվելով, հայկական ամբողջ մտապաշարը ի մի բերելով: Դա մեզ հաջողվելու է, ես կասկած չունեմ, որովհետև այսպես մտածող հայերի քանակը գնալով մեծանում է: Օրօրի մեծանում է:
Գալով եղեռնի թեմայից վախեցնողներին` մի բան եմ հասկացել, դրանք բացարձակապես բոբիկ մարդիկ են, ոչինչ չեն ուսումնասիրել, չգիտեն ու հիմա էլ ալարում են դա անել: Դե, ինչ կարիք կա, երբ կարելի է հայտարարություններով ոտքի տեղը պնդացնել ու ջրից չոր դուրս գալ:
Ես խղճում եմ մտավոր թերհասներին, արհամարհում եմ նրանց խղճուկ տվայտանքները: Ուզում եմ, որ իմ երկրում և արտերկրում հասուն գիտակցությամբ սերունդ մեծանա, լինի քաջակորով, վճռական, կյանքին լավատեսորեն վերաբերվի և հավատա իր հաղթանակին: Այդ ճանապարհին Հայոց պահանջատիրությունն ու ցեղասպանության թեման միայն պետք է որպես հաղթաթուղթ օգտագործվեն, այսինքն զգացմունքները ձգենք մի կողմ ու աշխարհին ներկայանանք դիվանագիտական թղթապանակով:
Թեթև թեմաների սիրահարներն էլ թող իրենց ուրախ գործը շարունակեն, նրանք ևս ազգին պետք են:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
2017թ