Հրաչուհի Փալանդուզյան. ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ
Պատմվածք
Պրոֆեսոր Գարիկ Քարտաշյանը Միացյալ Նահանգներում ավարտված գիտաժողովից վերադառնում էր խառնիխուռն ապրումներով: Տհաճությամբ էր հիշում իր բելգիացի ազգանվանակցի անգլերեն ակնարկներն իրենց նախնիների մասին: Նախ հարցրեց՝ դուք կապ ունե՞ք ամբողջ Ամերիկան ցնցած Քարդաշյան քույրերի հետ: Երբ բացասական պատասխան ստացավ՝ շարունակեց՝ իսկ մասոնների՞ հետ: Դա արդեն զայրացուցիչ էր: «Եղբայր,– ասաց,– թե իմ նախնիները, թե ձերը զբաղվել են միայն քար տաշելով, արհեստավոր մարդիկ են եղել, դարերի համար շինություններ են կառուցել, խաչքար են քանդակել, տաճար ու ապարանք են արարել, ի՞նչ կապ ունեն զանազան հանրային անձանց կամ կազմակերպությունների հետ»:
Դա առաջին օրվա ծանոթության պահին տեղի ունեցավ, թվում էր, թե աշխարհի տարբեր ծայրերից Վաշինգտոն եկած հայերի միջև այնուամենայնիվ շփման հաճելի եզրեր
կգտնվեն, բայց բելգահայ Քարտաշյանը շատ արագ անցավ գիտնականների այն թևը, որը հակադրվում էր երևանցի Քարտաշյանի համակրած թևին: Հակամարտություն որպես այդպիսին չկար, քանի որ երկու թևերն էլ հայտնագործել էին նույն ճշմարտությունը, այն, որ մարդու աներեր համարվող գեները ևս ենթակա են փոփոխության, այն էլ ոչ թե քիմիական կամ ֆիզիկական ազդեցությամբ, այլ ձայնի: Բայց ոչ թե սովորական ձայնի, որը կարող է արտադրել նաև բնությունը կամ կենդանի որևէ արարած, այլ այդ ձայնով արտահայտված խոսքի: Այսինքն ցանկացած ուղղորդված խոսք ունակ է մարդուն զրկել իր նախաստեղծ էությունից և վերածել ձեռնտու խամաճիկի կամ էլ նրան դարձնել կատարյալ էակ:
Նույն արդյունքները ստացած գիտնականները երկար ժամանակ վիճարկում էին, թե գյուտի առաջնությունն ում է պատկանում՝ հայաստանցի՞, թե արտասահմանյան գիտնականներին: Վիճաբանությունը շիկացրեց ՄԱԿ-ի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե նման մի հայտնագործություն արժանի է Նոբելյան մրցանակի և ամեն միջոց հարկավոր է ձեռնարկել, որպեսզի առաջադրումը տեղի ունենա ամենակարճ ժամանակում:
Գարիկ Քարտաշյանի ղեկավարած փորձարանին վիճակված էր պարտության դառնությունը, քանի որ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ հաղթանակի դափնիները բաժին հասան գործընկերներին: Իհարկե, վճռորոշ ձայնը պատկանում էր բելգահայ Քարտաշյանին: Գարիկ Քարտաշյանին ոչ թե այդ հանգամանքն էր վշտացնում, այլ այն ամբարտավան ինքնագոհությունը, որը տեսավ իր հայրենակցի դեմքին, երբ նա շնորհավորում էր գիտախմբի ղեկավար Ռիչարդ Լայմոնին: Վերջինս ավելի նրբավար եղավ, մոտեցավ իրեն և հարգանքով ասաց.
– Պարոն Քարտաշյան, ես պատրաստ եմ Նոբելյան մրցանակը զիջել ձեզ, եթե այն բարեհաճի ինձ գտնել:
– Կարևորը մրցանակը չէ, հարգելիս,– ասաց ինքը,– այլ այն, որ ինչքան հնարավոր է՝ այս մոլորակում մարդն ավելի երկար մարդ մնա: Հետայսու մենք պետք է պայքարենք, որ նրա արյան մեջ եղած լավագույնն անխաթար հասնի սերունդներին:
– Դուք՝ հայերդ, գենի պահպանման հարցում ավելի հետևողական եք, ես ձեզ հարգում եմ նաև դրա համար և շատ մեծ հաջողություններ եմ մաղթում: Ձեր հայրենակցի անունից էլ ներողամտություն եմ հայցում, քանի որ ինքն այս վերջին հավաքույթին ներկա լինելու ժամանակ չգտավ: Կարծում եմ՝ մենք կարող ենք առաջիկայում համագործակցել: Իսկ եթե կամենաք՝ կարող ենք նաև համատեղ աշխատել: Ցանկացած ժամանակ եկեք, և իմ փորձարանի դռները ձեր առջև բաց կգտնեք, դրա համար միայն երջանիկ կլինեմ:
Գործընկերոջ վերջաբանն ընդունեց քաղաքավարի ժպիտով: Մինչ այդ չէր էլ նկատել, թե մյուս Քարտաշյանն ինչպես է ճողոպրել: Աստված իր հետ, հիմա դա չէ գլխավորը, անհրաժեշտ է շուտ տուն հասնել և մտածել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ ազգային գենը դրսի հարվածներից պաշտպանելու համար: Կան այդ հարվածները, ինքը դրանց քայքայիչ հետևանքները տեսնում է ամենուր, ամեն ժամանակ, անգամ սիրելի տիկնոջ հետ սիրելի սուրճն ըմպելիս կամ բազկաթոռում ընկողմանած օրվա լուրերը լսելիս:
Հարկավոր կլինի երկրի բարձրագույն ղեկավարներին հանդիպել, մանրամասնորեն բացատրել, թե ինչ վտանգներ են իրենց դարանակալել, եթե պետք լինի՝ կներկայացնի նաև ոչ կենսաբանական հետազոտությունների արդյունքները, թե ինչ արագությամբ են հայկական արժեքները տեղը զիջում օտարին կամ ենթարկվում դրանց հուժկու գրոհին:
Ըստ որում առիթ չվիճակվեց, որպեսզի երևանցի գիտնականը գործընկերներին ներկայացնի նաև իր հետազոտությունների մյուս արդյունքները, այսինքն այն ազդակները, որոնք խոսքից բացի ներգործում են մարդու հիմնագեների վրա և դրանք փոփոխում: Կամ գուցե դա՞ էր ճիշտը, գուցե գիտության մեջ լիակատար անկեղծությունը լավագույն խորհրդատուն չէ՞: Համենայնդեպս այն հարվածները, որոնց ենթարկվում է իր ազգի գենը, զգուշացնում են, որ բոլոր փակագծերը չարժե բացել, չարժե ոսոխին զենք տալ, նա չի դադարում իրենց ատելուց, չի հագենում ոչ զավթած տարածքներով, ոչ գանձերով, ոչ մշակութային արժեքներով: Նրա վայրի ախորժակը միայն բորբոքվում է…
Այս մտքերով համակված Գարիկ Քարտաշյանը Զվարթնոցում օդանավից իջավ այնպիսի վճռականությամբ, ասես մեկնում էր մարտական հանձնարարություն կատարելու: 22 տարի է անցել Արցախի ազատագրումից, բայց միշտ այն տպավորությունն է վերապրում, ասես զենքը ձեռքին նետվում է թշնամու դեմ կամ նրա գայլային ճանկերից հերթական հայ մանուկին է փրկում: Այն ժամանակ դեռ ընդամենը կենսաբանական գիտությունների թեկնածու էր ու մի փոքրիկ ամբիոն էր ղեկավարում: Այժմ էլ, երբ թե դոկտորականն է պաշտպանել, թե դարձել է ակադեմիկոս, չի կարողանում ընկալել, որ մարտական գործողություններն այնպիսի արդյունքի են հասել՝ ինքն ու իր գործընկերները կարող են միայն գիտությամբ զբաղվել:
Միայն գիտությամբ… Դա ի՞նչ է, մարտադաշտ չէ՞…
– Հայրիկ, ո՞ւր ես գնում,– լսեց թիկունքից,– մի ժամ է՝ քեզ ենք սպասում:
Որդին ու հարսն էին կանչում, կանգնած էին բալագույն նոփնոր մեքենայի մոտ: Գրկախառնություն, հանդիպման ուրախությունը վավերացնող ճիչեր, սրտանց հաճոյախոսություններ: Հիմնական ճառերգուն հարսն էր՝ Գարիկ Քարտաշյանի ամբիոնի դասախոսուհի Վեհանույշ Մարիկյանը: Որդին՝ ճարպիկ գործարար Արտակը, հիմնականում դիտողի դերում էր: Հայրը մի ակնթարթում մոռացավ ուղևորության բոլոր տհաճություններն ու համակվեց Հայաստան վերադառնալու, հարազատներին տեսնելու հրճվանքով: Բայց որդու դեմքին անսովոր մտահոգություն նշմարեց.
– Մայրդ լա՞վ է, ինչո՞ւ զանգերիս չէր պատասխանում:
Արտակն ու Վեհանույշը հայացքները խոնարհեցին, ասես խուսափեցին բոթ հայտնել:
– Ի՞նչ է պատահել,– տագնապեց Գարիկ Քարտաշյանը,– հիվանդ հո չէ՞:
– Ես դա հենց հիվանդություն կանվանեի,– գրեթե գոռաց Արտակը: Վեհանույշը նրա թևը գրկեց, հորդորեց լռել:
– Հայրիկ,– խնդրեց հարսը,– այդ մասին հետո կխոսենք, հիմա մեքենան նստեք, գնանք տուն:
– Տուն…,– փնչացրեց Արտակը:
Գարիկ Քարտաշյանը մի բան հասկացավ, որ իր ընտանիքում սարսափելի բան է կատարվել, այնպիսի բան, որն ասելու համար որդին օդանավակայան է հասել կնոջ մեքենայով: Դա նշանակում է՝ նա ի վիճակի չի եղել անգամ մեքենա վարել: Սուսուփուս տեղավորվեց հետևի նստարանին ու որոշեց սպասել, թե ջահելներից ով է առաջինը համարձակություն ստանալու, որպեսզի ստանձնի բոթաբերի դերը: Մտքի մեջ միայն մի վարկած կար, որ Գոհարը հիվանդացել է կամ վթարվել, ու իրենք հիմա ոչ թե տուն, այլ հիվանդանոց են գնում:
– Մի խոսքով, հայրիկ,– Արգավանդի խաչմերուկն անցնելուց հետո խոսեց Արտակը,– մաման հիմա ուրիշ տեղ է ապրում… ուրիշի հետ… Մովսեսին հիշո՞ւմ ես, մի ժամանակ նրա օգնականն էր, դրանից առաջ բռնցքամարտի մարզիչ էր: Մեր մայրը սիրահարվել է ու քեզ լքել: Ինչո՞ւ միայն քեզ, ինձ էլ, հարսին էլ, թոռնիկներին էլ… Կարճ ասած՝ ազգընտիր պատգամավորուհին ու հարգարժան մայրը նոր սեր է արել:
Հայրը լսում էր լարված ուշադրությամբ, բայց ոչ մի բառը չէր հասկանում: Միայն մի պահ աչքի առաջ հայտնվեցին կնոջ քարոզարշավի դրվագները, որոնք ինքն էր ֆինանսավորել, անգամ գաղափարական ուղենիշները կազմել: Բայց որդու պատմածը նման էր անցած-գնացած ֆիլմի վերհուշի: Ինչ-որ մեկը նոր սեր է գտել ու գնացել նրա հետևից: Հետո՞ ինչ: Ո՞վ…
– Ո՞ւմ մասին ես խոսում, Արտակ, հուզմունքդ չեմ հասկանում:
– Պարոն Քարտաշյան,– կանացի նրբամտությամբ միջամտեց Վեհանույշը,– Արտակն իր մայրիկի մասին է խոսում, ձեր տիկնոջ: Նա իսկապես ձեզ լքել է:
– Երևի պատճառ է ունեցել,– թոթովեց իրականության ու մղձավանջի սահմանին խարխափող սկեսրայրը:
Ուրիշ ի՞նչ կարելի էր պատասխանել այն խոսքերին, որոնք հնչում էին այդպիսի լրջությամբ ու ցավով:
– Նա քեզ նամակ է թողել,– քրթմնջաց Արտակը,– ուղղակի չէի ուզում նախօրոք ասել, կարծում էի՝ գիտական գործերդ այդ պահին ավելի կարևոր են:
– Իհարկե,– շշնջաց հայրը,– դարիս մեծագույն հայտնագործությունն է կատարվել, ես էլ իմ մասնակցությունն ունեմ, հավանաբար Նոբելյան մրցանակով կնշվի:
– Հայրի՜կ,– ղեկը մի պահ բաց թողնելով՝ ծափ զարկեց հարսը,– ախր դա հիանալի է:
Ընդամենը մի ակնթարթ հետ շրջվելով էլ նկատեց, որ սկեսրայրն ու իր գիտական ղեկավարը ամենևին վշտացած չէ, մեղմորեն ժպտում է ու մեծ ուշադրությամբ ճամփեզրի ծաղկաթաղարները զննում: Անմիջապես պահն օգտագործեց.
– Լավ լուր էլ ունենք՝ շաբաթ օրը գյուղ ենք հրավիրված՝ հորեղբայր Վահանի որդու հարսանիքն է: Գժվում եմ գյուղական արարողությունների համար, ժամեր եմ հաշվում, թե երբ ենք գնալու:
Վեհանույշի ուրախության մեջ արհեստական ոչինչ չկար. միշտ էլ այն համոզմանն է եղել, որ սկեսուրը եսամոլ, քաղքենի կին է, և պարոն Քարտաշյանն ավելի լավ կին ունենալու արժանի այր է:
Արտակը բռնեց սկսված զրույցի թելը, պատմեց, թե հարսի ու խնամիների, թե գալիք հարսանիքի հետաքրքիր մանրամասների մասին: Աչքի տակով նետած հայացքներից հոր տրամադրությունը չէր կարողանում կռահել, բայց համաչափ շնչառությունն զգում էր: Վեհանույշն ընդհակառակը, այդ շնչառության մեջ անհարկի բարձրություն նկատեց: Երեկոն շարունակվեց Երևանի հայտնի սրճարաններից մեկում, իսկ ավարտին որդին ու հարսն իրենց սիրելի հայրիկին բարի գիշեր մաղթեցին, ամեն մեկն առնվազն երեք րոպե նրա հետ ողջագուրվեց: Թվում էր՝ տարբեր ուղղություններով հեռու հեռավոր ճամփորդության են մեկնում:
– Ի՞նչ ես կարծում, իրեն կվնասի՞,– մեքենայի ղեկն ամուսնուն զիջելով՝ հարցրեց Վեհանույշը:
– Հորս մի աչքով չնայես, տղամարդու բացառիկ տեսակ է:
– Բայց հիշիր, թե որքան ուշադիր էր մորդ հանդեպ, ես կասեի՝ կնամեծար: Երբեմն այն տպավորությունն էի ստանում, թե նրան երկրպագում է՝ ինչպես աստվածուհու:
Արտակը քմծիծաղեց.
– Քո կարծիքով աստվածամերժ մարդը կարո՞ղ է կուռք ունենալ: Ախր հայրս իր գենետիկայից դուրս ոչինչ չի ճանաչում, շրջապատին, այդ թվում ինձ վերաբերվում է ինչպես քաղցր անհրաժեշտության: Միայն թե գիտությունը ցնցի, միայն թե իր անունը ոսկե տառերով պատմություն մտնի: Կարծում եմ՝ նա մամայի բացակայությունը չի էլ նկատի: Նրան կին պետք չէ, օգնական ռոբոտ է պետք կամ էլ բացարձակ անդորրություն:
– Արտակ,– խռովված հոգով հակադրվեց Վեհանույշը,– հայրդ հանճարեղ գիտնական է, ոչ թե սովորական մահկանացու: Ես հասկանում եմ, որ դուք տարբեր մարդիկ եք, բայց հասկացիր՝ նա ավելին է, քան հայրը, քան ամուսինը…
– Քան գիտական ղեկավարը…
– Պետք չէ, որ նա շարքային ղեկավար լինի, ցանկացած մարդ, ով կամենա իրենից սովորել՝ ոչինչ չի խնայի:
– Իսկ նրա սին երազա՞նքը… պահպանել հայի անկրկնելի գենը: Լա՜վ, հոգնեցի, սիրունս, գնանք տուն, քանի դայակը երեխաներին չի քնեցրել: Մի քիչ նոր խաղալիքներով կզբաղվենք, իսկ հայրիկը մի ելք կգտնի: Գոնե այնքան խելք կունենա, որ այդ ստահակ լակոտին մենամարտի չի կանչի:
– Խե՜լք… Դու հորդ երբեք էլ չես գնահատի: Գիտե՞ս, թե որքան թշնամիներ ունի, քեզ նման ծաղրողների պակաս էլ չունի:
– Կդիմանա, ասում եմ քեզ, այ, կտեսնես:
– Կասկածում եմ, նա նման էր ջուրը նետված փետուրի, ոչ փրկվել կա, ոչ սուզվել, անվերջ տառապելու է: Դա սարսափելի է…
Հորեղբայրները գյուղից արդեն տասն անգամ զանգել էին Արտակին ու բողոքել, որ Գարիկի հեռախոսները լռում են, ի՞նչ է, արտասահմանից դեռ չի՞ եկել, բա լրատվական ծրագրերն ի՞նչ էին նրա մասին խոսում ու գովերգում:
– Ամերիկայի մեր թղթակիցն է դրանք հեռարձակում,– արդեն տասն անգամ խաբել էր Արտակը:– Բայց մենք ընտանքով գալու ենք, դա կասկածի ենթակա չէ:
– Գոհա՞րն ինչ է բերանը ջուր առել,– չէր հանգստանում հորքույր Փառանձեմը,– չէ՞ր ասում, որ հարսանիքի տոլման ինքն է եփելու: Ամեն ինչ պատրաստել դրել ենք, արագացրեք, մարդ Աստծո, գյուղական հարսանիք է, հո խաղուպար չէ:
Արտակն արդեն չգիտեր՝ ուրիշ ինչ ստեր մոգոնի, երբ հայրը զանգեց ու ասաց՝ գալիս եմ, հարսանիքի նվերն էլ գնել եմ, ապա հարցրեց՝ արժե՞, որ ինքն էլ մեքենայով լինի, թե ավելի լավ է՝ թոռնիկների հետ ճամփորդության ամբողջ հաճույքը վայելի:
Արտակն ու կինը մոլորված իրար նայեցին ու հանկարծ երկուսով ճչացին՝ ուռա՜:
Գյուղ հասան հարսանիքից երկու ժամ առաջ, բայց որևէ մեկի հետ զրուցելու, շփվելու առիթ չեղավ, բոլորն զբաղված էին վերջին պատրաստությունները տեսնելով, եկողների հետ հազիվ մի քանի բառ էին փոխանակում ու վազում իրենց անհետաձգելի գործերին: Միայն Գարիկ Քարտաշյանը հատուկ ուշադրության արժանացավ, այն էլ միայն նրա համար, որ նախօրեին հեռուստաալիքները խոսքները մեկ արած նրա մասին էին պատմում, նրան ցուցադրում:
Ինքը՝ հարգարժան պրոֆեսորը, երկու օր շարունակ մտմտում էր Ռիչարդ Լայմոնին զանգելու և նրա առաջարկն ընդունելու մասին: Հայաստանում մնալն այլևս անհեռանկար էր, որոշել էր օր առաջ հեռանալ ու հետևից բոլոր կամուրջներն այրել: Պատկերացնում էր, թե շուրջն ինչեր են խոսում իր անձնական կյանքի, գիտական ձախողումների մասին… Գոհարին ու սիրեկանին միասին տեսնելու միտքն էլ գլխի մեջ ոչ թե պարզապես շփոթ, այլ հրաբուխ ու երկրաշարժ էր առաջացնում: Հայրենիքը լքելուց առաջ որոշեց եղբորորդու հարսանիքին մասնակցել, որովհետև ուզում էր հետը գյուղական հարսանիքի սրտամոտ պատկերներ տանել:
Ի՛նչ գյուղական հարսանիք, ամեն ինչ ճիշտ քաղաքայինի նման էր՝ եկեղեցի, քահանա ու երկինք թռցրած աղունիկներ, հարսնասրահ մոտակա ռեստորանում, նվագախումբ, հարս ու փեսայի եվրոպական պար, ծիսական երգ ու նվագ, միջազգային ոճով զարդարված տորթ, ճիչ ու աղմուկով միմյանց ներկել…
Վեհանույշը խորապես հիասթափած էր, ինչքան կուզենար համ ու հոտով հայկական հարսանիք տեսնել, դե, ասենք ինչպես «Անուշ» օպերայում, մինչդեռ աչքի առաջ այն էր կատարվում, ինչ մայրաքաղաքային ցանկացած հանդիսասրահում կարելի է տեսնել:
Նրան զարմացնում էին հատկապես գյուղի օրիորդներն ու ջահել հարսները, բոլորը՝ վարսավիրանոցային հարդարանքով ու լանջաբաց զգեստներով, ծիծաղը շուրթերին, առիթի դեպքում էլ պարելու ոչ մի հնարավորություն բաց չէին թողնում: Երևում էր, որ աշխարհիկ բարքերն ամենայն բծախնդրությամբ ջնջել են գյուղի ու քաղաքի սահմանագծերը, ու այդ երևույթի գլխավոր կրողները ոչ թե տղամարդիկ, այլ կանայք են:
– Հայրիկ, զգո՞ւմ եք, թե գյուղի կանայք ինչքան համարձակ են, ոչ մի բարդույթ չունեն, ոչ էլ դրան խանգարող կա: Համատարած գենդերացում է,– սկեսրոջ ականջին գոռաց շշմած Վեհանույշը: Իսկ գոռում էր, քանի որ երաժշտությունն այնքան բարձր էր՝ միմյանց լսելու ուրիշ միջոց չկար:
– Տենում եմ,– նույնկերպ պատասխանեց սկեսրայրը,– իմ ուսանողուհիներին երբեք չեմ կարողանում զանազանել՝ գյուղի՞ց, են թե քաղաքից:
– Տղաները տարբերվում են, աղջիկները՝ ոչ: Համատարած գորշություն է:
– Գենն ենք կորցնում,– գոռաց Արտակը,– և հիմնականում՝ քո մեղքով, իմ սիրելի հայր: Փոխանակ հայտնագործություններդ տուն բերես՝ տանում ես արտասահմաններում սրան-նրան նվիրաբերում:
Երեքով ծիծաղեցին, քանի որ անելու ոչինչ չկար: Անհամբեր սպասում էին, թե հարսանիք կոչվող աղմուկ-աղաղակը երբ է դադարելու, որպեսզի ականջները մի քիչ հանգստացնեն, ազգականների հետ մի քանի խոսք փոխանակեն ու ճամփա ընկնեն տուն:
– Ես մնում եմ,– երբ ցանկալի պահը եկավ, հայտարարեց Գարիկ Քարտաշյանը:– Եկել էստեղ եմ հասել՝ եղբայրներիս հետ մի քանի ժամ չանցկացնե՞մ:
Չորս եղբայր էին, երկու քույր: Ասես հրամանով՝ բոլորը հավաքվեցին իրենցից ավագի հարկի տակ, որ հարսանքատնից ընդամենը երեք տուն էր հեռու: Դա հենց Քարտաշյանների հայրական տունն էր՝ կառուցված արևագույն տուֆից, զարդաքանդակներով ու կամարներով, սյունազարդ պատշգամբով: Իսկը հայի ձեռքի գործ, որի նպատակներից մեկն էլ տանտերերի ազգանունն արդարացնելն էր: Զրույցն սկսվեց աղմուկով ու շարունակվեց հանդարտ, սրտառուչ մտերմությամբ: Արդեն կասկած չկար, որ Գարիկը հենց հայրական տանն է գիշերելու: Բայց ինչ գիշերել: Ապրիլյան մեղմ երեկոն տրամադրում էր միայն անկեղծության, տրամադրում էր հուշերի ու խորհրդածությունների: Մի գավաթ թունդ սուրճ լիներ՝ կարելի էր նաև գիշերը լուսացնել:
– Արև,– կանչեց Լուսաբեր քույրը,– մեր պրոֆեսորի համար դառը սուրճ չե՞ս եփի:
– Հիմա,– եղավ պատասխանը, իսկ երկու րոպե անց փոքրիկ մատուցարանը ձեռքին պրոֆեսորին մոտեցավ մի ջահել, ժամանակակից հագուկապով կին: Սանրվածքն էր արտասովոր՝ սևաթույր խոպոպները հերակալով հավաքել էր ծոծրակին՝ բարձր ճակատն ու շիկնած այտերը բաց թողել:
– Խնդրեմ, պարոն Քարտաշյան, միայն թե մի քիչ շաքարավազ եմ ավելացրել: Ա՜յ, այսքան, ընդամենը մի պտղունց: Առանց շաքարի ինչ սուրճ… Այսինքն դա իմ կարծիքն է, եթե չեք հավանի՝ նորից կեփեմ:
Կնոջ ձայնը հնչում էր խոխոջյունի նման: Այդպես մտածեց պրոֆեսորը: Նա երկու օր անց էր կացրել դավաճան կնոջը մոռանալու տիտանական ջանքերով ու հիմա հմայված նայեց այն կնոջը, ով իրեն ստիպում էր մտածել, որ ոչ բոլոր կանայք են անբարո, եսասեր… ու…
– Գարիկ,– գավաթը վերցրու,– ծիծաղը շուրթերին՝ ձայն տվեց Լուսաբեր քույրը,– աղջկա ձեռքը չորացավ:
– Ներեցեք,– սթափվեց պրոֆեսորը,– շնորհակալ եմ:
– Շաքարը չի՞ խանգարի,– խոխոջաց ձայնը:
– Ոչ,– ասաց ու ակամա դիտեց կնոջ դեմքը:
Նա իրեն էր նայում ակնածանքից ավելի նշանակալի արտահայտությամբ: Ժպտուն, գեղեցիկ դեմք էր, խոհուն աչքերով, որոնց մեջ այնքան հարցականներ կային:
– Արև,– կարծես այդ պահին էր սպասում կրտսեր քույրը՝ Փառանձեմը,– շատ էիր երազում, որ եղբորս հետ ծանոթանաս: Խնդրեմ՝ այդ օրը եկել է: Գարիկ, Արևը մեր դպրոցի կենսաբանության ուսուցչուհին է, քո հոդվածներն ու զեկուցումները քեզնից լավ գիտի: Ծանոթացեք, ու դու կտեսնես, որ քաղաքից ու արտասահմաններից բացի ուրիշ աշխարհներ էլ կան: Գիտե՞ս, Արևն ինչքան խելացի է, երազում է, որ օրերից մի օր բոլոր հիվանդությունների դարմանը գտնի:
Պրոֆեսորը սուրճի գավաթը վերցրեց ու ափերի մեջ ամուր սեղմեց: Ասես գավաթի տաքությունն իրեն պետք է հուշեր, թե ինչ բառեր ասի, ինչ գործողություն կատարի: Բայց դրանք բոլորը քույրերն ու եղբայրներն իրենից լավ արեցին՝ պատշգամբից դուրս եկան, որպեսզի նույն մասնագիտության տեր մարդիկ իրենց ասելիքն իրար ասեն:
– Երազում եմ,– ամաչելով խոսեց Արևն ու նստեց դիմացի փափուկ նստարանին,– բայց բոլոր հիվանդությունների համադարմանը գտնելն անհնար է, դա երբեք չի լինի: Մարդն իր էությամբ շահասեր է, չի թողնի, որ գիտական հայտնագործությունները բժշկությունը վերացնեն: Քանի կան հիվանդանոցները, դեղագործարաններն ու դեղատները՝ կլինեն նաև հիվանդությունները:
Արևը խոսում էր ոչ թե իր գիտելիքներով աչքի ընկնելու համար, այլ հյուրին զբաղեցնելու պարտականությամբ: Ինքն էր պրոֆեսորի քույրերին խնդրել, որ նրա հետ ծանոթացնեն, մանավանդ վերջին գյուտից հետո այդ ցանկությունը նրան հանգիստ չէր տալիս: Գարիկ Քարտաշյանն սկսեց բավականությամբ կնոջ հետ այդ թեման քննարկել: Իրոք, հաճելի էր խոսել մի մարդու հետ, ով տեղյակ է քո բոլոր հետաքրքրություններից ու դրանից բացի՝ սեփական մտորումներն էլ չի թաքցնում:
– Ես նկատեցի, թե դուք ու ձեր հարսը հարսանիքի ժամանակ ինչքան էիք զարմացած: Երևի մտածում էիք, որ քաղաքի ու գյուղի տարբերություններն առհավետ ջնջվում են, ճի՞շտ է: Նույնիսկ բարբառներն են ջնջվում, բոլորն սկսել են միատեսակ խոսել:
– Ոչ թե ջնջվում են, այլ ասես չեն էլ եղել,– անծանոթ կնոջ առջև սիրտը բացելու անդիմադրելի մղում զգաց:– Մենք կարող ենք խոսել, ու դրանից մեր գենը կփոխվի, պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչի կարող է հանգեցնել:
– Դա մեր ունեցած միակ գանձն է, որ կարողանում էինք բոլորից գաղտնի պահպանել,– հառաչեց գյուղական գեղեցկուհին,– իսկ հիմա՞: Դուք ուշադրություն դարձրի՞ք, թե մեր ջահել կանայք ինչպես են զվարճանում՝ ազատ, համարձակ, առանց բարդույթների: Նրանք կարողանում են ընտանիքներում իրենց կամքն առաջ տանել, մինչև անգամ իշխել: Նրանց հագուստը, սանրվածքը, շպարը, այդ ամենն ընդօրինակված է սերիալներից ու տեսահոլովակներից: Աստղերից, աշխարհիկ վայելքներից բացի ոչինչ նրանց չի հետաքրքրում: Չեք հավատա, բայց ես ամուսնուցս բաժանվել եմ այն պատճառով, որ ուզում էի ինձ ու որդուս ապականությունից զերծ պահել: Ամուսնուս քույրերն ասում էին, թե ես հնաոճ եմ, կյանքից հետ եմ մնում: Ի վերջո ամուսինս գերարդիական սիրուհի գտավ ու բաժանվեց: Ես էլ մնացի որդուս ու հնաոճ հետաքրքրություններիս հետ: Բայց հավատացեք՝ չեմ դժգոհում, մանավանդ որ աշակերտուհիներիցս ոմանք ինձ հետ համամիտ են, խորհուրդներիս հետևում են: Մի քանի խելացի մայրեր էլ կան, հաճախ հանդիպում ենք, տարբեր հարցեր քննարկում: Որոշել ենք նոր տեսակի ծնողկոմիտե ստեղծել, որպեսզի ամեն կարգի աղտեղությունները մեր ժողովրդին կուլ չտան: Եթե մենք մեր արժեքները չպահպանենք՝ ո՞վ դա կանի: Մտածելը սարսափելի է…
Նրա ձայնն առաջվա նման խոխոջում էր, միայն մի աննշան թրթիռ էր ավելացել, ըստ երևույթին ճանաչված պրոֆեսորին ծեր այր էր պատկերացրել, իսկ իր առջև ծաղկուն տարիքի տղամարդ էր տեսնում, ըստ որում շատ գեղեցիկ ու մարդամոտ: Նա դրանից շփոթվում էր, մերթ շիկնում, մերթ դալկանում, մինչև որ կարողացավ համարձակությունը վերագտնել ու ասել.
– Ձեր վերջին գյուտը կարող է մեր իրականոթյունը հիմնիվեր փոխել:
– Հակառակն էլ կարող անել,– չհամաձայնեց պրոֆեսորը,– եթե ընկնի մեր հակառակորդների ձեռքը:
Այդ կետից սկիզբ առավ գրեթե ակադեմիական մի վեճ, և պրոֆեսորը համոզվեց, որ կենսաբանության սովորական ուսուցչուհու հետ գործ չունի, այլ անտիտղոս գիտնականի: Որն ի դեպ նաև հիանալի զուգակցում է կանացի խելքն ու մարդկային վեհությունը:
– Ի՞նչ կասեք, եթե ես ձեզ որպես օգնականի հրավիրեմ իմ փորձարան,– լուսաբացին, երբ գյուղի ամենապարտաճանաչ աքաղաղն ազդարարեց արևի մոտալուտ ծագումը, առաջարկեց Գարիկ Քարտաշյանը: Նա հասցրել էր մոռանալ թե դավաճան կնոջը, թե Ռիչարդ Լայմոնի աշխարհառչակ փորձարանը:
Եվ ահա՝ գիշերվա մի քանի ժամերը նրա կյանքում ճիշտ այն շրջադարձն էին կանխագուշակում, ինչը տեղի է ունենում ամեն տարեմուտի ցուցադրվող սիրելի ֆիլմում: Սիրելի ֆիլմ, սիրելի կին, սիրելի գործ…
Անցավ մեկ շաբաթ: Համալսարանում ու ակադեմիայում շրջանառվող ամենահետաքրքրաշարժ պատմությունն այն մասին էր, թե ինչպես է նշանավոր կենսաբան Գարիկ Քարտաշյանը դիմանում 32 տարվա կողակցից բաժանվելուն:
– Ասում են՝ Նոբելյան մրցանակի խոստումն է նրան այդքան տոկուն դարձրել: Հույս ունի աշխարհում առաջին նոբելակիր հայը դառնալ: Դրա մոտ խաբված ամուսինն ի՞նչ է, թեկուզ հազար Գոհար դավաճանի:
– Ոչ, թանկագինս, նա կապվել է Հոլիվուդի ծագող աստղերից մեկի հետ, ու պատկերացնում ես, իր մասին ֆիլմ են նկարահանելու: Իր դերն էլ ինքն է խաղալու: Բա հո կատակ չի, Գոհարը դրա մոտ հեչ բան է, ունեցածը մի բռնցքամարտիկ չէ՞:
Երրորդի փաստարկը բամբասող հանրության խելքին ավելի մոտ է թվում.
– Քարտաշյանը կաթվածի բուժման միջոցն է հայտնաբերել, արտոնագիրը վաճառել է ամերիկյան մի հայտնի ֆիրմայի ու վիթխարի գումար ստացել: Ասում են այդ գումարով որոշել է մեր հանրապետությունում բարոյականության դասընթացներ բացել: Ծրագրում է Հայոց աշխարհից ամեն մի այլասերություն դուրս մղել, անբարո կանանց արտաքսել, հիմարներին ու դավաճաններին էլ վերակրթել: Հատուկ դասընթացներ է նախատեսում հատկապես ամուսիններին լքած ու ջահել սիրեկանների հետ փախած կանանց համար: Հույս ունի, որ իր գտած դեղերով նրանց կբուժի, ասում է՝ անբարոյականությունը ևս հիվանդություն է, ինչպես գրիպը կամ շաքարախտը:
Պրոֆեսոր Քարտաշյանի մասին համալսարանում ու ակադեմիայում այլևայլ կարծիքներ ևս շրջում էին: Վեհանույշը դրանք զվարթ հումորով լսում էր, սակայն հասցեատիրոջը չէր հայտնում, քանի որ գիտեր՝ մինչև ծիծաղել հասցնելը նա միգուցե կաթված ստանա:
Իսկ երեք շաբաթ անց Վեհանույշը և Արտակը հայրիկից անգլատառ հեռախոսագիր ստացան. «Հրավիրում եմ ծանոթանալ երկրորդ կեսիս հետ: Ձեզ համար ծանոթություն կլինի, իսկ ինձ համար՝ ամուսնություն»:
Վեհանույշը սարսափից փշաքաղվեց.
– Արտակ, հայրդ աշխարհում ամենից շատ ատում էր այդ «երկրորդ կես» արտահայտությունը: Նա հո չի՞…
– Նա հո սիրահարվել է,– ծիծաղեց Արտակը. մինչ այդ արդեն գիտեր, որ հայրն ամեն օր գյուղ՝ «եղբայրներին ու քույրերին այցելության է գնում»:
Գիտական հարսանիքը կայացավ գյուղում, այն սյունազարդ պաշտգամբում, որտեղ տեղի էր ունեցել սրճախմության անմոռանալի տեսարանը: Ասենք դա շատ դժվար էր հարսանիք կոչելը, քանի որ հարսանիք հիշեցնողը միայն կենացներն էին:
– Մի բարձի ու մի փորձարանում ծերանաք,– մաղթեց ավագ եղբայրը,– նույն գաղափարներին ծառայեք, նույն արդյունքներն ստանաք ու ձեր զավակների համար լավ ծնողներ լինեք:
– Ես էլ մաղթանք ունեմ,– ծանր ու մեծ բաժակ բարձրացրեց ավագ քույրը,– հենց որ տեսնեք իրարից կամ աշխարհից հոգնում եք՝ հիշեք այս հողի մասին, սա ձեզ միշտ կընդունի ու կմխիթարի: Այս հողը տեսնո՞ւմ եք՝ սրա տակ մեր բոլորի արմատներն են: Չկարծեք, թե միայն ծառերն ու թփերն են արմատ ունենում, մարդն ամենաարմատով արարածն է: Կգաք, շիփշիտակ կկանգնեք ու բառ չեք ասի: Սուս կմնաք, հետո ուր ուզում եք՝ կգնաք: Հողի ուժն արդեն ձեզ անցած կլինի: Գեներ կպեղեք, տիեզերք կթռչեք, թե արևով հեռվից հեռու կհրճվեք՝ էլ պարտություն չեք ունենա:
– Ինչո՞ւ հեռվից,– գյուղավարի տարակուսեց կրտսեր եղբայրը,– Արևին հետը չի տանո՞ւմ: Թող իրար լույս տան, ջերմություն տան, մենք էլ հեռվից տեսնենք՝ ուրախանանք:
Նորապսակներն ու փոքրիկ Դավիթը քաղաք ճանապարհվեցին հաջորդ առավոտյան՝ պատվիրված տաքսիով: Դավիթը հետաքրքրասեր մանչուկ էր, բայց ճանապարհի կեսին չհասած՝ մոր գրկում քնեց: Արևը գլուխը դրեց պրոֆեսորի ուսին, աչքերը խուփ արեց: Միայնակ գիշերներին, դասերին, ընկեուհիներից փախցրած ժամերին ամեն ինչ, ամեն ինչ երազել էր՝ բացի այդ թովիչ, անպատմելի երջանկությունից: Իր կուռքը իր ամուսինն է, դրանից ավելի կնոջն ի՞նչ է պետք:
Գարիկ Քարտաշյանը մի ձեռքով միջազգային հեռախոսագրերն էր ստուգում, մյուսով շոյում բախտի ընծայի՝ իր Արևի վարսերը: Հիշեց բելգիացի ազգանվանակցի հարցը ու զգաց, որ արդեն չի զայրանում: Կնոջն անմիջապես իր Քարտաշյան ազգանունը կտա ու թող որևէ մեկը համարձակվի կասկածել նրա առաքինությանը:
Հրաչուհի Փալանդուզյան
2013թ.