ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՈՎ
Իմ մտապատկերում մարդկանց արտաքինի մասին միանգամայն անձնական տպավորություն է իշխում։
Դատապարտեցեք` որքան կուզեք, բայց չեմ սիրում այն դերասաններին, ովքեր կամ շատ գեղեցիկ են, կամ շատ տգեղ։ Իմ կարծիքով երկու դեպքում էլ նրանց արտաքինն է դեր խաղում, ոչ թե արտիստական տաղանդը։
Կարծրատիպի հավակնող տպավորությունս
ջախջախվեց, երբ կարդացի Մհեր Մկրտչյան-Ֆրունզիկի հուշերը։ Այն, ինչ կատարվեց հետս, ավելի լավ է անվանել ապաշխարություն։
Իհարկե, նրան միշտ եմ տաղանդավոր համարել, բայց որ հույժհայկական արտաքինի մեջ թաքցրել է այդքան հուզականություն, մտքի այդքան նրբություն, այդքան դիտողականություն ու ցավ` ենթադրել չէի կարող։ Իմ աչքերի առջև բացահայտվեց մտավորական դերասանը, մենաշնորհ, որը մինչ այդ միանձնյա վերագրել էի Վահրամ Փափազյանին, Վաղարշ Վաղարշյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, նրանց գրքերը ոչ թե կարդացել, այլ ըմբոշխնել էի։
Ես ճանաչեցի մի Ֆրունզիկի, ով պարզվեց` ոչ թե սովորական կատակերգակ է, ով երբեմն ողբերգական կերպարներ է մարմնավորում, այլ խորազգա ու խորամիտ արվեստագետ։
Ցավում եմ մի բանի համար, որ այդ գիրքը չունեմ, որպեսզի մեղքս պարբերական շփմամբ քավեմ։
Այսօր այն օրն է, որով հայ մշակույթը հարստացել է Մհեր Մկրտչյան երևույթով։
Կարծում եմ` իմ նախկին մոլորությունը շատերին է հատուկ, քչերը նրան գիտեն իր բնատուր խորքով ու ընդերքով։
Խնդրում եմ` գիրքը համացանցում հասանելի դարձրեք։
Նա հավերժության իր բարձունքներից մեզ կների ուշ, բայց ոչ ուշացած ապաշխարանքի համար։
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ