Հրաչուհի Փալանդուզյան. ՑՈԼԱԿՆ
Պատմվածք
Թաղի տղամարդիկ Անդրանիկի տան բակում երկրորդ գիշերն էին լուսացնում:
– Ժողովուրդ, գնացեք, ինքը դուրս չի գալու, արհեստանոցի դուռը ներսից փակել է, բերանն էլ մինչև էդ էր պինդ փակել, չի խոսում: Նորություն չկա, որ ձեզ ասեմ:
– Հա, բայց գոնե առողջ է՞, Անդրանիկ ջան, ոտքերը, ձեռքերը տեղն ե՞ն,– հարցրեց համայնքապետ Սարգիս Մովսիսյանը: Նա ամենաշատն էր ուզում պատերազմի դժոխքից փրկված համագյուղացի կամավորականին տեսնել, մանրամասնություններ իմանալ, վերջիվերջո, գյուղական իշխանությունն ինքն է, զինվորականությունն էլ իրենից է տեղեկություն սպասում:
Անդրանիկի մազակալած դեմքին սարսափի ստվեր դիպավ.
– Արտաքինից ոնց որ թե հա, երեսին քերծվածքներ ունի, հյուծված է, դե, դրանք ոչինչ, ուղղակի… աչքերին նայել չէր լինում, մի տեսակ…
– Խանգարված չլինի խեղճ տղեն,– հառաչեցին Արցախյան առաջին պատերազմի մի քանի մասնակիցներ, որոնց աչքերն անմարդկային տանջանքների ականատես էին եղել, դաժան սպիներ էին պահել իրենց խորքերում:
Անդրանիկը հենց այդ հարցից էր վախենում, որովհետև երբ Հարութը զանգելուց չորս ժամ հետո մի խարխուլ մեքենայով եկավ, տան շեմքից ներս անցավ՝ ամբողջ ընտանիքով նրան ոտքից-գլուխ չափեցին ու Աստծուն փառք տվեցին, որ տղան անվնաս է, մենակ աչքերն են դիվային փայլ արձակում: Մարինեն դա չէր նկատում, ուրախությունից լաց էր լինում, որդուց չէր պոկվում, քույրերն էլ շուրջը գժական պար էին բռնել:
– Հլա պատմի, պատմի,– խնդրեց ծեր ազատամարտիկ Գևորգը:
Նրան առաջին խմբի հաշմանդամությունն էր խանգարել, որ հենց սեպտեմբերի 27-ին զենքն առներ ու գնար Արցախը երկրորդ անգամ փրկելու, դրանից ահավոր հոգեվիճակ էր ապրում, ուզում էր պարտության ամեն դրվագ իմանալ: Նրա հերոսական գլխում պարտության հնարավորություն չէր տեղավորվում, չնայած միակ որդուն էր հուղարկավորել ու բազմաթիվ հարազատների:
Հարութի հայտնվելուց ընդամենը երկու օր էր անցել, բայց Անդրանիկը հիշողությունից կարծես թե կաղում էր կամ մի բան էր թաքցնում, կցկտուր ասաց.
– Դե, իրենից ինչ լսել եմ՝ հարյուր անգամ պատմել եմ, լրատվականներին էլ եմ ասել. Հադրութում բոլորին նահանջելու հրաման են տվել, ոչ կամավորական տղերքը, ոչ կանոնավոր բանակի զինվորները չեն հասկացել ինչ է կատարվում, անտառով մեկ ցրվել են: Միասին 44 օր կռվել են, հարձակվել ու նահանջել, մեծ մասը Քարինտակում զոհվել է, 31 օր ինքը մենմենակ թաքնվել է մի անտեր ֆերմայում, թե գոմում, հովիվների պաշարով յոլա է գնացել, մինչև գլխի է ընկել, որ հրադադար է: Գաղտագողի, գիշերը թաքնվելով, ցերեկը սողալով Ստեփանակերտ է հասել: Ոչ մեկը չի օգնել, որ Հայաստան գա, ոտքով ճամփա է ընկել, մի խարխուլ մեքենա փողով բերեց, տեղ հասցրեց:
– Այ մարդ, 31 օր գլխի չի ընկե՞լ, որ կրակոցներ չկան, զինտեխնիկա չկա, էդ ո՞նց կլինի,– մտամոլոր իրար հարցնում էին գյուղացիները, բայց Անդրանիկը երեսը նրանցից թեքում էր, աչքն անընդհատ առաջին հարկի արհեստանոցի կողմն էր:
Հանկարծ կնոջը նկատեց, Մարինեն ուրախ-ուրախ մոտեցավ հավաքվածներին.
– Փառքդ շատ, Աստված ջան, վերջապես կերակուրը վերցրեց, հլա շնորհակալություն էլ հայտնեց: Ժողովուրդ ջան, ոնց որ տղես վերակենդանանում է:
– Տնաշեն, հազարավոր մայրեր կերազեին, որ իրենց որդիները թեկուզ տխուր-տրտում վերադառնային,– հոգոց հանեց ուստա Գալուստը, նրա մի տղան պատերազմի երրորդ օրն էր զոհվել, մյուսն անհետ կորածների ցուցակում է:
– Հա, մի բան էլ ասեց, թե բա էդ հեռուստատեսությունները թող գան, հայտարարություն եմ անելու:
Անդրանիկն անհանգստացավ, որդու արարքներում դեռ որևէ տրամաբանություն չի նկատել, ասես առաջվա կրակի կտոր ջահելից մի խրտվիլակ է տուն եկել, մեղա, մեղա…
Մարդկանց բակում թողեց, գնաց սկսեց արհեստանոցի դուռը ծեծել: Նորից չբացվեց, հուսահատված հետ եկավ, հարևանների կողքին նստեց, ծխախոտ վառեց: Հատկապես այդ պահը լավ է հիշում. երբ տղան կապիտուլյացիայի մասին մանրամասնություններ լսեց, իմացավ, որ ամեն ինչ գաղտնի է արվել, դավաճանաբար ու մեղավոր ստահակները ոչ ինքնասպան են եղել, ոչ հրաժարական տվել, ոչ էլ շանսատակ արվել, ոստիկանական զորքերով են երկու քայլ անում ու ամեն ճշմարիտ խոսք արգելված է՝ մոլեգնությունը բռնեց, բռունցքներով պատերին խփում էր, հետո սկսեց սեփական գլխին խփել… Գոռում էր՝ բա մենք գնանք հայրենիք փրկելու, թուրքի վիժվածքները մեր թիկունքում հողը ծախե՞ն, հետո էլ իշխանությունից մագիլներով կառչեն ու ազնիվ մարդկանց հալածե՞ն… Ո՞ւր են մեր գեներալները, մեր հերոսները, ո՞նց են գիշերը քնում, ո՞նց են օդ շնչում…
Էդ ժամանակ վախն իր սիրտը սողոսկեց, թե խեղճ էրեխեն էն չի… Դե, էդ դժոխքից կենդանի շունչը առողջ դուրս կգա՞ր… Վերադարձի ուրախությունը ողբի փոխվեց, ամբողջ ընտանիքը, դե ահա, գյուղն էլ իրենց հետ, գլուխներըը կորցրած՝ ճար չեն տեսնում: Բայց դրա մասին ո՞ւմ հետ խոսի, իրեն էլ գժի տեղ կդնեն…
Մեկ էլ արհեստանոցի ծանր դուռը ճռնչաց, թափով բացվեց, երևաց տրակտորիստ Հարութի ձիգ կերպարանքը, որի հմայքից շրջակա գյուղերի հարսնացուներն էլ էին հույսերով վառվում: Ինքը դեռ ընտրություն չէր արել, ուսումն ավարտելուն էր սպասում: Բակը սսկվեց, ծնողներն ու քույրերը քարացան: Հարութը հեռվից ձեռքը բարձրացրեց, դա խնդրանք էր, թե լսեք, բան եմ ասելու: Ասաց.
– Ժողովուրդ, ես թաքնվելուս, թափառումներիս ժամանակ թշնամու ավերած տարածքներով եմ անցել, իմ ձեռքում մեր պետությանն առնչվող գաղտնիքներ կան, ես դրանք էի նոթբուքով վերծանում, ուզում եմ մեր երկրի ղեկավարությանը հանձնել: Թշնամու ծրագրերը որ մինչև վերջ բացահայտվեն՝ էլ ոչ պատերազմ է լինելու, ոչ էլ դավաճանություն, մեր երկրից ամեն կեղտ ու ճիվաղ վերանալու են: Տուն գնացեք, ես վաղն էդ գործով եմ զբաղվելու: Շնորհակալ եմ ձեր սրտակցության համար: Մի բան էլ իմացեք, մեր տղերքի արյունն ու տանջանքները ոչ մեկը չի մարսելու, ոչ ներսի դավաճանը, ոչ դրսի գազանը: Կորցրած հողերը կրակ ու հուր են դառնալու, գեհեն են դառնալու թշնամու համար: Բարի գիշեր, ժողովուրդ ջան, ձեր մեջքն ուղիղ պահեք, հույսը քաջ մարմնում է ապրում…
Մարդիկ ցրվեցին լուռ, սրտներում գոնե մի մխիթարություն, որ խելացի խոսքեր լսեցին, ուրիշ բան չլինի՝ մի ջահել կյանք ահավոր դավադրությունից, ահավոր սպանդից ողջ-առողջ դուրս է պրծել… Միայն համայնքապետ Սարգիսը ծեր ազատամարտիկ Գևորգի ականջին թաքուն շշնջաց.
– Աչքերը մթան մեջ էլ էին փայլում, անկեղծ չէր Հարութը:
– Տնաշեն, դրանից դենն էլ անկեղծությո՞ւն, ասեց՝ չեն մարսելու:
– Չէ, չէ, ուրիշ բան էր, չհասկացա…
***
Գյուղն իր համար պետ ընտրելիս հազար անգամ չափում է, մի անգամ կտրում: Ցոլակն գյուղը Սարգիս Մովսիսյանին ընտրել էր առանց տատանվելու ու խնդրեմ, որերորդ անգամ նա մարգարե դուրս եկավ, թեկուզ իր կասկածներով: Ոչ միայն Անդրանիկի տունն ու թաղը, ամբողջ գյուղն է ոստիկանական զորքով շրջապատված:
Գյուղապետի առանձնասենյակում մարդկանց հերթականությամբ հարցաքննում ու բաց էին թողնում, բոլորի հեռախոսները հավաքել էին, համացանցն ու հեռուստաալիքներն անջատել էին:
– Հազար զգուշացրի, որ էդ ցույցերին մերոնք չմասնակցեն, դրանցից ոչ մի օգուտ չկա, համ էլ սաղին բռնում-տանում են, գլխներին գործեր սարքում,– ամեն հարցաքննվողի հետ միջանցք դուրս գալիս տրտնջում էր գյուղապետ Սարգիսը:
Ի վերջո գլխավոր ոստիկանի հրամանով նա գամվեց աթոռին ու ձայնը փորը գցեց: Գոնե ասեին, թե մայրաքաղաքում ինչ է եղել, ինչու են օրենքի պահապաններն օրենքներ խախտում, հետաքրքրասեր մարդկանց վիրավորում ու հարվածում: Այս ի՞նչ բռնատիրական բարքեր են, դրա համա՞ր գնացին հեղափոխություն արեցին:
– Ի՞նչ, ո՞նց… – հանկարծ մթնոլորտը դղրդաց հրամաններ արձակող ոստիկանի աղաղակից,– լսում եմ, գալիս ենք…
Ոստիկանական զորքն ինչպես անսպասելի հայտնվել էր՝ նույն ձևով փասափուսան հավաքեց, գնաց: Գալիս ահարկու էին, փախչելիս կատվի նման լեղապատառ: Գյուղացիները շշմած իրար երեսի էին նայում, բան չէր հասկացվում:
– Ժողովո՜ւրդ,– գյուղի վրա տարածվեց ցույցերի սիրահար Ալվարդի ձայնը: Նա հազար անգամ ասել-երդվել էր, որ իր տիրույթներում Հարութը չի երևացել, բայց ոչ մեկը չի հավատացել:– Եկե՜ք, լրատվական ալիք եմ բռնացրել:
Ժողովրդի մեջ խլրտոց ընկավ, խիտ շարքերով Ալվարդին ու նրա հեռախոսն օղակեցին:
– Սո՜ւս, ծպտուն չլսվի…
Հեռախոսով մեկ երևաց համագյուղացի կամավորական Հարություն Ավալյանի մորուքապատ դեմքը՝ հենց այն հայացքով, որից հայրը վախեցել էր.
– Սկզբում որոշել էի հրեշին սատկացնելուց հետո ինքնասպանություն գործել, բայց միտքս փոխեցի, ես պետք է դատավարություններին մասնակցեմ, ասելու շա՜տ բան ունեմ, իմ ժողովուրդն ամեն ինչ պետք է իմանա, թե ոնց մեզ խաբեցին, թակարդը գցեցին, հայրենիքը ծախեցին… Արցախը կորցրինք, բա Հայաստա՞նն ինչ օրի է, բռնատիրություն էլ չէ՝ կործանման սկիզբն է, ոսոխը մեր երկիրը ներսից է զավթել, իսկ ժողովուրդը շարունակում է ձևացնել, թե ոչինչ չի պատահել… Ես արածիս համար չեմ զղջում, ես իմ հայրենիքը փրկեցի դավաճանների ոհմակից: Դատեք ինձ, ես դրա համար եմ ձեր առջև կանգնած…
– Սատկացրել ա՞,– գոռաց ազատամարտիկ Գևորգը,– ձեն հանեք…
– Սո՜ւսսս…
Երևաց հաղորդավարուհու դեմքը, նրա աչքերն ուրախությունից կայծկլտում էին, ձայնը դողում էր, բայց խոսեց պարզ բառերով:
– Ազգային անվտանգության ծառայությունը կատարվածին դեռևս որևէ բացատրություն չի տվել, բայց մեր լրագրողական հետաքննությամբ պարզվեց հետևյալը. պատերազմի դժոխքից հրաշքով փրկված կամավորական Հարություն Ավալյանը գերագույնին հանդիպելու համար պատրվակ է հորինել, իբր գտել է թշնամու գերկարևոր գաղտնիքներ պարունակող ֆլեշկա՝ կրիչ, որը կարող է վստահել միայն նրան, ուրիշ ոչ մեկի: Չորս օր նա բախել է զինվորական ու այլ կարգի պատասխանատուների դռները, մինչև մուտք է գործել նրա աշխատասենյակ: Կամավորականի ձեռքին եղել է կրիչի նման սարք, սակայն իրականում՝ զենքի հազվագյուտ տեսակ, որն իր պրպտումների արդյունքն էր: Դեպքին ներկա ոստիկաններից մեկի վկայությամբ, ով առայժմ չի ցանկանում իր անունը հայտարարել, կամավորականն ստեղծել է զրույցի մտերմիկ մթնոլորտ, որի քողի տակ էլ նշան բռնել, կրակել ու սպանել է գերագույն հրամանատարին, իր բնութագրմամբ՝ պարտության գերագույն ճիվաղին… Պետության իշխանությունն այս պահին անցել է…
Գյուղն այլևս չհետաքրքվեց, թե ում է անցել իշխանությունը, ամեն մեկը հաստատ գիտեր, որ այսուհետ ավելի վատ չի լինի. գիտեր թե նա, ով ինչպես մայիսմեկյան հրավառությանը՝ խինդով գնացել ընտրել էր խաբեբա գործակալներին, թե նա, ով չէր ընտրել ու առաջիններից երես էր թեքել, թե նա, ով պատերազմի պատճառով զրկվել էր հարազատներից, ընդհանրապես՝ ապրելու հույսից:
Ավալյանների ընտանիքը քար կտրած կանգած էր, շուրջն ուրախություն էր, նրանց սրտում ծանրացել էր մեղքի զգացումը, ամեն դեպքում արյուն է թափվել…
Ազատամարտիկ Գևորգն անսխալ կարդաց նրանց ապրումները, մոտեցավ Անդրանիկին, վիրավոր ձեռքը դրեց նրա դողացող ուսին.
– Իմ Միքայելի արյունն արյուն չէ՞ր, Անդրանիկ, էն 5000 քաջազունների արյունն արյուն չէ՞ր, տասը հազար առողջ տղամարդու էդ արնախումը տարավ գցեց մսաղացի մեջ, վիրավոր սարքեց, նրա՞նք արյունի տեղ երակներում ի՛նչ ունեին: Հայի սրբազան արյուն չէ՞ր: Հարութը պատերազմում շատ թշնամիներ ոչնչացրած կլինի, չէ՞, ի՛նչ տարբերություն, թե թշնամուն որտեղ ես վնասազերծում՝ առաջին գծո՞ւմ, թե քո իսկ կառավարական որջում… Հլա դեռ առաջին գծում ամեն ինչ բացահայտ է, երկրի ներսում ծպտվածներին սատկացնելը կրկնակի հերոսություն է… Գլուխդ բարձր պահիր, վաղը սուտուփուտ հերոսների անունները ջնջվելու են, մեր Հարութի անունը Սողոմոնի անունի կողքին է գրվելու: Ժողովուրդ, մեր երկիրն ազատագրվեց թշնամու գործակալներից, մեր Արցախը նորից հայի ներկայությունից ծաղկելու է, ժողովո՜ւրդ ջան, մենք ապրելու ենք:
Այս տեսարանը նկարահանած հեռուստատեսությունը դիտումների մրցանիշ սահմանեց: Մրցույթ էր, ազնիվ մրցույթ: Օրվա լրատվական թողարկումներում գերիշխում էր փրկության ճիչը, միաժամանակ շատ հարցականներ ու դատողություններ հնչեցին, որոնք երկու միտք յուրովի կրկնում էին: 1՝ Տեսնես ո՞վ է գյուղի անունը Ցոլակն դրել, դա մարգարեություն է, և թող ցոլա ու ցնծա Ցոլակն գյուղը, քանի որ լույսն իր եզերքից բացվեց: 2՝ Միշտ չէ, որ արևը սպասված տեղից է ծագում, տիեզերքը երբեմն իր խաղերն է անում, բարեբախտաբար միշտ՝
Արդար Մարդու օգտին:
Հրաչուհի Փալանդուզյան
2021թ.