Հրաչուհի Փալանդուզյան. ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՍՐԲՈՑ
Պատմվածք
Դեմքի լուսաճերմակ դալկությունն աչքի է զարնում առաջին իսկ շփումից, և այնքան խոր ու կարծր է՝ հեռվից նայողն էլ կտեսներ ու հիշողության մեջ կպահեր: Իսկ Աղավնին հյուրերից ընդամենը երեք քայլ էր հեռու:
Տիկին Սիրարփին աղջկա թերությունն անմիջապես նկատեց, բայց դստերը հայացքով հասկացրեց՝ հանկարծ բարձրաձայն չարտահայտվես: Մարմարը քթի տակ ժպտաց՝ մոր ասածը ե՞րբ չի կատարել: Չնայած մտքում անմիջապես նշեց՝ Աղավնու դալկությունը երևի տանջալի կյանքի հետևանք չէ, այլ օրերով ու շաբաթներով ասեղնագործության վրա կռացած աշխատելու: Դա կանցնի, շուտ կանցնի, հենց որ եղբորը սիրահարվի՝ դալուկին կփոխարնի վառ շառագույնը ու հավետ կմնա: Մարմարի կարծիքով ջահել աղջիկներին ոչինչ այնպես չի վայելում, ինչպես մի փոքր թախիծը, որ նախորդում է ամուսնությանը: Ինքն էլ, երբ դեռ
Գևորգին չէր հանդիպել, տխուր էր, դժգույն ու դեռ՝ վհատ: Հարսանիքից հետո թե մարմինը, թե հոգին վարդի նման բացվեցին: Աղավնին էլ իր պայծառ օրերը կունենա, ինքը դա վճիտ երկնքի նման տեսավ:
Որդին ավելի զուսպ էր՝ դեռ չէր նայել ապագա հարսնացուի դեմքին: Ընդգծված հետաքրքրությամբ զննում էր սեղանին քառածալ դրված սփռոցի զարդանախշերը:
– Աղավնու ասեղնագործությունները Բեյրութի սահմաններից վաղուց են դուրս եկել, արդեն Եվրոպան ու Ամերիկան են նվաճել,– իր գեղգեղուն ֆրանսերենով ու հաճկատար ժպիտով հյուրերին տեղեկացրեց որբանոցի տնօրինուհին՝ մադամ Կատրինը:
Միայն այդ բառերը լսելուց հետո Սերոբը հայացքը բարձրացրեց ու նայեց աղջկան: Ճիշտ էին ասել՝ փառահեղ, անխառն գեղեցկուհի է, բացի դրանից՝ համեստության ու կրթվածության մարմնացում: Հենց այդպիսին պետք է լինի իր հայրենիքում եվրոպական կրթություն ստացած բարձրաշխարհիկ հայուհին: Թեև զրկվել է հոր ունեցվածքից, բոլոր հարազատներից ու մտերիմներից՝ պահպանել է արյամբ անցած տոհմական ամբողջ շուքը: Սերոբն աղջկա հայացքին չարժանացավ, բայց թեթևացած շունչ քաշեց՝ իր բախտը հենց Աղավնին է, որ կա, դրանում այլևս տարակույս չկա: Մայրն ու քույրն անսխալ կռահեցին իրենց հարազատի ապրումներն ու երախտագիտությամբ շրջվեցին դեպի ժպտուն տիկին Կատրինը: Նա դեռ խոսում էր Աղավնու ձեռքի աշխատանքների մասին, պատմում, թե որն ինչ հաջողություն է ունեցել, այսինքն՝ գնորդուհի:
– Բայց այս սփռոցը,– ասաց նա,– ուրիշ յուրահատկություն ունի, Աղավնին ասեղնագործել է իրենց այգու ծառերի տերևները: Նախորդ աշխատանքում իրենց պարտեզի ծաղիկներն էին պատկերված, ճի՞շտ է, Աղավնի:
Տնօրինուհին ամեն կերպ փորձում էր աղջկան ֆրանսերեն խոսակցությանը մասնակից դարձնել ու արդեն դեմ չէր բացահայտորեն ասել, թե հյուրերն ինչու են եկել: Սակայն դրա համար պետք էր, որ Աղավնին գոնե մի քանի բառ արտասաներ, որպեսզի բոլորը լսեին նրա ղողանջուն ձայնն ու խելացի խոսքերը: Հակառակ սպասումներին՝ աղջիկը լռում էր, ոչ մեկին չէր նայում, աչքերը հառել էր իր մատների արարած պատկերներին, կարծես նրանցից պատասխան էր սպասում: Գլխի շուրջը պսակաձև հավաքված գանգուրներից մի քանիսը խախտել էին իրենց տիրուհու սահմանած խիստ կարգը ու նրա յուրաքանչյուր արտաշնչման հետ այտերի վրա թրթռում էին: Սևի ու ճերմակի հակադրությունը երբեք այդքան ցայտուն չէր եղել: Համենայնդեպս աշխարհում շատ բան տեսած Սերոբի համար: Ասենք քույրն ու մայրը ևս հիացած էին մատաղահաս աղջկա շքեղ գեղեցկությամբ: Մանավանդ նրա համեստությամբ, որ այլ պարագայում գուցե համարեին շինծու կամ ցուցադրական: Աղավնին նման էր երկիր իջած աստվածուհու, ում համար մարդկանց ու դիցերի տարբերություն գոյություն չունի: Հողաեթերային արարած. այսպես կկոչեր յուրաքանչյուրը, եթե գրող կամ նկարիչ լիներ:
– Դուք որբանոցի բոլոր սաների աշխատանքներն արտասահմա՞ն եք ուղարկում, վաճառքի՞,– տնօրինուհուն դառնալով՝ անհարմար մթնոլորտը փարատեց տիկին Սիրարփին:
– Մինչև որոշակի տարիք,– սիրով բացատրեց մադամ Կատրինը:– Երբ մեր սանուհիներն այնքան աշխատանքներ են վաճառում, որ բավարարի իրենց օժիտին, սկսում են հենց այդ օժիտի համար ասեղնագործել:
Աղավնու անշարժ այտերին շիկնանքի առաջին ալիքը երևաց: Մարմարը ժպտաց՝ դա առողջության ստույգ նշան է: Սպասեք, դեռ ինչ հրաշալի փոփոխություններ են լինելու…
– Իմ կարծիքով այս սփռոցը հենց ստեղծված է օժիտի մաս դառնալու համար,– անբնական աշխույժով գոչեց տիկին Սիրարփին:
Նա բնազդով զգում էր, որ կոտորածներից հրաշքով փրկված աղջիկը խուսափում է մայրենի լեզվից, այդ պատճառով անընդհատ նրա կրթության ֆրանսերնն էր առաջ տանում: Ասենք այդ որբանոցի հաղորդակցության լեզուն ևս ֆրանսերենն էր, այնպես որ զրուցակիցները չէին կաշկանդվում:
Տիկին Սիրարփին ակնհայտորեն գոհ էր իր ձեռնարկից, որ որդուն կարողացել է համոզել հարսնատեսի գալ, դստերն էլ՝ հեռու քաղաքից գալ, որպեսզի ընտանիքի ապագա անդամի ընտրությունն առանց նրա հեղինակավոր կարծիքի չլինի:
Չնայած պահի ակնածալի հանդիսությանը՝ բոլորն ուզում էին աղջկա ձայնը լսել: Միգուցե խոսելը մոռացել է կամ ընդհանրապես բերանից բառ դուրս չի՞ գալիս:
– Սա ո՞ր ծառի տերևն է,– միամիտ ձևանալով՝ մատը սփռոցի եզրի տերևին հպեց Մարմարը:
– Ծիրանենու տերև չէ՞,– Աղավնուն դառնալով՝ հարցրեց Սերոբը: Դրանով ուզեց ներկաներին հասկացնել, որ իր սրտի ընտրությունը կատարված է:
– Ոչ,– շշնջաց Աղավնին,– բարդու տերև է, դրանք իրար շատ նման են:
Ու արձանի նման լռեց՝ կարծես իր փոխարեն մեկ ուրիշն էր խոսել:
– Հայրիկիդ այգում պտղատու ծառերից բայցի ուրիշ ծառե՞ր էլ կային,– պարզամտորեն հարցրեց Մարմարը:
– Մեր այգին… դրախտ էր, մեր այգում… ամեն տեսակի ծառեր կային,– շնչակտուր ասաց Աղավնին ու հանկարծ փղձկաց:
Մադամ Կատրինն արագ մոտեցավ արտասվող աղջկան, ցանկացավ սփոփել, բայց նա բարեկրթության բոլոր կանոնները զանց առավ ու վազելով սենյակից փախավ: Աղավնին մինչև վերջ էլ չկռահեց, որ հյուրերը ոչ թե ձեռագործի գնորդներ էին, այլ եկել էին աղջիկտեսի:
– Ներեցեք,– հյուրերի առաջ արդարացավ շփոթահար տիկին Կատրինը,– մեր բոլոր սաները մեծ վիշտ են տարել ու ցանկացած հիշողություն նրանց համար իսկական տառապանք է:
– Մեզ Աղավնու մասին կպատմե՞ք,– խնդրեց հուզված Սերոբը: Չէր ցանկանա գեղեցկության այդ կերտվածքին նման վիճակում տեսնել: Թեև իհարկե՝ ջարդերի մասին շատ բան էր լսել ու գիտեր, որ այդ ցավը հեշտ դարմանվողներից չէ:
Մադամ Կատրինը հյուրերին հրավիրեց նստել բացօթյա սրահում ու սուրճ վայելել: Սերոբը սիրով համաձայնեց՝ հուսալով, որ Աղավնուն մի անգամ էլ կտեսնի:
– Մեղք է աղջիկը,– գլուխն օրորեց Մարմարը,– բայց ոչինչ, կանցնի: Հենց ամուսնանա՝ վերքը կսպիանա:
– Ամուսնանա՞լ,– ծիծաղեց Սերոբը,– դու իմ փոխարեն ընտրությո՞ւն ես անում, քույրիկս:
– Դե, դե,– որդուն հանդիմանեց ծիծաղկոտ մայրը,– աչքերդ ասում են, որ նրան հավանել ես:
– Հետո՞ ինչ,– առարկեց որդին,– ես նրա հետ դեռ պետք է զրուցեմ, մոտիկից ծանոթանամ: Միգուցե ի՞նքն ինձ կմերժի:
– Սերոբ տղա,– քույրն զգաստացավ, անմիջապես զգացվեց, որ եղբորից մեծ է ու նրան քույրաբար հովանավորում է:– Եթե դու այդ աղջկա սիրտը կոտրես՝ ես քեզ չեմ ների: Նա աստավածային էակ է, մաքրամաքուր, ջինջ ու հմայիչ: Նա արժանի է, որ իրեն երկրպագեն:
– Իհարկե, քույրիկս, աստվածուհուն երկրպագելուց զատ ուրիշ ի՞նչ կարելի է անել: Հո չենք ստիպի, որ այգում ծաղիկներ աճեցնի կամ ճաշ եփի:
– Ոչ, ես նկատի ունեմ նրա էությունը չխոցելը: Դուք չտեսա՞ք,– դարձավ տիկնանց,– թե ինչքան փխրուն է, ինչքան զգայուն:
Մադամ Կատրինը հյուրերին լիովին հասկացավ. նրանց ընտանեկան քննարկումն արդեն շատ պարզորոշ էր, ոչ մի գաղտնիք չէր պարունակում: Միայն թե Աղավնին դուրս գար վշտի այն անդունդից, որտեղ տասնյակ հազարավոր հայուհիների նման հայտնվել է գազան թուրքի պատճառով: Նա, իհարկե, չգիտեր, թե աղջկան ինչ է պատահել: Որքան խնդրել, աղաչել է, խորամանկության քանի միջոցի դիմել՝ չի կարողացել նրանից մանրամասներ կորզել: Եթե հաջողեր՝ միգուցե կարողանար սպեղանին էլ գտնել:
– Եթե մեր նախաձեռնությունը ձեր ցանկացած ավարտը չունենա, միևնույն է, ես ձեզնից շնորհակալ կլինեմ, որովհետև այս տեսակցության շնորհիվ ես Աղավնու աչքերում վերջապես արցունքներ տեսա, ձայնը լսեցի:
Արցունքներ շողացին նաև տնօրինուհու կապտականաչ աչքերում, բայց պաշտոնի ընձեռած փորձառությունն օգնեց խոսքը հանդարտ շարունակել.
– Խեղճ աղջիկը քարի նման անզգա էր դարձել: Գիտե՞ք, թե անունն ինչպես եմ իմացել. ամեն օր հարյուրավոր անուններ էի տալիս, որպեսզի մեկնումեկին արձագանքեր: Զուր, նա քարի նման լուռ էր: Վերջապես մի օր պարտեզում նկատեցի, որ ակնապիշ հայացքով թռչող աղավնիներին է նայում: Հետևում էր հատկապես մեկին, աղավնին ամբողջովին ճերմակ էր, միայն թևերի եզրերն էին մոխրագույն: Ես շատ ցածր ձայնով հայերեն կանչեցի՝ Աղավնի: Նա լացակումեց ու գլխով կռահմանս հավանություն տվեց: Այսօր էլ, ահա, նրա մեջ վերջապես հսկա պատնեշը քանդվեց, սառույցը հալվեց: Ձեզնից անկեղծորեն շնորհակալ եմ:
Սերոբը վեր կացավ, կնամեծար խոնարհումով մադամ Կատրինի ձեռքը համբուրեց և խոստացավ երկու օր անց վերադառնալ: Մայրն ու քույրը նրան հետևեցին, երկուսն էլ խնդումներես էին ու իրար անչափ նման: Մադամ Կատրինը ներքուստ համոզված էր, որ նրանք անպայման վերադառնալու են: Երիտասարդի վառվռուն կերպարանքն էր դա խոստանում:
Հյուրերին ճանապարհ դնելուց հետո տիկին Կատրինն աճապարեց Աղավնու սենյակ: Աղջկան մեկուսի փոքրիկ կացարան էին տրամադրել, որովհետև երբ առաջին անգամ հայտնվեց որբանոցի երեխաների միջավայրում՝ երեսը ձեռքերով ծածկեց ու հեկեկալով փախավ պարտեզ: Շատերը մտածեցին, թե ցնցոտիների ու անխնամ արտաքինի համար վատ զգաց: Տնօրինուհին ամբողջ ճանապարհին չէր կարողացել նրանից գոնե մեկ բառ լսել, բայց հասկացել էր, որ նա միայնություն է փնտրում: Միայն Աստված կիմանար, թե ջարդերի գողգոթայով անցած դեռատի հայուհուն ինչ պատուհաս է բաժին ընկել:
Մադամ Կատրինը նրան գտավ լուսամուտի մոտ կանգնած: Կրկին նման էր քարե արձանի, միայն դեմքի բիրտ արտահայտությունն էր ավելացել: Տնօրինուհուն տեսնելով՝ Աղավնին ցնցվեց, բայց դիրքը չփոխեց: Ըստ երևույթին մի աշխարհում էր, որտեղից վերադառնալը նրա ուժերից վեր էր:
– Աղջիկս,– ցածրաձայն սկսեց մադամը,– դու պետք է ինձ ամեն ինչ պատմես: Դու պետք է այդ ցավը քեզնից վանես, այդպես երկար չես դիմանա:
– Ինչի՞ն դիմանամ,– երկու տարվա մեջ առաջին անգամ տնօրինուհու հետ խոսեց Աղավնին:– Իմ ապրելն ո՞ւմ է պետք:
– Դու քո հարազատների մասին ոչինչ չգիտես, միգուցե նրանք ողջառողջ են ու քեզ են փնտրում:
Տիկնոջ փաստարկը մխիթարական էր, բայց թույլ:
– Ես աչքովս տեսա, թե հայրիկիս ինչպես սրախողխող արեցին ու Եփրատը ձգեցին, իսկ մորս մազերը կապեցին ձիու պոչին, նրան…
– Բայց դու քույրեր, եղբայրներ չունեի՞ր:
– Քրոջս մեր հարևան թուրքը տանջամահ արեց, ես բլրի հետևից միայն նրա աղիողորմ ձայնն էի լսում… Հետո դա էլ լռեց, հասկացա, որ նա… Նույնիսկ չկարողացա նրա խոշտանգված մարմինը հողին հանձնել, մի գազազած տականք էլ իմ հետևից էր ընկել:
Արցունքները հորդեցին, աղջիկն այլևս դրանք չէր մաքրում, ոչ էլ փորձում էր թաքցնել:
– Ինչպե՞ս փրկվեցիր,– մանրամասնությունները լսել չցանկանալով՝ տնօրինուհին փորձեց աղջկան սփոփել:
– Չեմ հիշում, երբ ուշքի եկա՝ մի քուրդ կին էր ինձ խնամում: Ասաց, որ իր տղան է ձիով ինձ իրենց տուն հասցրել, ուշագնաց եմ եղել, վերքերով ծածկված:
– Լավ, աղջիկս, քո պատմությունը ոչնչով չի տարբերվում հազարավոր հայուհիների պատմություններից: Աստծուն փառք տուր, որ կենդանի ես մնացել: Ուրիշ ճանապարհ չկա՝ դու պետք է շարունակես քո ընտանիքի, քո ազգի գոյությունը: Դուք ամուր արմատներ ունեք, պետք է պայքարեք ու դիմանաք: Ոչ առաջինն ես, ոչ վերջինը: Արցունքներդ սրբիր ու ինձ լսիր: Ես քեզ ուրախ լուր եմ հայտնելու:
– Եղբայրներիս մասի՞ն…
– Ավաղ… Մի օր գուցե նրանց գտնես, հույսով սպասիր: Այն երիտասարդը, ում քիչ առաջ ճանապարհեցի, քեզ շատ է հավանել, նրա մայրիկն ու քույրը նույնպես հիացած էին քո գեղեցկությամբ, քո դաստիարակությամբ: Պարոն Սերոբը շատ լուրջ մտադրություններ ունի՝ ցանկանում է քեզ կնության առնել: Շատ օրինավոր, հարուստ ընտանիք են, դրանից մեծ բախտավորություն քեզ համար չէի էլ երազի:
Աղավնին առանց հետաքրքրության լսեց տնօրինուհու պատմածը, վերցրեց մի կողմ դրած ձեռագործն ու սկսեց աշխատել: Դա նրան նման չէր, երբեք աննրբավար չէր եղել, մանավանդ այն մարդկանց հետ, ովքեր իր նկատմամբ մոր նման հոգատար էին:
– Աղավնի՛, դու ինձ չես լսում: Քո բախտի անիվը քո խոսքին է սպասում, գոնե մատով հպվիր նրան, թող գլորվի, առաջ գնա:
– Մադամ Կատրին, ես չեմ կարող ամուսնանալ:
– Ամբողջ կյանքում որբանոցո՞ւմ ես մնալու, դա մեր կանոններին դեմ է:
– Ոչ, ես կհեռանամ, մի գործ կգտնեմ: Թեև… ես ո՞ւմ եմ հետաքրքրում:
– Արդեն ասացի՝ պարոն Սերոբին և նրա ընտանիքին: Մարությանները քաղաքում կտորեղենի արտադրություն և խանութներ ունեն: Նրանք ուզում են իրենց ազգանունը շարունակել, պատվով, կիրթ ու շնորհալի հարս ունենալ:
– Իսկ ես… ես պատիվ ունե՞մ…
– Մի արտասվիր, աղջիկս: Մինչև օրս ես քո մեջ ոչ մի թերություն չեմ նկատել: Իհարկե՝ բացի լռության ուխտից: Դե ժպտա, խոսիր, Աղավնի: Վերջ արձանությանը, վերջ վշտին, քո կյանքում նոր փուլ է սկսվում: Ահա կպսակվես ու…
– Ես չեմ կարող ամուսնանալ, տիկին Կատրին, ես… ես պիղծ եմ…
Վերջին բառերն ասաց դատավճռի նման ու արտասվելու փոխարեն աչքերն ամուր փակեց: Միայն թրթռացող արտևանունքներն էին մատնում ներսի ավերմունքի մասին:
– Պատմիր,– հրամայեց տնօրինուհին,– երկուսով վիշտը կրելն ավելի թեթև կլինի: Եվ հետո՝ ես այդ պատվարժան մարդկանց պետք է պատասխան տամ: Նստիր, այ այսպես, հանգստացիր ու հիշիր: Ողբերգությունը վերապրելը հաճախ ավելի շուտ է ամոքում, քան այն սրտի ու հիշողության մեջ բանտելը: Ես քեզ լսում եմ…
Աղավնին խոսեց կցկտուր, հեծկլտոցով, որ ստեպ-ստեպ եղերամոր լաց էր դառնում, ապա մարում, վերածվում շնչասպառության:
…Երբ ծնողներն իմացել են, որ պիտի 12 ժամվա ընթացքում աքսորի ճամփան բռնեն՝ որդիների հագուստներն աղջիկներին են հագցրել, նրանց գլուխներն էլ փաթթոցներով քողարկել: Մայրն Աղավնու երեսին մուր է քսել, որ գեղեցկությունը չերևա, բայց քրոջ դեմքը չի քողարկել, դե, նա գեղեցկուհու համբավ չուներ: 12 ժամվա ընթացքում հայրը հասցրել է միայն տոհմական գանձերն այգու միակ ընկուզենու տակ թաղել, մեկ էլ որքան հնարավոր է եղել՝ կառքն ամենապիտանի իրերով բեռնել: Բայց գաղթի ճամփան չբռնած՝ թե կառքից են զրկվել, թե բեռներից: Առաջին իսկ օթևանում էլ քարավանին ուղեկցող թուրքերը վայրենիների նման մարդկանց վրա են հարձակվել ու սկսել կոտորել: Քարավանում գրեթե տղամարդիկ չեն եղել՝ հիմնականում կանայք, երեխաներ ու ծերեր (տղամարդկանց մեծ մասին զենք կրելու մեղադրանքով տեղնուտեղը սրահար էին անում): Հորը «խնայել» էին որպես օսմանյան կայսրության բացառիկ հավատարիմ մարդու: Հավատարմությունն էլ այն էր, որ պաշտոնավորներին հաճախ էր իր ձեռքի գործ արծաթեղեն ընծայում: Հույս ուներ դրանով ընտանիքի ապահովությունը երկարաձգել: Թե ինչ էր կատարվում ամբողջ կայսրությունում, ինչ էին ուզում իրենց գործի վրա գլուխները կախ աշխատող հայերից՝ տեղյակ չէր: Քաղաքականությամբ չէր հետաքրքրվում, ինչպես իրենց արհեստի մեջ կատարելության հասած շատուշատ հայեր: Այդ անմեղ, աշխատավոր մարդուն չներեցին, երբ ուզում էր փրկել դստեր կյանքն ու պատիվը, մարմինն անգթորեն թրատեցին ու Եփրատը գցեցին:
Մադամ Կատրինն զգում էր, որ Աղավնին այդ ամենի մասին խոսում է իր հետ կատարվածն ավելի հեշտ նկարագրելու համար: Նկարագրե՞լ… Ի՞նչը… Թե ինչպես մարդկային կերպարանքից զուրկ գազանն իրեն բռնաբարե՞ց, ինչպես բավականությունից քրքջաց ու հաղթականորեն ոտքը դրեց իր արյունածոր կրծքի՞ն: Ինչպես մոտակա ծառի տակ վեր ընկավ ու արջի նման մրափե՞ց: Չնկարագրեց, պարզապես տիկին Կատրինն այնքան նման պատմություններ էր լսել՝ ճշտիվ պատկերացրեց:
– Ոչինչ, հոգիս, դա ամենևին չի նշանակում, թե դու պիղծ ես: Եթե փեսացուիդ ամեն ինչ պատմես՝ նա քեզ կհասկանա: Վերջիվերջո ոչ քո գեղեցկությունն է դրանից պակասել, ոչ էլ անունդ է պատվազրկվել:
– Եթե միայն դա լիներ… Քրդի տանն ինձ երեք ամիս թաքցրին, մայրը բարեգութ կին էր, ըստ երևույթին մտադրվել էր ինձ իր տղայի հետ պսակել: Ես էլ օրուգիշեր մտածում էի փախչելու մասին: Անընդհատ երազիս մեջ եղբայրներիս էի տեսնում: Մի օր էլ հասկացա, որ հղի եմ: 15 տարեկանում, թուրքի՛ց… Պիղծ թուրքից, մարդասպանից… Ուզում էի մեռնել, միայն դրա մասին էի մտածում: Ես իրավունք չունեի ապրել, ինձ նմաններին հողը չէր կարող հանդուրժել:
– Քեզ նմաններն ի՞նչ մեղք ունեին, իմ անմեղ գառնուկ,– արտասվեց գթասիրտ տնօրինուհին:
– Մի գիշեր քրդի տանից փախա,– արդեն առանց արցունքների շարունակեց Աղավնին:– Անտառներում թափառում էի, ճանապարհիս ինչքան քար կամ փայտի կտոր էի գտնում՝ խփում էի փորիս: Մտածում էի՝ միգուցե մի բարի գայլ կամ հովազ վերջս կտա՝ տառապանքից կփրկվեմ: Ցերեկն իմ թաքստոցից տեսնում էի հայերի անվերջանալի շարանները, կիսամերկ ու բոբիկ մարդիկ, ցնցոտիներով, սովահար, հիվանդ ու խեղանդամ: Աչքիս առաջ ինչքա՞ն մարդու խոշտանգեցին, քարերով ու փայտերով սպանեցին: Փամփուշտ էին խնայում, անիրավները…
Սնվում էի ծանոթ խոտերով, ծառերին դեռ պտուղ չկար: Մահ էի տենչում, չէի տենչում՝ խենթի նման նրան ընդառաջ էի վազում, բայց նույնիսկ մահն էր ինձ մոռացել: Հետո սարսափելի արյունահոսություն սկսվեց, ցավից ոռնալու փոխարեն ուրախանում էի, չէ՞ որ Աստված դրանով խայտառակությունից ինձ ազատեց: Ես այլևս ապրելուց չէի վախենում: Ի վերջո մի թուրք իր ծառաների հետ թաքստոցս հայտնաբերեց ու ինձ իր տուն քարշ տվեց՝ ընտանիքին աղախին էր պետք: Նա էլ լավ կին ուներ, չնայած ծառա էի՝ հետս դաժանաբար չէր վարվում, միաժամանակ աշխատում էր ամուսնու, հարևանների աչքից ինձ հեռու պահել:
Աղավնին պատմությունն ընդհատեց, մտազբաղ լռեց: Կարծես վարանում էր՝ ասի՞, թե թողնի, որպեսզի տանջանքի կրակը ներսում մխա: Մադամ Կատրինը համբերությամբ սպասեց, մինչև աղջիկը վճռականությունը վերագտնի: Մի քանի ակնթարթ էլ հապաղելով՝ Աղավնին շարունակեց.
– Մի անգամ իրիկնադեմին բանջարանոցում աշխատելիս տեսա, որ հարևան թուրքի ծծկեր երեխան ճոճի մեջ լացում է, մայրը երևի հեռու էր, ձայնը չէր լսում: Թուրքն արյունարբուի համբավ ուներ, ասում էին՝ թալանով ու սպանություններով է զբաղվում: Իսկ ուրիշ ո՞ւմ պիտի սպաներ, եթե ոչ՝ հայերին: Իրենց ապրուստից էլ էր դա երևում, բոլոր երեխաները կուշտ ու տռուզ էին, շփացած, թաղի սարսափն էին: Ծծկերը լացը չէր կտրում: Ես մոտեցա՝ թմբլիկ, գանգրամազ լամուկ էր: Այդպիսի քանի՞ հազար հայ մանուկ են նրա հայրն ու իր նմանները սպանել: Մեջս ցանկություն առաջացավ բռնել աշխարհն իր աղմուկ-աղաղակով թնդացնող լամուկին ու խեղդել…. Նույնիսկ ձեռքերս մեկնեցի, բայց ներքին մի ձայն, թե միգուցե խիղճս՝ թույլ չտվեց ոճիր գործել: Նայեցի, նայեցի այդ անօգնական պստիկին, հետո գրկեցի ու տարա մորը հանձնեցի…
Երեք տարի թուրքի կնոջն աղախնություն արի, մինչև քաղաքի մեծ շուկայում ձեզ տեսա, ու դուք անմիջապես նկատեցիք հայ լինելս:
– Դու այն ժամանակ դիտավորյա՞լ ֆրանսերեն մի քանի բառ ասացիր:
– Այո, հույս ունեի, որ դրանով ինձ թրքուհուց կզանազանեք:
– Իսկ ինչո՞ւ մինչև հիմա հայերեն չես խոսում, ձեր ընտանիքում էլ հո ֆրանսերե՞նը չէր հարգի:
– Վախենում եմ իմ լեզվից, թվում է՝ թուրքը հիմա կհարձակվի վրաս, կփորձի մարմնիս նման լեզուս էլ հոշոտել: Երևի ամբողջ կյանքում միայն ֆրանսերեն կխոսեմ, եթե իհարկե…
Տնօրինուհին չցանկացավ շարունակությունը լսել: Ամուր կրծքին սեղմեց դժբախտ աղջկան, բայց հանկարծ սթափվեց.
– Իսկ Սերոբին ի՞նչ պատասխան տամ:
– Ես մի պատասխան ունեմ՝ ոչ:
– Դու մաքուր, անմեղ արարած ես, ինչո՞ւ ես կյանքդ խորտակում: Թուրքերի ուզածն էլ դա չէ՞: Հապա մտածիր՝ նրանք քո ա՞զգը չեն ուզում ոչնչացնել, քո հողը, քո ունեցվա՞ծքը չեն յուրացնում:
Մադամ Կատրինն ասում էր բառեր, որոնք նրա մտքում շատ վաղուց էին որոշակի մտքերի ձև ստացել, սակայն արտաբերելու արտոնություն ոչ ունեցել է, ոչ էլ դրա իմաստն է հասկացել: Հիմա նրա շուրթերով ոչ թե օտար պաշտոնյան էր խոսում, այլ որբերի խնամարկուն, այն որբերի, ովքեր միգուցե երբեք տուն չվերադառնան, իսկ վերադառնալուց հետո չգտնեն հարազատներին, այլ միայն դիակներ, միայն ավերակներ:
– Ապրելը քո պարտականությունն է, Աղավնի,– համոզում էր որբերից այս թերևս ամենադժբախտին,– բախտդ բաց մի թող:
– Ուրեմն նրա կյա՞նքը խորտակեմ, խաբե՞մ նրան, անցյալս թաքցնե՞մ: Թող չգա, թող ուրիշին փնտրի: Նա լավ մարդ է, լավագույն կնոջն է արժանի:
Մադամ Կատրինին թվա՞ց, թե իսկապես՝ Աղավնու աչքերում հույսի փոքրիկ փայլ նկատեց: Երկու օրից հետո ինքը պարոն Սերոբի հետ կխոսի: Միգուցե երիտասարդը հասկանա՞: Որքան էլ նրանց ընտանիքը կոտորածների մղձավանջից հեռու եղած լինի, զոհ տված չլինի՝ հայի օջախ է, այն էլ՝ փախստականներով լի Բեյրութի ուղիղ կենտրոնում:
Սերոբն ավելի անհամբեր եղավ, քան տնօրինուհին էր ենթադրում, քան նույնիսկ երիտասարդի հարազատները ու հենց ինքը կսպասեին: Եկավ հաջորդ օրը վաղ առավոտյան՝ իր փթթուն տարիքի բոլոր հրապույրներով ու իհարկե՝ սիրահար սրտով:
Մադամ Կատրինը կյանքում շատ սիրահարների էր պսակի արժանացրել, նրանցից շատերը եղեռնապուրծ ջահելներ էին: Ամեն ինչ գլուխ էր գալիս վերին կամքով, ինքը գրեթե մասնակցություն չէր ունենում, բայց այս անգամ հասկացավ, որ իր միջամտության կարիքը կա: Ոչ, իր միջամտությունը պարտադիր է: Չի ասի, որ Աղավնին չամուսնանալու ուխտ է արել, նախ՝ երիտասարդի մարդկային տեսակը կորոշի:
– Աղավնին մի քանի սանուհիների հետ այսօր Բուրջ Համուդ է գնացել, մի ծեր հայուհու պետք է օգնեն,– առանց այլևայլության ստեց մադամ Կատրինը: Թեև Աղավնին այդ նույն ժամին իր պստիկ կացարանում էր՝ հավերժական թելն ու ասեղը ձեռքին:
Երիտասարդը թևաթափ եղավ՝ մեծ սպասումներով էր որբանոց եկել:
– Ավելի լավ,– նրան հյուրասրահ առաջնորդելով ասաց մադամ Կատրինը,– ես ձեզ հետ խոսելիք ունեմ:
– Լսում եմ,– սիրալիր ժպիտով նրա առաջարկն ընդունեց Սերոբն ու տեղավորվեց հյուսկեն բազկաթոռին: Հաճույքով մտածեց, որ Աղավնին գոնե մի անգամ այդ բազկաթոռն իր գեղանի կերպարանքով զարդարած կլինի:
– Աղավնին չի կարող ամուսնանալ,– տնօրինուհին որոշեց հյուրին շատ չտանջել: Մտածեց՝ նա էլ մարդ է, թեև կյանքում որևէ վիշտ ու ձախողում չտեսած:
– Նա ինձ չհավանե՞ց,– զարմացավ Սերոբը:
Մադամ Կատրինն ստիպված եղավ մի քանի ժլատ նախադասությամբ իսկությունը պատմել: Այդ ընթացքում նկատեց, թե երիտասարդի փափկասուն դեմքն ինչպես ցնցվեց, սկսեց ջղաձգվել, ի վերջո դարձավ նողկանքի խոսուն պատկեր: Ըստ որում նրբազգաց կինն Աղավնու հղիության մասին ոչինչ չասաց կամ գուցե դրան չհասավ:
– Շնորհակալ եմ, որ այդ ամենն ինձ ասացիք, մադամ, սրտանց շնորհակալ եմ:
– Դուք ձեր մտադրությունից հրաժարվո՞ւմ եք: Հասկացեք, խեղճ աղջիկն անմեղ զոհ է, նա ձեր ազգի մի մասնիկն է: Եթե դուք՝ հայ տղամարդիկդ, նրանց ձեռք չմեկնեք՝ դա ո՞վ կանի, ո՞ր ազգի ներկայացուցիչը:
Սերոբը պատասխանեց բուռն պոռթկումով:
– Մեր ընտանիքը հենց այդ նպատակով էլ որոշեց ֆրանսիական որբանոցի հայ սանուհու հարս տանել: Իմ հայրը պատվախնդիր հայ մարդ է, նա իր բնօրրանից զրկվել է, բայց հույս ունի մի օր վերադառնալ, դրա համար էլ Բեյրութից չի գնում, թեև նրան թե Եվրոպայից են կանչում, թե Ամերիկայից, բացի դրանից՝ աշխարհի շատ վայրերում խանութներ ունի: Մենք ցանկանում էինք մի հայ որբի փրկել, որպեսզի նա իր տոհմը շարունակի: Բայց ինքս չեմ կարող թուրքի պղծած աղջկան իմ ամուսնական առագաստն ընդունել: Դա իմ սրբությունն է: Ներեցեք, մադամ, եթե ձեզ վիրավորեցի:
– Ինձ չվիրավորեցիք,– սառն ասաց մադամ Կատրինը,– պարզապես մի անմեղ սիրտ կեղծ պատվասիրության պատճառով կկործանվի:
– Կե՞ղծ, դուք ինձ կեղծավորության համա՞ր եք մեղադրում: Արդար չէ, մադամ, արդար չէ:
– Գնաք բարով, հարգելիս: Թող Բարձրյալը ձեզ ձեր սրտի չափով պարգևատրի:
Այդ օրը տնօրինուհին Աղավնուն երիտասարդի այցի մասին ոչինչ չասաց: Բայց հաշվի չէր առել, որ աղջիկը մշտապես լուսամուտի առաջ է նստում ու կարող է նրան նկատած լինել:
Աղավնին ոչ միայն նրան նկատել էր, այլև հեռանալու ձևից կռահել, թե ինչ խոսակցություն եղած կլինի դրա պատճառը: Ինչպես մի ահազդու գիշեր քրդի տանից էր հեռացել՝ այդ գիշեր էլ որբանոցից գաղտագողի դուրս եկավ ու օրորվելով քայլեց դեպի Բուրջ Համուդ: Հայկական թաղամասը նրան բնազդորեն էր ձգում, ուզում էր հարազատ շունչ գտնել ու նրա երանելի ներկայությամբ իր վերջին շունչը փչել:
Ոտքերն առաջ էին տանում մի տենդահար գլուխ, ցնցվող իրան, կոտրատվող ձեռքեր, հուսահատ, հուսահատ մի սիրտ… Մի քանի տանջալի ժամեր փոշոտ ճանապարհներին դեգերելուց հետո ընկավ թաղամասի կիսամութ անկյուններից մեկում: Երբ լուսադեմին աչքերը բացեց՝ տեսավ դեմքին հակված շատ ծանոթ մի դեմք: Շատ ծանոթ:
– Աղավնի, աչքերդ բանա,– հայերեն պաղատում էր տղամարդու ձայնը,– ինծի չե՞ս ճանչնար, հորեղբորդ հարևանի տղան եմ՝ Մանուկը: Կհիշե՞ս, քույրերուս հետ քով քովի պտույտի կերթայինք…
Հայերեն բառերը փոխանակ աղջկան ուշքի բերելու՝ խոր ուշաթափության մեջ ձգեցին: Տղան նրա թեթև մարմինն առավ բազուկների մեջ ու տեղավորեց մեքենայի հետևի լայն նստիքին: Աղավնին կամքի լարումով նստեց, աչքերը լայն բացեց.
– Ինձ հետ ֆրանսերեն խոսիր,– խնդրեց ֆրանսերեն,– ես հայերենից վախենում եմ: Այս ի՞նչ մեքենա է:
– Իմս է:
Ու պատմեց իր փրկության պատմությունը՝ հարևնման հարյուր հազարավոր վերապրածների ճակատագրին:
– Միայն մի տարբերություն Աստված ինձ շնորհեց՝ պատահաբար արաբ վարորդի աշակերտ դարձա, շատ շուտ վարել սովորեցի ու այս մեքենան գնեցի: Այս չորս տարում նույնիսկ տուն եմ գնել: Չնայած… ո՞ւմ համար, մեր ամբողջ ընտանիքից միայն ես փրկվեցի: Իսկ դո՞ւ, ասա, ինչո՞ւ էիր գետնին ընկել:
– Գլխիս պտտվեց, ուրիշ բան չկա: Սա ի՞նչ է:
Աղավնին ձեռքին բռնել էր մի փոշոտ, ճերմակ կտոր, որ ընկած էր նստիքի եզրին:
– Սա ի՞նչ է,– ավելի բարձր ճչաց Աղավնին:
– Ի՞նչ է, որ: Հա, առավոտյան մի ծեր բեդվինի իր վրանը տարա, երևի նրա գրպանից է ընկել:
– Սա իմ Տիգրան եղբոր թաշկինակն է, հասկանո՞ւմ ես, Մանուկ, իմ ձեռագործն է: Եղբայրս ողջ է: Դուն կհասկնա՞ս, Տիգրան պզտիկ ախպարս ողջ կըլլա,– արցունքներին ազատություն տվեց Աղավնին:
Մեքենայից հուզված դուրս թռավ, սկսեց աջուձախ վազվզել: Նրա դալուկ այտերին վառ կարմրություն հայտնվեց, կարծես ապացուցելու համար, որ ապրելը գոնե մի հատիկ իմաստ ունի:
Մանուկը նրան առաջարկեց իր տուն գնալ, ասաց՝ շատ հեռու չէ: Աղջիկն անսպասելի հաճությամբ համաձայնեց: Մինչ այդ պահը բոլոր տղամարդկանցից խորշում էր, այս հին ծանոթի հանդեպ հանկարծ զարմանալի հարազատություն զգաց: Նրան նայելով, նրա անուշ բարբառը լսելով՝ վերհիշեց հայրական տունը, իրենց պարտեզն ու այգին, ընկերուհիներին, մանկության տեսարանները: Սկսեց պատկերացնել նաև Տիգրանի հետ հանդիպումը: Համոզված էր, որ եղբայրն արաբ բեդվինների հետ է, մեկնումեկի վրանում, ողջ ու անվնաս: Երևի մի գթառատ հոգի իր ընտանիքի միակ շառավիղին փրկել է ու ապաստան տվել:
Աղջկա տրամադրության փոփոխությունն զգալով՝ Մանուկը նրան համոզեց որբանոց վերադառնալ, իսկ ինքն սկսեց Տիգրանի որոնումները: Մի քանի օրը մեկ գալիս էր՝ Աղավնուն զեկուցում, թե ինչ տեղեկություններ է քաղել, ում հանդիպել, ինչ հույսեր կան:
Աղավնին նրան դիմավորում էր սրտի տրոփյունով: Դեմքին հույսի ժպիտ էր հայտնվել, դա աննկատ չէր մնացել ոչ մադամ Կատրինի, ոչ սանուհիների աչքից:
Մի օր էլ Մանուկի մեքենան կայանեց ոչ թե փողոցում, այլ որբանոցի բակում:
– Աղավնի,– կանչեց տղան:
Աղջիկը ձեռագործը մի կողմ նետեց ու վազեց բակ:
Մանուկի շրթունքները բեղերի տակից լայն-լայն ժպտում էին:
– Բերել եմ, ստացիր:
– Եղբո՞րս:
– Ոչ, ոչ… Սպասիր: Դու չպետք է շատ հուզվես…
– Չե՞ս բերել, անխիղճ մարդ ես դու, Մանուկ:
– Դուրս եկեք, անպիտաններ,– գոչեց Մանուկն ու բացեց մեքենայի հետևի դուռը:
Տիգրանին սպասող Աղավնու աչքերի դեմ կանգնեց Սիսակ եղբայրը: Ուրախանա՞ր, որ այս եղբայրը ողջ է, թե տխրեր, որ այն եղբայրը…
Մինչ թևերը կբացվեին թանկ-թանկ հարազատին սրտին սեղմելու համար՝ մյուս դռնից դուրս եկավ ինքը՝ Տիգրանը:
Աղավնին խելագար ճիչով նետվեց դեպի եղբայրները… Ամբողջ որբանոցը մադամ Կատրինի առաջնորդությամբ օղակեց երջանիկներին: Խեղճ որբուկներից յուրաքանչյուրն իրեն պատկերացրեց նրանցից մեկի դերում ու կամ ուրախությունից ճչում էր, կամ խնդությունից բարձրաձայն արտասվում:
Մանուկը դիտում էր այդ հանդիպումը ու մտածում՝ ախր չորս տարում թե քույրը, թե եղբայրներն անչափ փոխվել են, չնայած տառապանքներին՝ մեծացել են, հասունացել ու պիտի որ իրար չճանաչեին: Բայց երևի գտան բնության այն հրաշքով, որ կոչվում է արյան կանչ:
Մանուկը խոսեց հուզմունքից կերկերացող ձայնով, սակայն կարճ: Տղաների փրկության պատմությունն այնքան սրտապարար չէր, որքան նրանց հանդիպումը: Արաբ բեդվինը նախ գտել է Տիգրանին: Հետո՝ Սիսակին: Այսինքն Սիսակին ինքը չի գտել, նրա մասին լսել է, որ իր հոգեզավակին շատ նման մի տղա կա հեռու ավազուտներում: Տիրոջը ոչ մի կերպ չի կարողացել համոզել, որ տղային արձակի՝ եղբոր մոտ գնա: Թող նա գա, ասել է: Ի վերջո բարի բեվդինն իր երկու կովերից մեկն առաջն է անում, գնում խստասիրտ բեդվինի մոտ ու առաջարկում կովը տղայի հետ փոխանակել: Եղբայրներն այդպես են իրար գտնում: Ու եթե մինչ այդ ամեն մեկը երազել է փախչել, ազգակիցներին գտնել, մասնագիտություն ձեռք բերել, այդ դեպքից հետո որոշել են մնալ ու մինչև կյանքների վերջը ծառայել իրենց փրկարարին: Թեկուզ՝ հովիվ մնալով, թեկուզ՝ իրենց կանաչազարդ եզերքի փոխարեն ավազի ու քամու այդ գեհենին հանձնվելով:
Քրոջ ու եղբայրների հանդիպման սրտաճմլիկ տեսարանին վերջ դրեց մադամ Կատրինը:
– Տիգրանն ու Սիսակը,– հայտարարեց նա,– առայժմ կմնան մեր որբանոցում: Իսկ հետո՝ կտեսնենք:
– Շնորհակալություն, մադամ,– հուզվեց Մանուկը:– Նրանք կապրեն իմ տանը, գիտեմ, որ որբանոցում ազատ տեղեր չկան:
– Ես ասացի՝ առայժմ,– երկիմաստ ժպիտով ճշտեց մադամ Կատրինը:
Նա արդեն որսացել էր զգացմունքի այն շունչը, որ սիրահարներն ամենավերջինն են զգում: Աշնան առաջին օրը որբանոցը հրաժեշտ էր տալու տարիքը լրացած սաներին: Ուրիշ ելք չկար՝ կոտորածներից փրկված երեխաների նոր խումբ էր եկել, նրանք խնամքի ավելի մեծ կարիք ունեին, շատերն անասելի հյուծված էին, մի մասն էլ բժշկական օգնության էր կարոտ:
– Դուք մեզ համար մի անհանգստացեք, մադամ Կատրին,– գործերի մեջ մխրճված տնօրինուհուն ընդամենը մի պահ բակում տեսնելով՝ ասաց Աղավնին,– ես ու եղբայրներս որոշել ենք կարի արհեստանոցում աշխատել, մենք մեր ապրուստը կհոգանք:
– Իսկ որտե՞ղ կապրեք,– հարցրեց զգացված տնօրինուհին,– չէ՞ որ դուք կացարան չունեք:
– Կունենանք, սկզբում վարձով կապրենք, հետո Աստված մի դուռ կբացի:
– Սպասիր, Աղավնի,– սթափվեց մադամը,– այդ ճի՞շտ է, որ երբ Մանուկը գալիս է եղբայրներիդ պտույտի տանելու՝ դու նրանից խուսափում ես:
– Չեմ խուսափում…
– Ոչ, խուսափում ես, ես դեռ ուրիշ կերպ կարտահայտվեի՝ դու նրանից խուճապահար փախչում ես: Ինչո՞ւ: Խնդրում եմ հարցիս պատասխանես՝ ինչո՞ւ, չէ՞ որ նա քեզ սիրում է, և դու էլ, որքան նկատել եմ՝ նրան վստահում ես:
– Միշտ՝ նույն պատճառով…
– Աղավնի՛:
– Ներեցեք, ես այդ մասին չեմ ուզում խոսել:
«Դու չես ուզում՝ ես կխոսեմ». այդպես վճռեց որբանոցի իմաստուն տիրուհին:
Խոսեց, ու դա Մանուկին ոգևորեց, իմացավ ամենագլխավորը՝ Աղավնու երևութական անտարբերության քողի տակ աշխարհիս ամենաջերմ սիրտն է բաբախում:
– Միայն թե,– նախազգուշացրեց մադամը,– նրա հուզմունքին պետք չէ շատ ուշադրություն դարձնել, աղջկական սովորական պատվասիրություն է:
– Ես հասկանում եմ,– գլխով արեց երիտասարդը:– Ինքս քույրեր եմ կորցրել, շատ սարսափազդու սպանություններ եմ տեսել, այդ թվում՝ ջահել աղջիկների ու կանանց: Թուրքի ճանկից ոչ մի անմեղ հոգի չի ազատվել:
– Իրավացի ես, տղաս, սակայն միշտ հիշիր, որ դրանից նրանց անմեղությունը թեկուզ չնչին չափով չի արատավորվել: Դե, գնա, Աստված օգնական:
Մանուկն Աղավնուն սիրո խոստովանություն չարեց: Թեև դրա իրավունքն ուներ, քանզի աղջկա գեղեցկությունը դեռ ծննդավայրում է նկատել ու միշտ երազել է նրա մասին: Եղեռնի ահասարսուռ ճիրաններում անգամ՝ Աղավնին էր իր աչքերի առաջ, Աղավնին էր իր մտքում: Հետն ի՞նչ կատարվեց, երբ Բուրջ Համուդի իր տան հարևանությամբ գտավ նրան՝ փոշեթաթախ ու անգիտակից:
Մանուկն Աղավնուն շիտակորեն ասաց.
– Ուզում եմ քեզ կնության առնել: Բոլորս կապրենք միասին, եղբայրներիդ հոգսն էլ իմս կհամարեմ:
Աղավնին ուղիղ առաջարկից խրտնեց: Ոչ միայն դեմքը՝ ամբողջ մարմինը շիկնեց ու կրակ ընկավ: Տուն, եղբայրների ապագա, քնքշորեն սիրող ամուսին… Ինչ երանելի պարգևներ՝ այս եղերական, դաժան, սրտակոտոր կյանքում: Բայց մղձավանջային հիշողությունները պնդերես ճանճերի պարսի նման մտքի մեջ հորձանք տվեցին:
– Ես… ես չեմ կարող, ներիր ինձ, Մանուկ:
Տղան շփոթվեց, կարծել էր՝ իրենց հարաբերությունների ջերմությունն ընտանիքի համար ամենահարմար հիմքն է:
– Որոշել եմ երբեք չամուսնանալ, մի վիրավորվիր,– շշնջաց Աղավնին:– Չեմ կարող…
– Պատճառն իմ մե՞ջ է:
– Ոչ, ամենևին, ի՞նչ կըսես, ես քեզի շատ կսիրեմ…
Մանկության ստվերները Աղավնու շուրթերին հաճախ են հայերեն բառեր դառնում: Դա այն պահերին է լինում, երբ նա հասնում է անկեղծության պռնկին ու մոլորված կանգ առնում:
– Ուրեմն…
– Ես կպատմեմ,– աղջիկն անցավ ֆրանսերենին:– Իմ կյանքում սարսափելի դեպք է եղել, ես իրավունք չունեմ քեզ դժբախտացնել:
– Քեզ իմ կողքին, իմ տան մեջ տեսնելն ամենամեծ երջանկությունն է, անցյալի ոչ մի դեպք դա չի կարող մթագնել:
– Մանուկ, ես…
– Լռիր, ոչինչ մի ասա, ես այս աշխարհից չե՞մ, ես թուրքի վայրագությունները չե՞մ տեսել: Թուրքը կարող է հայուհու մարմինը պղծել, խոշտանգել, անգամ սպանել, բայց նրա ոգին չի կարող ոչնչացնել, հայի ոգին հայի սրբություն սրբոցն է:
– Շնորհակալ եմ, դուն իմ սիրտս սփոփեցիր,– արդեն ամենաիսկական, մաքրամաքուր արցունքներով արտասվեց Աղավնին:
– Իսկ մենք շնորհավորում ենք,– դռան հետևից լսվեց մադամ Կատրինի ուրախ ձայնը, ու սրահը լցվեց սաների զվարթ խմբերով:
Հենց հաջորդ օրն էլ որբանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ Մանուկի և Աղավնու պսակադրության հանդեսը: Մադամ Կատրինն ու փեսան հաճախ էին խնդուն հայացքներ փոխանակում: Իսկ երբ եկեղեցու արարողությունից հետո նորապսակներին ու տղաներին ճանապարհում էին Բուրջ Համուդ՝ Մանուկը հարմար պահ գտավ ու մադամ Կատրինի ականջին փսփսաց.
– Եթե առաջնեկն աղջիկ լինի՝ գիտեք, թե ում անունով ենք կոչելու:
Աղավնին լսեց դավադիրների խոսակցությունը, ձեռքերը հարսնաքողի տակ ջերմեռանդորեն միացրեց, որպեսզի բախտավորությունից սիրտը չպատռվի: Որքան է արտասվել, իր բախտն անիծել, անիծել թուրքին, տղամարդ կոչվող կենդանուն, մի՞թե մի օր դրանք դառնալու էին անցյալի սեփականությունը: Միմիայն անցյալի: Հիմա ինքն ապրելու բազմաթիվ պատճառներ ունի ու առաջին հերթին՝ թե ամուսնու, թե իր տոհմերը վերընձյուղելը:
Եկեղեցու բակում Աղավնին մի պահ հապաղեց. եբայրներն այդ ո՞ւմ հետ են այդպես ողջագուրվում:
– Արաբ բեդվինն է,– ժպտաց Մանուկը,– տեսնես մեզ ինչպե՞ս է գտել:
– Քույրիկ, Մանուկ ախպար,– նորապսակներին մոտեցան ոգևորված Սիսակն ու Տիգրանն ու իրարից խոսք առնելով պատմեցին:– Արաբ պապան կովն ալ, վրանն ալ ծախեր է ու մեզի համար Բեյրութին մեջը տուն մը առեր է: Ասկե ետքը միասին պիտի ապրինք: Աղվոր կըլլա, անանկ չէ՞…
Արաբ պապան կանգնած ժպտում էր: Անապատի արևից խանձված բրոնզափայլ դեմքին քրտինքի, թե՞ արցունքի արծաթագույն կաթիլներ էին պսպղում: Աղավնին թևատարած եղբոր փրկարարի գիրկը նետվեց, սկսեց շնորհակալության տաք-տաք բառեր մրմնջալ:
Դրանք մայրենի բարբառի չմոռացված գոհարներն էին, որոնք արդեն հինգ տարի արտասանելու փոխարեն մտքում օրորում էր՝ ինչպես օրորում են նորածին մանկիկին, ում աշխարհ գալուն շատուշատ երկար են սպասել:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
2013թ