ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՀՈԳՈՒՄ. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
«Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,- այսպես է մեզ հետ խոսում 12-րդ դարի հեռավորությունից Մխիթար Գոշը՝ մարդկային քաղաքակրթությանն իրավական միտք տված մեծ մտածողներից մեկը: Դեռ միջնադարից այսպիսին է եղել հայ մարդու պատկերացումը կնոջ, ընտանիքի մոր մասին: Մեր պատմության էջերը լի են իմաստուն թագուհիների ու իշխանուհիների կերպարներով, որոնք հովանավորել են արվեստները, եղել են պետականության պահապան: Հայուհին եղել է
ընտանիքի մայր, պահպանել է մշակույթը, իսկ որտեղ պետք է՝ մարտնչել է զենքով: Դիտեք պատմական լուսանկարները, և կտեսնեք , որ հայուհիներն իրենց ֆիդայի ամուսինների հետ միասին պայքարել են ընդդեմ թշնամու: Իսկ երբ հայուհին գրող է, մտավորական, մարտնչում է գրչով:
Բանաստեղծուհի Արմինե Սարգսյանին ճակատագիրը տարիներ առաջ հասցրեց հեռավոր Գերմանիա, որտեղ այժմ ապրում է և արարում: Բայց նրա սիրտը ամեն օր, ամեն պահի բաբախում է Հայաստանում և Արցախում: Պատերազմի օրերին նա ամեն վայրկյան հոգով ու մտքով ազգի հետ էր: Ապրում էր ամեն զինվորի հերոսական նահատակության ցավով, որ մինչև վերջին շունչը մարտնչում էին թշնամու, միջազգային ուժերի, տարածաշրջան բերված վարձկան ահաբեկիչների դեմ: Հայ զինվորի տեսակը պարտվել չգիտի , ազգային, ուժեղ երկիր կառուցել է հարկավոր: Եվ այդ ծանր ապրումներից ծնվել են նրա այս տողերը.
Հեղեղն է հորդում երկնից կատաղի
Բաց հոգով կանցնեմ
ջրվեժի տակով,
Միայն չիմանամ, որ չկաս՝,
Եղի՛ր,
Քո՛ Ամարասով, քո՛ Դադիվանքով։
Սուրբ գմբեթներդ թրջվեցին նորից
Արյան շիթերից հոգին մեր պոռթաց,
Թե քեզ պահպանեինք «մե՛ր»
ախոյանից
Այսօր չէր լինի այսքան
Ցավ ու լաց ։
Բանաստեղծուհի Արմինե Սարգսյանի աշխարհն ինձ համար բացահայտել եմ հենց այս տողերով: Բայց նրա բանաստեղծական աշխարհը ավելի քան մեծ է՝ իր աշխարհընկալումներով, խոհականությամբ և նրբությամբ: Նա արդեն երկու ժողովածուների հեղինակ է: Տարիներ առաջ՝ 2015-ին լույս է տեսել նրա «Ստեղնաշարից դուրս» գիրքը. բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով։ Իսկ օրերս նրա երկրորդ ՝ «Անվերնագիր հուշեր» գրքի շնորհանդեսն էր, որը տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միությունում:
Բանաստեղծությունների ժողովածուն կյանքի, հոգեբանական տարբեր վիճակների, կարոտների շերտերի մասին է:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկավ «Արցախիկներ» խումբը: Բանաստեղծուհու հետ հանդիպման երեկոն վարում էր թարգմանիչ Սիրանույշ Փարսադանյանը՝ պարբերաբար հանդիսական-ընթերցողին մատուցելով Արմինե Սարգսյանի պոեզիայի նմուշները: Իսկ բանաստեղծուհու զրույցները, հուշերն ու կյանքի, արվեստի շուրջ մտորումները դահլիճում ստեղծել էր հոգեպարար մթնոլորտ:
«…Ի վերջո հարկավոր է ուղղակի ապրել, ուրախանալ յուրաքանչյուր արևածագի համար, լինել ազնիվ ինքդ քեզ հետ, անկախ ամեն ինչից չմոռանալ Մարդ մնալը… ի վերջո մենք բոլորս հյուր ենք էստեղ ժամանակավոր, պետք է անշահախնդիր և անկեղծ ուղղակի ապրել… »,-ասում է Արմինե Սարգսյանը: Ու հենց այս սկզբունքով էլ նա ապրում է՝ որպես Հայուհի: Նա ազնիվ է ինքն իր հետ, անշահախնդիր ու անկեղծ՝ իր ազգի առաջ:
«Մագաղաթ. am» -ին հաջողվել է զրուցել բանաստեղծուհի Արմինե Սարգսյանի հետ մեկնելուց առաջ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Հարգելի՛ Արմինե, կայացավ Ձեր՝ «Անվերնագիր հուշեր» գրքի շնորհանդեսը: Ի՞նչ զգացմունքներից են ծնվել ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունները:
-Բանաստեղծություններն իրենք շատ տարբեր հոգեբանական վիճակների մասին են՝ ծնող-երեխա, հայրենիք, խոհափիլիսոփայական…Իմ պոեզիան խտացված վիպակներ են: Եթե դրանցից յուրաքանչյուրը բացվեին, կստացվեին արձակ գործեր: Գիտեք, պոետը կարող է տարբեր հոգեվիճակներ ունենալ, անգամ տևական ժամանակ փակվել , և դա քեզ կտանի թունելը, որի լույսը տեսնում ես : Ամեն բանաստեղծությունից հետո թվում է՝ քեզանից մի մարդ դուրս եկավ, թվում է՝ փակումից ես դուրս գալիս: Դա բնորոշ է արվեստի բոլոր բնագավառների մարդկանց: Դա արվեստագետի հանելուկային կապն է Տիեզերքի հետ: Ավելի ռեալ մարդ լինելով՝ փորձում եմ ամուր կանգնել ոտքերիս վրա, քիչ սավառնել: Պետք է փակվես, որ հասկանաս ինքդ քեզ: Հակասական ու գեղեցիկ հոգեվիճակներ են:
— Ե՞րբ եք սկսել առաջին անգամ գրել:
-Ես առաջին բանաստեղծությունը գրել եմ 7 տարեկանում: Այդ հասակում ի՜նչ էր դա…Դպրոցական տարիքում արդեն սկսեցի տետրակներ պահել: Չգիտեմ՝ ինչ ներքին ձայն էր ինձ հուշում, որ զգացմունքներս այդպես թղթին հանձնեմ: Գրում էի ու պահում: Հետո մայրս նկատեց, ուսուցչուհիներս նկատեցին: Իսկ ավելի հասուն շրջանում՝ 22-24 տարեկանից սկսեցի լրջորեն զբաղվել: Համարձակվեցի ոտք դնել Հայաստանի Գրողների միություն. ..Հիշում եմ՝ ինչպես Հովհաննես Գրիգորյանը ներս մտավ: Իսկ ես քաշվում էի իր մեծությունից: Նա հանդարտ տոնով ասաց.
-Տետրակներդ թող, գնա…
Անցավ որոշ ժամանակ: Կարծում էի՝ այլևս արձագանք չի լինի: Մի օր զանգեցին և ասացին, որ Հովհաննես Գրիգորյանն ուզում է ինձ տեսնել: Նրա խոսքը ինձ ոգևորեց: Ասաց
-Գրիչը մի թողեք, շարունակեք:
Տարիներ անց Հովհաննես Գրիգորյանին նորից հանդիպեցի: Նա ասաց.
-Ե՛կ քո գրվածքները հրապարակենք «Միհր» ամսագրում: Հետո կգնաս «Ցոլքեր» ամսագրի խմբագրություն, այնտեղ էլ կտպագրվես…Գրիչից երբեք մի չխռովես…
Նա ինձ ուղարկեց՝ Վահան Վարդանյանի մոտ՝ արվեստի մարդ, մի հրաշալի կերպար…Նրա շնորհիվ «Նարցիս»-ում ստացա գրական ճանապարհ: Ե՛վ Հովհաննես Գրիգորյանը, և՛ Վահան Վարդանյանն այնպիսի ոգեղեն մարդիկ էին, որ ինձ թվում էր՝ գնացել եմ Աստծո դուռը, մի խորհուրդ եմ հարցրել , վերադարձել եմ: Մինչ օրս հիշում եմ Վահան Վարդանյանի խոսքերը.Ասում էր.
-Դու այնքան լուսեղեն ես…Լույսը աչք է կուրացնում: Մի քիչ անկյունում մնա:
Հետո առաջարկ եղավ «Գրական թերթում» տպագրվելու, գործերս լույս տեսան «Անդին» հանդեսում: Հետագայում Մերուժան Տեր-Գուլանյանը խորհուրդ տվեց գիրք հրատարակել: Այսպես աստիճանաբար ծվեց առաջին գիրքս՝«Ստեղնաշարից դուրս»: Հետո, երբ բացում էի գիրքս և բանաստեղծություններից հետո կարդում ստորագրությունս՝ «Արմինէ», թվում էր՝ ուրի՛շ Արմինե էր այնտեղ, ուրի՛շ մարդ:
«Անվերնագիր հուշեր» գիրքս խմբագրեց վաղամեռիկ, ինձ համար անչափ թանկ մտավորական՝ Կարինե Աշուղյանը: Այդ ընթացքում ես Գերմանիայում էի: Իր հետ կապը քիչ էր, քանի որ փակել էի ֆեսբուքյան էջս: Նա խմբագրեց ու հրատարակության պարաստեց գիրքս: Կարինե Աշուղյանն ինձ անընդհատ ոգեշնչում էր, որ վայր չդնեմ գրիչս: Իր տված ուժի շնորհիվ շարունակեցի ստեղծագործել: Նա հաճախ էր շեշտում, թե իմ գիրն հարազատ է իրեն և սիրով պատրաստ է խմբագրելու. ապրված գիրք է, հուսամ ընթերցողի վրա տպավորություն կթողնի:
-Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ- Էքզյուպերին ասում էր. «…Մենք զբաղված ենք մեր պատմությունը վերընթերցելով»: Արդյո՞ք ամեն մի ծնված ստեղծագործություն որոշ չափով գրողի, բանաստեղծի պատմությունը չէ:
—Կարող եմ ասել, որ իրենք՝ ստեղծագործություննրը տարբեր են ինձանից: Իմ պատմություններն ու բանաստեղծություններս տարբեր են: Ես, սովորաբար, ազդվում եմ խոշոր հեղինակներից, մի որևէ արժեքավոր ֆիլմից…Դրանցից ներշչվում եմ, և կարող են ծնվել բանաստղծություններ, անձնական պատմություններ քիչ կան: Իմ ստեղծագորելուն նպաստում են կողմնակի երևույթները: Օրինակ, պատանի հասակում կարդացել էի Ռեմարկ, իսկ հասուն տարիքում հնարավորություն ունեցա այցելելու նրա տուն-թանգարանը. այդ տպավորություններից ծնվեցին բազմաթիվ գործեր: Նման հեղինակները միշտ կարող են ներշնչել ստեղծագործողներին:
Հիշում եմ , թե մեր մեծերից ինչպես էի կլանված կարդում Րաֆֆու հատորները: Մայրս իրավաբան էր՝ բնավորության, խստապահանջության, դաստիարակության ու մանկավարժության հարցում շատ խիստ: Անընդհատ ասում էր՝ «Մի կարդա, դեռ փոքր ես, այս գործերը քո տարիքում ընթերցելու համար չեն: Մի քիչ էլ կմեծանաս, այդ ժամանակ կկարդաս»: Իսկ Սամվելի կերպարից այնքա՜ն էի ներշնչվել, որ, թվում էր՝ դուրս գամ փողոց, այդ պատմական կերպարին հանդիպելու եմ: Երրորդ դասարանում արդեն կարդացել էի Վախթանգ Անանյանի բոլոր գործերը: Հետո արեն մոտեցա Հովհաննես Թումանյանին՝ կարդալով քառյակները: Իսկ տպավորություններս ավելի բյուրեղացան, երբ գնացի Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Կուզենայի մեկ անգամ էլ Թումանյան ծնվեր, որ մեր ազգը նորից հառներ: Չմոռանանք, թե ինչ գործեր է նա արել հայ մշակույթի համար, նաև Հայոց ցեղասպանության ժամանակ…Նրա ստեղծած Վերնատունը ինչպես միավորեց ժամանակի խոշոր դեմքերին և քանի՜-քանի՜ սերունդ մեծացավ Թումանյանի ստեղծած Վերնատան արժեքներով ու գաղափարներով: Պոետներից նաև Եղիշե Չարենցն է իմ մեծությունը. նրան այլ կերպ եմ զգում…
—Հովհաննես Թումանյանի մասին Ստեփան Զորյանն ասում էր. «Պայծառ հոգիներին հատուկ է լավատեսությունը: Հայ կյանքի ծանրագույն, դժնդակ պայմաններում էլ Թումանյանը , երգելով հայոց ծով վիշտը, ինչպես ասացիք , չի կորցնում բնավ ապագայի հույսը, չի տարվում հոռետեսությամբ , քանի որ հայոց պատմությանը քաջածանոթ ՝ գիտե , որ մեր ժողովուրդը Բաբելոնից մինչև իր օրերը տոկացել է ամեն աղետի, հաղթահարել բազում մահացու , կործանիչ վտանգներ ու հասել 20-րդ դարը և այժմ էլ նրա հոգն լի է երազներով ազատության…Ահա ինչու՛ Թումանյանը , լինելով իր ժողովրդի մսից ու արյունից , երբեք չի կորցնում լավի հույսը, ինքն էլ ժողովրդի նման , նրա հազարամյա փորձից իմաստնացած՝ հավատում է, որ «աշխարհն էսպես չի մնա»…որ , թեև վիրավոր ու ծեծված, պիտի տեսնենք «հանուր կյանքի արշալույսը վառ հագած»:
Սակայն այսօր, մանավանդ էլ Հայրենիքից հեռու՝ տեսնելով ու վերապրելով մեր երկրին պատուահասած աղետը , ի՞նչ զգացմունքներ են թաքնված Ձեր հոգում, որոնք հետո պիտի դառնան բանաստեղծություններ…
-Բավական հիվանդագին եմ տանում նման վիճակները…Հեռվում ավելի ծանր է, որովհետև այդ վշտի հետ միայնակ ես: Իսկ Հայրենիքում մարդիկ համախմբված են լինում: Հեռվում դժվար է, որովհետև քո ձեռքում մեծ հաշվով չկա ոչինչ: Փորձում ես ճանապարհներ գտնել դրան մի կերպ դիմակայելու: Եվ այստեղ օգնում է մեր մաքրամաքուր մշակութային ժառանգությունը: Ես լսում եմ Արամ Խաչատրյանի երաժշությունը, որը մի փոքր բալասան է քսում այդ բաց վերքին: Սակայն ամեն մտածող ու ստեղծագործող հայ լույս փոխանցող է: Ամեն հայի մեջ նստած է այդ Լույսը փոխանցելու առաքելությունը: Ոչ մի աղետ ի զորու չի լինելու կասեցնել մեր ընթացքը:
-Մեր վերջին շրջանի համազգային ողբերության՝ Արցախյան երրորդ պատերազմի օրերին Դուք գրել եք ահա այս տողերը.
Պատերազմ էր
Պատերազմն էր
Պատերազմում
Պատերազմից առաջ և
Պատերազմից հետո
Պատերազմ է…
Ի՞նչը կարող էր ստիպել հայ բանաստեղծուհուն գրել նման տողեր: Արդյո՞ք Հայի պատերազմը հավերժ է լինելու. Պատերազմ՝ մնալու և հարատևելու համար:
—Շատ հանկարծակի ծնվեցին այդ տողերը…Այդ դժնդակ օրերին , տեսնելով մեր անմահացած հերոսների պատկերները ամբողջ համացանցում, գրեցի նաև «Տղերք, չներեք մեզ» բանաստեղծությունը: Մենք մեկ դար առաջ վերապրեցինք ցեղասպանությունը: Ցեղասպանությունից հետո նորից պատերազմ է…Տեսնելով, թե հայ զինվորն ինչ ոգով է դիմադրում թշնամուն, ուզում էի ինքս էլ կամավորագրվել ու գալ Հայաստան: Պետք է միշտ հիշենք, որ մենք Նժդեհից, Մոնթեից մի նշույլ ունենք մեր հոգում: Կռիվը, պայքարը պետք է շարունակենք ու ոչ մի քայլ չնահանջենք: Եթե այս զգացողությունը չկրենք, կկորցնենք Աստծո արարած այս սրբազան հողակտորը: Իսկ մենք դրա իրավունքը չունենք: Պետք է լինենք ու մնանք պատմության ասպարեզում:
—Հարգելի՛ Արմինե, Հայի պայքարը, այո, չի ավարտվել, քանի դեռ գերի է Արցախը, չենք վերադարձրել Արևմտյան Հայաստանը: Ձեր բանաստեղծություններում նաև պատմական արդարության մարտիկի ձայնն է: Եվ ուզում եմ դարձյալ հիշատակել այս տողերը.
Թե քեզ պահպանեինք «մե՛ր»
ախոյանից
Այսօր չէր լինի այսքան
Ցավ ու լաց ։
Ո՞րն է լինելու մեր պայքարի ուղին: Ե՞րբ և որտե՞ղ սայթաքեցինք:
-Մեր առաջին սայթաքումը մեր ազգային պառակտման մեջ է: Պառակտումը ծնվում է ինքնակրթությունից: Սկսվում է ընտանիքից: Երբ անգամ մանր-մունր հարցերում նայում ես դուրս, ամեն ինչ վերցնում ես միայն դրսից, նման երևույթների ազդեցությամբ էլ կորցնում ես քո ունեցածը: Մեզ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ բոլոր բնագավառներում՝ դպրոցում, ընտանիքում…Պետք է վերադառնանք մեր ազգային ակունքներին: Հայ երեխան պետք է ճանաչի և՛ իր ազգին, և՛ մեր թշնամուն: Ցավոք, դեռ ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի մեզ վերագտնենք: Մենք պետք է չծնկենք: Միայն գաղափարական փոփոխությունների արդյունքում կհասնենք դրան:
—«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար ։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական և ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պետք չէ ըլլայ, այլ երկրիս վրա գործօն բարերար տարր մը դառնալը»: Սա ասել է Զապել Եսայանը՝ հայ գրականության երևելիներից մեկը, հասարակական գործիչը, իր ճակատագրով ամենատառապյալ կինը: Ձեր դիտարկումներով ինչպիսի՞ն է եղել հայուհու դերը մեր պատմության երթում: Եվ ո՞րը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի անելիքը՝ 21-րդ դարում: Կուզենայի այս հարցին պատասխանեք ոչ թե որպես միայն արվեստագետ, այլ նաև երկու զավակների մայր:
-Այս պահին հիշեցի, որ տարիներ առաջ , երբ կյանքի քամիների բերումով, որոնք ինձանից անպակաս են, ոտք դրեցի Լեվերկուզենում Զ. Եսայանի անվ. Կանանց միջազգային Կենտրոն, հիացմուք և անբացատրելի հուզմունք ապրեցի… Նման Վեհանձն երկրներում, ինչպես Գերմանիան է և նրա հարևան երկրները, ուրույն կերպ են ընդունում և հարգում Կնոջ կերպարը…Այդ ժամանակ, երբ Զապել Եսայանի անվան կենտրոնում գերմանացիները զրույցի էին բռնվում ինձ հետ, իսկ ես դեռ նոր էի գնացել, սրտի թրթիռով աշխատում էի ամեն կերպ բացատրել իմ զգացմունքները, որ Զապել Եսայանը հայ է, և ես իր ազգից եմ, ինձ էլ էին ակնածանքով վերաբերվում՝ որպես հայուհու:
Զապել Եսայանի ազգային-հասարակական գործունեությունը հերոսական էր: Նրա կերպարը շատ առինքնող է: Ցավոք , մեզ այսօր պակասում է նրա տեսակը: Չմոռանանք մեր հզոր թագուհիներին, որոնք պետականությունը ամուր հիմքերի վրա են պահել: Հայուհին ոչ միայն սերունդներ է ծնել ու դաստիարակել, այլև եղել է շատ իմաստուն: Եվ այդ բարձրագույն հատկանիշների խտացումներից մեկն ինձ համար Զապել Եսայանն է: Հիշում եմ, թե ինչպես այդ կենտրոն այցելելուց, իրեն նորովի բացահայտելուց հետո ներշնչվեցի և հետագայում զգամունքներս ու տպավորություններս արտահայտեցի բանաստեղծություններով: Կգա մի ժամանակ, Աստծո օգնությամբ ինքս կբացեմ նման նախագիծ իմ հայրենիքում, բայց մինչ այդ ուզում եմ մեր հասարակությունը արտառոց կերպով ընդունի և գնահատի կնոջ դերն ու նշանակությունն այսօր, վաղը և ընդմիշտ ։
-Ինչպիսի՞ հայուհիների եք համախմբելու այդ կենտրոնում: Ի՞նչ ծրագրեր եք երազում կյանքի կոչել:
—Սովորաբար, երազող տեսակ չեմ: Ծրագրեր շատ կան, որոնց շուրջ հաճախ եմ մտորում և ուզում եմ քայլեր անել հայուհու մեջ թաքնված այդ Լույսը տարածելու հարցում: Ուզում եմ գործունեության հնարավորություն բացել ազգային բարձր որակների կրող, մտավորական աղջիկների ու կանանց համար: Ուզում եմ, որ կարողանան ինքնադրսևորվել այն կանայք, ովքեր կարող են, օրինակ, ստեղծել արվեստի տարբեր ճյուղեր: Քիչ-քիչ գաղափարները բյուրեղանում են, որոնք հաստատ կտան իրենց բարի պտուղներ, եթե «տնկենք հողի մեջ»: Մենք պարտավոր ենք պահել մեր ազգային տեսակը , կարողանանք տարբերվել մեր ձեռագրով, մի ուրույն գույն տանք մեր քաղաքին, երկրին ու կրենք այդ Լույսը: Հայ կնոջը պետք է ընձեռել այդ հնարավորությունը, և կունենանք ուժեղ պետականություն:
-Իսկ ո՞րն է լինելու այն համընդհանուր գաղափարը, որի շուրջ պետք է համախմբվենք ու կարողանանք նորից հառնել ՝ որպես ազգ:
-Հայաստանը աշխարհի քարտեզի վրա փոքր, բայց Տիեզերական ուժ ունի: Հայաստանը մեծ է իր պատմությամբ, մշակութային ժառանգությամբ: Սա պետք է հիշենք միշտ: Ես ինքս մեր երկիրը քարոզում եմ ամենուր: Իմ օտարազգի ծանոթները, ովքեր երբևէ եղել են Հայաստանում, պարզապես ապշել են այն հարուստ ժառագությամբ, մարդկային որակներով, որ մենք ունենք: Ու հենց իրենք են ասում, որ Հայաստանից տիեզերական ուժ են ստանում: Դա հենց մեր մշակույթի ուժն ու զորությունն է:
Մեզ համար ծանրագույն ժամանակներ են: Մենք հիմա անդունդի եզրին ենք: Բայց ուզում եմ հավատալ , որ կգա այդ լույսը: Եվ Տիեզերական Հայաստանը նորից կհառնի մոխիրներից, կապրի իր զարթոնքը: Արևմտյան Հայաստանի, Արցախի կանչը չի քնում, նախնիների ձայնը չի լռում: Լինելով հեռվում՝ կարոտում եմ Հայաստանին, մեր դաշտավայրերի բույրը ոչ մի տեղ չկա: Ու այդ էներգետիկան չունի ոչ մի երկիր: Ուզում եմ, որ ազգովի լծվենք Հայաստանը ծաղկեցնելու գործին: Մեզանից յուրաքանչյուրի գաղափարը և առաքելությունը Հայաստանը ծաղկեցնելը պետք է լինի:
…Արմինե Սարգսյան –բանաստեղծուհու հետ զրույցի ընթացքում հնարավոր չէր չհիշել Ավետիք Իսահակյանի՝ հայության աշխարհասփյուռ սերունդների կյանքի բանաձևը դարձած այս տողերը. «…Եւ Հայաստանը ես միշտ և հանապազ կրել եմ իմ հոգում, ուր որ եղել եմ, Հայաստանը տարել եմ ինձ հետ: Նայել եմ Մոնբլանին, բայց տեսել եմ Մասիսը, կանգնել եմ Աթենքի Պարթենոնի առաջ, բայց զգացել եմ Երերույքը և Հռիփսիմեի տաճարը: Լսել եմ Նեոպոլի ժողովրդական երգերը, բայց հուզվել եմ մեր ժողովրդի երգով…»:
Արմինե Սարգսյանին քաջածանոթ է այս զգացմունքը: Նա էլ ճակատագրի բերումով ապրում ու արարում է Հայատանից հեռու՝ Հայաստանը «միշտ և հանապազ սրտում կրելով»: Ապրում է՝ արմատների բարձր գիտակցումով: Նրան այսպիսին են կրթել ու դաստիարակել հենց իր ծնողները: Նա աննկարագրելի զգացմունքներով էր պատմում իր լուսահոգի հոր մասին, ով իր ձեռքը բռնած՝շրջել է մեր երկրի բոլոր գեղատեսիլ վայրերով: Եվ հենց այս ժամանակ էլ գուցե ձևավորվում էր ապագա բանաստեղծուհին: Նա Հայուհի է, մայր, արվեստագետ…Իր կյանքի ամենամեծ ձեռբերումը համարում է երկու տղաներին, իսկ ամենամեծ նպատակը՝ օգնել Հայաստանին վեր բարձրանալ և աշխարհին ներկայանալ իր հոգևոր փառքով.
-Ես փորձում եմ ինձ թույլ տալ լինել աշխարհի քաղաքացի, որ կարողանամ օգտակար լինել հայրենիքիս… Որքան էլ ծանր ու դժվար լինի , ուզում եմ , որ մեր կորուստների ցավի մեջ չմնաք ծնկած, մենք պետք է ոտքի կանգնենք: Լինե՛նք Աստծուն մոտ, հաճախ նայե՛նք վերև. երկնքում կան շատ պատասխաններ…
Զրուցեց Հասմիկ Պողոսյանը