Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
…1990 թվական: Հունվար: Բելգրադ: Տասներկուամյա դստերս՝ Նազենիի հետ զբոսնում էինք հին քաղաքի սալահատակ հրապարակներից մեկում, որը սերբերի համար ավելի շատ հայտնի էր «Սատկած թուրքի հրապարակ» անունով: Անվանումը հրապարակն ստացել էր 1983 թվականի մարտին տեղի ունեցած հայտնի իրադարձությունից հետո: Հայ վրիժառուի գնդակից սպանվել էր Թուրքիայի
դեսպանը: Հունվարյան այդ օրը հեռակա մի զրույց էր սկսվել Անդրանիկ Պողոսյանի հետ… Տասներկուամյա դստերս՝ Նազենիին, բացատրեցի հրապարակ գալու պատճառը, իմաստը…
Հետո գնացինք մոտակա «Մադերա» սրճարան, ուր պաղպաղակների անհամար տեսականի կար…
…Հիմա 2017 թվականի մայիսն է: Անդրանիկ Պողոսյանի Երևանյան առանձնատան բացօթյա պատշգամբում, դեմ-դիմաց նստած, մտերմիկ զրույցի ենք բռնվել, ու կարող եմ 27 տարի առաջ սկսված մտովի զրույցը շարունակել, հարցեր տալ:
— Հիշո՞ւմ ես գործողության օրը:
— Իհարկե,- Անդրանիկի մեղմ ժպիտը խորհրդավոր հիշողության կիսաբաց դռնակ էր…
— 1983 թվական մարտի 9, ժամը 1110:
— Տասնամյակներ են անցել, զղջումի պահ, զգացում ունեցե՞լ ես…
— Ամենևին,- կտրուկ պատասխանեց Անդրանիկն ու շարունակեց,- բայց հեշտ չի եղել: Չէ՞ որ գնում ես ոչ միայն ուրիշի կյանքը խլելու, այլև նույն չափով վտանգում քոնը… ԳիտեԻ , որ ընտրված թիրախը ընտանիք, երազանք ունի, բայց…
— Բայց թո՞ւրք է…
— Թուրք, որի պապերը 1,5 միլիոն երազ են սպանել…
Խորհրդավոր հիշողությունների կիսաբաց դռնակը կամաց-կամաց բացվում էր… Հիշում է ողնահարից վիրավորվելը, ձերբակալությունը, հարցաքննությունը…
— Արդա՞ր էր դատավարությունը:
— Փակ, գաղտնի, խիստ հսկողության պայմաններում էին ընթանում…
— Վախենո՞ւմ էի Ն…
— Այո:
— Ինչի՞ց, ումի՞ց:
— Երկու բանից էիՆ վախենում՝ թուրքերից, որ կարող էին առևանգել, մյուսը՝ մերոնցից, որ կարող էին փախցնել…
— Երբ 1989-ին Բելգրադում քո դատապաշտպան Պոպովիչին հանդիպեցի, նա էլ նույն բանն ասաց՝ ավելացնելով. «Ձերոնք Երևի հաջողեն Անդրանիկի վաղաժամ ազատումը: — Պոպովիչը
անթաքոււյց համակրանք ուներ քո նկատմամբ…
— Հետաքրքիր մարդ էր,- հիշեց Անդրանիկը,- նրա հետ 1990-ին նաև Ռուբեն Հովսեփյան էր հանդիպել…
Ներիր, որ փորփրում եմ հուշերդ, բայց ի՞նչ զգացում ապրեցիր, երբ դատավճիռը կայացվեց՝ քսան տարի, առանց ներման իրավունքի, բանտային խիստ ռեժիմ:
— Սովորական: Վճիռը կարդալուց հետո, երբ բանտախուց տեղափոխեցին, քիչ անց դատախազը եկավ: Եկել էր ներողություն խնդրելու նման վճիռ կայացնելու համար: Նրան մեղադրելու ոչինչ չունեի, ընդհակառակը, շնորհակալություն հայտնեցի այցելության համար՝ ասելով. «Ես իմ գործն եմ արել, Դուք՝ Ձերը…»:
…Իմ զրուցակիցը ամենևին էլ շարժասայլակին գամված մարդը չէ, այլ հզոր, ամուր, ոտքերը պապերի հողում խրած անհատականություն, որը աշխարհի քնած հիշողությունն է արթնացրել ու ժանգից մաքրել մեր հիշողության շեղբը…
ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ
11/06/2017