Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
Գիշերվան հաջորդ Ծագումն եղավ
Կապտագալարուն երանգազատմամբ,
Լույս մի երևաց լեռան ճառագմամբ,
Հողերը՝ գոլով տաք բուրվառեցան:
Մինչ զուլալվելով ժամին տվնջյան
Կժամերգեին Տեղերում խնկմամբ,
Ներքո խոյակին ձայնիկ նվիրմամբ
Կառաքվեր՝ իբրև հորդոր և օրհնանք.
-Կիրակնաեզրին ամեն ընթերցման
Մաղձն ակունքից զտումն արա,
Հույսը սածիլիր տեղն անպտղության,
Եվ առաջնորդիր, ով կկուրանա:
Քեզ են դիմելու հոգով բորոտներ՝
Ակնկալելով մաքրումը իրենց,
Արդյո՞ք եկել են միտումով անկեղծ,
Թե՞ պիտի դարձին անօրեն լինեն:
Խոկման օրերի անվերջության մեջ
Եղանակները իմ արարեցի,
Իմ հրճվությանը վկա ես եղել,
Թողություն տուր իմ ինքնաձաղկումին:
Պիտի ընթերցվե՞մ խոստովանության
Արարով անցած անձանց ակներով,
Թե՞ կհեռանան սուրբ խորաններից՝
Առանց զղջումի, որ սնվեն դավով:
Երկվության պահին օգնիր դիմանալ,
Մինչև կասկածից հոգուս քաղհանել,
Մինչև նոր Ծագում, նոր արևագալ,
Մինչև հողերը գոլով բուրվառել…
Փետրվար 9, 2020
Հասմիկ Սարգսյան