Հասմիկ Սարգսյան. ՅՈ ԵՐԹԱՍ
Ի՞նչ կսովորեն մանուկները, երբ
Դպրությունից են նրանք վտարված,
Դժգոհությունով երբ կուսուցանվեն,
Առաքյալները զուրկ են, անազատ:
Ո՞նց պիտի նրանք մտոք մկրտվեն
Սիրո, խնամքի լույս համբերանքով,
Երբ անարգանքի սյուն է սահմանվել
Սրբատեղ եղած նույն դպրանոցում:
Ո՞վ, իբրև հովիվ, պիտ առաջնորդի
Իր իմացությամբ բյուր մանուկների,
Կհամարձակվի՞ բարու սերմ ցանել
Տուր և առնելու հաշվարկից բացի:
Եվ հյուլեների էությունից զատ
Տիեզերական ուժը կքննի՞,
Կբացահայտի՞ խորատեսությամբ
Ամենքին տրված շնորհը վերին:
Ումի՞ց մանկունքը դասեր կքաղեն,
Երբ ծանակված են հանրությանն ի տես
Նրանք, որ անգամ երաշտ ժամանակ
Հոգու աղբյուրով այգի են ջրել:
Արդ ժամն է հասել արթուն հսկելու՝
Որոմաթուրմով հասկը չըարբի,
Խոկմանս հիմա պատասխան չկա,-
Ով որ հետինն էր, արդ կառաջնորդի:
Ով հեզաբարո եղավ և խոնարհ,
Իր Գողգոթան է նորեն ելնելու,
Կոչվածներից դեռ կզատվեն ընտրյալք՝
Անապակ ցորնով արտն սերմանելու…
Հունիս 6, 2020
Հասմիկ Սարգսյան