ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՀԱՎԱՍԱՐ Է ԱԶԳԻ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ»
…«Այսօրվա գրողները մտքերի տիրակալներ չեն:Անցել են ոչ միայն Հյուգոյի ու Տոլստոյի, այլև Սարտրի ժամանակները:Այսօրվա գիրքը, վեպ լինի, թե բանաստեղծությունների ժողովածու, չի դառնում հազարավոր մարդկանց կյանքի փարոս կամ ամեն օրվա ընկեր:Մինչդեռ, — այդ մասին հիշող սերունդը դեռ կա, — լինում էին նաև գրողներ, որոնք ազգային առաջնորդներ էին դառնում: Իսկ նոր դարի գլոբալ գրադարա՞նը, որը կոչվում է Ինտերնետ:Ես համարձակվում եմ հույժ հետամնաց երևալ ու մասնավոր կարծիք հայտնել, որ մարդուս կյանքը հանճարեղորեն հեշտացնող Ինտերնետը պարզապես գիտելիք է և հաղորդակցություն, իսկ ՁԵՌՔԴ ՎԵՐՑՐԱԾ ԳԻՐՔԸ՝ ՀՈԳՈՒ ԼՈՒՍԱՐՁԱԿՈՂ ԿՅԱՆՔ»:…«Աշխարհի այն տարօրինակ մասում, որը դեռ տասը տարի առաջ կոչվում էր Խորհրդային Միություն, գիրքն ալտերնատիվ էր, թեկուզև անուղղակի: Շուկշին կամ Սևակ, Տրիֆոնով կամ Աբրամով…Բազմատիրաժ ամսագրեր, ձեռքից ձեռք անցնող «Նովի միր» և դասականների բաժանորդագրության հերթեր՝ վաղ առավոտվանից, «Նաիրի» կինոթատրոնի դիմաց:Ի՞նչ է հիմա այդ նշանավոր գրախանութի տեղում, չեմ հիշում, թեև շաբաթվա մեջ մի քանի անգամ անցնում եմ այդ գրաճանաչ մայթով:«ԿԱՐԴԱԼԸ ԱՊՐԵԼՈՒՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է» — ութսունականների արդեն մոռացված կատակը:Իհարկե, նախ ապրելը պետք է լինի կարդալու չափ հետաքրքիր, բայց գիրքը, ինչ խոսք, զուգահեռ կյանք է:Մենք ապրել ենք այն ժամանակներում, երբ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԷՐ ՊԱՌԼԱՄԵՆՏԻՆ: ԵՐԲ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՀԱՎԱՍԱՐ ԷՐ ԱԶԳԻ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ»: ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Գնացքներ և կայարաններ», Երևան, «Վան Արյան», 2001 թ,էջ 85, 86