ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Գիտակցման առաջին կայծը ցլիկին ինքնաճանաչման բերեց, երբ տերը խոտ լցրեց առջևը, մի մասն էլ տարավ, գցեց մորաքրոջ աղջկա՝ երինջի դեմը: Թափթփվող խոտի հետքով, երբ հայացքը դեմ առավ երինջին, անծանոթ մի դող անցավ ցլիկի երակներով, երինջի կոնքերը, ազդրերը, նազանքով օրորվող, ճանճերին վանող պոչն ու փնջիկը արյունը տաքացրին ու անծանոթ դողը գոլ հորձանքով, ցավեցնելու չափ պրկեց մկանները: Ցլիկը, ակամա, ծառս ելավ ու մղվեց դեպի երինջը, բայց շղթան ցավեցրեց վիզը:
-Դե, դե,- սաստեց տերը,- քեզ խելոք պահի, քո փայը չի:
Այդ օրվանից ցլիկի ուշքն ու միտքը երինջն էր: Հայացքը գնում, գամվում էր նրան ու պարանոցից, փորատակով դող-գրգիռը հորդում, լցվում էր ազդրամեջը, աշխարհը կարմրում էր
աչքերը լցված արյունից, թոքերում կուտակված օդը դուրս էր ժայթքում բուղագոռով, գիտակցությունը մթագնում էր ու կարմրած աշխարհում կենտ մի երինջ էր երևում՝ անհաղթահարելիորեն կանչող, ձգող, կախարդող… Ա¯խ էդ շղթան, ատելի շղթան…
Տիրոջ աչքից չէր վրիպել դա ու երինջին արդեն նրանից հեռու էր կապում:
Մի օր էլ, խոտն առջևը լցնելուց հետո, տերն ափով խփեց ցլիկի ուսին ու աչքալուսանքի պես ասաց՝ էսօր քեզ կրտելու ենք…
Էդ գիշեր, երբ տանտերը դրկիցի հետ օղի էր խմում, բարձր- բարձր անհասկանալի բաներ էին խոսում, թե՝ հավի քարճիկից ու ցլի ամորձիներից համով բան չկա էս աշխարհումը, մինչև լույս ցավից մզզաց, չհասկանալով, թե ինչի՞ համար իրեն տապալեցին գետնին ու ի՞նչ սուր այրոց էր ազդրամիջում, որ հիմա վերք էր դարձել:
… Հետագա օրերին աչքերի կարմիրը վերափոխվեց կաթնագույն մշուշի, ծույլ հանդարտություն ու անտարբերություն իջավ վրան: Ծամում էր անհավես ու աննպատակ ծմրում: Ուժը տեղն էր, բայց խելքահան անող գրգիռը չկար, ազդրամիջի վերքը, որ տանտիրոջ ու դրկիցի ձեռքի գործն էր, սպիանում էր: Մարագից դուրս չէին բերում ու տանտիրուհին էր արդեն խոտ գցում առջևը և նրա վերաբերմունքում արհամարհական մի բան կար՝ «Կե°ր, այ եզը, տիրոջդ պես մենակ բանելու ես ընդունակ»: Մեկ-մեկ մարագ էր գալիս նաև դրկիցը՝ տանտիրուհու հետ, անկյունում կիտված խոտերի վրա թավալ էին տալիս, զսպված ճիչ ու տնքոցով էին լցնում մարագը, իսկ դուրս գալուց դրկիցը ափով խփում էր ուսին ու հաղթած-տիրացածի լկտիությամբ ասում էր՝ «Բա՞, ախպերս, ցլին՝ ցլի փայ, եզին՝ եզի…»:
Մի օր էլ, վերջապես, մարագ մտավ նաև տանտերը:
-Արի,- ձգեց շղթայից,- շատ մնացիր, մեր հերթը հասավ:
Դաշտ գնացին: Լծին անսովոր էր, բայց ուսը դաղող ճիպոտը պահ չէր տալիս պարանոցը կաշկանդող սարքին չհարմարվելու, առաջ էր մղվում ճիպոտից փախչելու բնազդով:
Դաշտը ձգվում էր մինչև ձորապռունկ ու կոր տալով տարածվում սարահարթի վրա: Ձորապռնկի մոտ աջ ուսը միշտ դաղվում էր ճիպոտից, ու ձախ թեքվելով գութանը քարշ տալը խրախուսվում էր՝ ձիգ տուր, այ եզը…
Երկրո՞րդ, թե՞ երրորդ շրջանի ժամանակ, երբ ձորապռնկին չհասած վիզը ձգեց չափելու, թե երբ է ճիպոտը դաղելու աջ ուսը, հանկարծ, դաշտից դուրս նկատեց ծանոթ երինջին: Եզի կրծքում մի կարոտ մրմռաց, վիզը ձգեց ու փորձեց ծմրալով ձայն տալ, բայց շունչը դեմ առավ կոկորդում՝ տեսնելով, որ հաղթանդամ մի ցուլ ետևից ծառս է լինում երինջի վրա, իսկ սա, իբր չուզելով, մանրաքայլ առաջ գնաց ու խոնարհաբար կանգնեց՝ իբր արածում է: Ցուլը ծառս եղավ, առջևի ոտքերով սեղմեց երինջի մեջքն ու վայելքի բուղագոռը տարածվեց հանդով մեկ… Շաչող ճիպոտի տված ցավը սրտի մեջ շամփրեց և ուշք չտալով տիրոջ գոռգոռոցին, ընթացքը կաշկանդող լծասարքին, ճիպոտի հարվածներին, մթագնած ու մոլար խոլացավ ձորապռունկ: -Հո՛, հո՛, հո°շ՛.. քու տիրո¯ւ…,- ճչաց մաճից կառչած տերը, ու եզ ու լծասարք, մաճ ու մաճկալ ձորապռնկից սղղալով գահավիժեցին ձորը…
Այդ երեկո, գյուղում, հանդ ու դաշտերից եկած մարդիկ խոսում էին, թե՝ Աբգարը, մարագում, կնկան բռնացրել ա դրկից Եղիշի հետ ու թասիբը չի տարել, եզո¯վ, գութանով գցվել է ձորը:
-Անասունն ու գութանը ափսոս էին,- ասել էր մեկը:
-Բայց հալալ ա տղի¯ն,- հիացել էր մյուսը:
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ