Սամվել Խալաթյան. ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏ
-Լավ օր չունենա՜ս,- ծղրտում էր Վարդանուշը,-Աստծու կրակը գլխուդ թափե…
Բալաբեկը կնոջ ձայնի վրա դուրս եկավ, աչքի տակով նայեց թամաշայի հավաքված թաղավորին, կնոջը հրամայեց.
-Տուն մտի:
-Չեմ մտնի,- հակառակվեց կինը,- քոռ Լուսիկը վո՞վ էղավ, օր իմ լվացքին անուն դնե… Կըսե՝ «Ժավել չես դրե»… Եդամնաց, սև շորը ժավել կդրվի՞…
-Տուն մտի,-երկրորդեց Բալաբեկը:
-Քու արած լվացքին աշե՜, քեզի աշե՜, մարդիդ ծակ տռուսիկից ամաչէ…
-Տո դու ընչի՞ կաշես էնոր մարդու տռուսիկին, օր ծակը տեսնիս,- գոռաց Բալաբեկն ու բարձրացրած ձեռքն իջավ Վարդանուշի դեմքին:
-Մե՛-ռա՜… ,- ծղրտաց Վարդանուշն ու ներս մտավ:
Նույն օրը, երեկոյան, թաղային Սամսոնը, գիր-դավթարով, մտավ Բալաբեկենց տուն:
-Քաղաքացի Բալաբեկ, կնոջդ ձախ աչքի տակ ինչու՞ է կապտած:
-Ի՛-յա՜,-կեղծ զարմացավ Բալաբեկը,- կապուտն արգելված է՞…
-Կապուտն արգելված չէ, բայց հավաստի տեղեկություններ կան, որ դուք մանվածքային ֆաբրիկայի առաջավոր բանվորուհի Վարդանուշ
Հակոբի Ասատրյանին ծեծել եք:
-Էդ ի՜նչ կխոսի՞,-ձեռքերը գոգնոցով մաքրելով սենյակ մտավ Վարդանուշը,- իմ մարդն ըսկի ընձի վարդով չոռ ըսած չկա, ի՞նչ ծե՜ծ, ի՞նչ
բա՜ն…
-Ընկեր Վարդանուշ, այդ դեպքում՝ բացատրեք, թե ինչու՞ է ձեր ձախ աչքի տակ ուռած ու կապտած:
-Սոթ իմ տվե:
-Բայց երևում է, որ ձեռքի խփած է:
-Ըշտը, օր սոթ տվի, Բալաբեկս ձեռը ձգեց, օր ընձի գրկե, աչքս ձեռին առավ:
-Չհամոզեցիք,-վճռեց Սամսոնը, արձանագրություն կազմեց՝ «Առ այն…» , երկուսին էլ ստորագրել տվեց ու գնաց:
Երկու օր անց դամկոմ Հայկազը Սամսոնի հետ մտավ բակ ու հայտարարեց, որ ընկերական դատ է լինելու՝ առ այն, որ Բալաբեկ Սերոբի Ասատրյանը ծեծել է իր կնոջը՝ Վարդանուշ Հակոբի Ասատրյանին, չնայած, որ՝ նույն ինքը և նույն ինքը դա չեն հաստատում:
Ամեն մեկը մի աթոռ վերցրած նստոտեցին ջրջնած բակում: Բալաբեկին մեջտեղում նստացրին՝ առանձին, Վարդանուշը՝ դամկոմ Հայկազի ու թաղային Սամսոնի մեջտեղում: Հայկազը «Առ այն»-ը կարդաց, դիմեց հավաքվածներին.
— Արտահայտվեք:
Ռևազն ասաց՝ ես հարց ունեմ ու հարցրեց.
-Էդ պատմության ժամանակ, վկա-մկա եղել ա՞:
-Վկա եղել է՞,-հարցրեց դամկոմը Վարդանուշին:
-Չէ, առանց վկա եմ սոթ տվե:
-Չի եղել,- Ռևազին պատասխանեց դամկոմը,-արտահայտվե՛ք:
-Այտա, ես ի՞նչ արտահայտվող եմ, թող Խաչիկն արտահայտվի, նա վարժարան ա ավարտել:
-Խաչիկ, արտահայտվեք:
-Բան մը չէ, ջանըմ, պստիկ միջադեպ մըն էր, լմնցավ, անցավ:
-Թարգմանի,- Բալաբեկին դիմեց դամկոմը, իմանալով, որ Խաչիկի հետ մտերիմներ են:
-Կըսե՝ բանմ էլ չի էղէ, պատահմունք էր, էղավ, անցավ:
-Էդ ո՞նց անցավ, որ աչքի տակը դեռ կապտած է,- վրդովվեց թաղային Սամսոնը:
-Կանցնի, էլի՞,-դժգոհեց Վարդանուշը,- խո մասկովսկի գնացք չէ՞, օր մէ րոպեով գա, կայնի ու էրթա:
-Այլ արտահայտվողներ: Լուսիկ, ասա:
-Ասեմ,-ոտքի ելավ Լուսիկը,-մանրամասը՜ն՝ ասե՛մ: Ըռավոդ ծեգին, դամկոմ ջան, Վարդանուշ քույրիկը լվացք էր փըռըմ: Ասի՝ Վարդանուշ
քույրիկ ջան, քու պես մաքուր լվացք անող աշխարհը ծնել չի, էդ վո՞նց ես անում, որ էդքամ լավ մաքրվում ա, կարող ա՞ ժավելի մեջ ես դնում: Ասաց՝ չէ՜, Լուսիկ քույրիկ ջան, մենակ սիպտակ շորերն եմ ժավելի մեջ դնում: Մին էլ նայեց իմ լվացքին, թե՝ Լուսիկ քույրիկ ջան, ներող կլինես, բայց ոնց-որ Ցոլակ ախպոր տռուսիկը ճղված ա, թե ժամանակ չունես՝ բեր, ես կկարեմ…
-Ի՛-յա՜,- ծառս ելավ Բալաբեկը,-ըդպես է էղէ՞… Տո դու ի՜նչ գործ ունիս
էնոր մարդու տռուսիկը կարելու հետ,- ու բռունցքի հարվածով Վարդանուշին տապալեց աթոռից…
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ