ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Պոեզիան հիշողություն է Տունդարձի մասին»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք բանաստեղծուհի ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր ստեղծագործական ուղին:
— Կռահմամբ ու նախազգացմամբ օժտված մորիցս, երևի թե… Երբ օգոստոս ամիսն էր, երբ հասուն էր արտն ու սկիզբը աշխարհի։
Տունդարձի մասին հիշողությամբ սկսվեց,
քանզի պոեզիան հիշողություն է Տունդարձի մասին։ Երբ ես էլ դիցաբանական Պրոմեթևսի նման առանձնացա Աստվածներից ու ստեղծեցի մարդկային ցեղը Երկրի վրա («Բանաստեղծություն և ճշմարտություն», Գյոթե)։ Երբ ես էլ առանձնության մեջ բազմացրի ինձ տրված շնորհը։
Գրկախառնություն է գրականությունը,
բաց թողնել չեմ պատրաստվում…
— Կպատմե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումների մասին:
— Ամենամեծ ձեռքբերումը ծնունդն է անդրանիկ գրքիս («Իմ վերադարձը ձյունը կկարդա՞»), որով և սկսված է շղթայակցումը օղակին՝ Մեծն Արևմտահայուհու՝ Վեհանոյշ Թեքեանի կողմից գրված առաջաբանով։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
— Ես պարտավոր եմ պահպանել ոչ միայն իմ ազգի ու երկրի, այլև մարդկության մշակույթի ու կենսափորձի ամբողջականությունը։ Տերը լինել առաքելության, իմացության ու դաստիարակության։ Լինել Հավերժական Հայը բանաստեղծության։ Ահա՝ առաքելությունն իմ։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
— Կնոջ դերի մասին բազմիցս է խոսվել։
Պատմությունից մեզ են հասել անուններ Սյունեցի կանանց, որոնք հրաշալի արվեստագետներ, մեկենասներ, շինարարներ, ռազմական գործիչներ, գահակալներ ու հայրենիքին անձնուրաց նվիրված զավակներ են եղել՝ մայր լինելուց բացի։ Առաջնորդությունն ու հավասարությունը կնոջ բնական իրավունքն են։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
— Գուցե թե՝ անցատո՞մս … Պարթենոնը վիթխարի է, Բուրգերը՝վեհ, մենք’ քիչ պեղված։
Մենք այն ենք, ինչը շարունակություն է գտնում մարդկության պատմության մեջ։ Մեր անմահությունը ամենևին էլ պատրանքային չէ։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Պահպանել մարդկանց ու ժողովուրդների ազատությունները։
Հաստատել տիրապետությունը Ժամանակի վրա։ Լինել Վերածնության մեջ…
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
— Զգայուն է գրականությունը կյանքի նկատմամբ՝ որպես պատմականորեն փոփոխական գաղափարագեղարվեստական համակարգ։ Ես նախընտրում եմ ոչ հայելային արտացոլումը բանաստեղծության մեջ, իրականությունը արտացոլել ինքնաբացահայտման միջոցով։
Սիրում եմ դժվարինությունը, ցավի ու բերկրանքի ճոճքը բառում, անուղղակիությունը ասացման…
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
— Կպատասխանեմ Շ. Բոդլերի տողերով՝
Երկրի վրա վայրահաչ երբ նա դառնում է գերի,
Նրան թևերն իր հսկա միշտ խանգարում են քայլել։(Ալբատրոսը)
Ունակությունը երբեմն նույնական չէ արտահայտմանը։ Չունեցած առանձնության, ոգեշնչվածության, ինտուիցիայի ու գիտակցական նախասկիզբների զուգակցման պակասը կարող է խանգարել։
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
— Այսօրն ինձ համար Վիլհելմ Հաուֆի « Կախարդված նավը» հեքիաթն է, Ջեկ Լոնդոնի « Կարմիր աստվածություն» պատմվածքը։
Սպասողական է վերաբերմունքս, ինչ խոսք…
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
— Միմիայն՝ ՀՈԳԵՒՈՐ։
ՄԱԳԱՂԱԹՑԻ