Մեր մեծերը. Պարույր Սևակ
Բոլոր ազգերի կյանքում եղել են ու կան աստեղային պահեր, երբ նրանք Արարչի շռայլ պարգևին են արժանանում: Հայոց կյանքում այդ աստեղային շռայլ պահերի ամենամեծ պարգևներից է Պարույր Սևակի օրհնված ծնունդը, նրա դժվարընթաց ստեղծագործական ու անձնական բուռն կյանքը, որոնք երբևէ չեղան կաղապարված, երբեք չվերջակետվեցին, չբանտվեցին, չխոնարհվեցին ժամանակի, «տերերի» ու բարքերի ստրկացնող հորինյալ օրենքների աշխարհում: Բանաստեղծի համար սրբազնագույն ու կատարյալ օրենքը կյանքում մեկն էր` Սերը… Սերն` առ Հայրենիք, մարդկություն, ծնողներ, սիրած էակ, զավակ… Նրա համար այդ սերն էր կյանքում ամեն ինչի չափման միավորը, գոյության ու ապրելու բանաձևը, Երկիր մոլորակը, Տիեզերքը պահող հզոր առանցքը:
Սպասումի և անհրաժեշտության գերկուտակումից դարը ծնում է իր տաղանդներին, հանճարին.
«Նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե հրաշք չկա, կա միայն կարիք»: Այդ օրինաչափության ծնունդ էր Պարույր Ղազարյանը` բացառիկ ընդունակությունների տեր պատանին, որ դարձավ իր ժողովրդի հույզերի, հիշողությունների, սուրբ հիշատակների թարգմանն ու «Եռաձայն պատարագի» երգեհոնը, իր բառերով ասած` «Աստծո քարտուղարը»: Բանաստեղծը, Սևակի բնութագրմամբ, «ժողովրդի ինքնակամ ծառան» է, «կարեվեր ծնողը»: Այսպիսին է բանաստեղծի բախտը, ի վերուստ տրված ճակատագիրը, նրա հավատո հանգանակը.
Թեկուզև ձեռքդ գրչից էլ զրկեն,
Դու, միևնո՛ւյն է, պիտի՛ որ երգես:
Թո՛ղ չտան ոչ մի լիազորություն,
Դու, մե՛կ է, սուտը պիտի՛ որ հերքես:
Մեզ կույր են կոչում,
Բայց տեսնում ենք այն,
ինչ որ շատերը չե՛ն կարող տեսնել:
Մեզ կաղ են կարծում,
Բայց այնտե՛ղ ես դու,
Ուր նրանք երբեք չեն կարող հասնել…
…Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր:
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,
Ւսկ դու` որ քեզնով երբևէ հարբե՛ն:
Եվ սերունդները հարբած մնացին սևակյան պոեզիայի` հինավուրց ու թունդ գինի հիշեցնող տողերով:
Այսօր, երբ մտավորականի սևակյան տեսակը հույժ անհրաժեշտ էր մեր կողքին, ցավոք, մեզ հետ չէ մարգարե բանաստեղծը և, սակայն, երջանիկ միամտությամբ ուզում ես հավատալ, որ այդ լուսավոր հոգին շատ հեռու չէ, քանզի մեծ հայն ու հայրենասերն ասես մեզ հետ էր, մեր մեջ` պատմական փոթորկոտ բոլոր տարիներին և խաչմերուկներում` թոհի ու բոհի…Մեծ հետ էր, և, այնուամենայնիվ, մեզնից շատ բացակա, քանզի թափուր է նրա տեղն ամենուր` գրական Պառնասում, մտքի և պայքարի մարտադաշտում, ուր նա և՛ արքա, և՛ զինվոր, և՛ զորավար կարող էր լինել և՛ զորավոր…Չկար մի բնագավառ, մի մասնագիտություն, որ չհետաքրքրեր զարմանալիորեն խորահմուտ ու խորագետ բանաստեղծին: Մեր ոսկեղենիկ մայրենին, հայոց բոլոր բարբառները, գրաբար հայերենը, միջին հայերենը, արևմտահայերենն ասես Սևակի երակներում հոսող արյան կանչի հետ էին ծնունդ առել: Ապրելով ստեղծագործական բուռն կյանքով` հասցնում էր նաև զրուցել, վիճել ժամերով ընկերների և այլոց հետ` տարբեր թեմաների շուրջ: Կարճ էր նրա ժամանակը, միշտ քիչ էր թվում այն, կարճ էր և իր կյանքը: Մեծերին յուրահատուկ մի բնազդով զգում էր ասես մոտալուտ օրհասը և գրում. «Այնքան միամիտ եմ, որ թվում է ինձ երբեմն, թե սեփական մահով պիտի մեռնեմ…»:
… Դեպի Չանախչի` Սևակավան, Զանգակատուն տանող բանուկ ու հարթ ճամփեզրի հուշաքարը զսպված հառաչ է ու զսպված ցավ, քարեղեն լաց է ու վերջին ճիչ, վերջին կիսատ մնացած բառ ու բանաստեղծություն…Եթե քարը, ա՛յդ քարը խոսել իմանար, նա անպայման կասեր, որ Սևակն այստեղ չպիտի գտներ իր հանճարեղ էության, մարմնի ողբերգական վախճանը, որ «ինչ-որ բան սխալ է Երկրի առանցքում», որ «ինչ-որ բան սխալ է մինչևիսկ լույսի մեջ», այդ օրվա ու ժամանակի մեջ:
Եթե քարը խոսել իմանար, նա կասեր, անպայմա՛ն կասեր, որ բանաստեղծի բյուրապատում հրաշք հոգին միշտ մեզ հետ է` մեր բարձրիկ երկնքում, մեր անառիկ լեռնածերպերին, մեր երգերում, մեր անցած, ներկա ու եկող բոլոր օրերում:
Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով,
Բայց առավել` իմ արմատով
Եվ իմ բնի վաղեմությամբ.
Ժողովրդիս ծերունական
Խիստ բնական խոհեմությամբ,
Բայց ավելի`
Նոր շիվերի դալարությամբ,
Նրա ջահել որդիներից
հե՛նց լավերի խելառությամբ…
Ես հպարտ եմ` չհասկացվող և չզգացվող
Իմ ինքնությամբ,
Շատ-շատերից չկարդացվող
Բայց և այնպես
Իմ սեփական ձեռագրով,
Այլոց կողմից չարդարացվող`
Բայց և այնպես
իմ սեփական ծրագրով,
Ուրիշների խնջույքի մեջ
Թո՛ղ ոչ մի դեր չխաղացած`
Բայց և այնպես իմ հնձանով.
Թեկուզ խռպոտ ու բաղաձայն`
Բայց ի՛մ ձայնով…
Թո՛ղ որ անզոր,
Սակայն արդար իմ ցասումով,
Թո՛ղ որ իզուր,
Բայց բնական իմ հասումով
Եվ անտարբեր լրջության դեմ`
Թո՛ղ որ գուցե անհետևանք ու ապարդյուն,
Բայց և այնպես իմ տաք վեճով,
Անփառունակ երկարատև կյանքի դիմաց`
Իմ մկրատված կյանքի վերջով…
Կարինե Ավագյան