Հրաչուհի Փալանդուզյան. ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՜ ՄԱՄԻԿ
Պատմվածք
Ամերիկայում հարգված, բարձր համարում ունեցող հայ բժիշկներ շատ կան: Ոմանք իմ լավ ծանոթներն են, նշանավորներից մեկն էլ ամուսնուս քեռորդին է: Անկախ այդ հանգամանքից՝ դուստրերս որոշեցին, որ ախտորոշումս իմանալու համար պետք է գնամ բժիշկ Թայսոնի գիտաբուժարան: Վաղն առավոտյան բոլոր հետազոտությունները պատրաստ կլինեն, ու արդեն կեսօրին ես բժշկին կներկայանամ գանգատներիս ընտրանիով:
Պետք է պատրաստվեմ այդ հանդիպմանը: Նա հավանաբար նախ կհարցնի, թե ինչն է ինձ անհանգստացնում, զգացողություններիս շարքում որոնք են նորություն, ինչից կուզենայի ազատագրվել: Միտքս անվերջ գլորում էր հիվանդությանս նկարագրությունների դրվագները, որոշներն ինձ համոզիչ էին թվում, որոշները՝ թերի կամ բժշկությունից շատ հեռու: Այնպես որ բժշկի աշխատասենյակ մտա ներքին
այնպիսի դատարկությամբ՝ մի պահ թվաց, թե բուն հիվանդությունս հենց դատարկությունն է, որ կա: Բայց նա հետազոտության արդյունքները թեթևակի զննելուց հետո ասաց.
– Ձեր կյանքը լի է տագնապներով, անքնություն ունեք, կյանքից շատ բան չեք ակնկալում, այո՞:
Փառք աստծո, չարորակ նորագոյացություն չէ: Ուրախ-ուրախ շարունակեցի.
– Ահավոր ծարավում եմ, գիշերները ոտքերս ու մկաններս սկսում են ցավել, տարբեր տեղերում հանկարծակի քոր եմ զգում, ճնշումս անընդհատ տատանվում է, գլխիս մեջ՝ ձախ ականջի շրջանում աղմուկ եմ լսում ու մանավանդ՝ կտրուկ նիհարել եմ:
Բժիշկ Թայսոնի դեմքը մռայլած կարեկցանքն ինձ ստիպեց ուշքի գալ, խոսքս ընդհատեցի:
– Ոչինչ չենք կարող անել,– բժշկական եզրակացությանը մոտեցավ նա,– այդ բոլորը շաքարախտի նշաններ են, 17 նիշ, դա շատ բարձր է, պետք է անհապաղ շաքարի տոկոսն իջեցնենք: Ես ձեզ դեղ կնշանակեմ, ահա, խնդրեմ:
– Ինսուլի՞ն,– սրտատրոփ հարցրի ես:
– Ի՜նչ եք ասում,– բժիշկ Թայսոնը վերջապես նկատեց, որ իր հաճախորդուհին ձեռքից գնում է: Իրոք, սիրտս նվաղել էր, զղջացի, որ այդքան պատասխանատու հարցում աններելի թեթևամտություն եմ արել՝ միայնակ եմ բժշկի եկել:
– Հարգելի տիկին, դուք երկրորդ կարգի շաքարախտով եք հիվանդ, դա ժառանգական չէ և ավելի հեշտ է հաղթահարվում, քան առաջին տեսակը: Այլ կերպ ասած՝ ձեր շաքարախտը ոչ թե հիվանդություն է, այլ կենսակերպ: Ընդամենը պետք է ամեն օր դեղ խմեք և սննդակարգ պահպանեք: Մնացած հարցերում ոչ մի սահմանափակում չկա: Ավելին՝ որքան աշխույժ կյանքով ապրեք՝ այնքան երկար կապրեք:
Բժշկին իր բառախաղը շատ դուր եկավ, մի կուշտ ծիծաղեց ու բարեկրթորեն ինձ հրաժեշտ տվեց: Բայց ես ուզում էի իմանալ նաև հիվանդությանս պատճառը՝ ինչի՞ց է առաջացել, ինչի՞ց պետք է զգուշանամ:
– Պատճառները շատ-շատ են, այդ մասին խոսելն արդեն իմաստ չունի: Ձեր ենթաստամոքսային գեղձը հիվանդ է, նրա ֆունկցիան վերականգնելն անհնար է: Միգուցե 20-30 տարի անց դարմանը գտնեն, առայժմ դա երազ է, բժշկագիտության հնարավորությունները մեր դարում շատ սուղ են:
Մոռանալով, որ այդ բացատրությունը տալիս է ոտքի վրա՝ հրաժեշտի պահին, նա հանկարծ հարցրեց.
– Ձեր աշխատանքի բնույթը մեծ հուզումների, սարսափելի իրադարձությունների հետ առնչություն ունի՞, ընդհանրապես հաճա՞խ եք մղձավանջային երազներ տեսնում:
Եթե ես իմ աշխատանքի բնույթի մասին սկսեի խոսել՝ այդ օրը տուն չէի հասնի: Օրինակ՝ գրեթե կասկած չունեի, որ ծարավն ինձ տանջում է հատկապես այն օրերին, երբ վերծանում եմ Տերզորում ջրի բացակայությունից ու մանավանդ դրա արգելքից տոչորված հայ երեխաների ձայնագրությունները: Իհարկե, նրանք արդեն չափահաս մարդիկ են, ապրում են ազատ ու առատ երկրում, բայց պատմում են, որ ծարավի մշտական զգացողությունն ուրվականի նման իրենց հետապնդում է: Կամ համոզված էի, որ ոտքերիս ցավը հիշատակ է մնացել տատիս պատմածից, թե ինչպես է գիշեր ու զօր քայլել գաղթի ճամփաներով: Նա հաճախ էր ցույց տալիս ձախ ոտքի կոճին մնացած սպիները, որոնք ասես շարունակում էին ցավից մռնչալ:
Բժիշկ Թայսոնի բարեհաճ դեմքին նայելեով՝ Ճիգ արեցի շատ կարճ՝ մի քանի բառով նրա հարցին պատասխանել, բայց զգացի, որ դա էլ չեմ կարողանա, ուստի միայն ժպտացի.
– Ոչ, ես պատմաբան եմ, մարդկության անցած ուղին եմ ուսումնասիրում:
– Դա էլ է բավական, հարգելի տիկին,– փիլիսոփայեց բժիշկս,– մեր պատմության մեջ այնքան ահավոր դեպքեր ու դեմքեր կան՝ շաքարախտ չէ՝ հոգեկան շեղում էլ կարելի է վաստակել: Խորհուրդս ձեզ՝ այդ պատմությունից ուսումնասիրեք միայն ուրախ դեպքերը, դրանք կազդուրելու մեծ հատկություն ունեն: Մոռացեք տհաճությունները, ստորությունները, խարդավանքները, արյունն ու պատերազմները: Հավատացեք՝ մարդիկ իրենց կյանքի ընթացքում նաև պիտանի գործեր են արել, ինչ արժե հենց թեկուզ Գերշվինի երաժշտությունը կամ Արշիլ Գորկու նկարչությունը: Գորկին ձեր ազգակիցն է, ճի՞շտ է, ուրեմն հենց նրան էլ ապավինեք:
Միայն Գորկու անունը լսելն ինձ համար սրտի ծակոց էր… Խեղճ Ոստանիկ, նրա ամբողջ կերպարվեստը հայկական ցավ ու մրմուռ է, միայն մոր աչքերն են, որ լույսի նշույլներ են առկայծում: Քննադատները կարող են իրենց կարծիքն ունենալ, անձամբ ես մտածում եմ, որ հայ նկարչի այդ ամբողջ վերացականությունը ցավն ինչ-որ կերպ խլացնելու մղում է: Յուրաքանչյուր հայ հայրենազրկության բեռը քարշ տալու իր միջոցն է գտել, Ոստանիկն էլ այն փորձել է խուզարկու աչքերից թաքցնել կերպարանափոխելով, եթե չասենք՝ աղավաղելով:
Ես բժիշկ Թայսոնին շնորհակալություն հայտնեցի թե դեղատոմսի, թե արժեքավոր խորհուրդների համար ու մոլորուն քայլերով միջանցք ելա: Անկեղծորեն ասած՝ ամենամեծ կասկածս պարբերական հիվանդությունն էր, չէ՞ որ մեր ժողովրդին հենց այդ ախտն է բնորոշ: Ասում են, որ մեր պատմության, մեր գենի խոտորումներն են դրա պատճառը: Բայց որ շաքարախտն էլ կարող էր հայերին ճարակող հիվանդությունների շարքում հայտնվել՝ երբեք մտքովս չէր անցել:
Ինչորէ, մահը դեռ հեռու է, դեռ արժե ապրել: Հիմա հարկավոր է մտածել, թե ընտանիքիս այս մասին ինչպես եմ հայտնելու. իհարկե՝ կատակով, ինքս ինձ ծաղրելով, հանգստություն, դեռ մի քիչ էլ թեթևամտություն խաղալով:
Բայց Մերին ինձ կթողնի՞ հանգիստ ապրել՝ արդեն բակում էր, անհամբերությունից մեքենայի բանալին մատների վրա աճպարարի նման պտտեցնում էր: Որքան էլ դստրիկս թռվռան ու կատակասեր է՝ գլխավոր հարցը տալու ուժ չունեցավ: Ես պարտավոր էի նրան կանխել, րոպե առաջ ուրախացնել: Հեռվից կանչեցի.
– Ոչինչ էլ չկա, երկրորդ տեսակի թեթև շաքարախտ է, պետք է սննդակարգ պահպանեմ:
– Ի՜նչ,– ահաբեկվեց քնքշասիրտ աղջիկս,– և դու ուրախանո՞ւմ ես:
Ես նրան գրկեցի, սկսեցի սփոփել, լավատեսություն ներշնչել: Մեքենան վարելիս նրա ձեռքերը դողում էին:
– Մամա, դու պետք է քո այդ ֆիլմից հրաժարվես: Պատմությունդ քիչ էր, հիմա էլ դա պիտի շաքարդ տիեզերք հանի:
Դատարկության այն զգացումը, որ բժշկի աշխատասենյակում ինձ նվաճել էր, հանկարծակի ցնդեց: Կարելի է ասել՝ ծանր վայրէջքով զարնվեցի գետնին: Այո, ֆրանս-ամերիկյան ֆիլմն ինձ է սպասում, որպեսզի դառնա Հայ դատի կարևորագույն կռվաններից մեկը: Ինձ հրավիրել են որպես խորհրդատուի ու թեև այլ պարագաներում դա բավականին մակերեսային աշխատանք է լինում, ցեղասպանությունից փրկվածների մասին պատմող ֆիլմում շատ կարևոր դերակատարում է: Ինձ խնդրել են ոչ միայն խորհուրդներ տալ, այլև վերապրածների հետ հարցազրույցներ վարել: Ֆիլմի մոտ 60 տոկոսն արդեն նկարահանված է, տեսագրվել են բավականին շատ փրկված տատիկներ ու պապիկներ, մնում է ստեղծագործական խմբի հետ գնալ նաև եվրոպական մի քանի երկրներ ու վերադառնալով Նյու Յորք՝ անցնել մոնտաժի փուլին: Ես հրաժարվելու իրավունք չունեմ: Ոչ թե նրա համար, որ ինձ վճարել են ու դա պայմանագրի խախտում կլինի (բոլորս անվճար ենք աշխատում), այլ որովհետև խմբում շատերը երիտասարդ են ու չեն կողմնորոշվի, թե փրկվածների հայտնած փաստերից որոնք են առավել ազդու, առավել արժանահավատ, որոնք պետք չէ բարձրաձանել՝ խնայելու համար վերապրողների արժանապատվությունը:
– Լսեցի՞ր, մամա, դու կենսակերպդ պետք է փոխես:
– Լսեցի, աղջիկս, կփոխեմ:
– Խոստանո՞ւմ ես:
– Ոչ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև սուտ խոսելու սովորություն չունեմ:
Դա ավելի լուրջ խոսակցության նախերգանքն էր: Երբ երեկոյան աշխատանքից վերադարձան նաև ամուսինս ու ավագ դուստրս՝ ծայր առավ հույժ բժշկագիտական երկարատև մի բանավեճ:
Ես հարազատներիս ձայները լսում էի մշուշի խորքերից: Առհասարակ գիտակցական ամբողջ կյանքս անցել է այդ մշուշի մեջ. ես ձայնագրում, ապա վերծանում էի ցեղասպանությունից փրկվածների պատմությունները, ապրում դրանց սարսափների մեջ, իսկ ընտանիքիս բաժին էի հանում ժամանակիս ու սրտիս մնացածը՝ դրականը: Որքան սահմռկեցուցիչ դեպքեր, որքան խոշտանգված կենսագրություններ եմ թղթին ու տեսախցիկին հանձնել:
Ուզում եմ հիշել, թե հատկապես որոնք են հոգեկան տվայտանքներիս պատճառը դարձել, այսինքն մարմնիս մեջ վերածվել կործանարար շաքարի: Օ՜հ, շատ են, հարյուրներ, հազարներ… Ինձ վրա ազդում էին մանավանդ փոքրիկ աղջիկներին վիճակված դաժանությունները: Առաջին անգամ երազիս մեջ ճչացի այնթապցի մի աղջնակի պատմությունը լսելուց հետո: Նյու Յորքի համալսարանում ուսանելու երրորդ տարին էր՝ ձայնագրում էի 86-ամյա տատիկի: Արտաքուստ տարիքից երիտասարդ էր թվում, դեմքը՝ կնճիռներից զերծ, մազերը՝ ալեխառն, աչքերը՝ պայծառ ու հավատավոր: Ընտանիքից միակ փրկվածն էր, կյանքի համար պարտական էր մի ծեր քրդուհու, ով նրան գտել էր Եփրատի ափամերձ թփուտներում ընկած, տուն էր տարել, խնամել ու մեկ ոսկով վաճառել մի հայի: Հետո հայի ճակատագիր՝ որբանոց, ԱՆՉԱ, նավարկություն դեպի Ամերիկա, որբախնամ հաստատություն: Այնպես է պատահել, որ ամուսնացել է իր նման փրկված երիտասարդի հետ, զավակներ են ունեցել, նրանց համար բարեկեցիկ պայմաններ ստեղծել:
Ամուսնուն հավասար աշխատել է, երբեք չի տրտնջացել, իր հոգսերն ուրիշների վզին չի փաթաթել: Բոլոր հարվածները տարել է տոկունորեն, իսկ ուրախությունները բուռ-բուռ բախշել է ընտանիքին ու շրջապատին: Կինը պատմում էր դանդաղ, ասես գեղարվեստական գիրք էր վերաշարադրում կամ ուրիշի կյանքը նկարագրում: Ու հանկարծ սկսեց հեկեկալ: Դա նրան նման չէր, անգամ ամենասոսկալի դրվագները հիշելիս մտքի արթնությունը պահպանում էր: Հեկեկաց աղեխարշ արցունքներով, ձեռքերով կուրծքն ամուր գրկած: Ես նկարահանող խմբին խնդրեցի մեզ մենակ թողնել: Խոստովանություն էի լսելու՝ արդեն զգում էի: Ու խոստովանեց իր կյանքի ամենազարհուրելի եղելությունը, թե Եփրատի ափին թուրք ասկյարն ինչ անգթությամբ է իրեն պատվից զրկել: 11-ամյա աղջնակը կյանքին վերջ տալու համար նետվել է գետը: Ինչ պատահականությամբ է կենդանի մնացել ու հայտնվել քրդուհու տանը՝ ոչ մի կերպ չէր հիշում:
Այդ օրվանից նա ընկել է հոգեկան ահավոր ապրումների մեջ: Աշխարհում ոչ մեկին իր հետ կատարվածը չի խոստովանել, ամուսնուց ևս գաղտնի է պահել՝ մտածելով, թե իրենից կխորշի կամ ով իմանա՝ գուցե նաև լքի: 75 տարվա մեջ դա նրա անկեղծության առաջին պահն էր: 75 տարի գիշերները վախից լույսը չի հանգցրել, վախեցել է անգամ միայնակ լոգարան մտնելուց, փողոցում առանց ուղեկցի հայտնվելուց: Իսկ թե ինչու հանկարծ որոշեց նկարահանման տաղավարում իր դժբախտությունը խոստովանել՝ մնաց գաղտնիք թե ինձ, թե իր համար:
Բայց դա դեռ ամենահուզիչը չէր. կինը մեկ էլ սկսեց աղաչել, որ ես իմ հիշողությունից այդ դրվագը ջնջեմ, ոչ մի տեղ չգրանցեմ, ոչ մեկին չպատմեմ: Ես նրան խոստացա: Ու հենց այդ պատճառով էլ նրա գաղտնիքն իմ սրտում ամուր– ամուր փակեցի: Կողպեցի: Բայց այդ տեսարանը գիշերներն սկսեց երազումս վերարտադրվել: Այն սարսափը, որ նա 75 տարի իր մեջ կրել էր՝ փոխանցվեց ինձ:
Ես հազարավոր նման պատմություններ եմ գրի առել, բայց քանի որ ինձ չեն խնդրել խմբագրել՝ կարողացել եմ հիշողությանս մեջ դրանք ճիշտ տեղադրել, այսինքն այնպես, որ ինձ չփոխանցվեն, իմը չդառնան, իսկ սա բացառություն էր, դրանով էլ դարձավ անբուժելի հիշողություն:
Եվ խնդրեմ՝ այս շաքարը: Թուրք, եթե դու այդքան բիրտ ու արյունախում չլինեիր՝ մենք այսքան քաղցր չէինք լինի: Ահաև միակ եզրահանգումս: Մինչդեռ իմ ընտանիքի անդամներին եզրահանգումներ չեն պետք, այլ ֆիլմի աշխատանքներից հրաժարվելու վճռականություն: Մերին կարողացել էր հորն ու քրոջը համոզել, ու նրանք եռյակով գրոհի էին անցել՝ ինձ համոզում էին ավելի թեթև գործերով զբաղվել: Նրանց կարծիքով ամենաճիշտն էլ այն կլինի, եթե ես օգտվեմ վաստակած հանգստի անցնելու իմ իրավունքից:
Իրավունք: Այս երկրում ինչ շատ են խոսում իրավունքների մասին: Իսկ պարտականությունները, հատկապես հոգուն վերաբերողները, հմտորեն շրջանցվում են:
Ըտանեկան քննարկումները զուգադիպեցին մի իրադարձության, որն ինձ հունից հանեց, իսկ շաքարս մի լավ խտացրեց. զանգահարեց ֆիլմի մեկենասն ու հայտնեց, որ աշխատանքներն անորոշ ժամանակով ընդհատվում են: Պատճառաբանեց նյութական դժվարություններով, ինչն ինձ չհամոզեց, նույնիսկ շատ կասկածելի թվաց: Առաջարկեցի իմ ծառայությունները՝ ես կդիմեմ հայ միլիարդատերերին, ծանոթ արվեստագետներին, պատկան կազմակերպություններին… Մենք ազգովին պարտավոր ենք ցեղասպան Թուրքիայի ախորժակը փակել և մեր Դատին տեր կանգնել:
Իհարկե, ասաց նա, բայց՝ որոշ ժամանակ անց:
Ազնիվ խոսք, այդ խոսակցությունից հետո ինչպես կինոպաստառին՝ տեսա, թե արյունը երակներիս մեջ ինչպես է շաքարակալում ու անշարժանում:
– Մելինե,– խնդրեց հեռախոսային խոսակցությանը ներկա ամուսինս,– վերջապես կանգ առ: Որպես հայուհի, որպես գիտնական դու քո պարտքը կատարել ես: Հիմա թող երիտասարդները շարունակեն, դու նաև նրանց համար ես հսկայական նյութ հայթայթել: Թող օգտագործեն, ապացուցեն, որ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանություն է իրագործվել, թող այդ ուրացողին պահանջներ ներկայացնեն, միջազգային ճնշում պարտադրեն: 15 միլիոն հայություն ենք, դրամական ու մարդկային վիթխարի միջոցներ ունենք, դարասկզբի ցնցոտիավոր որբուկը չենք, դու հանգիստ եղիր:
– Ճիշտ է, մամա,– իրենց սենյակներից ժամանեցին դուստրերս:– Մենք խոստանում ենք քեզ համար հաճելի ժամանց ապահովել: Օրինակ՝ ճամփորդություն Հունաստան կամ Ճապոնիա:
Սա արդեն նորություն է: Ընտանիքս միշտ հպարտացել է իմ գործունեությամբ, տպագրածս աշխատություններով, գիտաժողովներում կարդացածս զեկույցներով, թուրքերի հետ բանավեճերում իմ տարած հաղթանակներով, բայց մի հիմար շաքարի պատճառով ինձ արդեն պահոցի ուղեգիր է առաջարկում:
– Ի՜նչ պահոց, մեր ժրաջան մայրիկ,– միաձայն բացականչեցին իմ սևուկ ու շեկլիկ դուստրերը,– քեզ դրախտի դարպասներն են սպասում, մենք էլ՝ աջում ու ձախում հսկող հրեշտակներ:
Վերջապես ես հասկացա, թե իմ հարազատ հարկի տակ ինչ է կատարվում: Այդ նրանք են ֆիլմի մեկենասին համոզել, որ ինձ աշխատանքից հեռու պահի: Թե չէ ինչո՞ւ են ձեռուոտ ընկել, կարծես արդեն վիրահատական սեղանին եմ կամ էլ դիահերձարանի ճանապարհին:
Երեքով ինձ էին նայում սպասումով լի աչքերով, այսինքն որքան նկատեցի՝ ոչ էլ սպասում էին, նրանք վստահ էին, որ իրենց դավադրությունը հիանալի պտուղներ է տվել՝ ինձ զինաթափ են արել, ենթարկել իրենց սիրո, ուշադրության ուժին: Ամուսինս իր կարծիքով ամենահամոզիչ փաստարկը բերեց.
– Մելինե, տիկինս, քանի-քանի տասնամյակ դու քեզ դատապարտել ես կամավոր ստրկության: Մի բառով կամքիդ դեմ գնացե՞լ եմ, քեզ խանգարե՞լ եմ, արածդ թերագնահատե՞լ եմ, միշտ քեզ թև ու թիկունք չե՞մ եղել: Ուրեմն ինչո՞ւ ես այս դժվար պահին այդպես համառում ու մեզ մտահոգություն պատճառում: Մենք քո հարազատները չե՞նք, մենք կարեկցության արժանի չե՞նք:
– Դժվարությունը ո՞րն է, կասե՞ք:
– Դարիս ամենանենգ ախտը, մամա:
Մերին գրեթե ճչաց, բայց դրանով չբավարարվեց՝ իր ենթադրությունն առարկայացրեց.
– Փառք Աստծո, առայժմ քեզ լավ ես զգում, բայց եթե նույն ձևով շարունակես՝ առողջությունդ հիմնահատակ կավերես:
– Կավերես, Մերին ճիշտ է ասում,– քրոջը գրկեց Ալվարդը:– Իսկ եթե հանգիստ կյանքով ապրես՝ կապրես երկար ու երջանիկ:
– Գիտեմ, պարոն Թայսոնն ասել է:
– Պարոն Թայսոնը Նյու Յորքի լավագույն բուժագետն է,– ի գիտություն հայտարարեց ամուսինս: Նա ինձ համոզել-դաստիարակելու նուրբ գործը հանձնարարել է մեր դուստրերին ու երևում է՝ չի սխալվել:
Ես նրանց հետ չեմ էլ ուզում վիճել: Կարող էի, չէ՞, ասել, որ պարոն Թայսոնը մեծ բժիշկ է, բայց հայկական ողբերգության ամենափոքրիկ հարվածն անգամ իր մաշկին չի զգացել, ուստի ի զորու չէ մեզ հասկանալ: Կամ ասել, որ ցեղասպանության միլիոնավոր զոհերի տառապանքների համեմատ իմ շաքարախտն իսկական խաղուպար է: Չասացի, որովհետև գիտեի, որ այդ տարրական ճշմարտություններն իրենք ինձնից պակաս չգիտեն: Ես միայն համակերպված ժպտացի: Որ գործս շարունակելու եմ՝ որևէ տարակույս չկա, պարզապես այսուհետ դա անելու եմ դիվանագիտորեն, ցույց տալով, թե ավելի շատ հետևում եմ սննդակարգիս ու հոգեկան անդորրիս: Մինչև հիմա այդ կետերում վրիպել եմ, եղել եմ ներշնչվող, հախուռն, բացախոս: Հարկավոր է մեր մամիկներից զսպվածության մեծ դասը փոխ առնել: Հենց այն մամիկից, ով ճիշտ է՝ իր գաղտնիքով շաքարիս պատճառը դարձավ, բայցև սովորեցրեց նվիրումի անձնուրացությունը: Նրանից միայն վախը չեմ ժառանգել, նախևառաջ տոկալու կամքն եմ բաժինք ստացել:
– Ուրեմն որոշված է,– առողջությանս նվիրված ընտանեկան ժողովն ամփոփեց Մերին,– մաման պետք է գործի բնույթը փոխի:
– Մաման պետք է իր կյանքի բնույթը փոխի,– ճշտեց Ալվարդը:– Եթե ոչ՝ բոլորս բժիշկ Թայսոնի հաճախորդները կդառնանք:
Ամուսինս զննող հայացքով նայեց դեմքիս տարածված, իրեն լավ ծանոթ ժպիտին ու հուսահատ հայտարարեց.
– Ձեր մաման, դստրիկներս, գործի բնույթն էլ կփոխի, կյանքի բնույթն էլ, նույնիսկ սախարոզան ֆրուկտոզա կդարձնի, բայց իր բնույթի բնույթը երբեք չի փոխի: Ճիշտ չե՞մ, սիրելի տիկինս: Իմ սիրելի մամիկ…
– Մեր սիրելի՜ մամիկ,– խմբերգեցին դուստրերս:
Այդքանից հետո ինձ մնում էր հեռախոսը վերցնել ու ֆիլմի մեկենասին զանգել: Ընդամենը պետք է ասեի, որ ես ամեն ինչից տեղյակ եմ, ու միացյալ դավադրությունը մերկացված է:
ՀՓ, 2013թ.