Հրաչուհի Փալանդուզյան. ԱՊՐՈՒՄ ԵՆ ՃԵՐՄԱԿ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ
Դեռ կանգառիցից նկատեցի, որ թիվ 51 շենքի ուղիղ կեսը հոսանքազրկված է, հենց մեր բնակարանի հատվածը: Մյուս կեսը, որտեղ ուսանող եղբայրների հետ Վարսերն է վարձով ապրում, վառ լուսավորված է: Դե, նա տեղովը լույս է, շուրջը խավար էլ լինի՝ շողարձակում է: Ես դա հասկացա նրան տեսնելուս առաջին վայրկյանին ու մինչև հիմա ապրում, շնչում ու երազում եմ այդ նախնական զգացողությամբ: Հոգեբանները անունը դրել են սեր առաջին հայացքից, չեմ վիճում, այդպես էլ կա:
Անցած տարվա սեպտեմբերի 1-ին ենք ծանոթացել, նույն օրը, երբ նա ու եղբայրները իրենց գյուղական իրերն էին երրորդ հարկ հանում: Օգնեցի, իմացա, թե որտեղից են ժամանել, ով որտեղ է սովորում: Վերջին կապոցը տեղ հասցնելուց հետո տղաները հրավիրեցին միասին սուրճ խմել: Սուրճի սիրահար չեմ, բայց միանգամից համաձայնեցի:
Վարսերը դեսուդեն ընկած իրերն էր քրքրում, սպասք էր հանում, երբ մի քանի րոպե անց մատուցարանի վրայից իմ գավաթը վերցնում էի՝
աչքս ընկավ նրա ուսերին ցրիվ եկած փայլուն վարսերին, հետո շագանակագույն խոշոր աչքերին, որոնք զվարթորեն առկայծում էին: Եղբայրների հետ խոսքուզրույցին նա չմասնակցեց, երևում էր՝ ուսանող տեղով լավ տանտիրուհի էր, շտապում էր նոր բնակարանում կարգուկանոն հաստատել: Այդ օրը նա ինձ չնկատեց ու մինչև հիմա չի նկատում, տեսնելիս՝ բարև, լավ եմ, հաջող հանձնեցի, վաղը մյուս քննությունն է:
Անտանելի էր, եղբայրներից Աշոտն իմ զուգահեռ կուրսում էր սովորում, հարկավոր էր հետը մտերմանալ, ստացվեց, սկսեցի շաբաթը գոնե մի անգամ երրորդ հարկում Վարսերի եփած սուրճը կամ թեյը վայելել, թեև ճիշտն ասեմ, ոչ համ էի զգում, ոչ բույր: Նա իր պատմության ֆակուլտետի անցուդարձից էր պատմում, ես իմ տնտեսագիտւթյունն էի գովաբանում: Երբեմն բնակարանում մենակ էր լինում, զրուցում էինք արդեն նաև արվեստից ու կյանքից:
Կասեք սիրահարի աչքին իր ընտրյալը մի բացառիկ արարած է, հուրի փերի, աստվածուհի, բայց Վարսերն իրոք այլ տեսակի աղջիկ էր, դատողություններն այնքան ինքնատիպ, որ երկար ժամանակ մտածում էի, թե իր դասախսներից մեկին է կրկնում: Աստիճանաբար հասկացա, որ կարդացած բազմահարյուր գրքերի, լսած երգերի, դիտած ցուցահանդեսների տպավորությունն է փոքրիկ գլխի մեջ կոփում-հղկում: Արդեն խոսում էինք ամեն ինչի մասին՝ բացի սիրուց, դա նրա արհամարհած թեման էր կամ էլ վախենում էր սրտի գաղտնիքները լույս աշխարհ հանել: Ի՞նչ կա այդ փակ սրտում, ոչ մի կերպ գլխի չեմ ընկնում: Մորս ասելով «երրորդ հարկի» գեղեցկուհին ամեն տուն որպես հարս կարող է զարդարել: Ասում է ու աչքի տակով ինձ տնտղում: Մամ ջան, ճիշտ ես տնտղում, բայց նա անհաղորդ է իմ ապրումներին, նա ուրիշ տեղ է թևածում:
…Տխուր է հոսանքազուրկ բնակարան գնալը, երրորդ հարկի դուռը բախել չեմ համարձակվի, սկսեցի մութուխավար աստիճաններով դանդաղ բարձրանալ: Իրենց հարթակում կանացի մեղմ երգաձայն լսեցի: Նայեցի՝ դուռը փակ չէր, մի մատնաչափ պակասում էր: Ձայնը հնչում էր մեղմիկ ելևէջներով, նուրբ ու անուշ մի տաքություն ընկավ ուղիղ հոգուս մեջ: Դռան առաջ սրտատրոփ մեխվեցի: Վարսերն էր երգում, ուրիշ ո՞վ, տղաները հավանաբար տանը չէին: Այ քեզ գյուտ, որ նա հիանալի ճաշեր է եփում, մեր ազգի պատմությունը ճարտար վերլուծում է, արդի բանաստեղծների գրածները խելոք-խելոք փետրահան է անում, գիտեի, բայց որ այսքան գեղեցիկ ձայն ունի ու անթերի լսողություն, նորություն էր, այն էլ ինչ նորություն, ասես ճախրել սկսեցի Եդեմի երկնքում: Ապուշացած, որին կարելի է տալ նաև հիացած որակումը, գամվել էի երրորդ հարկի հարթակին ու լսո՜ւմ էի: Հայկական ժողովրդական երգեր, կտորներ իտալական օպերաներից, Ասում են ուռին, Հոյ Նազան, աղջի Մարան, մեկ-մեկ էլ այդ երգեցողությունն ընդհատվում էր անծանոթ, անչափ քնքուշ մեղեդիներով: Մի իսկական Գոհար Գասպարյան՝ իր մատղաշ օրերում:
Ներսում հեռախոսը զանգեց, ափսոս, հեքիաթն ընդհատվեց: Լսեցի, թե Վարսերը ծանոթ հողաթափերը քստքստացվելով ինչպես միջանցք եկավ: Ցնցվեցի, մեկ էլ տեսար դուռը փակելիս ինձ նկատեց, գողի նման կբռնվեմ, կխայտառակվեմ: Ոչ, նա լսափողը վերցրեց, ես էլի տեղս առաջվա նման մեխվեցի: Ականջիս միայն նրա ձայնն էր լսվում, ճիշտ եմ ասում, երգից պակաս չէր այդ ձայնը խոխոջում: Նրա բառերը մեկիկ-մեկիկ գրանցվեցին հիշողությանս ծալքերում, դրանք մի նոր Վարսեր երկնեցին, այնքան հեռու, այնքան տենչալի: Ահա.
-Բարի երեկո, շնորհակալություն, լավ եմ… Ոչ, ես արդեն ասել եմ, որ չեմ գալու: Համոզել պետք չէ, ես ձեզ ամեն ինչ բացատրել եմ, նոր ասելիք չունեմ:
Գլխի ընկա, որ երկրպագուի հետ է խոսում, ում արդեն մերժել է: Ականջս մոտեցրի դռան ճեղքին: Ընդհատումներով է խոսում, կարծես թե մյուս կողմի ասածները կռահում եմ:
-Դա ի՛նչ նշանակություն ունի, ցանկացած պահի կարող եմ ընկեր ունենալ, փեսացու, պարզապես առայժմ դա իմ հետաքրքրություններից դուրս է: Դուք ի՞նչ եք կարծում, եթե ես իմանայի, որ Կարինեի ամբողջ ընտանիքը, դուք, ձեր մայրիկը խոհանոցում թաքնված մեզ հետևում եք՝ ես մեր աղջկական սեղանին թամադայությո՞ւն կանեի, կերգեի՞, կպարեի՞: Կամ սրճարանում եթե իմանայի կողքի սեղանի շուրջն ովքեր են նստած, կամ համերգի ժամանակ… Ներեցեք, Տիգրան, երկու շաբաթում սեր չի լինում: Գիտե՞ք, եթե ես նույնիսկ որևէ մեկին խելակորույս սիրահարվեմ՝ Հայաստանից երբեք չեմ հեռանա: Օ՜… մի ծիծաղեցրեք, Լոսում ձեր բիզնեսը պիտի թողնեք գա՞ք: Չէ, սա արդեն լուրջ է և ես ամենայն լրջությամբ ասում եմ՝ ձեր երջանկությունն այլ տեղ փնտրեք, Կարինեն շատ մեծ շրջապատ ունի, թող ձեզ ուրիշ աղջիկների հետ ծանոթացնի: Տիգրան, դուք շատ գեղեցիկ երիտասարդ եք, շատ հետաքրքիր, շատ տաղանդավոր, ձեզ մի շքեղ գեղեցկուհի կվայելի, իսկ ես մի հասարակ աղջիկ եմ, հետո… գիտե՞ք ինչքան թերություններ ունեմ, կամակոր եմ, նույնիսկ մի հասարակ ձվածեղ անել չգիտեմ: Ճի՞շտ եք ասում, մի ամբողջ պալատ աղախիններո՞վ: Ի սեր Աստծո, ինձ աղախիններ պետք չեն, ես ոչ մի ձայն էլ չունեմ, ես չեմ ուզում Մետրոպոլիտենում երգել, ես ուզում եմ ապրել իմ հասարակ կյանքով իմ աղքատ Հայաստանում… Չէ, դա արդեն… Տիգրան, դա արդեն… Ահա, դուք կգնաք մեր տուն իմ ձեռքը խնդրելու, դպրոցի տնօրեն հայրիկս էլ ինձ կկանչի ու կհարցնի՝ աղջիկս, դու համաձա՞յն ես այս երիտասարդի հետ ամուսնանալ: Ես ոչ մի բառ չեմ ասի, աչքերս կհառեմ առաստաղին, ինչից հետո իր կամակորիկին ո՜ւղնուծուծով ճանաչող հայրիկս մայրիկիդ կասի՝ ներեցեք, մեծարգո տիկին, իմ դստրիկը համաձայն չէ: Ու դուք ստիպված կլինեք մեր գյուղից թռչել ուղիղ Լոս: Մի ծիծաղեք, ես հումորային պատմություն չեմ անում… անկեղծ սրտով ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում, մեծ երջանկություն եմ մաղթում և գեղեցկագույն սեր: Ոչ, մոռացեք այս համարը և իմ անունը: Ներեցեք, անջատում եմ:
Պարզ լսվեց, որ Վարսերն ընկալուչը թափով դրեց տեղը ու որքան էլ տարօրինակ է՝ սենյակ չմտավ, երևի կանգնեց միջանցքի հայելու առաջ ու դիմեց հենց իրեն.
-Պատկերացնո՞ւմ ես, Վարսեր աղջիկ, դու չամուսնանաս, բայց մեկը քեզ մի ամբողջ պալատ նվիրի՝ այդքան աղախիններով հանդերձ: Օ՜, երանություն:
Լռեց, երևի մտածում էր, մեկ էլ լսվեց.
-Ա՜հ, շատ պետքս է, ավելի լավ է գնամ լվացքս վերջացնեմ:
Այդ պահին հեռախոսն էլի զանգեց.
-Վերցնե՞լ, թե չվերցնել, ահա քեզ մի ճակատագրական հարց:
Չարաճճի աղջկա դեր էր խաղում, ծիծաղս եկավ, բարեբախտաբար, մտքումս:
«Ալո» ասելուց հասկացա, որ հիմա ջղայնացած կարճ ճառ կասի, բայց շտապել էի, վերոհիշյալ Տիգրանը չէր, այլ համակուրսեցի մտերիմ ընկերուհին:
-Չեմ գալու, ժամանակ չունեմ, հատակը լվացել եմ, մաստիկա եմ քսել, փայլեցրել, գաթա եմ թխել, դեռ պիտի ճաշ եփեմ, եղբայրներս շուտով կգան: Ոչ վաղը, ոչ մյուս օրը: Ան, այսինքն դու է՞լ ես ուզում, որ ես Լոս հարս գնամ: Իրո՞ք, բոլորդ ինձնից ձանձրացե՞լ եք… քեզնից չէի սպասում: Վերջին ընկերուհուս բարի գիշեր եմ մաղթում:
Շրա՛խկ, ընկալուչն ավելի զայրալի ձայնով տեղն ընկավ: Նույն ակնթարթին շենքի միջանցքում լույսը վառվեց, կայծակնահարի նման վեր թռա, մինչ ոտքերս տեղից կպոկեի, որ ծլկեմ՝ Վարսերը դուռը բացեց ու սարսափահար ճչաց.
-Դո՞ւ… հո դու գիժ չես, չգիտե՞ս ինչքան վախկոտ եմ… Ախ, մամա ջան…
Նա սիրտը բռնեց, գունատվել էր, դողում էր:
— Լավ, ներս արի… Դավաճանի մեկը, լրտես…
Առաջին անգամ էի նրանից իմ հասցեին այդպիսի քնքուշ բառեր լսում, հուզված մտա սենյակ:
— Երևի Աշոտն է դուռը կիսաբաց թողել,-արդարացավ նա, կարծես մեծ հանցանք գործած լիներ:
Մխիթարեցի.
-Ախր մեր կողմում էլ լույս չկար, ոչ մեկը միջանցքում չերևաց, որ համերգս խանգարեր:
-Հըմմ, միջանցքում լույսը վառվելուց հետո նկատեցի, որ դուռը փակ չէ:
Իրեն ծաղրելով, ծիծաղելով գնաց խոհանոց, երկու րոպեի չափ հապաղեց, արդեն հիշատակված գաթան ու երկու գավաթ թեյը մատուցարանին դրած բերեց: Մինչ դրանք սեղանին դասավորում էր՝ գաղտուկ իրեն նայեցի, կոհակաձև երկար մազերը կիսաթաց էին, ուրեմն բաղնիքում էր երգելիս եղել, դեմքը շիկնած էր, հագի ոսկեգույն զգեստը իջնում էր ծնկներից ներքև ու Կոկո Շանելի վարպետներից ավելի հմտորեն գծագրում իրանի անթերի նրբությունը: Դիմացս նստեց, գավաթն առավ ափերի մեջ, ասաց.
-Փաստորեն բոլոր գաղտնիքներս մի զարկով իմացար:
-Քե՛զ իմացա, չէի պատկերացնում, որ այդքան գեղեցիկ ես երգում:
-Ահ, մարդկանց ներկայությամբ երգել չեմ սիրում, հասկանո՞ւմ ես, երգը շատ ներանձնական է, ես չեմ հասկանում, թե մարդիկ ինչպես են կարողանում այդքան անկեղծ լինել, թեկուզ մեր սիրերգու բանաստեղծները:
Զարմանք աղջիկ է, միշտ ժպիտը դեմքին է, պատրաստակամ՝ ցանկացած մարդու օգնելու, մի՞թե կեղծում է: Միտքս անսխալ կարդաց.
-Մարդ չի կարող իր ամբողջ ներաշխարհը մյուս աշխարհի առաջ բացել, ամենաթանկը պահում ես քեզ համար, դա դատապարտելի չէ, ապրելու երաշխիք է: Քո ճերմակ մարգարիտն է, խեցու փոխարեն՝ սիրտդ:
-Հասկացա, երգն է քո թաքուն մարգարիտը:
-Գարիկ, ինչ որ դու լսել ես՝ մոռացիր, ուրիշ բանից խոսենք:
-Լավ,-քաջությունս մոտ կանչեցի,- այդ լոսահայը քեզ անհանգստացնո՞ւմ է, եթե եղբայրներիդ չես ասում, կուզե՞ս ես հետը խոսեմ:
Իրոք, կտրիճությունս բռնել էր, ինչպես ասում են՝ պատրաստ էի երկնքից աստղեր վար բերել, ծովեր շուռ տալ: Վարսերը հարցական հայացքն ինձ դարձրեց.
-Տիգրա՞նը, չէ, ի՛նչ ես ասում, շատ կիրթ տղա է ու ամենակարևորը՝ երեք օրից թռչում է, այսինքն վերադառնում է իր պալատներին:
-Ափսոս, խեղճն առանց հարսնացուի է գնում:
Լեզվիցս թռավ, շատ նման էր ցնծության աղաղակի, բայց Վարսերը չնկատեց, զարմացած աչքերը հառեց երեսիս.
-Դու է՞լ… Ընկերուհիներիցս չես տարբերվում, գիտե՞ս…
Զգեստը կոնքերի վրա քաշքշելով գնաց խոհանոց, միրգ բերեց: Ես ամենահետին տխմարն եմ, ազնիվ խոսք, գիտեի, թե ասող-խոսող, համարձակ, ինքնավստահ տղա եմ, արի տես, որ ամենահասարակ բաներն ասել չգիտեմ: Վարսերը խնձոր էր կտրտում, ափսեիս մեջ երկու կտոր դրեց, ժպտաց:
-Մի ափսոսա, նա գարնանը գալու է, երևի մինչև դա մի որոշում կայացնեմ:
Ու շագանակագույն խոշոր աչքերը սևեռեց ուղիղ աչքերիս: Ի՞նչ պատասխան է ուզում լսել: Չկռահեցի, վեր կացա բարի գիշեր մրթմրթացի, դուրս եկա: Կյանքիս լավագույն գիշերը լուսացրի, մտքիս մեջ անընդհատ լսում էի նրա քաղցրիկ ձայնը ու որ ամենահաճելին էր, ինձ թվում էր, թե նա երգում է վարսարձակ գլուխը ուսիս դրած: Իբր երկուսով պառկած ենք կանաչ խոտի դեզին, լուսնյակ երկնքում աստղերն իրար աչքով անելով օրորվում են, ես Վարսերի ամեն շնչառության հետ ուսիս զգլխիչ խուտուտ եմ զգում, սարսռում եմ ու երանությունից արտասվում… Տղամարդ և արտասուք, խայտառակություն է: Բազում անգամներ երևակայել էի այն բառերը, որոնցով պետք է նրան սեր խոստովանեի, այդ լուսաբացին զգացի, որ դա անհնար է, նա ապրում է մի կատարյալ աշխարհում, որտեղ ինձ նման թերի տղայի համար տեղ չկա: Նա բարձունքում, ես մի խոր կիրճում:
Ես երբեք չեմ համարձակվի նրա ձեռքին դիպչել, ուր մնաց պատկերացնեմ կնոջն ու տղամարդուն հարիր շարունակություններ: Ես տղայաբար հարբած էի եթերային սիրո անուրջներով, նա աշխարհս լցրել էր իր երգաձայն մրմունջներով, Տերյանի ասած և տխուր և անուշ մեղմալույսով: Էհ, մնացել էի բանաստեղծների հույսին: Հարկավոր է վերջ տալ անհույս տվայտանքներին, հարկավոր է ազատագրվել սիրո անկյանք կապանքներից: Տղա ես՝ որոշումդ կատարիր: Երևի իմ բախտից եղավ՝ հաջորդ սեպտեմբերին նրանք ուրիշ բնակարան տեղափոխվեցին, Վերթերի տառապանքներն ավարտվեցին:
Ինչ պատմեցի, կատարվել է 38 տարի առաջ, ուսանող էի, ջահել էի, սիրահարված ու հիմար: Համալսարանն ավարտելուց հետո այլևս երբեք չհանդիպեցինք: Կյանքը մեզ տարավ տարբեր շավիղներով, միայն իմացա, որ նա իսկապես գերադասել է ապրել իր աղքատ Հայաստանում, ամուսնացել է գիտական շրջապատի հայտնիներից մեկի հետ: Էհ, ապրել էր պետք, իմ կինն էլ ինձ նման տնտեսագետ է, մեր որդին ու դուստրը հիմա արտասահմաններում են բնավորվել, կապը համացանցային է:
… Երեկ կինս հեռուստացույց էր նայում, հոգնած էի, կողքին նստեցի, որ մի քիչ ննջեմ: Ականջովս ծանոթ ձայն ընկավ, էկրանից պատմում էին Վարսեր Հովակիմյանի պատմագիտական վերջին աշխատության շնորհանդեսի մասին: Հայտնի գիտնականները փառաբանեցին հեղինակին ու նրա գիրքը, ինքն էլ խոսեց: Առանձնապես չէր ծերացել, դարձել էր հմայիչ տիկին, ով գիտի իր գինը: Ինքնավստահ էր, թեթևասահ ոճով ներկայացրեց ավանդականից տարբերվող իր տեսակետները, յուրաքանչյուր նախադասությունը հղկված ադամանդ էր, նորություն, որ խաղում է մարդու խորքային զգայարանների հետ:
Սպասելի էր, նա հենց այդ բարձունքին պետք է հասներ: Իսկ երջանի՞կ էր: Երկար այդ միտքն էի մեջս շուռումուռ տալիս, չթողեց գիշերն աչք փակեմ: Նախախնամությունն էր երևի որոշել՝ այս առավոտ նրան մի հեռուստազրույցի էին հրավիրել, նույն հարցը տվեցին՝ դուք երջանի՞կ կին եք, պատասխանից խուսափեց, պատմեց ընտանիքի, զավակների, նախասիրությունների մասին: Ուրախ էի, որ նրա կյանքում ամեն ինչ կարգին է: Հաղորդավարուհին իրավունք վերցրեց ներանձնական հարցեր տալու, ծանոթ ժպիտով համաձայնեց.
-Ես պարզ մարդ եմ, գաղտնիքներ չունեմ:
-Ասացեք, արդյոք ձեր ամուսի՞նն է ձեր առաջին սերը:
Սիրտս հիմարաբար թրթռաց, թե ինչու, չգիտեմ, բայց մի պահ թվաց, թե բացահայտում եմ լսելու:
Վարսերը խոսեց դանդաղ, աչքերը կկոցած, իր նուրբ երգաձայնով.
-Ուրախ կլինեի դրական պատասխան տալ, սակայն այդպես չէ, եղել է ուսանողական անմեղ սեր, վարձով էինք ապրում, հարևաններ էինք, ուղղակի ես նրան արժանի չէի, նա տղամարդու կատարյալ կերպար էր, իսկ ես՝ մի հասարակ աղջիկ: Մենք ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեինք, չնայած դրան՝ ես միշտ փախչում էի, ամաչում էի, որ իր արժանիքներին չեմ համապատասխանում: Ամուսնուս պատմել եմ, միշտ ծաղրում է, ասում է՝ քո ա՜յն օդեղեն սերը: Ինձ համար ծիծաղելի չէ, նա իմ ներաշխարհի ճերմակ մարգարիտն է:
-Ճանաչվա՞ծ մարդ է:
-Նախարարները ճանաչվա՞ծ են լինում, թե պարզապես պաշտոնյա…
Երկուսով անուշ-անուշ ծիծաղեցին, բնականաբար, հեռուստադիտողն այդպես էլ գլխի չընկավ, թե խոսքն ում մասին է, ով է ակադեմիկոս տիկնոջ սրտի գաղտնի տիրակալը: Հաղորդումն ավարտվելուն պես հեռախոսս զանգեց.
-Պարոն նախարար…
Լավ չլսեցի ինչ էր ուզածները, հասկացա, որ վաղը հրավիրված եմ հեռուստատեսային մի հաղորդման: Գուցե նո՞ւյն հեռուստատեսությունն է, չգիտեմ, ալիքն արդեն փոխել էի:
…Էհ, ճերմակ մարգարիտներ, որտեղ ասես չեք ապրում…
Հրաչուհի Փալանդուզյան
27.05.2022թ.