ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ԱՊՈՒՐԻ ԳՈԼՈՐՇԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ
(գրող, մշակույթային գործիչ)
ՀԳՄ -ի (Հայաստանի Հանրապետության Գրողների Միության) անդամ
ԱԳՄ-ի (Արցախի Գրողների Միության) անդամ
Ծնվել է ք. Ստեփանակերտում, մեծացել Երևանում, ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։
Պարգևատրվել է Նարեկացու ոսկե մեդալով, Արցախի Գրողների Միության և «Գրիգոր
Նարեկացի» Համալսարանի կողմից, արժանացել Լոս-Անջելոսի ՀՀ Գլխ. Հյուպատոսության, և համայնքի մշակույթային կազմակերպությունների բազմաթիվ պատվոգրերի հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Ստեղծագործում է արձակ ժանրում. վեպ, վիպակ, էսսե, պատմվածքներ։ Յոթ ժողովածուի հեղինակ է։ Բազմիցս տպագրվել է պարբերական մամուլում, համահեղինակային տարեգրքերում, ինչպես Հայրենիքում (Հայաստան, Արցախ), այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Իրանում։
ԱՊՈՒՐԻ ԳՈԼՈՐՇԻՆ
Զով, անուշ օր։
Կալիֆորնիայում չկա տարվա եղանակների հստակ հերթափոխ։ Ծառը դեռ հարուստ է աշնան հասուն նարինջներով, իսկ ճյուղերին գարնան բողբոջներն են բացվում արդեն՝ ճերմակ ծաղիկներ ծնելով։
Հիսունի շեմին հայտնված օրիորդ Անուշը հենց այս ծառն է… Մի կողմից՝ կորուստներով բեռնավոր, մյուս կողմից՝ ամուսնության տենչանքով։ Երանելի այս ցանկությունը ճերմակ ծաղիկ է։
Արփին խաղուն ժպտում էր` մե՛րթ թաքնվելով ամպերի ետևում, մե՛րթ հայտնվելով այնտեղ, ուր թուխպը քուլա-քուլա մաշվել էր արդեն, իսկ մանրաշաղ անձրևը քաղցր զրուցում էր՝ պատմելով սիրելի փեսացուի մասին։ Նրան թռուցիկ տեսել էր մի քանի անգամ՝ հասարակական հավաքներում։ Չնայած սկեսուրը հորով-մորով, տնով-տեղով, կրթված ու երիտասարդ հարսնացու էր փնտրում իր որդու՝ համայնքում հեղինակավոր, քառասունհինգամյա բժշկի համար, բայց անձրևը այլ մարգարեություն ուներ։ Անձրևն է երկնային ամենամեծ նշաններից մեկը, և նրա երգը միալար ու համոզիչ հաստատում էր, որ Անուշն է լինելու բժշկի կինը, թեև՝ չուներ ծնողներ, կարողություն, կրթություն, թեև՝ կորցրել էր երիտասարդական թարմությունն ու ի լրումն այս ամենի՝ գործազուրկ էր։ Հարուստ, մենակյաց տատիկը, բարի կամք դրսևորելով, տրամադրել էր շքեղ իր առանձնատանը կից ավտոտնակը, որտեղ տատիկի անպիտան իրերն էին, անհիշելի ժամանակներից մնացած զգեստապահարանն ու ամեն տեսակ հնոտի, որոնք էլ առավել փոքրացնում էին առանց այն էլ սահմանափակ տարածքը։ Հավատացյալ քույրերը փոքրիկ սառնարան էին նվիրել, սեղանն ու միակ պահարանը դրված էին պատերի մոտ։ Կատարյալ նեղվածք էր։ Ջրի ծորակը առանձնատան հակընդդեմ կողմում էր՝ լվացքատանը։ Հազվադեպ այցելող հոգևոր քույրերին զգուշացնում էր, որ իր մոտ գալուց առաջ զուգարան մտնեն նախապես, քանի որ զուրկ էր անգամ կենցաղային այդ պարզ առարկայից։ Fitness club էր գնում, բայց ոչ մարզվելու, այլ լողանալու համար։ Գազօջախ էլ չուներ, սնվում էր մրգեղենով, կանաչեղենով… Այնինչ ուրախ էր, որովհետև նուտրիցիոլոգ1 ընկերուհին ներշնչել էր, թե կյանքում ամենակարևորը առողջարար սննդակարգ ունենալն է։
Մինչև ժամը տասներկուսը ծոմ պահեց։ Կանաչեղեն հավաքել էր վաղ առավոտից, խնամքով լվացել էր, կտրատել։ Հաճույքով կերավ համեղ աղցանը, լիաթոք շնչեց ծաղկած նարնջենու բույրն ու խորհեց մտքում.
«Աստված ամեն ինչ ստեղծել է կատարյալ։ Ծարավ ես` պտուղներ քաղիր, քամիր կենարար հյութն ու վայելիր, քաղցած ես՝ օգտագործիր այգու եղինջը, սպանախը, ռեհանը…. խառնիր այս բարիքները, լիմոն ճզմիր, աղ ու ձեթ ավելացրու, վայելիր ու փառք տուր Աստծուն…»։
Երբ մեկ տարի առաջ լսեց, որ փեսացուն հանդիպում էր երիտասարդ ոմն բժշկուհու հետ` շատ տխրեց։ Սկսեց բուռն աղոթել՝ աղաչելով, որ ոչ-ոք չունենա նախասահմանված իր երջանկությանը մոտենալու իրավունքը։ Սիրահար զույգը բաժանվեց ինչ-ինչ հանգամանքների պատճառով։ Սթրեսային վիճակն ու մենության ճնշող զգացողությունը հաղթահարելու համար՝ սիրեցյալը երեք գամփռ բերեց տուն։
Ժամանակ անցավ, և Անուշը այլ հայացքով նայեց իր աղոթքներին։ «Միևնույն է, նրանք ի վերջո բաժանվելու էին,- մտածում էր կինը,- քանի որ Տերը մարդ չի, որ դրժի իր խոստումը։ Իսկ ես պիտի սպասեմ խոնարհաբար, քանի որ տեսիլք եմ ստացել Բարձրյալից ու չեմ կասկածում, որ դառնալու եմ սիրեցյալիս կինը։ Բայց… Դեռ չամուսնացած՝ արդեն հոգս վաստակեցի։ Հեշտ բան չի երեք գամփռ պահելը, իսկ ո՞վ պիտի պահի դրանց, եթե ոչ՝ ես, ամուսնությունից հետո»։
Տարբեր եկեղեցիներ էր գնում կանոնավոր հաճախականությամբ։ Բոլորը գիտեին նրա տեսիլքի մասին։ Հավատավոր շատ կանայք խղճում էին՝ իրավիճակն ինչ-որ կերպ շտկել ցանկանալով։ Ուստի՝ փնտրում էին փեսացուներ, քանի որ չէին ցանկանում, որ քույր Անուշը տառապեր անվերջ ու ապրեր սին հույսերով՝ տարիներ շարունակ։ Զգուշացնում էին, որ Անուշի տեսիլքը Աստծուց չէ, քանի որ Չարն էլ Լույսի հրեշտակի կերպարանքով է այցելում քրիստոնյաներին ու խաբում է նրանց։ Զուր էին հավատացյալ քույրերի ջանքերը։ Անուշը ոչ միայն հրաժարվում էր հարմար փեսացուներին հանդիպելուց, այլև հրաժարվում էր այն եկեղեցիներից, որտեղ կասկածի տակ էին դնում իր նվիրական տեսիլքը։
Աստվածաշունչ կարդաց ըստ սովորության ու քնեց խաղաղությամբ։ Երբ արթնացավ՝ ցրտել էր։ Սրսրթաց, ճմլկոտեց, դուրս եկավ փողոց։ Մտավ Starbucks, գողունի նայեց չորս կողմը… Գիտեր, որ վաճառողները ճանաչում են իրեն և նրանք էլ գիտեն, թե ինքն ինչ նպատակով է գալիս այստեղ։ Աննկատ սահեց զուգարան։ Երբ դուրս եկավ, քաջածանոթ փողոցը մի տեսակ ուրիշ էր։ Պաղ քամին սուլում էր` շրջապտույտի մեջ խելագարվելով։ Անուշի սիրտը ճմլվեց, տաք ապուր ցանկացավ հանկարծ։ Ցանկությունն այնքան ուժգին էր, որ աղոթեց ամենայն ազնվությամբ ու փափագով.
-Աստված ջան, ի՛նչ կլինի՝ հենց հիմա մի ափսե տաք ապուր տաս ինձ…
Մեքենա չուներ, այլապես կքշեր ու կհասներ Paradise ճաշարան, որ բավական հեռու էր և որտեղ տաք սուպեր էին վաճառում մշտապես։ Ոտքերը տարան մեկ այլ, անծանոթ ճաշարանի ուղղությամբ։ Հերթում կանգնած մարդիկ, չգիտես ինչու, հետաքրքությամբ զննեցին նրան։ Պատճառը, թերևս, դեմքից ճառագող անսովոր լույսն էր, որ առաջացել էր ծոմապահությունից և աղոթքներից հետո։
— Հիմա միկրոալիքային վառարանով կտաքացնեմ ձեր ապուրը,- սիրալիր ասաց վաճառողը՝ Անուշին դիմելով,- արագ կլինի։
Դժգոհության մի ամպիկ մթագնեց նրա լուսավոր դեմքը. միկրոալիքային վառարաններում պատրաստվող կամ տաքացվող ուտելիքը լուրջ վնաս կարող է պատճառել մարդու առողջությանը։
Բարետես մի կին մոտեցավ նրան.
-Անուշ է, չէ՞, Ձեր անունը… Ինձ չե՞ք հիշում։ Մոտ հինգ տարի առաջ, աղջկաս հետ եկաք մեր տուն. միասին էիք աշխատում… Հենց քիչ առաջ սուպ եմ պատրաստել, կուզե՞ք` հյուրասիրեմ… Աղջիկս շատ կուրախանա, երբ տեսնի ձեզ։ Տունս հեռու չէ։ Թեյ կխմենք միասին, հետո ձեզ կճանապարհեմ։
Նա չէր կարողանում հիշել ո՛չ կնոջը, ո՛չ էլ նրա տունն ու դստերը, բայց հետևեց նրան՝ թերևս տարօրինակ վստահություն դրսևորելով, թերևս մեծ էր տաք ապուր ուտելու ցանկությունը։
«Իսկ որտե՞ղ է ապրում այս կինը,- մտածում էր Անուշը։- Իսկ եթե հեռու ենք գնալու, ես ինչպե՞ս տուն կհասնեմ հետո…» ։
Նստեցին ավտոմեքենա։ Անծանոթ կինը շատ տաքուկ, հաճելի ինչ-որ բան դրեց նրա ծնկներին: Անուշը բացեց տոպրակն ու ապշահար եղավ։ Միանգամյա օգտագործման փոքր, զույգ կաթսաները բուրում էին։ Վերցրեց կափարիչները հերթով, ախորժաբույր գոլորշին մտավ քիթը, հասավ մարմնին, ոսկորներներին։ Սիրտը թպրտաց բերկրանքից։ Իր սիրած ապուրներն էին, մեկը՝ թանապուր՝ ծածկված Turmeric-ի դեղին շերտով, մյուսը՝ բանջարեղենով, առանց մսի և կարտոֆիլի, ինչպես որ ինքը կպատրաստեր։
Սլանում էին խճուղով։
— Շատ բարի եք, խոսակցություն սկսեց Անուշը,- բայց այս ուշ ժամին չէի ուզենա նեղություն պատճառել։ Մի ուրիշ անգամ կայցելեմ ձեզ, անպայման կայցելեմ, իսկ հիմա, խնդրում եմ, ինձ տուն տարեք։ Շատ մոտ է բնակարանս, ընդամենը մի քանի րոպե կտևի։
— Գնահատում եմ համեստությունդ,- ասաց կինը՝ Անուշին ժպտալով,- բայց հյուր ընդունելը բնավ նեղություն չի։ Իսկապես ուզում եք տո՞ւն գնալ։
— Այո։ Այդպես ավելի հարմար կլինի։ Գիտե՞ք, ձեր սուպերը առանձնահատուկ են բուրում։ Դուք արդեն իսկ այնքա՜ն բան արեցիք ինձ համար…
— Դե լավ,- համաձայնեց կինը՝ կրկին ժպտալով։- Մի մեծ բան չի արածս, անհոգ եղեք։
Մեքենան շրջադարձ կատարեց՝ դեպի աջ թեքվելով։
«Շուրջս հազարավոր մարդիկ կան այս քամոտ փողոցում և հազարավոր վարորդներ կան,- մտածում էր Անուշը,- բայց ես եմ միակը, ով տաք ապուրներ ունի»։
Կինը նրան տուն հասցրեց։ Հետո բացատրեց, որ ապուրները պատրաստել էր հիվանդ, ջերմող իր զարմիկի համար, բայց զարմիկը զանգահարել էր հենց այն պահին, երբ ճաշարանում էին։ Ի գիտություն հայտնել էր առողջացած լինելու մասին։ Այլևս չուներ սուպ ուտելու կարիքը։
Տաք ապուրներով տոպրակը ձեռքին` Անուշը բարձրանում էր աստիճաններով։ Բարձրանում էր այնքա՜ն թեթև, կարծես հրեշտակներն էին տանում անտեսանելի իրենց թևերով։ Երկինքը տիրականորեն գիրկն էր առել դիմացի սարը` ծանր ամպերի հոգատարությամբ շրջապատելով։ Աստիճան առ աստիճան ճախրող կինը պատկերացրեց էր, որ սիրեցյալն ճիշտ այդպես կգրկի իրեն և ինչ երանելի կլինի իր երջանկությունը տիրական այդ գրկախառնության մեջ։ Նա հանկարծ տեսավ իր ապագան՝ ջերմացնող լույսերի ներքո… Ղողանջեցին եկեղեցու զանգերը, և ծաղկահամ զեփյուռը խաղաց հարսնաքողի հետ։ Մենդելսոնի «Հարսանեկան մարշն» էր հնչում, իսկ նրանք, ճերմակ հարնացուն և փեսացուն անցնում էին՝ եկեղեցու դռանը մոտենալով։
1.Նուտրիցիոլոգ. մարդու սննդակարգին առնչվող հարցեր ուսումնասիրող և համակարգող բժիշկ։