Հասմիկ Սարգսյան. ԹԱՄԶԱՐԱ
(Երկու տրիոլետ՝ Գրիգոր Նազարյանի «Ծես» կտավի մոտիվներով)
Համաձայնությամբ, անանջատ, ներդաշն,
Ձեռքսեղմած, ափ-ափ, կշարժվեն դեպ աջ,
Երկգագաթ Մասսի դիմաց լեռնացած՝
Համաձայնությամբ, անանջատ, ներդաշն։
Կցորդ քայլերով կրկնակի հարված
Տալիս են գետնին շուքով, ծանրությամբ,
Համաձայնությամբ, անանջատ, ներդաշն,
Ձեռքսեղմած, ափ-ափ, կշարժվեն դեպ աջ․․․
***
Պիտի խմբվեն՝ որպես զինվորյալ
Եվ դուրան պարով աջ հառաջանան,
Պարբաշու անխախտ առաջնորդությամբ
Պիտի խմբվեն՝ որպես զինվորյալ։
Անառիկ կերպով կպարսպանան
Գոռ, երկայն մարդիկ, գեղանի կանայք․․․
Պիտի խմբվեն՝ որպես զինվորյալ
Եվ դուրան պարով աջ հառաջանան․․․
Ապրիլ 14, 2022
Հասմիկ Սարգսյան