ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ.Նոր զոհարաններ դեռ կպահանջվեն
Նոր զոհարաններ դեռ կպահանջվեն
Խորշանքով լեցուն ամբոխի համար,
Կրակարանին զոհ կմատուցեն
Մանուկներ՝ անճառ սերնդից սերված:
Եվ չի լինելու ոչ մի հագեցում
Մինչև սալարկին արյուն կցողվի,
Ու դատաստանին գառանը հլու
Փշապսակը մինչ չմատուցվի:
Մինչ Նա չմեռնի և չհամբառնա
Ավազակների միջև՝ իր խաչից,
Մինչ մի ծարաված շուրթ չշշնջա,
Թե անգիտակ են, ներիր և փրկիր:
Եվ դարձյալ մինչև նոր աքլորականչ
Եռակի խոսքով կհրաժարվի
Ձեռքերը դատից առաջ լվացած
Մի նոր դատավոր և մի նոր դահիճ…
Խրախճանքներին մեծ սիրո անվամբ
Քծնանքն ու ահը պիտի խառնակվի,
Պիտի հռչակվեն կուռքեր՝ նոր անվամբ,
Անապատ քշեն անհավատներին:
Նա, ով նիզակով խոցեց խաչյալին,
Հյուր կկանչվի այդ նույն խնջույքին,
Ապաշխարողներ կանցնեն անապատ,
Իսկ երկմտողներ կայրվեն խարույկին:
Հունիս 17, 2018
Հասմիկ Սարգսյան