Ասույթներ. Հիշողությանդ թույլ մի տուր քեզ կառավարել, միշտ չէ, որ նա քո բարին է ուզում
Ասույթներ
Ատելությունը ոգելից խմիչք չէ, բայց հարբեցնում է մինչև անասնություն։ Խումհարի մի զորեղ միջոց արդյոք կգտնվի՞ բացի սպանդանոցից։
♦♦♦
Սերը տաճար է, ներս մտնելուց առաջ գոռոզությունդ հանիր` թող դրսում։
♦♦♦
Հիշողությանդ թույլ մի տուր քեզ կառավարել, միշտ չէ, որ նա քո բարին է ուզում։
♦♦♦
Ավելի լավ է կողակցիդ լեզվի մեջ սուր փշեր լինեն, քան գլխում` բութ մտքեր։
♦♦♦
Որպեսզի ցավոտ հիշողությունները շարունակ չցավեցնեն` նրանց թույլ տուր քեզ հետ քեզ վրա ծիծաղել։ Անցյալից անչար բաժանվիր։
♦♦♦
Կնոջ մեջ ամենագնահատելին բնականությունն է, բայց ոչ թե բնավորության, այլ արտաքինի։ Բնավորությունը պետք է կրի նրա կրթվածության ադամանդների փայլը։
♦♦♦
Իմ մասնագիտությունը տարիքն արհամարհում է` քանի միտքդ զորում է` գրիր ու գրիր։ Սարսափելին այն է, որ մի օր տեսնում ես` քո մասնագիտության մեջ աքսորական ես…
♦♦♦
Մարդուն մեկ դեպքում կարելի է ստիպել ինչ-որ բան անել, երբ այդ մարդն ինքն է։
♦♦♦
Հոգու սփոփանքն այն է, երբ կա մեկը, ում ձեռքը ծանր պահին կարող ես բռնել ու ոչինչ չխոսել։
♦♦♦
Կյանքում մարդն ինքն է ընտրում իր տեղը` ցա՞ծր, թե բարձր, ա՞ջ, թե ձախ, ուղի՞ղ, թե խոտոր, լուսավո՞ր, թե խավար։ Ճակատագիրն ընդամենը խմբավարի դեր է կատարում։
♦♦♦
Բարությունը մարդուն պարուրող լուսապսակ է, անգամ կույրն է դա տեսնում։
♦♦♦
Էական չէ, թե խելակորույս սերն ում կամ ինչի հանդեպ է` խելքի կորուստը ամենայն ինչի կորուստ է։
Հրաչուհի Փալանդուզյան