Ասույթներ. Որքա՜ն սերեր ատելություն դարձան…
Ասույթներ
Նախընտրական մրցարշավից առայժմ հետևյալն եմ պարզել. գեղեցիկ խոստումներով ընտրաձայն մուրալն ավելի պատվաբեր է, քան թունավոր սադրանքներով ու զազրանքներով մթնոլորտ աղտոտելը։ Ախր հիմա էլ, հետո էլ և միշտ բոլորս նույն օդն ենք շնչելու։ Մեր ջինջ ու շնկշնկան, զովասուն ու կենարար հայկական լեռնային օդը։
♦♦♦
Ընդունված է կանանց պարզամիտ դատողություններին ներողամտորեն վերաբերվել, ի վերջո` կին հանճարներ չեն լինում։ Բայց երբ տղամարդիկ են միաբջիջ դատողություններ անում` ուզում ես գոռալ` այ ջրիմուռներ, ջրից մի քիչ դուրս նայեք։
♦♦♦
Փուչ գաղափարները թեև փուչ գլուխներում են ծնվում, սակայն ունակ են զանգվածներին դիվադադար անել։
♦♦♦
Որքան առարկան փոքր է` այնքան անտեսանելի է և աննշան։ Որքան մարդը փոքր է` այնքան
վտանգավոր է և կործանարար։
♦♦♦
Փող է նաև մանրադրամը։
Մանր մարդը ոչ մի տեղ ու ոչ մի ժամանակ մարդ չէ։
♦♦♦
Բարեկամներիդ խորհուրդներն ուշադիր լսիր, բայց կատարիր այն մեկը, որն ի սկզբանե սրտիդ մեջ էր։
♦♦♦
Մի ձեռքը ծափ չի տալիս, հակառակ դրան` հազարներին կարող է ստիպել ծափահարել։
♦♦♦
Անտիպ գրքերի առատության մեջ մխիթարություն է հեղինակների թախծոտ համախոհությունը։
♦♦♦
Որքա՜ն սերեր ատելություն դարձան…
Գոնե մեկի ատելությունից սեր չծնվեց։
♦♦♦
Տաճար է նաև հոգին, եթե աղոթքով է բուրում։
♦♦♦
Ամեն պատուհան լուսամուտ չէ։ Ամեն լուսամուտ հույս է։
♦♦♦
Կարծում ես ստվերդ քեզ չի՞ լքի… Հապա փորձիր ամեն ինչին անձիդ բարձունքից նայել։
Հրաչուհի Փալանդուզյան