Մի դիմանկարի պատմություն. Ալեքսանդր Գրիգորյան
«Գրիգորյանը իսկական դիմանկարչին հատուկ ձիրք ունի: Շատ ուրախալի է, որ նա կերպարվեստի այդ ամենաբարդ ժանրի ասպարեզում լավ արդյունքների է հասել: Սուր աչք ունի, բնորդի արտաքին ու ներքին նմանությունը որսալու եւ միաժամանակ կտավի գեղանկարչական որակը պահելու ընդունակություն»:
Մարտիրոս Սարյան Գեղանկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի տանն եմ: Ես հարցազրույց եմ վերցնում նրանից, իսկ նա ինձ է դիմանկարում: Անսովոր իրավիճակ է. ավելի շատ նա է հարցեր տալիս, իսկ ես շատախոս եմ, նույնիսկ` քիչ անց երգում եմ: Նկարիչն ուրախ է` նկարը լավ է ստացվում, իսկ իմ մտքում` նյութս է: «Գյումրեցիների մասին ակնարկաշար եմ գրում: Անշուշտ, Ձեզ էլ պիտի ընդգրկեմ նրանց շարքում», ասում եմ նկարչին: «Ինչ խոսք, ժամանակին իմ ծննդավայրն իսկապես շատ մշակութային քաղաք էր: Հենց այդ տարիներին էլ ձեւավորվել է իմ գեղարվեստական ճաշակը: Ուրիշ կերպ լինել հնարավոր չէր, որպես իսկական գյումրեցի ասում է արվեստագետը,- ախր, Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին ու Սիրանույշին առաջին անգամ իմ հայրենի քաղաքի թատրոնի բեմում եմ տեսել: Ժամանակին հենց Լենինականի պատկերասրահում էր ցուցադրվում Ռեմբրանդտի «Սիլենայի երթը» կտավը, ուր հաճախ էի այցելում: Չգիտե՞մ, նորից կրկնեմ, որ Գյումրին աշուղների ու գուսանների քաղաք է եղել, այդ մասին բոլորը գիտեն: 15-16 տարեկան պատանի էի, երբ մայրաքաղաք տեղափոխվեցի` շարունակելու ուսումս: Բնականաբար, տեղին կլինի ասել, որ բոլոր գեղեցիկ ձգտումները, արվեստի նկատմամբ ողջ սերս ծննդավայրս է շռայլորեն պարգեւել ուՙ ոչ միայն ինձ»:
Սարյանի մասին պատմեք` խնդրում եմ նրան: Ալեքսանդր Գրիգորյանի աչքերը փայլում են ոգեւորությունից, ու նա ընդհատում է նկարելը` «Գիտե՞ս, ես Սարյանի մասին կարող եմ անվերջ, անդադար խոսել, ասում է արվեստագետը, Վարպետի հետ իմ ծանոթությունը կայացել է 1947-ին, երբ ես ավարտում էի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Այդ ժամանակ նա պիտի գլխավորեր ավարտական քննական հանձնաժողովը եւ ինձ էր վստահված Սարյանին ուսումնարան ուղեկցելու պարտականությունը: Եվ ահա պայմանավորված ժամին ես նրա տանն եմ, Վարպետն ինձ թեյով հյուրասիրեց, հետո մենք ուղեւորվեցինք ուսումնարան: Մինչ հանձնաժողովին մոտենալը, նա ինձ ասում է`«Արի առաջինը քո նկարը նայեմ, տեսնեմ ինչպիսի նկարիչ ես դու, Ալեքսանդր»: Ու ես Սարյանին եմ ցույց տալիս «Հունձ» կոչվող իմ կտավը: Նա երկար- երկար նայեց իմ նկարին ու գոհունակ դեմքի արտահայտությամբ ասաց. «Դու արդեն նկարիչ ես, Ալեքսանդր»: Եվ դա իմ կյանքում լսված ամենաոգեւորիչ արտահայտությունն էր, որն իմ հասցեին ասել էր ոչ ավել, ոչ պակաս մեծն Սարյանը: Այս հանդիպումը հետագայում բարեկամության վերածվեց, ստեղծագործական նորանոր ձեռքբերումների առիթ հանդիսացավ: Մինչ այդ ես ետեւում էի թողել իմ ծննդավայր Լենինականը, Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, արդեն նաեւ Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Ինձ գեղարվեստաթատերական ինստիտուտն էր սպասում, ինչպես նաեւ կյանքը` բազում հանդիպումներով եւ ոգեւորություններով», պատմում է նկարիչը:
Ալեքսանդր Գրիգորյանը բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող արվեստագետ է: Նրա ասելիքը գծանկարի, կտավի, քանդակի ու բանաստեղծության տեսք ունի: Ինչպես նկարիչն է ասում` նա իր ուսուցիչ Սարյանից կյանքում ամենակարեւոր սկզբունքն է յուրացրել` կյանքը սիրելու ունակությունը: Կյանքը լույսն է, վառ գույներն են եւ այդ բոլորը սերն է, որոնցով առատորեն շաղախված են Ալեքսանդր Գրիգորյանի նկարները: Նա շարունակում է վրձնել իմ պատկերը, ոգեւորված է ու ներշնչված, ես` նույնպես: Շուտով նկարը պատրաստ կլինի, ես հազիվ եմ զսպում իմ հետաքրքրությունը` կտավին չնայելու համար, բացի այդ Ալեքսանդր Գրիգորյանի կտավները դիտելու նորովի ցանկություն է առաջանում ինձ մոտ:Ես կրկին սենյակից սենյակ եմ անցնում` ըմբոշխնելու Ալեքսանդր Գրիգորյանի լուսառատ ու կենսաշատ գույները, որոնք նրա պայծառ եւ ազնիվ ներաշխարհի ապացույցն են: Ամեն անգամ որեւէ նկարչի արվեստին ծանոթանալիս սիրում եմ կրկնել` կտավը նկարչի բնավորությունն է: Եվ ահա նրա նկարներից մեզ է ներկայանում նկարիչը:Կյանքը, մեզ շրջապատող աշխարհը, իրադարձություններն ու երեւույթները, մարդ արարածն իր հետաքրքրություններով ու իրեն հուզող հարցերով հազարամյակներ շարունակ կերպարվեստագետների հետաքրքրության առարկան են եղել: Սակայն այդ ամենի պատկերման, վերարտադրման եղանակներն, անշուշտ, ժամանակների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել: Ալեքսանդր Գրիգորյան նկարչի աշխարհում դրանք իր պատկերացումներին ու ապրումներին համապատասխան ձեւ ու բովանդակություն են ստացել, նրանք հենց նկարչի բնավորությունն են ձեռք բերել: Արվեստագետն իրականությունն այս կերպ է տեսնում եւ ընկալում, նա ազատորեն ընդառաջ է գնացել իր ոգեւորություններին ու ցանկություններին` համատեղելով պահը, ժամանակը զգալու ունակությունը եւ մարդկանց գնահատելու իր կարողությունները: Ինչպիսի՞ն էր Հայաստանը 50-60-ական թթ., ինչպիսի՞ն էին մեր արվեստագետներն ու մտավորականներն այն տարիներին: Այս հարցերի պատասխանները Ալեքսանդր Գրիգորյանի կտավներն ու գծանկարներն են` Մարտիրոս Սարյանի, Վիլյամ Սարոյանի, Մարշալ Բաղրամյանի Մինասի, Պարույր Սեւակի, Գոհար Գասպարյանի, Տիգրան Պետրոսյանի դիմանկարները:Հայեցի արվեստագետ է Ալեքսանդր Գրիգորյանը: Նրան միշտ էլ հետաքրքրել է սեփական ժողովրդի պատմական անցյալն իր հերոսական դրվագներով, նա պաշտում է հայ երգն ու բառը, ինչու չէ հայրենի եզերքի ամեն թուփն ու քարը: Այս բոլոր հետաքրքրությունները նա շաղախել է Հայաստանի առատ լույսով ու ջերմությամբ` «Ալմաստ», «Կռասոսի գլուխը Արտավազդ թագավորի առաջ», Հեթանոսական տոն Գառնիում», «Անուշն ու Սարոն», «Հովհաննես Թումանյան»: Ինչպես արվեստաբան Շահեն Խաչատրյանն է նկատում` «Ալեքսանդր Գրիգորյանի արտահայտչական լեզուն, գունային մտածելակերպը մի կողմից առնչվում է իմպրեսիոնիստներին, մյուս կողմից` արդի գեղանկարչությանը, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստին»:Նկարիչը շարունակում է ինձ դիմանկարել: Այս անգամ ես թերթում եմ նրա լուսանկարչական ալբոմը: 1962-ի «Հինգի ցուցահանդեսի» լուսանկարն է` հերթականությամբ կողք- կողքի նստած են Հենրիկ Սիրավյանը, Արփենիկ Ղափանցյանը, Ալեքսանդր Գիրգորյանը, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանն ու Մինասը: Չգիտեմ թե ինչուՙ ինձ թվում է, որ այս ցուցահանդեսը Գրիգորյանի ամենահիշարժան ու սիրելի ցուցահանդեսներից է` սիրելի կնոջ ու ընկերների հետ միասին, ուժերի ծաղկման շրջանում եւ հայ կերպարվեստի ամենալավ տարիներին` 60-ականներին: Նկարիչը շուրջ 100 ցուցահանդեսի է մասնակցել, երկու տասնյակից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել, որոնց աշխարհագրությունը շատ ընդգրկուն է` Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Հարավսլավիա, Կանադա, Բուլղարիա եւ այլուր: Ալեքսանդր Գրիգորյանի կտավներն այսօր ցուցադրվում են Տրետյակովյան, Արեւելյան ժողովուրդների թանգարանում, սակայն ոչ` Հայաստանում: 2001-ին քրիստոնեության ընդունման 1700-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդեսին ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի ներկայացված «Քրիստոս» կոչվող 2 կտավները չցուցադրվեցին: Սակայն 1960 եւ 1970 թթ. ստեղծված նկարները վերջերս գտան իրենց հանգրվանը: Այսօր Գրիգորյանի ստեղծագործությունները զարդարում են Տորոնտոյի Հայ Կաթողիկե Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթները: Նկարներից մեկը եկեղեցուն նվիրել է հենց նկարիչը, մյուսն էլ գնել է կանադահայ բարերար Կարո Մարտիրոսյանը եւ կրկին եկեղեցուն նվիրել: Նկարիչն, անշուշտ, սրտնեղած է մեզանից, այլապես չէր բարձրաձայնի այս ամենի մասին, սակայն լավ է, որ կան մարդիկ` թեկուզ սփյուռքում եւ արտերկրում, որ գնահատում են մեր արվեստագետին:80-ամյա նկարիչն ավարտեց իմ դիմանկարը: Ես նայում եմ ինքս ինձ` ահա, թե ինչպիսին է իմ անդրադարձը Ալեքսանդր Գրիգորյան նկարչի աչքերում: Անահիտ Կորյուն