Հասմիկ Սարգսյան. ԼՈՒՅՍ ԱՂՈԹԱՐԱՆ
(Գրիգոր Նազարյանի «Թռթռուգ» կտավի մոտիվներով)
Դափն կզարկի ծագմանն ընդառաջ,
Նվագարանը՝ կաշվե, բոլորակ,
Արծաթե օղեր շուրջը կզնգան,
Հմայություն է դեմն արեգական։
Թռթռուգ թևի, թռչնաց նմանակ,
Որպես դիցերին ձոնված ծիսակարգ,
Թասակը՝ գլխին՝ շքեղ հարդարանք,
Վիշապահյուսքով, եզրերը՝ դրամ։
Յոթնահյուս վարսքը մեջքին կխաղա,
Թևքերի ճոթեր կելնեն ետառաջ,
Իսկ պարանոցին մինչև լանջք կիջնեն
Թեյշեբանի ճոխ ոսկե վզնոցներ։
Փեշին՝ մանրագործք՝ խորհուրդ հավերժի,
Շապկանցը դեղին՝ զգեստ ծիրանի,Շալը բազմաթույր՝ գոտկին եռակապ,
Մաշիկը՝ թեթև, շարժմունքը՝ ճախրանք։
Դեմն արեգական զարկում է դափին,
Որ հասուն արտը չանկի երաշտից,
Որ քար կընկնի խոփերի բերան,
Հորովել կանչեն՝ եզների ելման․․․
Եփրատի ջրեր ջաղացքար շարժեն,
Ծաղկանց լեռները Էրզրում հսկեն,
Որ երդիկներից խաղաղ ծուխ ելնի,
Որ նորահարսը հեշտ պտղավորվի․․․
Փետրվար 6, 2022
Հասմիկ Սարգսյան
(Գրիգոր Նազարյանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի «Թռթռուգ» կտավի մոտիվներով)