Նաիրա Սիմոնյան. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նաիրա Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ, ՌԳՄ անդամ
Ծնվել է Նինոծմիդայի շրջանի Հեշտիա գյուղում: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Բանաստեղծական հինգ և թարգմանական չորս ժողովածուների հեղինակ է: Միջազգային «Словес связующая нить» («Բառը — կապող թել») գրական մրցանակի մրցանակակիր է:
Ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:
Ապրում է ՌԴ Սուրգուտ քաղաքում:
***
Երբ հոգեպարար միայնության մեջ
Անունդ եմ տալիս որբ ու մեկուսի,
Իմ ավեր հոգու հուշերից անվերջ
Վեր է խոյանում ծաղիկը հույսի:
Հայացքդ փնտրող տագնապիս վրա
Լոռամրգին իր կարմիրն է մանում,
Եվ կարոտներիս տենդի մեջ ահա
Որդան կարմիրն է լոկ ինձ թարգմանում:
Ունկս խմբերգին անծիր տայգայի
Մենահամերգ եմ մեկուսի մնում,
Մունջ երկխոսում են եղևնի, մայրի,
Թե որքան խո՛րն է հայոցն ինձանում:
Այստեղ կեչին իր հյութը քամելիս՝
Հող ու երկինքն է անում միակամ,
Այսպես՝ հեռացած ինձ հետ ես գալիս,
Ընդերքիս դաշի՛նք, շե՛րտ բազմադարյան…
Պտղի համը կա ծառերի խորքում…
(Մենք արձագանքն ենք մեր նախնիների),
Այսպես՝ կորիզված իրար ենք դառնում —
Դու՝ ինձ, ես էլ քեզ, երկի՛ր Նաիրի:
***
Կորստյան ճնշող ծանր համրությամբ՝
Անօթևան ու անհավատալիք,
Եվ բաբելոնյան բառի կարծրությամբ՝
Արնոտ ցասումով մխրճվեմ երկինք:
Չվերադարձան…
Հեծյալք միաբան —
Իմ որդիները՝ հրա՜չ, բոց մորո՜ւս,
Եվ երակներից իմ վաղնջական
Ծորում է ճերմակ անմահության լույս…
Փլատակներում վանքիս՝ թախանձանք,
Տիրոջ սիրասուն տասը պատվիրան…
Դիվահանդեսի տիկնայք և տիարք
Նշխարն են պղծում մեր նվիրական:
Չծնկե՛ս,
Երկի՛ր — խորհուրդ լուսածալք՝
Սրբազան հունդով դու հո՛ղ հարության,
Գոյության հասուն ոսկեշար լի հասկ
Հյուսիր քո որդոց սուրբ մահով ցորյան:
***
Չկորչե՛ք ճամփեքին, տուն կգաք…
Խաչիկ Մանուկյան
Քո վտարանդի դո՛ւստրն եմ, երկի՛ր,
Գիտե՞ս՝ ի՜նչ հողմեր ճամփիս սաստկացան,
Վիհն արձագանքեց. « Ինձանո՛վ փրկվիր»,-
Դրժեցի նրա կանչը դիվաձայն:
Երկի՛ր, ամեն օր իմ դարձն եմ զննում.
Միայն քո սիրո համար մարմնացա,
Ճամփին ծնեցի իմ Նարեկ որդուն —
Ցնծացի մի պահ, հետո՝ դառնացա:
Երկիր, այն ջարդը դեռ կանգ չի առել.
Անդադրում է ու շարունակելի,
Տես, ինչպես է մեր օջախը մտել
Ոճրագործ ձեռքը այս նոր ասկյարի:
Դու միշտ իմացիր — օտար ափերում
Դյուրին են թաղում քեզնից զատվածին,
Բյուր արալեզներ են հոգիս լիզում,
Որ շնչի մեջս երկիր Նաիրին:
Իմ կյանքը ոչինչ… Որդուս դարձի բեր,
Մեկտեղիր նրա սե՛րը երկատված,
Շուրջդ սերմերի հարության լի շեր-
Հողիդ խորհուրդը կօրհնի փառապանծ:
***
Գարնան կանաչ գույների մեջ
Հողը պատռող վերքեր կան բաց,
Արշալույսը շառագունեց
Անուններով երկինք ճեպած:
Քանի աստղեր ասուպվեցին՝
Թողած դատարկ երկինքը մով,
Բայց քանիսն էլ վեր թևեցին
Պոկված սրտից մեր արնածոր:
Ի՜նչ կպատմի գարունն արդեն
Մեր անկոտրում հայոց գենին,
Հայոց սերմերն Աստծո մոտ են —
Տրված երկիր — սերմնացանին:
Գարունները արդեն բեկված
Ինչ գույնով էլ, որ դեռ բացվեն,
Հայոց հողից դարեր զարկված
Սասնա ծռեր դեռ կհառնեն…
***
Դու ինձ չներես, իմ սե՛ր, անգի՜նս,
Արարատներս ո՜րբ են, անխնա՜մ,
Բոսոր է դարձել լազուր երկինքս,
Հոգիս խոցերից եղել արնաքամ:
Դու ինձ չներես, որ սիրուս համար
Ես չեմ պահանջել երկրիս ամրություն,
Արարատնե՜րս, որ չեմ պահանջել՝
Սիրավառ սրտիդ հույժ վկայություն,
Որ ակունքն եմ ես նոր արշալուսի,
Բայց կորուստների ցա՜վն եմ մունջ կոծում,
Որ քեզ սիրելով չեմ հղել մարտի,
Քանի՛ Տիգրան է ոգիս բորբոքում…
Ես ինչպե՛ս կոչվեմ սիրուհի, կին, մայր.
Սիրառատ սիրտս քեզ չի՛ պատկանի,
Թե բազկիդ թափով չանես շանթահար
Դժնի ոսոխին Մեծ Հայաստանի…
***
Այս գարունը կյանքին թողած՝
Ճյուղակոտոր ո՞ւր եք գնում,
Դաշտի զմրուխտ աչքերը թաց
Ու լեռները՝ պաղ սահմռկում:
Ո՜ւր եք գնում հաղթանակած —
Ձեր պահածը դո՛ւք վայելեք,
Ձեր արևով կարմրակայծ
Դո՛ւք մեր հողի բարն ամբարեք:
… Հար պարտապան մենք մնացինք
Ձեր շռայլված ընծաներում,
Դու լավ գիտես, իմ Հայրենիք,
Նրանց եզերքն եթերահուն,
Դու լավ գիտես վահան դարձած
Որդիներդ ո՜ւր են թիկնել,
Ինձ էլ ասա, իմ վեհապանծ՝
Պարտապանիս ինչպե՜ս ապրել…
Դարձրիք խրոխտ մեր լեռներին
Ձեր մարմինը ամրակուռ հիմք,
Այս գարունը թողած կյանքին,
Տղերք, ո՞ւր եք, ո՜ւր գնացիք…
***
Նոյ Թևոնյանին
Ապրելու համար է այսքան մեռնում
Զարմս՝ հինավուրց ու դյուցազնական,
Ծով վշտի մեջ էլ են դեռ մայրանում
Հայոց աղջիկներն իմ արեգական:
Հրեշտակին այս, նայեք՝ ծիծաղկուն —
Նրանց Փրկիչներ ինչպե՜ս չանվանեմ…
Նահանջի ո՛չ մի թախծալի հնչյուն,
Արցունքաշաղախ ո՛չ մի ռեքվիեմ:
Արարչաստեղծ լույսը չի՛ հանգչի…
( Մատնիչին տվեք արծաթ ու… պարան…)
Մենք բազո՛ւկ ունենք դեռ վերջին զարկի,
Երկունքնե՛ր ունենք փողից եղեգան:
ԵՌԱԲԼՈՒՐ
Այստեղ Աստվա՛ծ են դարձյալ խաչել՝
Աչքի դեմ նիրհուն ներկաների,
Արյունն անցյալի չէր խունացել
Հուշերում բացված երակների:
Հրեշտակապետն՝ աչքերով թաց,
Երամն երկինք է ճանապարհել:
Հանդիսատեսը՝ հոգով մեռած,
ԱյստեղԱստվա՛ծ է դարձյալ խաչել:
***
Վաչագան Մանուկյանին
Երկիր ու երկինք ամո՛ւր գրկիր —
Հայրենյաց հողը ամբողջանա,
Մեր երազները առա՛ջ մղիր
Խավար խորքերից այն գիշերվա:
… Պտույտով հե՛տ են վերադառնում
Աստծո աչքերին նայող քաջեր…
Իմ հայրենի՛քն է նրանց գրկում,
Նրանց գրկում է գարո՛ւնը մեր..